Չորս սերնդի պահանջը

Փետրվարի 24-ին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական կառույցները հանդես եկան Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ «Չորս» անունը կրող նախագծով, որը սոցցանցերում կտարածվի #4demand պիտակով:
Նախագծի մեկնարկն ազդարարվեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում: Ծրագրի շնորհանդեսը թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանը սկսեց Տերունական աղոթքով, ապա ներկաներին փոխանցեց գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը: 
Խոսելով թեմի երիտասարդական կառույցների՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքի մասին՝ Տեր հայրը ներկայացրեց «Չորս» անունը կրող նախագիծը: Անդրադարձավ երիտասարդների աշխատանքին և Հայոց Ցեղասպանությանը ՝մասնավորապես ասելով. «Սիրելի երիտասարդնե՛ր, ձեր տքնաջան և ազգանվեր նախաձեռնությամբ է, որ յուրաքանչյուր ամսվա 24-ին կազմակերպվում են Ցեղասպանության 100-րդ տարելիցին և ոգեկոչմանը նվիրված միջոցառումներ: Տ. Նավասարդ սրբազանի օրհնությամբ «100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրով մեր տասներորդ հանդիպումն է սա, որին նախորդած ինը ամիսների գտածը, ինքնաքննման, ինքնահաստատման, ազգային արժեքների ամրագրման լեցուն օրերն առավել բովանդակ դարձրին մեր էությունն ու ազգային նկարագիրը: Վստահաբար գիտենք, որ մեր ուժը հայության ամբողջականության և միասնության մեջ է: Ուստի, կենդանի նահատակությամբ և արարելով արժևորենք այն հերոսությունը, որ մեր նահատակներն իրենց մահով և արյան գնով կտակեցին մեզ: Մեր անձերից վեր թող լինեն Հայրենիքն ու Մայր Եկեղեցին: Հայ ժողովրդի արդար դատը պաշպանելու համար զորացնե՛նք մեր երկիրը: Ազգովի նորոգվենք ու հզորանանք: Ողջ աշխարհին միասնաբար ճանաչել տանք Հայոց Ցեղասպանությունը: Մեր պայքարն արդար է և օրհնյալ: Զորանանք հոգով, ապագային նայենք պայծառ հայացքով և չարի դեմ պատերազմից դուրս գանք հաղթանակած: Սա՛ թող լինի մեր երախտիքի առհավատչյան՝ սուրբ նահատակների անմար հիշատակին»:
Միջոցառման ընթացքում առաջնորդանիստ ս.Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր Հովհաննես սարկավագ Ներսեսյանն ընթերցեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը: Թեմի երիտասարդաց միության ատենապետ Վահան Մարդյանն ու Ազգային առաջնորդության ինստիտուտի ֆիլմերի պատասխանատու Նինա Խաչատրյանը խոսեցին նախաձեռնության գաղափարի և այդ գաղափարի շուրջ բոլորին ներգրավվելու հնարավորության մասին:
Այս նախագծի շրջանակներում նկարահանվել են հոլովակներ, որոնց միջոցով ներկայացվում են հայ ժողովրդի 4 սերնդի՝ պատանու, երիտասարդի, հասուն և ծեր մարդու դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության դատապարտման վերաբերյալ: Այդ հոլովակները սիկզբ են տալու մի շարժման, որին միացողները ցանկացած տեսանկարահանող սարքով (տեսախցիկներ, հեռախոսներ և այլն), պետք է նկարահանեն մինչև մեկ րոպե տևողությամբ իրենց պահանջը և այն տարածեն սոցցանցերում, նշումով (tag) առաջարկեն իրենց ընկերներին միանալ ծրագրին՝ նման հոլովակներ ստեղծելով: Ի դեպ՝ հոլովակներ կարող են նկարահանվել նաև այլ լեզուներով ու առաջարկներ ուղարկվել օտարազգի ընկերներին ու ծանոթներին: 
Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին նախնական նկարահանված 4 սերունդների ներկայացուցիչների հոլովակները, որից հետո հոլովակների հերոսները խոսեցին իրենց տպավորությունների մասին, կոչ արեցին բոլորին միանալ այս կարևոր շարժմանը: Միջոցառման ավարտին բազմաթիվ մասնակիցներ իրենց պահանջները տեսագրեցին:
4 սերունդը հավիտենության խորհուրդն է: Նախագծով երիտասարդները նպատակ ունեն աշխարհի 4 կողմում տարվա 4 եղանակին բարձրաձայնել 4 սերնդի 4 հիմնական պահանջը՝ հիշել, ճանաչել, դատապարտել և հատուցել: Հոլովակների միջոցով հայերը պիտի աշխարհին հիշեցնեն, որ պայքարը չի դադարելու մինչև պահաջին համապատասխան լուծում չգտնվի:
Ծրագիրը նպատակ ունի առավել շատ ու անընդհատ հնչեցնել «ՀԻՇՈՒՄ ԵՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ» կարգախոսը:
Այս և բոլոր հոլովակները հասանելի են #4demand ֆեյսբուքյան էջում https://www.facebook.com/4demand:
Սա Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական կառույցների «100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի 10-րդ միջոցառումն է:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

24.02.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․