Գրքեր

Ճշմարիտ միսիոներություն` սեփական օրինակով

Մի օրինակ լսեք․․․*

Մի անգամ մի հոգևորական գնաց զրուցելու ուսյալ մարդկանց հետ։ Նրան ազգականը տարավ իր հետ։ Դասախոսը շատ բան ասաց մարքսիզմի մասին։ Ունկնդիրները ոգևորվել էին, և դասախոսության վերջում բուռն ծափահարություններ հնչեցին։ Դեռևս ամբիոնում գտնվելով, դասախոսը տեսավ հոգևորականին և ասաց․

- Մեր զրույցին ներկա է քահանա։ Լավ կլիներ, որ նա մեր թեման լուսաբաներ կրոնական և փիլիսոփայական տեսանկյունից։

Դա ասաց հեգնանքով, համարելով, որ կընկճի նրան և կնվաստացնի Եկեղեցին։

Հոգևորականը կանգնեց ու սկսեց խոսել․

- Չգիտեմ՝ ինչ ասել քեզ, որդյա՛կ, բայց ահա, թե ինչ եմ լսել։ Այսինչ իմաստունը այսինչ էջում ասում է այս ու այս։ Այնինչ իմաստունը այնինչ էջում էլ այն ու այն է ասում և այսպես շարունակ։ Մովսեսն այսպես է ասում, Եսային՝ այնպես, Դավիթն՝ այսպես, Քրիստոսն՝ այնպես,- և շարունակեց Պողոս առաքյալի խոսքով,- «Ո՞ւր է իմաստունը, ո՞ւր՝ բանգետը, ո՞ւր՝ այս աշխարհի քննողը: Չէ՞ որ Աստված հիմարացրեց այս աշխարհի իմաստությունը․․․ բայց Աստված ընտրեց այս աշխարհի հիմարներին, որպեսզի ամաչեցնի իմաստուններին․․․ որպեսզի ոչ մի մարդկային էակ չպարծենա Աստծու առաջ․․․» (Ա Կորնթ․ 1։20, 27, 29)։

«Իմաստունը»՝ դասախոսը գոցեց իր շուրթերը։ Ամենագլխավորն այն էր, որ քահանան այդ ամենն ասաց հեզությամբ ու առանց եսասիրության։ Նա պատրիարքարանի սրբազաններից էր։ Խոսքն ավարտելով, ասաց․

- Ես ոչինչ չգիտեմ։ Ինքներդ դատեք, թե որն է ճիշտը։

Ամոթահար եղած դասախոսը վերջում խոստովանեց․

- Քահանան շատ լավ խոսեց։ Նա հերքեց այն ամենն, ինչ ասել էի։ Կրթությունը մեծ բան է, երբ զուգորդվում է հեզությամբ, սիրալիրությամբ ու սիրով։ Ամեն պարագայում այդպես է։ Խոսեք, երբ պատրաստ եք այդ թեմայով զրույցին։ Եթե պատրաստ չեք, ապա խոսեք ձեր օրինակով։

Զրույցներում մի՛ շատախոսեք կրոնի մասին և այդժամ կհաղթեք։ Այլակարծիք մարդուն թույլ տվեք արտահայտվել, խոսել, խոսել․․․ Թող նա զգա, որ հանդիպել է հանգիստ մարդու։ Ազդեք մարդու վրա ձեր բարյացկամությամբ ու աղոթքով, ապա մի քիչ խոսեք։

Ոչնչի չեք հասնի, եթե խոսեք կտրուկ, եթե, օրինակ, նրան ասեք․ «Սուտ ես խոսում»։ Ի՞նչ դուրս կգա դրանից։ Դուք որպես ոչխարներ եք գայլերի մեջ (Մտթ․ 10։16)։ Ի՞նչ պետք է անեք։ Արտաքուստ անվրդով եղեք, իսկ ներքուստ աղոթեք։ Պատրա՛ստ եղեք, ուսյա՛լ եղեք, խիզախությո՛ւն ունեցեք, բայց սրբությամբ, հեզությամբ ու աղոթքով։ Սակայն այդպես վարվելու համար պետք է սուրբ դառնաք։

 

* Այս դեպքը կատարվել է հենց հայր Պորֆիրիոսի հետ, սակայն նա խոնարհաբար չի ասում այդ մասին։

 

Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

15.03.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․