Դեն գցենք խավարի գործերը և հագնենք լույսի զրահը

Դեն գցենք խավարի գործերը և հագնենք լույսի զրահը | Den Gcenq Khavari Gortsery Ev Hagnenq Luysi Zrahy

Ի բաց արասցուք այսուհետև զգործսն խաւարի և զգեցցուք զզէնն լուսոյ։

Դեն գցենք խավարի գործերը և հագնենք լույսի զրահը (Հռոմեացիներ 13։12)։

Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.

Այսօր տոնում ենք Բուն Բարեկենդանը։ Վաղվանից սկսվում է Մեծ պահքը, և սկսվում է ապաշխարության ու խոկման մի կարևոր շրջան բոլորիս համար։ Այսօր ուրախության օր է, քանի որ վաղվանից պետք է մեր սիրտն ու միտքը հանձնենք հոգևոր խոկումներին, աղոթքներին և Աստծու հետ հանդիպումներ ու երկխոսություններ ավելի շատ կփնտրենք։

Պահքն ու ապաշխարությունը յուրաքանչյուրի համար դառնում է կարևոր ընթացք։ Փնտրենք Աստծուն մեր մեջ, շարունակ աղոթք անենք, պայքարենք մեր հոգու մաքրության համար, քայլենք եկեղեցու հետ միասին, չբավարարվենք արած գործերով, ձգտենք ավելիին, և Տերը անպայման կտա մեզ. «Խնդրեցե՛ք Աստծուց, և Նա կտա ձեզ, փնտրեցե՛ք և կգտնեք, բախեցե՛ք և կբացվի ձեր առաջ, որովհետև ով որ ուզի, ստանում է, ով որ փնտրի, գտնում է, և ով որ բախի, նրա առաջ կբացվի», – ասում է Հիսուս Քրիստոս Լեռան քարոզում (Մատթեոս 7։7, 8)։ Խնդրողին և ձգտողին Տերը կլցնի Սուրբ Հոգով և կհարստացնի նորանոր շնորհներով։

Զգույշ լինենք, սիրելինե՛ր, և աշխարհային այս խառը պատերազմական իրավիճակներում մեր հոգուն, մեր աղոթքներին ավելի շատ ժամանակ փորձենք հատկացնել, որովհետև կյանքը և աշխարհի նորությունները իմանալու ցանկությունը մեզ անընդհատ ներքաշում են իրենց խնդիրների մեջ։ Եվ մեր միտքը սկսում է զբաղվել դրանցով։ Իսկ հոգին լցվում է բազմապիսի տրամադրություններով ու ցանկություններով։ Ուստի Աստծուն խնդրենք մեր հոգիների մաքրության, խաղաղության և փրկության համար։ Աշխարհը բոլորովին այլ կլիներ, եթե մարդիկ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդները լինեին, Նրա պատվիրանները գործադրեին և սիրեին միմյանց, ջանքեր գործադրեին իրենց սերը ավելացնելու և ոչ թե իրենց սրտում ատելությանն ու թշնամանքին տեղ տային։

Անշուշտ, տեսել եք՝ ինչպես են իրենց առօրյայով ապրող գեղեցիկ քաղաքներն ու գյուղերը վերածվում մարտի դաշտի, ավերվում են և մռայլվում, անճանաչելի են դառնում, քանի որ ոտքի կոխան է դառնում ամեն ինչ։ Այդպես էլ մեր հոգին է մեղքից աղտոտվում, ավերվում և կորցնում իր պայծառ գույնը։ Մենք հետևողականորեն ջանում ենք փայփայել, հոգ տանել մեր ձեռքերով ու քրտինքով ստեղծված ամեն ինչ՝ քաղաք ու համայնքներ, տուն ու տնտեսություն, որովհետև դրանք մեր ստեղծածն են, մենք տանջվել ենք դրանց համար, և դրանք մեր աչքի առաջ են։ Բայց չէ՞ որ մենք Աստծու արարչագործության ամենակարևոր էակներն ենք և գտնվում ենք Նրա հոգածության ներքո։ Նա խնամք է տանում մեր հոգիների համար։ Խրատում է մեզ, հղկում է ու շտկում՝ մեզ ավելի լուսավոր, պայծառ, անթերի ու կատարյալ տեսնելու համար։ Մենք կույր ենք մեր հոգիների ներսը նայելիս, մինչդեռ Բարձրյալը տեսնում է, որ օր-օրի մարդը աղտոտում է իր հոգին բազմապիսի մեղքերով և չի ցանկանում ապաշխարել, մաքրել իր հոգու տունը, որ ավելի ուշադրության ու մաքրության կարիք ունի, քան մեր մարմինն ու մեր բնակարանը, որտեղ ապրում ենք։

Սիրելինե՛ր, պահքի ու ապաշխարության շրջանը այն ժամանակամիջոցն է, որ մեզ հնարավորություն է տալիս նայելու մեր հոգու ներսը, տեսնելու սեփական մեղքերը, մոռանալու ուրիշների կյանքը, վարքն ու բարքը և անդրադառնալու սեփական հոգու, սրտի և մտքի ծնունդ տված մեղքերին։ Պահքն ու ապաշխարությունը հնարավորություն են տալիս ավելացնելու մեր սերը ուրիշների հանդեպ։ Հարկ է մեղքերի հարցում կենտրոնանալ սեփական անձի վրա, իսկ սիրո հարցում դուրս գալ սեփական անձի սահմաններից։ Այնինչ մարդն ապրում է հակառակ տրամաբանությամբ. տեսնում ու քննարկում է ուրիշների մեղքերը և չափազանց սիրում է իր անձը։ Պահքն ու ապաշխարությունը թող առիթ դառնան, որ մենք ոչ թե խստակրոն ու խստահայաց դառնանք, այլ որ սերը մեր մեջ շատանա։

Սերը մարդուն լիովին վերափոխում է։ Աստված սեր է, և Նա Իր սիրուց սեր է հեղում մեր մեջ, հետևաբար այն մարդը, որ լցված է Աստծու սիրով, չի կարող այն իր մեջ պահել, այլ անընդհատ բաժին կհանի ուրիշներին։ Սերը ստեղծարար է և անընդհատ իր համար կգտնի ձև, միջոց ու ժամանակ՝ բարին արարելու համար։

Աղոթենք Տիրոջը մեր մեջ եղած սիրո ավելացման համար, որ Նրա օգնությամբ ներենք ուրիշների մեղքերը և սիրով լցված ապրենք, գործենք և արժանանանք նաև մեր մեղքերի ներմանը։ Եկեղեցու հայրերի սահմանած Մեծ պահքի կիրակիներով ընթանանք և ուսանենք Հիսուս Քրիստոսի առակները, որպեսզի վերափոխված հասնենք Սուրբ Հարության, այլապես պահքը կդառնա ինքնանպատակ և ոչինչ չի փոխի մեր կյանքում, հոգում և սրտում։

Պահքը առիթ է, որ մեղքերն ու կախվածությունները հաղթահարվեն պահքի ընթացքում և դրանից հետո։ Երբ որ մենք մաքրվենք մեղքերից, իրական քաղցրության բերկրանք կապրենք։ Հաճախ մարդկանց կյանքում փորձությունները շատանում են, բայց նրանք համառում են մեղքեր գործելու մեջ, չեն հասկանում, որ Աստված հետամուտ է այն բանին, որ նրանք հրաժարվեն շարունակական մեղքերից, որ նրանք վերածնունդ ապրեն, որ փրկվեն, այլ ոչ թե կորչեն մեղքերի մեջ։ Մարդու հոգու առաջընթացը դադարում է այն ժամանակ, երբ նա դադարում է իր մեղքերը տեսնելուց, արդարացնում է ինքն իրեն: Իսկ երբ խոնարհեցնում է իր սիրտը, խոստովանում, որ մեղավոր է, այդժամ վրա է հասնում Աստծու օրհնությունը։ Աստված չի դատապարտում, այլ մարդու խոստովանությունից հետո արժանացնում է քավության ու թողության։ Քրիստոս իզուր չի խաչվել։ Դրանով Նա մեղավոր մարդկանց հաշտեցրել է Հայր Աստծու հետ։ Չարհամարհենք Տիրոջը խաչի վրա, այլ աջակողմյան ավազակի պես խոնարհաբար Նրանից օգնություն հայցենք։

Սիրելինե՛ր, պահքը արթնության շրջան է և ոչ թմբիրի, լույսի շրջան է և ոչ խավարի կամ մռայլության։ Ուստի մաղթում եմ մեզ բոլորիս պահքի ու ապաշխարության արդյունավետ շրջան։ Թող Տերը առաջնորդի յուրաքանչյուրիս մեր ճանապարհին, շնորհներով լցնի։ Թող Տիրոջ կողմից ընդունվի յուրաքանչյուրիդ պահքն ու ապաշխարությունը։ Իրար չքննադատենք ուտել-չուտելու համար։ Առջևում հարության լույսն է, դրանով առաջնորդված ընթանանք խոնարհությամբ, սիրով, ժուժկալությամբ, հեզությամբ, որպեսզի այս առաքինությունները շահենք ողջ կյանքի համար։

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․ ամեն։ 

 

Տեր Վահան քհն․ Առաքելյան

 

27.02.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․