Աղոթքը կատարելության հիմքն է, ամեն անգամ աղոթքի ճանապարհ անցնողը ձգտում է կատարելության՝ Տիրոջ հետևյալ խոսքի համաձայն. «Կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5:48): Ճշմարիտ աղոթքը, որ միավորում է մարդուն Բարձրյալի հետ, ոչ այլ ինչ է, եթե ոչ լույս և ուժ, որ բաշխվում է երկնքից աղոթող սրտերին: Քրիստոնյայի կյանքը, ըստ էության, Քրիստոսին հետևելու մի ուղի է: «Հետևիր Ինձ» (Հովհ. 21:22),- ասում է Քրիստոս Աստծո պատկերն ու նմանությունը կրող մարդուն: Եվ Քրիստոսի հետևորդը, իր խաչը վերցնելով, փորձում է անցնել Քրիստոսի անցած ուղին՝ չմոռանալով Նրա խոսքը, որ ասում է. «Առանց Ինձ դուք ոչինչ անել չեք կարող» (Հովհ. 15:5):
Հոկտեմբերի 14-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ, հերթական աղոթքի ճանապարհն անցավ: Երիտասարդ ուխտավորների աղոթական օրն անցավ Արագածոտնի թեմի սրբավայրերում: Նրանք միասնական աղոթքի կանգնեցին նախ Մուղնիի Ս. Գևորգ եկեղեցում (XIII դ. 1-ին կեսին), որն, ըստ XVII դ. պատմագիր Զաքարիա սարկավագի՝ հիմնադրել է Հովհաննավանքի միաբանությունը՝ այնտեղ տեղափոխելով Ս. Գևորգի մասունքները:
Այնուհետև «Զորավոր» երիտասարդաց միությունն ուղևորվեց դեպի Կարբիի Ս. Աստվածածին եկեղեցի (1693 թ.): Ընդհանրական աղոթքից հետո Տեր Վահանը երիտասարդներին ներկայացրեց եկեղեցու կառուցման պատմությունը:
Հոգևոր մեծ ուրախությունը սրտում՝ երիտասարդները շարունակեցին իրենց ուղին՝ այս անգամ աղոթքի ուրախությունն ապրելով Հովհաննավանքում: Ըստ ավանդության՝ վանքի հիմնադիրը և առաջին վանահայրը եղել է մեր առաջին հայրապետը՝ Ս. Գրիգոր Լուսավորիչը, ով այստեղ է բերել և թաղել Ս. Հովհաննես Մկրտչի մասունքները: Երիտասարդ ուխտավորները վանքում պսակադրության արարողություն դիտեցին, ապա Ս. Հովհաննես Մկրտչի բարեխոսությունը խնդրեցին՝ Հայոց ազգի և Հայ եկեղեցու անսասանության համար:
Հաջորդ և օրվա վերջին սրբավայրը, որ ուրախություն ապրեց և ուրախություն բաշխեց երիտասարդներին, Սաղմոսավանքն էր: Սաղմոսավանքը հիմնադրել է Ս. Գրիգոր Լուսավորիչը 325-330 թթ.: Իսկ Սաղմոսավանքի վանական համալիրը, որը հիմնականում բաղկացած է Ս. Սիոն եկեղեցուց, գավթից, Ս. Աստվածածին եկեղեցի-գրատնից, կառուցել են Այրարատ աշխարհի կողմնապետներ, հայր և որդի Վաչե ու Քուրդ Վաչուտյանները 1215-1255 թթ.:
Երիտասարդները նաև հաղորդ դարձան Սաղմոսավանքի հիմնադրման հետևյալ պատմությանը, որի համաձայն մեր առաջին հայրապետը, կաթողիկոսական աթոռը հանձնելով իր կրտսեր որդուն՝ Արիստակեսին, հեռանում է Արագած լեռը՝ ճգնության:
Հայրապետն ամռանը ճգնում էր Արագածի գագաթին, որտեղ կառուցեց մի փոքրիկ եկեղեցի՝ Ս. Երրորդություն անունով և այնտեղ կախ տվեց մի աներևույթ կանթեղ՝ առանց պարանի, այն լցրեց իր արտասուքով ու խնդրեց Աստծուն, որպեսզի երկնային լույսով վառելով՝ անշեջ մնա մինչև աշխարհի վախճանը: Ձմռանը Ս. Գրիգոր Լուսավորիչն իջնում էր Արագածի ստորոտը, Քասախ գետի ձորը և այնտեղ կատարում իր աստվածային ծառայությունը: Նա երբեմն մնում էր ձորում և երբեմն կիրճի վերևի բարձրահայաց տեղում: Այդ երկու վայրերում նա կառուցեց փոքրիկ եկեղեցիներ, վերևի եկեղեցու անունը դրեց Սաղմոսաց մենաստան, որպեսզի մշտապես սաղմոսերգություն կատարեին: Իսկ 1215 թ-ին իշխան Վաչե Վաչուտյանը կառուցում է Սաղմոսավանքի Ս. Սիոն եկեղեցին: Կարծիք կա, որ եկեղեցու անունը պատահական չի ընտվել. սրբազան քաղաք Երուսաղեմի ամենաբարձր բլրակը կոչվում է Սիոն, իսկ Քասախի կիրճի սաղմոսավանյան ձորափը ամենախոր հատվածն է: Հրեից Դավիթ թագավորը շատ է սիրել Երուսաղեմի Սիոն լեռն՝ իր գեղեցկության և ամրության համար: Չի բացառվում, որ Դավիթ արքան իր սաղմոսների մի մասը հորինած լինի առինքնող Սիոն լեռան վրա զբոսնելիս: Այս հանգամանքները հաշվի առնելով է Վաչե Վաչուտյան մեծ իշխանն իր նորակառույց եկեղեցին կոչել Ս. Սիոն:
Սաղմոսավանքի բազմադարյան օրհնությունը, շրջակա գեղատեսիլ բնությունը և սիրո ճաշը վայելելուց հետո երիտասարդ ուխտավորները վերադարձան Երևան: Աղոթքի և ապաշխարության ուղին մարդուն վերադարձնում է իր բնական վիճակին, իր ուրախության աղբյուրին՝ Աստծուն, Ով մարդ դարձավ, որպեսզի փրկի մարդկանց՝ հոգալով նրանց հավիտենական ուրախության մասին: «Միշտ ուրա՛խ եղեք, անդադար աղոթեցեք: Ամեն բանի համար շնորհակա՛լ եղեք, որովհետև Աստված այդ է սպասում ձեզնից, որ միացած եք Հիսուս Քրիստոսին» (Ա Թեսաղոնիկեցիներ 5:16-18):
Կարինե Սուգիկյան