14 Նոյեմբեր, Եշ
Բավական բարդ պատկերագրությամբ տեսարան է. պատկանում է Քրիստոսի չարչարանքների շարքին և անմիջապես նախորդում է Քրիստոսի խաչելությանը: Հիմնականում ներկայացվում է որպես ճանապարհ դեպի Գողգոթա: Պատմությունը առկա է բոլոր չորս Ավետարաններում: Այս թեման ներկայացնում է Քրիստոսի՝ Պիղատոսի պալատից դեպի Գողգոթա ճանապարհը, որը Փրկիչն անցավ խաչը կրած: Պատկերագրության մեջ առհասարակ ներկայացվում է խաչը տանելու մի քանի տարբերակ, որոնցից մեկում պատկերվում է դրանցից մեկը, որտեղ Սիմոն Կյուրենացին օգնում է տանել խաչը: Հիմնական տեսարանը հետևյալն է. Քրիստոս զինվորների ուղեկցությամբ գնում է դեպի Գողգոթա լեռը, Նրա հետևից՝ ժողովուրդը: Գործող կերպարներ են Քրիստոսը՝ փշե պսակով, նրան ուղեկցող զինվորները և Սիմոն Կյուրենացին:
Միջնադարյան մանրանկարներում Քրիստոս պատկերվում է հրեական ատյանում՝ քահանայապետի առջև կանգնած, լուռ ու արժանապատիվ: Երբ Կայիափա քահանայապետը հարցնում է Հիսուսին, թե՝ դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծո Որդին, Հիսուս պատասխանում է.«Դո՛ւ ես ասում: Բայց ասում եմ ձեզ. այսուհետև Մարդու Որդուն պիտի տեսնեք ամենազոր Աստծո աջ կողմում նստած, և կտեսնեք, որ Նա գալիս է երկնքի ամպերի միջից»: Լսելով այս խոսքերը՝ քահանայապետը պատռում է իր վերարկուն՝ ասելով. «Հայհոյեց, էլ ի՞նչ պետք ունենք վկաների», և հավաքվածներն ասում են՝ մահապարտ է: Այս դրվագը ներկայացնող մի խումբ մանրանկարներում Կայիափան պատկերվում է հանդերձը պատռելիս: Հրեաները սովորություն ունեին Աստծո դեմ հայհոյություն լսելիս հագուստը պատռել, դա ողբի ձև էր: Ատյանում կանգնած սպասավորներից մեկը ապտակում է Հիսուսին, այս դրվագի հետևողությամբ մանրանկարներում այս սպասավորը պատկերվում է Հիսուսի առջև ձեռքը բարձրացրած, իսկ պատմողական բնույթի մանրանկարներում նաև գրվում է՝ ապտակէ Հիսուսն: Դեպի խաչելությունը ձգվող ճանապարհի մի շարք դրվագներում Հիսուսի կողքին պատկերվում է ձեռքը բարձրացրած այս ծառան: Համաձայն ավանդության՝ մատնության ժամանակ այս ծառայի ականջը կտրեց Պետրոս առաքյալը, իսկ Հիսուս բուժեց նրան: Խաչի ճանապարհին հանդիպող այս պատկերը խորհրդանշում է Փրկչի հանդեպ ծառայի երախտամոռությունը: Քրիստոս ատյանում պատկերվում է ձեռքերը խաչաձև կապված՝ որպես սկիզբ խաչի ճանապարհի:
Խաչի ճանապարհը պատկերող դրվագներից է Պետրոսը քահանայապետի տան գավթում պատկերը: Երբ քահանայապետի տան աղախիններից մեկը, տեսնելով Պետրոսին, ասում է. «Դու էլ Հիսուս Նազովրեցու հետ էիր», Պետրոսը ուրանում է՝ ասելով, թե չի ճանաչում Հիսուսին: Այդ ժամանակ կանչում է աքաղաղը: Այս պահը մանրանկարիչները Պետրոսին ներկայացնում են իրարից հեռու պարզած ձեռքերով, որոնք խոսուն կերպով ցույց են տալիս նրա հրաժարումը և ուրացումը, իսկ աղախնին պատկերում են Պետրոսին մատնացույց անելիս: Մի շարք մանրանկարներում Հիսուս բոկոտն, ձեռքերը խաչաձև կապած, գլուխը թեքած, լուռ և մեղմ հանդիմանանքով նայում է Պետրոսին, որն ասես կքել է առաջիկա ուրացումի ծանրության ներքո: Ուրացումը խորհրդանշող կարմիր աքաղաղը ձեռագիր Ավետարաններում պատկերվում է լուսանցքում:
Երբ Հիսուսին բերում են Պիղատոսի՝ հռոմեական կուսակալի մոտ, Հիսուսի հարցաքննությունից կուսակալը հետևեցնում է, որ, իրավ, այդ մարդը մահապատժի համեմատ մեղք չի գործել, հետևաբար չի ցանկանում հրեաների և քահանայապետերի նախանձախնդրության պատճառով անմեղ արյուն թափել: Այս միտքը ավելի պատկերավոր արտահայտելու համար բերել է տալիս ջրի սափոր և կոնք ու բոլորի աչքի առաջ լվանում ձեռքերը և բարձրաձայն հայտարարում. «Քաւեալ եմ ես յարենէ արդարոյդ այդորիկ, դուք գիտասջիք»: Պիղատոսը, ծանոթ լինելով հրեական օրենքներին, հետևում է այդ օրենքներից մեկին, երբ կատարված լիներ ոճիր և ոճրագործը չհայտնաբերվեր, հրապարակ էին բերում մի երինջ և բոլոր ներկաները պետք է իրենց ձեռքերը լվանային այդ երինջի գլխին, վկայելով, թե. «Ձեռք մեր ոչ հեղին զարիւնս զայս, եւ աչք մեր ոչ տեսին» (Բ Օրինաց ԻԱ 6-7): Հիսուս Պիղատոսի առջև պատկերներում Պիղատոսը ներկայացվում է ձեռքերը լվալիս: Հաճախ պատկերվում է միայն ձեռքերը լվալը, որը խորհրդանշում է Պիղատոսի դատավճիռը: Ավետարանիչները թեև չեն գրում, որ Քրիստոսը սյանը կապված ձաղկվեց, սակայն եկեղեցական ավանդությանը տեղյակ մանրանկարիչներն այս դրվագում Քրիստոսին պատկերում են սյանը կապված: Գողգոթա բարձրանալուց առաջ այս սյունը խորհրդանշում է նաև խաչափայտը, որի համար Հիսուս պատկերվում է ձեռքերը սյանը խաչաձև կապված:
Ավետարանիչները գրում են, որ հռոմեացի զինվորները Պիղատոսի վճռից հետո Հիսուսի վրա կարմիր պատմուճան գցեցին, գլխին փշե պսակ դրին, ձեռքը մի եղեգ տվին և ծնկի գալով ասում էին. «Ողջույն հրեաների թագավոր»: Համաձայն այս նկարագրության՝ Հիսուս Պիղատոսի առջև պատկերվում է հռոմեական զինվորներով շրջապատված, վրան կարմիր քղամիդ գցած, փշե պսակը գլխին, ձեռքում եղեգ: Մանրանկարներում հատուկ ընդգծվում է փշե պսակը, որը այստեղ առանձնակի խորհուրդ ունի: Անտիկ աշխարհում հերոսներին և բանաստեղծներին որպես պատվի բարձրագույն արտահայտություն դափնեպսակ էին ընծայում, այստեղ ծաղրանքով պատիվը որպես անարգանք է ներկայացվում:
Կազմեց Գայանե Սուգիկյանը