Դիակիզումը եւ սրբերի մասունքները

Դիակիզման գաղափարի հետեւորդներից շատերն ասում են, թէ կարեւորը մարդու հոգին է եւ ոչ թէ մարմինը: Ասում են, թէ դիակիզումն արգելք չէ, քանի որ մարմնի անապականութիւնը հնարաւոր բան չէ, եւ Աստուած էլ Ադամին ասաց. «Հող էիր եւ հող էլ կը դառնաս»: Եկեղեցին չի ընդունում դիակիզումը, քանի որ ցուցաբերում է խորը յարգանք մարդու մարմնի հանդէպ: Արդէն Աստուածաշունչ մատեանից յայտնի է, թէ բոլոր արդարների մարմինները պիտի փոխուեն (տե՛ս Ա. Թես. 4, 16: Ա. Կորն. 15, 52) ու նորոգուեն՝ կերպարանակից լինելով Քրիստոսի փառաւոր մարմնին (Փիլիպ. 3, 21)։ Մարմինը սերմանւում է ապականութեամբ եւ յարութիւն առնում անապականութեամբ. սերմանւում է շնչաւոր մարմինը, ու յարութիւն է առնում հոգեւոր մարմինը (Ա. Կորն. 15, 52): Նոյն կերպ պիտի նորոգուեն նաեւ սրբերի անապական նշխարները: Սրա վրայ է հիմնուած սրբերի մասունքների մեծարումը:

Արդարների մարմիններն ու գերեզմանները պատուելի էին Հին Ուխտի ժամանակներում: Այսպէս, Յուդայի բարեպաշտ թագաւոր Յովսիան, երբ հեռացնում էր կռապաշտութիւնը, կոտրեց ու քանդեց բոլոր կուռքերը, այրեց ու փոշի դարձրեց մարդկանց ոսկորները. բայց հրաման տուեց Աստծու մարգարէի ոսկորներին չդիպչել եւ ասաց. «Յոսիան հայեացքը շուռ տուեց ու տեսաւ քաղաքում եղած գերեզմանները, մարդ ուղարկեց, գերեզմաններից ոսկորները հանեց ու զոհասեղանի վրայ այրելով՝ պղծեց դրանք, ըստ Տիրոջ խօսքի, որ ասել էր Աստծու մարդը, երբ Յերոբովամը տօնի ժամանակ կանգնած էր զոհասեղանի մօտ։ Նա աչքերը յառեց Աստծու մարդու գերեզմանին, որը խօսել էր այս բաների մասին, եւ ասաց. «Այս ի՞նչ կոթող է, որ տեսնում եմ»։ Քաղաքի մարդիկ ասացին. «Աստծու մարդու գերեզմանն է, որ եկաւ Յուդայի երկրից եւ Բեթէլի այս զոհասեղանի մասին այդ բաներն ասաց»։ Յոսիան ասաց. «Ձեռք մի՛ տուէք, ոչ ոք թող տեղահան չանի նրա ոսկորները»։ Նրա ոսկորները Սամարիայից եկած մարգարէի ոսկորների հետ էին թաղուած։ Բարձունքների բոլոր մեհեանները, որոնք Իսրայէլի թագաւորները Սամարիայի քաղաքներում կառուցելով՝ բարկացրել էին Տիրոջը, Իսրայէլի արքայ Յոսիան քանդեց եւ ամէն ինչ արեց այնպէս, ինչպէս Բեթէլում էր արել» (Դ. Թագ. 23, 16-19): Հետեւաբար, մարգարէների ու սուրբ նահատակների նշխարները միշտ պատուելի էին: Եթէ Աստուած անտարբեր լինէր, ապա ինչո՞ւ էին սրբերի նշխարները հրաշքներ գործում ու մինչեւ օրս էլ գործում են: Ուրեմն ամէն ոք չէ, որ մահից յետոյ պէտք է ապականութիւն տեսնի: Աստուած մեռած մի մարդու յարութիւն տուեց Եղիսէի նշխարներով. «Մեռաւ Եղիսէն, եւ նրան թաղեցին։ Հետեւեալ տարին Մովաբի կողոպտիչ զօրքը յարձակուեց երկրի վրայ։ Այդ ժամանակ մի մարդու էին թաղում։ Երբ թաղողները տեսան Մովաբի կողոպտիչ զօրքին, այդ մեռած մարդուն շտապ գցեցին գերեզմանը։ Այդ մեռած մարդու դիակը, Եղիսէի ոսկորներին դիպչելուն պէս, կենդանացաւ ու կանգնեց իր ոտքերի վրայ» (Դ. Թագ. 13, 20-21): Նոյնիսկ սրբերի շուքն ու հագուստներն էին հրաշագործ (տե՛ս Դ. Թագ. 2, 14: Գործ. 5, 15: 19, 12):

Ապականութիւնը մեղքի պատժի արդիւնք էր: Սակայն Ենովքը եւ Եղիան մահ չտեսան (տե՛ս Ծննդ. 5, 24: Դ. Թագ. 2, 11): Եթէ այսպիսի բաներ էին պատահում Հին Ուխտի ժամանակներում, ուրեմն առաւել եւս հիմա սրբերի մարմինները Աստծու կամքով անապական կարող են մնալ, որովհետեւ Քրիստոս, քաւելով համայն մարդկութեան մեղքերը, «կործանեց մահը եւ լուսաւոր դարձրեց կեանքն ու անմահութիւնը» (Բ. Տիմ. 1, 10): Պօղոս առաքեալն ասում է. «Ինչպէս հողեղէնն է, նոյնպէս եւ հողեղէններն են, եւ ինչպէս երկնաւորը, նոյնպէս եւ՝ երկնաւորները» (Ա. Կորն. 15, 48): Ուրեմն ինչպէս Քրիստոս «ապականութիւն չտեսաւ» (Գործ. 13, 37), նոյնպէս եւ Իր սրբերը կարող են ազատուել այն օրէնքից, որ գործում է այս աշխարհում Ադամից յետոյ: Քրիստոսի մահից յետոյ «գերեզմանները բացուեցին, եւ ննջեցեալ սրբերի բազում մարմիններ յարութիւն առան» (Մատթ. 27, 52): Նրանց մարմինները մնացել էին անապական մինչեւ Քրիստոսի գալուստը: Սրբերի նշխարներում գործում է նոյն Սուրբ Հոգու շնորհը, որով լցուած էին նրանք, երբ ապրում էին այս աշխարհում: Մահից յետոյ էլ շնորհը չլքեց նրանց: Պօղոս առաքեալն աղօթում է Աստծուն, որ բոլոր քրիստոնեաները եւս չտեսնեն ապականութիւն մինչեւ Քրիստոսի գալուստը. «Եւ խաղաղութեան Աստուածն ինքը թող սրբացնի ձեզ ամբողջապէս, եւ ձեր ամբողջ հոգին, շունչը եւ մարմինը թող անարատ պահուի մինչեւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի գալուստը» (Ա. Թես. 5, 23): «Բայց այս ամէնը միեւնոյն Հոգին է առաջացնում եւ բաժանում իւրաքանչիւրին՝ ինչպէս որ կամենում է» (Ա. Կորն. 12, 11): Մարմնի անապականութիւնը Աստծու ազատ կամքի եւ իրաւունքի գործն է եւ ոչ թէ մարդկային արդարութեան պարտադիր հետեւանքը:

Աստուած գարշում է դիակիզումից, իսկ արդարների մարմինները պահպանում է. «Պահպանում է նրանց բոլոր ոսկորները, եւ դրանցից ոչ մէկը չի փշրուելու» (Սաղմ. 33, 21): «Քանզի դժոխքում չես թողնի դու ինձ, եւ քո սրբին ապականութիւն տեսնել չես տայ» (Սաղմ. 15, 10: Գործ. 2, 27): Աստուած պահպանում է սրբերի նշխարները, քանի որ նրանք Զինուորեալ եւ Յաղթական Եկեղեցիների սերտ միութեան տեսանելի երաշխաւորութիւնն են: Ուղղափառ Եկեղեցին, առաքեալներից սկսած, սրբերի նշխարները պահել է Եկեղեցում, որպէսզի այս տեսանելի կապակցութեամբ իրենց սրբերի հետ կենդանի ու զգայուն պահուեն զինուորեալ հաւատացեալները: Նրանց հաւատը, բնականաբար, զօրանում էր այդ նշխարների ներկայութեամբ: Ուստի ժողովրդի հաւատի համաձայն եւ ի պատիւ սուրբ նահատակներին՝ Աստուած կատարում է Եկեղեցու անդամների այն խնդրանքները, որոնք ուղղւում են սուրբ նահատակների նշխարներին: Եկեղեցու հաւատացեալների աղօթքներն առ Աստուած ուղղւում են սրբի նշխարների ներգործութեամբ, հաւատակցութեամբ ու ձայնակցութեամբ եւ այդ ժողովրդի մեծարումով: Աստուած էլ կատարում է նման հաւատին ապաւինողների խնդրանքները: Այս ամէնն ապացոյց են, որ Աստուած դէմ է դիակիզմանը:

Եկեղեցու պատմութիւնից յայտնի է, թէ նախնի քրիստոնեաները խիստ դէմ էին վիժեցմանն ու անձնասպանութեանը, քանի որ հաւատում էին, թէ մարդկային մարմնի սրբացումը չի աւարտւում մեռնելուց յետոյ: Նրանք մարդուն դիտում էին որպէս աստուածային արարչութեան պսակ, քանի որ մարդն ստեղծուած է Աստծու պատկերով (Ծննդ. 1, 27): Յովհաննէս Դամասկացին (John of Damascus) ասում էր, թէ` «սրբերն իրենց երկրային կեանքի ընթացքում լցուած էին Սուրբ Հոգով, եւ երբ լրանում են նրանց երկրային օրերը, Սուրբ Հոգու շնորհը չի լքում նրանց հոգիներն ու մարմինները գերեզմաններում»: Իսկ Պօղոս առաքեալն ասում է. «Չգիտէ՞ք, որ Աստծու տաճար էք դուք, եւ Աստծու Հոգին է բնակւում ձեր մէջ։ Եթէ մէկն Աստծու տաճարն ապականի, Աստուած էլ նրան պիտի ապականի. որովհետեւ սուրբ է Աստծու տաճարը, որը դուք էք» (Ա. Կորն. 3, 16-17): Եւ յետոյ նորից ասում է. «Չգիտէ՞ք, թէ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մէջ է, եւ որն ստացել էք Աստծուց. եւ դուք ձեր տէրը չէք» (Ա. Կորն. 6, 19): Այսպէս, թէեւ մենք չենք հասնում մեր հոգելից նախահայրերի սրբութեան մակարդակին, այնուամենայնիւ, Աստծու Սուրբ Հոգին բնակւում եւ ապրում է նաեւ մեր ներսում, եթէ հաւատարիմ ենք մնում քրիստոնէական մեր կոչմանը: Իսկ դիակիզումն Աստծու՝ մարդեղէն տաճարի կանխամտածուած պղծումն ու նպատակային ոչնչացումն է, որը հերքում ու զրկում է մեզ սուրբ աւանդոյթներից ու սրբերի հրաշագործ մասունքներից:

Քրիստոնէական տեսանկիւնից դիտելով՝ թաղման մէկ այլ կարեւորութիւնն այն է, որ մենք թաղմամբ պահպանում ենք բազմաթիւ սրբերի մասունքներ, որոնցից շատերը՝ աստուածային շնորհի ազդեցութեամբ, բազում հրաշքներ գործեցին ու մինչեւ օրս էլ գործում են: Աստուածաշնչում կարդում ենք, թէ երբ մէկին պիտի թաղէին, իրեն Եղիսէի գերեզմանը նետեցին: Այդ մարդը, Եղիսէի ոսկորներին դիպչելուն պէս, կենդանացաւ եւ իր ոտքերի վրայ կանգնեց (Դ. Թագ. 13, 20-21): Մենք պէտք չէ մոռանանք, որ շատ սրբերի անապական մասունքները որոշակիօրէն վկայում են Աստծու բարի կամքը արդարների եւ իրենց մարմիններին նկատմամբ: Սրբերը հոգեւոր պայքարում իրենց կեանքի ընթացքում բազում սխրագործութիւններով եւ առաքինի վարքով սրբացւում են՝ իրենց մարմիններին վերադարձնուելով իրենց սկզբնական բնածին բարութիւնը։ Եւ որպէս հետեւանք՝ Տէրը նրանց մարմնի մասունքներին` սուրբ նշխարներին է շնորհում անապականութիւն ու հրաշագործ զօրութիւն: Ննջեցեալ քրիստոնեաների դիակիզումը զրկում է Աստծու ողորմութեան այսպիսի փրկարար ու մխիթարական դրսեւորումից: Ննջեցեալների մարմինների դիակիզումը նշանակում է սրբերի նշխարների ուրացում:

Քանի որ ուղղափառ հաւատը հաստատում է հիմնարար արարչութեան բարի նպատակը ու թելադրում, թէ մարմինը մարդու անձի անբաժանելի մասն է ու Սուրբ Հոգու տաճարը, որը մահից յետոյ սպասում է իր յարութեանը, հետեւաբար եկեղեցին հաւատում է, թէ մարմնի այրումը միտումնաւոր սրբապղծութիւն է եւ Աստծու ստեղծագործութեան ոչնչացում: Փոխարէնը եկեղեցին պնդում է, թէ մարմինը պէտք է թաղուի, որպէսզի տեղի ունենայ բնական ֆիզիկական տարրալուծման գործընթաց: Միակ կրակը, որին մենք կարող ենք տրուել, Աստծու սիրոյ եւ Իր սուրբ ներկայութեան հոգեւոր կրակն է: Ուստի տեղին կը լինի կրկին յիշել Պօղոս առաքեալի հետեւեալ խօսքը.  «Իւրաքանչիւրի գործը յայտնի կը լինի. որովհետեւ դատաստանի օրը դա պիտի երեւայ, քանի որ կրակո՛վ յայտնի պիտի լինի. եւ իւրաքանչիւրի գործը, ինչպէս որ է, կրա՛կը պիտի փորձի. եթէ մէկի կառուցած գործը մնայ, նա վարձ պիտի ստանայ. եւ եթէ մէկի գործն այրուի, նա պիտի տուժի, թէեւ ինքը պիտի փրկուի, բայց նման մէկին, որ կարծես կրակի միջով անցած լինէր» (Ա. Կորն. 3, 11-14):

 

Գևորգ սրկ. Գևորգյան

«Քրիստոնէական քննական տեսութիւն դիակիզման մերժման մասին» գրքից

 

27.09.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․