Դիակիզումը՝ որպէս Աստծու զայրոյթի եւ նզովեալներւ պատժի պատճառ

Աստուածաշնչում կրակի կամ մարդկային մարմնի այրման մասին նկարագրութիւնները հիմնականում առընչւում են Աստծու պատժի կամ դատաստանի հետ: Սաղմոսերգու Դաւիթը նշում է. «Երբ դու երեւաս, նրանց հրաբորբոք հնոց կը դարձնես. Տէրն իր զայրոյթով կը խռովի նրանց, եւ հուրը նրանց կը լափի» (Սաղմ. 20, 10): Երկրորդ Օրէնքի գրքում կարդում ենք. «Իմ բարկութիւնից հուր է բորբոքուել։ Դա կ՚այրի մինչեւ դժոխքի խորքերը, կը լափի հողն ու նրա բերքը, կը վառի լեռների հիմքերը» (Բ. Օրին. 32, 22): Տէրը կրակով ոչնչացնում է Սոդոմն ու Գոմորը: «Տէրը երկնքից ծծումբ ու կրակ թափեց Սոդոմի ու Գոմորի վրայ, կործանեց այդ քաղաքներն ու դրանց ամբողջ շրջակայքը, ոչնչացրեց քաղաքների բոլոր բնակիչներին ու երկրի ամբողջ բուսականութիւնը» (Ծննդ. 19, 24-25): Այս մասին Պետրոս առաքեալը նոյնպէս նշում է. «Նոյնպէս նա սոդոմացիների եւ գոմորացիների քաղաքները մոխրի վերածելով դատապարտեց՝ օրինակ ծառայեցնելով նրանց ապագայի ամբարիշտների համար» (Բ. Պետ. 2, 6): Երբ Ահարոնի որդիները` Նադարն ու Աբիուդը, Տիրոջ առաջ անսուրբ կրակ մատուցեցին, որ Ինքը չէր պատուիրել նրանց, «կրակ բխեց Տիրոջից, այրեց նրանց, եւ նրանք մեռան Տիրոջ առաջ» (Ղեւտ. 10, 2):

Սուրբգրային աւանդութիւնը ինչպէ՞ս է վերաբերւում «կրակի» գաղափարին: Աստուածաշնչում Աստուած նմանեցւում է կրակի: Սուրբ Հոգին առաքեալների վրայ իջաւ հրեղէն լեզուների տեսքով: Կրակի աստուածային յատկութիւնները, Սուրբ Հոգու պարգեւները, փոխանցւում են Աստծու ընտրեալներին` Իր կամքը կատարելու համար: Այս համատեքստում կրակը դրական հասկացութիւն է, որը խիստ հազուադէպ է: Աստուածաշնչում «կրակ»-ը (կամ «հուր»-ը), իր խորհրդանշական իմաստով, հիմնականում օգտագործւում է որպէս միջոց Աստծու դատաստանի ու խիստ պատժի: Աստուած սպառնում է աշխարհը կրակով այրել եւ Ամոս մարգարէի միջոցով յայտնում է. «Այսպիսի մի տեսիլք ցոյց տուեց ինձ Տէր Աստուածը. ահա կրակով դատաստան արեց Տէր Աստուածը, կրակը լափեց շատ խորութիւններ եւ կերաւ երկրի մի մասը» (Ամոս 7, 4): Տէրը հրամայում է հեթանոսական չաստուածների կուռքերը կրակով այրել. «Նրանց կռածոյ աստուածները կ՚այրես հրով։ Դրանց վրայ եղած արծաթի ու ոսկու վրայ աչք չունենաս, չվերցնես դրանք, որպէսզի դրանով մեղք գործած չլինես. դա քո Տէր Աստծու համար գարշելի է» (Բ. Օրին. 7, 25):

Ամբողջ Հին Կտակարանում Աստծու ժողովուրդը, հաւատարիմ մնալով թաղման օրէնքի իր աւանդութեանը, միշտ պատշաճ թաղում էր անում, իսկ հրկիզումը գլխաւորապէս գործադրում էին նզովուած որոշ յանցագործների վրայ, որոնք գործել էին առաւել ծանր ու նողկալի յանցանքներ: Մովսէսին յաջորդած Յեսուն յայտարարեց. «Եւ ով որ մեղադրուի նզովուածը գողանալու մէջ, թող հրով այրուի ինքը, իր ամբողջ տունը եւ այն ամէնը, ինչ որ նա ունի, որովհետեւ նա դրժել է Տիրոջ ուխտը եւ անիրաւութիւն է արել Իսրայէլի մէջ» (Յես. 7, 15): Յեսուն եւ ամբողջ Իսրայէլը վերցրին Զարայան Աքարին, իր արծաթը, վերարկուն ու ոսկի լեզուն եւ իր տղաներին, աղջիկներին, արջառներին, էշերին, ոչխարներին, վրանը եւ իր ամբողջ ունեցածը ու դրանք Աքովրի ձորը (այսինքն` նեղութեան կամ խռովութեան ձորը) հանեցին՝ այրելու համար: Յեսուի գրքում կարդում ենք. «Յեսուն ասաց. «Ինչո՞ւ մեզ կործանեցիր, Տէրն այսօր քեզ կը կործանի»։ Եւ բոլոր իսրայէլացիները նրան քարկոծեցին քարերով ու նրա ունեցուածքը այրեցին հրով, քարկոծեցին նրա իւրայիններին եւ նրանց վրայ դիզեցին մեծ քարակոյտ, որ կայ մինչեւ այսօր։ Եւ իջաւ Տիրոջ սաստիկ բարկութիւնը։ Այդ պատճառով նա այն տեղը կոչեց Աքորի ձոր, եւ այդպէս է կոչւում մինչեւ այսօր»» (Յես. 7, 25): Իսկ Մովսէսը հրամայեց կրակով այրել քահանայի նզովեալ աղջկան պոռնկութեան համար. «Եթէ քահանայի դուստրը պոռնկութեամբ պղծուի, նա արատաւորած կը լինի իր հօր անունը. նա պէտք էհրով  այրուի» (Ղեւտ. 21, 9)։ Ուրիշ առիթով Մովսէսն ասել էր. «Եթէ որեւէ տղամարդ կին առնի մի աղջկայ ու նրա մօրը, դա անօրէնութիւն է։ Կրակի մէջ թող այրուեն նա եւ աղջիկն ու նրա մայրը, որպէսզի ձեր մէջ անօրէնութիւն չլինի» (Ղեւտ. 20, 14):

Սուրբգրային օրինակները ցոյց են տալիս, որ երբեմն որոշ վատթարագոյն նզովեալներ կամ յանցագործներ կրակով էին այրւում, ինչը նշան էր պատժի ու ստորացման: Բայց ոչ բոլոր նզովեալները կամ յանցագործներն էին դատապարտւում հրկիզման՝ ըստ Հին Կտակարանի արդարադատութեան համակարգի: Յանցագործների մեծամասնութեանը մահապատժից յետոյ պարզապէս յանձնում էին հողին: Սա յայտնի է Մովսէսի հետեւեալ խօսքից, երբ պատուիրել էր մահապատժից անմիջապէս յետոյ կախուած յանցագործներին անպատճառ թաղել. «Նրա մարմինը ծառի վրայ գիշերը թող չմնայ. նոյն օրն իսկ կը թաղէք նրան, որովհետեւ Աստծուց անիծուած է նա, ով կախուած է ծառից» (Բ. Օրին. 21, 23): Այս մէջբերումը ցոյց է տալիս, թէ իսրայէլացիները ընդհանրապէս թաղում էին յանցագործներին: Հետաքրքրական է, որ հրեայ Րաբբիները հին ժամանակների վերոյիշեալ եզրը մեկնաբանում էին հետեւեալ կերպ՝ ասելով. «Եթէ մէկն ուզում է ազատուել մարդկային դիակից ոչ թաղման միջոցով, ապա նրա ցանկութիւնը պէտք է մերժուի»[1]:

Աստուածաշնչում կարդում ենք. «Ժողովուրդը դառնօրէն տրտնջում էր Տիրոջ դէմ։ Տէրը լսեց դա, խիստ բարկացաւ եւ նրանց վրայ կրակ թափելով՝ ոչնչացրեց բանակատեղիի բնակիչների մի մասը։ Ժողովուրդն աղաղակ բարձրացրեց Մովսէսի առաջ, Մովսէսն աղօթքով դիմեց Տիրոջը, եւ կրակը դադարեց։ Այդ վայրը կոչուեց Հրայրեաց (այսինքն` հրկիզութիւն), որովհետեւ Տէրը նրանց վրայ կրակ էր թափել» (Թուեր 11, 1-3): Աստուած կրակով սպառեց երկու հարիւր յիսուն մարդկանց, երբ ժողովուրդը, հակառակուելով Մովսէսին,  ապստամբեց, ու «Տիրոջ ուղարկած կրակն իջաւ ու ճարակեց այն երկու հարիւր յիսուն մարդկանց, որոնք խնկարկում էին» (Թուեր 16, 35): «Սրանք իսրայէլացիների մէջ երեւելի մարդիկ էին. սրանք են, որ Տիրոջ դէմ ապստամբել էին, երբ Կորխի յետնորդների հետ յարձակուել էին Մովսէսի ու Ահարոնի վրայ, եւ երկիրը բացելով իր երախը՝ կուլ էր տուել նրանց ու Կորխին իր ժողովրդի հետ։ Կրակը լափել էր երկու հարիւր յիսուն հոգի, որպէսզի միւսների համար դա դաս լինի» (Թուեր 26, 10): Եղիա մարգարէն աղօթեց, եւ Աստուած երկնքից կրակ թափեց ու յիսնապետին եւ իր յիսուն մարդկանց կրակով ոչնչացրեց (Դ. Թագ. 1, 10-12): Ահա թէ ինչպէս է Եսայի մարգարէն նկարագրում Տիրոջ բարկութիւնը. «Ահաւասիկ, երկար տարիներ ու բազում ժամանակներ անց պիտի գայ Տիրոջ անունը՝ բարկութեամբ վառուած եւ փառքով լի. բարկութեամբ լի են լինելու նրա շուրթերի ու բերանի խօսքերը։ Նրա բարկութիւնն ու ցասումը կրակի պէս պիտի լափեն» (Ես. 30, 27): Նոյնպէս` «Պիտի ելնեն ու տեսնեն իմ հանդէպ յանցանք կատարած մարդկանց ոսկորները, քանզի նրանց որդը չի մեռնելու, նրանց կրակը չի հանգչելու, նրանք յայտնի պիտի լինեն բոլոր մարմնաւորներին» (Ես. 66, 24):

Դիակիզումն իր ազդեցութիւնն է թողնում նաեւ սուրբգրային դժոխքի սուրբգրային վարդապետութեան վրայ: Սկզբից քրիստոնեաները յայտարարեցին, թէ իսկապէս գոյութիւն ունի դրախտ ու դժոխք, եւ թէ դժոխքը անվերջ կրակի վայրն է: Այս համոզումը գալիս է Քրիստոսից, որ ասաց. «Ենթակայ կը լինի գեհենի կրակին» (Մատթ. 5, 22): Հաշուի առնելով դժոխքի իրողութեան քրիստոնէական աւանդական վարդապետութիւնը, որ խոստովանւում է հնագոյն առաքելական «Հաւատամքի» մէջ, Ամերիկայի Ուղղափառ Եկեղեցու մի քահանայ, որ դիակիզումը նկատում է հիմնական քրիստոնէական հաւատի խախտում, ասում է. «Արդեօ՞ք մենք կարծում ենք, թէ նպատակայարմար է աղօթել «փրկի՛ր նրանց յաւիտենական հրից»՝ միաժամանակ առաջարկելով հրկիզել նրանց երկրային մասունքները ժամանակաւոր հրով»[2]: Ինչո՞ւ միւռոնով կնքուած, խաչով եւ Աւետարանով փրկագործուած, շարականներով եւ աղօթքներով մատուցուած ու շիրիմները կնքուած մարդկանց փոխանակ յուղարկաւորելու` քրիստոնեաներիս մարմինները ուզում ենք գեհենի հրով հրկիզել: Այս մտահոգութեամբ որոշ քրիստոնեաներ դիակիզումն անուանում են «սատանայի կրակ»:

Նոր Կտակարանում յաճախ «կրակ» բառը նոյնպէս գործածւում է որպէս Աստծու պատիժ: Օրինակ՝ Յիսուս ասում էր. «Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տայ, կտրւում եւ կրակն է գցւում» (Մատթ. 3, 10): Քրիստոս պիտի ուղարկի իր հրեշտակներին ու պիտի հաւաքեն իր թագաւորութիւնից բոլոր գայթակղուածներին ու անօրինութիւն գործողներին. «Կը գցեն նրանց բոցավառ հնոցի մէջ. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում» (Մատթ. 13, 41-42): Տէրը նաեւ ասում էր. «Եթէ քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. լաւ է, որ դու մէկ ձեռքով կամ կաղ մտնես կեանք, քան երկու ձեռք ու երկու ոտք ունենաս եւ յաւիտենական կրակի մէջ ընկնես» (Մատթ. 18, 8): Իսկ երբ դատաստանի օրը գայ, ձախ կողմը եղողներին պիտի ասի. «Անիծեալնե՛ր, գնացէ՛ք ինձնից յաւիտենական կրակը, որ պատրաստուած է սատանայի եւ իր հրեշտակների համար» (Մատթ. 25, 41): Աստուածախօս սբ. Յովհաննէս առաքեալի Յայտնութեան գրքում առաւել եւս նկարագրուած են վերջին դատաստանն ու մեղաւորների հատուցումը. թէ ինչպէս հակաքրիստոսը դեւերի հետ մէկտեղ նետւում է կրակի ու ծծումբի լճի մէջ. «Եւ երկնքից, Աստծու մօտից կրակ պիտի իջնի ու պիտի լափի նրանց եւ նրանց զօրագլխին՝ սատանային, որը մոլորեցրեց նրանց. նա նրանց պիտի գցի կրակի եւ ծծմբի ծովի մէջ, ուր գտնւում էին գազանը եւ սուտ մարգարէն. եւ նրանք պիտի չարչարուեն զօր ու գիշեր» (Յայտ. 20, 9-10): Երբ Աստուած յարութիւն տայ բոլոր ննջեցեալներին ու բաց անի Կեանքի Գիրքը, այն ժամանակ դատապարտուածներին կը տրուեն երկրորդ մահն ու դժոխքի յաւիտենական կրակը: «Եւ տեսայ մեռելներ, մեծ ու փոքր, որոնք կանգնել էին գահի առաջ. եւ բաց արուեցին գրքեր. բացուեց նաեւ մի այլ գիրք՝ կեանքի գիրքը։ Եւ մեռելները դատուեցին ըստ գրուածքների՝ իրենց գործերի համաձայն։ Ծովը տուեց իր մեռելներին, մահն ու դժոխքն էլ՝ իրենց մեռելներին. եւ իւրաքանչիւրը դատուեց ըստ իր գործերի։ Մահը եւ դժոխքը նետուեցին կրակէ լճի մէջ։ Եւ նա, որի անունը կեանքի գրքում գրուած չգտնուեց, գցուեց կրակէ լճի մէջ» (Յայտ. 20, 12-15): Ակնյայտ է, որ Աստուածաշնչի վրայ հիմնուած քրիստոնէական աւանդոյթի միջի «գեհենի կրակ» հասկացութիւնը սարսափ է առաջացնում: Իսկապէս, զարմանքի է արժանի այն թեթեւամտութիւնը, որով որոշ ուղղափառ քրիստոնեաներ լքում են իրենց աւանդութիւնները ու ընդունում ոչ միայն օտար, այլեւ բացայայտօրէն թշնամական ու քրիստոնէութեանը հակառակ սովորութիւնները: Այո՛, զարմանալի է, թէ ինչո՞ւ «կրակի հնոցի մէջ» այրուելը այսօր ոչինչ չի նշանակում ոմանց համար ու նոյնիսկ դրական զգացումներ է արտայայտում:

 

 


[1]     Talmud, Senhedrin 46b.

[2]     Alvin J. Schmidt , “The Orthodox Vision, winter 2000, "Dust to dust or ashes to ashes," 2005, p.71.

 

 

Գևորգ սրկ. Գևորգյան

«Քրիստոնէական քննական տեսութիւն դիակիզման մերժման մասին» գրքից

 

06.09.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․