Գրքեր

Դիմադրություն, մաս երկրորդ

Այժմ ես ինչպե՞ս եմ նստած՝ համարյա ինչպես ցուցափեղկի վրա՝ լավ փարաջա եմ հագել, դուք էլ եք լավ հագուստով, բոլորս ժպտում ենք ու քաղաքավարի ենք: Այստեղ՝ սրահում, մենք բարի ենք, սակայն արդյո՞ք այստեղ է կյանքը: Այստեղ մենք մեզ լավ ենք դրսևորում, բոլորս շատ սիրալիր ենք: Բայց հարցը երեխան է, ով քեզ այժմ սիրալիր է տեսնում, որպեսզի տանն էլ իսկական մարդ տեսնի քեզ, որտեղ դու կընկնես, ոտքի կկանգնես, ներողություն կխնդրես և կրկին ջանք կթափես:

Որպեսզի քո մասին չասեն. «Աբբայի տոնով, աղայի (1) խառնվածքով»: Ինչպես ասում են՝ հասարակության համար է աշխատում: Բայց երբ ճանաչում ես նրան, պարզվում է, որ նա, ով ըստ իր ձայներանգի՝ սուրբ էր, բնավորությամբ աղա է: Այսինքն՝ առարկություններ չի ընդունում:

Մի երեխա ինձ իր հոր մասին ասաց.

- Հա՛յր, եթե հայրիկը տանն ինչ-որ բան է ասում, նշանակում է այդպես էլ պիտի լինի: Եթե հարցնես, թե ինչու, ինչի համար, ապա՝ «դա քննարկման ենթակա չէ»: Երկխոսություն չկա, բացատրություն չկա, միայն սեղանին բռունցքով հարվածել կա, դռները շրխկացնել, իսկ եթե չենթարկվենք, ապա նաև՝ մի քանի դմբուզի հարված: Եվ արդյունքում լինում է այնպես, ինչպես հայրիկն է ուզում:

Այդ մարդն իր որդուն նախապատրաստում է, որպեսզի նա վաղը-մյուս օրը ցուցափեղկեր կոտրի, մեքենաներ այրի և անկարգություններ անի Աթենքում կամ մեկ այլ տեղ, որտեղ դրանք շարունակ լինում են: Ինչպես այն անկարգություններն Աթենքում, մի քանի տարի առաջ, երբ Սինտագմա հրապարակում նույնիսկ սալիկներն էին պոկել՝ մարմարի կտորները: Պատկերացրու, թե ի՜նչ զայրույթ էր համակել այդ երիտասարդներին, ի՜նչ ցասում, ի՜նչ բողոք, ինչ տնից էին նրանք դուրս եկել և որքա՜ն երկար էր նրանց հոգին խեղդվել տանը: Նրանք դուրս էին եկել փողոցներ ու ամեն ինչ ջարդուփշուր էին անում:

Այդ պատճառով, երբ ասում ես ինձ, որ քրիստոնյա ես, արի՛ տեսնենք, թե ինչ է նշանակում «քրիստոնյա» բառը: «Քրիստոնյա» նշանակում է մարդ, ով ոչ ոքի չի ճնշում՝ իրենից բացի, եթե ուզում է և որքան ուզում է: Նշանակում է մարդ, ով պահք է պահում, սակայն ուրիշին բռնությամբ չի ստիպում պահել. «Զավա՛կս, դու պահք կպահես, եթե ցանկանաս, երբ կկարողանաս և որքան կդիմանաս»: Ես փոքր երեխայի մասին չեմ խոսում՝ դպրոցի կրտսեր դասարաններում սովորող, նա կուտի այն, ինչ դուք: Բայց ավագ դասարանների աշակերտը ինքը պետք է որոշի՝ ընդունել դա, թե ոչ:

Դա ի՞նչ է կոչվում: Հոգևոր կյանքի ինտերիորիզացիա (2): Ընդօրինակում չէ, երբ դու պատճենում ես այն, ինչ տեսնում ես, այլ երբ վերապրում ես դա և գիտես, թե ինչու ես դա անում:

Երբ երեխաներից որևէ մեկն ինձ ասում է, որ ինքը շատ լավն է, հարցնում եմ, թե ինչու:

- Մարզադաշտ չեմ գնում,- ասում է ինձ,- ես շատ լավ երեխա եմ, հա՛յր:

Ես դա ուղղակի չեմ ընդունում ու անցնում առաջ, այլ ասում եմ նրան.

- Իսկ ինչո՞ւ մարզադաշտ չես գնում, ինչո՞ւ է այնտեղ գնալը վատ: Եվ ինչո՞ւ ես այդպես վարվում:

Մյուսն ասում է.

- Ես աղջիկների հետ չեմ հանդիպում, հա՛յր, ես լավն եմ:

Եվ ես նրան ասում եմ.

- Իսկ ինչո՞ւ ես լավ երեխա, եթե նրանց հետ չես հանդիպում: Հասկացե՞լ ես, թե ինչու:

Թող իմանա, թե ինչու, այսինքն պատճառը, այլ ոչ թե ուղղակի «ես դա տեսա ու արեցի»: Որովհետև վաղը-մյուս օրը, երբ նա կյանք մտնի և չիմանա ինչու է կոնկրետ տվյալ բանն անում, շրջապատի մարդիկ նրան հեշտությամբ կներքաշեն մեկ այլ, բոլորովին ոչ այն կյանք:

Ինչպես ասում ենք՝ պետք է գիտակցված հոգևոր կյանք վարել, հասկանալով, թե ինչու ես անում այն, ինչ անում ես: Այնժամ, ինչ էլ հետագայում կյանքում տեսնես, չես հակառակվի, 180 աստիճան չես շրջվի, չես վրդովվի, որովհետև կասես. «Ես գիտեի, թե ինչու եմ դա անում: Ես եմ դա ընտրել, ուզում եմ՝ պահք եմ պահում, ուզում եմ՝ աղոթում եմ, ուզում եմ՝ եկեղեցի եմ գնում, և այդ պատճառով էլ չեմ ընդդիմանում: Ուզում եմ՝ անում եմ: Ինձ ոչ ոք չի ստիպել դա անել»:

- Եվ հիմա ի՞նչ անենք, հա՛յր,- հարցնում եք դուք,- թողնե՞նք, որ երեխաները եկեղեցի գնան, երբ ցանկանան:

Ո՛չ, հիմնական դպրոցում սովորելու տարիներին նրանք ձեզ հետ կգնան, բայց երբ ավագ դպրոց գնան, պետք է նրանց ուրախությամբ ասել.

- Մենք եկեղեցի ենք գնում, դուք էլ մեզ հետ եկե՛ք:

Եթե նա չի ուզում, ապա բանավեճ է սկսվում, և այդժամ ինձնից արդեն պատասխաններ մի՛ սպասեք, ես չէ, որ ձեզ կասեմ, թե ինչ անել, այլ Աստված կլուսավորի ձեզ՝ թե երբ խոսեք, իսկ երբ լռեք, երբ լաց լինեք, իսկ երբ նաև մի նուրբ ապտակ հասցնեք՝ տարիքին համապատասխան: Իսկ ապտակ տվող ձեռքի վրա պետք է գրված լինի. «Ես քեզ սիրում եմ», այլ ոչ թե. «Ես դուրս եկա հունից: Դու ինձ հունից հանեցիր, ես զայրացած եմ»:

Նման ապտակը մի բան է, սիրո ապտակը՝ մեկ այլ: Երեխան սիրո ապտակն է հասկանում, ոչ թե այն մեկը, որ դու հոգնել ես ողջ օրն աշխատելուց, այդ պատճառով: Եվ նա իրեն ի՞նչ է ասում: «Մայրիկն այժմ ծեծում է ինձ, որովհետև նյարդայնացել է, այլ ոչ թե, որովհետև սիրում է ինձ: Հայրիկն այժմ բարկանում է ինձ վրա ոչ այն պատճառով, որ բարին է ցանկանում ինձ համար, այլ որովհետև բարկացած է իր պետի վրա»: Երկրորդը դիմադրություն է առաջ բերում:

Այն ամենն, ինչ ասում եմ ձեզ (հավատում եմ, որ հասկանում եք) մեզ ուղղորդում է դեպի ավելի խորը ինքնազննում և դեպի այն, որ հասկանանք, որ շուրջբոլորն ամեն ինչ սև ու սպիտակ չէ և մակերեսային, այլ ավելի խորն է: Ուրեմն, եկե՛ք մի փոքր փնտրենք ու տեսնենք, թե ինչ հոգևոր կյանք ենք ապրում, ինչպիսի քրիստոնյաներ ենք և արդյո՞ք քրիստոնյա ենք:

Ես ինձ հարց եմ տալիս. «Իսկ արդյո՞ք ես իրականում քրիստոնյա եմ»: Մեկն ինձ ասաց.

- Դե լա՜վ, հոգևորական ես ու նման բան ես հարցնո՞ւմ: Մի՞թե դու Քրիստոսինը չես:

Ես որպես հոգևարական եմ Քրիստոսինը, իմ քահանայությունն է Քրիստոսից, բայց ես Քրիստոսի՞նն եմ արդյոք: Այնպիսի՞նն եմ, ինչպիսին Քրիստոս է ուզում, որ լինեմ: Այլապես Քրիստոս կարող է որևէ մեկին ասել.

- Ես քեզ չեմ ճանաչում: Դու մարդկանց Իմ մասին չես հիշեցնում, նրանք նայում են քեզ ու Քրիստոսին չեն հիշում, այլ մեկ այլ բան են հիշում:

Երբ ես ձեռնադրվեցի, գիտե՞ք մի երեխա ինձ ինչ ասաց դպրոցում:

- Կեցցե՛ս: Այժմ տերտեր դարձար, որ ողջ կյանքդ ասես. «Այստեղ չէ՛: Այնտեղ չէ՛: Այս մի՛ արա: Այն մի՛ արա»: Մի՞թե դրա համար տերտեր դարձար, հա՛յր:

Ես նրան ասացի.

- Ո՛չ,- ես ապշած էի: Հարցրեցի նրան.- Իսկ ինչո՞ւ ես այդպես ասում:

Որովհետև երեխայի աչքերում քրիստոնեական կյանքը զուգորդվում է մշտական արգելքներով.

- Ամեն ինչ մեղք է, շուրջբոլորը միայն մեղքեր են, ամենուրեք. «Տե՛ս», ամենուր՝ սպառնալիքներ: Ես դա չեմ ուզում,- ասում է երեխան:

Եվ ես աղոթեցի, որպեսզի այդպիսին չդառնամ, որովհետև տեսա, որ դա հակառակություն և օտարացում է ծնում:

Իրականում սրբերը գործում էին Աստծո կամքը շոշափելով, նրանք ցանկանում էին տեսնել, թե Աստված ինչ կասի: Պատասխանը պատրաստի չի գալիս, այնպես որ հաբը կուլ տաս ու միանգամից ամեն ինչ իմանաս, և նրանք նույնպես սխալներ էին գործում, դրանցից սովորում ու սրբվում:

Պորֆիրիոս ծերը չէր ճնշում ու վախեցնում մարդկանց: Նա փրկում էր նրանց ու պահում Աստծուն մոտ:

Սկզբում նա շատ խիստ ու կատեգորիկ էր, բայց իրեն ասաց. «Հանդուրժող կդառնամ»: Կանոնագիրքը ձեռքի տակ պահելու փոխարեն, որպեսզի ճնշի մարդկանց ու վախեցնի, նա օգտագործում էր այն՝ նրանց հոգիներն ամոքելու, փրկելու և Աստծուն մոտ պահելու համար: Այդպես նրանք չէին հակառակվում, և այդ օրվանից մարդիկ սիրեցին նրան ու սկսեցին բոլոր կողմերից նրա մոտ գնալ:

Մի տիկին ինձ պատմեց, որ Պորֆիրիոս ծերի մոտ էր գնում՝ Օրոպոս, և փողոցում տարբեր մարդիկ էին սպասում, տարբեր մեղավորներ, սակայն նա բոլորին սիրում էր: Այն դեպքում, երբ մեկ այլ հոգևորական վախ էր առաջացնում նրանց մոտ և նրանք ասում էին.

- Վա՜յ, նրա մոտ չեմ գնա մեղքերս պատմելու:

Իսկ նրա մոտ բոլորն էին գնում՝ առանց որևէ դիմադրության, առանց հոգին համառելու: Այդ տիկինն ինձ ասաց.

- Մի անգամ մի կին տեսա, որն ի վերջո պարզվեց կին չէր: Տղամարդ էր, և ես ինձ ասացի. «Նա ի՞նչ է անում ծերի մոտ»: Իսկ այնտեղ եղող միանձնուհիներն ասացին. «Սա հատուկ դեպք է, և ծերն օգնում է շտկել նրա կյանքը, չի վանում նրան»:

Նույնիսկ նման մարդիկ էին սրբերի մոտ գնում: Իսկ մեզ մոտ… Նույնիսկ սեփական երեխաները, մեր կողքին գտնվող այդ հրեշտակները, հակառակվում են մեզ: Ինչո՞ւ: Եկեք մտածենք այդ մասին և ասենք՝ իսկ ես ինչպիսի՞ մարդ եմ: Երբ ես, որպես քրիստոնյա, որևէ ընկերախումբ եմ գնում, ինձ այնտեղ սիրո՞ւմ են, թե՞ ասում. «Օ՜հ, կրկին սա հայտնվեց: Դե՛, պատրաստվե՛ք նրա տարօրինակ երգերը լսելու»:

 

  1. Աղա - Արևելքի մի շարք երկրներում ավագներին դիմելու կարգ, որը ցույց է տալիս ավագի կոչումը և հռչակը։
  2. Ինտերիորիզացիա – հոգեբանական տերմին, որը նշանակում է ներքնայնացում, արտաքին առարկայական գործողությունները աստիճանաբար ներքին, մտավոր գործողությունների վերածելու պրոցեսը, երբ մարդն այլևս ինչ-որ մեկին չի ընդօրինակում, այլ գործում է ըստ համոզմունքների

 

Ծայրագույն վարդապետ Անդրեյ (Կոնանոս)

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

18.08.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․