Մի տարեց կին իր տանն ընդունում է մի քանի ճամփորդների: Ուշ երեկոյան այդ մարդկանցից մեկը տեսնում է, թե տարեց կինը մոմի լույսի ներքո ինչպես է բացում իր գանձանակը, հանում ոսկեդրամները և հատ-հատ հաշվում: Այնուհետև ոսկեդրամները լցնում փոքր, թավշյա պարկի մեջ, դնում սեղանին և մի պահ հեռանում: Այս ճամփորդը նեղսրտում է, թե կյանքն ինչ անարդար է, թե ինչու այդ կինն այդքան հարուստ պիտի լինի: Մտածում է, թե ինչ ժլատ ու ագահ կին է և թշնամությամբ է լցվում նրա հանդեպ, ապա արագ մոտենում է, վերցնում թավշյա պարկը, դնում իր գրպանը և փորձում հեռանալ, սակայն սարսափած կանգ է առնում, որովհետև իր առջև Աստծո հրեշտակներին է տեսնում, որոնցից մեկն ասում է.
- Այս կինը մշտապես իր ունեցվածքից ծածուկ կերպով բաժին է հանում որբ ու անտուն երեխաներին, որոնց պահապան հրեշտակներն ենք, բայց դու այն գողացար: Մի՞թե արդարացի է քո քայլը: Այժմ, վերադարձրու նրան երեխաների համար նախատեսված գումարը՝ դրան ավելացնելով նաև քո ունեցած գումարից, որովհետև դու ավելի հարուստ ես, քան այդ կինը:
Պետք չէ որևէ մեկի հանդեպ թշնամությամբ ու ատելությամբ լցվել և դատել նրա արարքները, հատկապես երբ չգիտենք, թե մարդը սրտի ինչ դիտավորությամբ է գործում: Թշնամությունն ու ատելությունը նոր մեղքերի շղթաներ են ստեղծում...
Հովհաննես Մանուկյան