3 Դեկտեմբեր, Գշ
Թագավորի զորապետը բարեգործական ճաշարանի մոտ նկատում է, որ արեգակի ճառագայթների ներքո լայնեզր գլխարկով մի մուրացկան նստած փնթփնթում, դժգոհում է, թե Աստված իր աղոթքները չի լսում և որևէ մեկին չի ուղարկում, որ նույնիսկ 10 ոսկեդրամով իրեն օգնեն: Զորապետը որոշում է օգնել և քսակից հանում է 100 ոսկեդրամ, տալիս և մտածում, որ այդ աղքատ մարդը շատ կուրախանա և Աստծուն գոհություն կհայտնի: Մուրացկանը վերցնում է 100 ոսկեդրամը, մռայլվում, գլխից հանում գլխարկը, հարվածում գետնին ու ավելի մեծ դժգոհությամբ ասում.
- Եթե Աստված քեզ ուղարկել է, որպեսզի ինձ օգնես, ապա այս 100 ոսկեդրամի փոխարեն քանի՞ անգամ ավելին ունես, որ ինձ կարող էիր տալ, սակայն ընդամենը սա ես տալիս:
Զորապետը հանում է սուրը և պատասխանում.
- Ճանաչեցի քեզ, ո՛վ անպիտան, նախկին վաճառական, տարիներ առաջ իշխաններից 10.000 ոսկեդրամ պարտք էիր վերցրել ու անհետացել, այժմ ոչ միայն ետ տուր իմ 100 ոսկեդրամը, այլև վերադարձրու նրանց ամբողջ պարտքը:
Ով դժգոհում է, հատկապես մշտապես է դժգոհում, նրան չի տրվում, քանի որ երբ տրվում է, ավելի շատ է դժգոհում: Դրա համար նրան կամ չի տրվում կամ էլ՝ երբ տրվում է ու նա այդպես շարունակում է, Աստված նորից ետ է պահանջում, որպեսզի այդ մարդու ավելի մեծ դժգոհությունը նրա հոգու կործանման պատճառ չդառնա: Իսկ ով գոհություն է հայտնում փոքրի մեջ, Աստված նրան անհրաժեշտը միշտ էլ ուղարկում է և ավելին պարգևում:
Հովհաննես Մանուկյան