22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Փետրվարի 24-ին, իրենց դասղեկի՝ Նարինե Մնոյանի, հայոց լեզվի և գրականության մանկավարժի՝ Սվետլանա Տիգրանյանի և ծնողների ուղեկցությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի էին այցելել Մուշեղ Մխոյանի անվան թիվ 68 հիմնական դպրոցի 7-րդ «Բ» դասարանի աշակերտները: Խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ դպրոցականները Տերունական աղոթքն ասացին: Ապա հոգեշահ զրույց ծավալվեց, որի ընթացքում դպրոցականներն իրենց հուզող հարցերն ուղղեցին Տեր Հորը: Նրանց նախ հետաքրքում էր՝ ինչպե՞ս ընթերցել Սուրբ Գիրքը, որ այն տպավորվի իրենց հիշողության մեջ և ճիշտ մեկնաբանությամբ ընկալվի: Ապա քննարկվեցին նաև բազմաթիվ հարցեր Հին և Նոր կտակարաններից, եկեղեցական տոներից, եկեղեցի հաճախելու կանոններից և գալիք Մեծ պահքի շրջանից: Զրույցին իրենց հարցերով մասնակցեցին նաև մանկավարժներն ու ծնողները:
Տեր Հայրը երեխաներին հորդորեց աստվածային սիրո պատգամի համաձայն ապրել, Սուրբ Գիրքն ընթերցել, աղոթել և եկեղեցի հաճախել՝ չմոռանալով, որ կյանքը Տիրոջ կողմից բոլորին տրված մի պարգև է և երջանիկ ընթացք, որի համար պետք է մշտապես գոհանալ Տիրոջից: Մանկավարժներն ուրախությամբ նշեցին, որ երեխաների հանդիպում-զրույցը հոգևորականի հետ կայացավ, քանի որ զրույցի ընթացքում երեխաներն ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:
Անչափ կարևոր է այն հանգամանքը, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու զավակները, իրենց քայլերն ուղղելով դեպի եկեղեցի, փորձում են իրենց հարցերի պատասխանները ճիշտ աղբյուրից գտնել՝ ուսումնատենչ հոգի ունենալով Սուրբ Գրքի ընթերցանության, մեր եկեղեցու դավանանքի, ծեսերի և ավանդությունների վերաբերյալ:
Կարինե Սուգիկյան