23 Դեկտեմբեր, Բշ
Դեկտեմբերի 25-ին ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում երեկոյան ժամերգության ավարտին առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ դպրաց աստիճան ստացան ԱՀԹ 12 եկեղեցիներից 56 ընծայյալներ: Խոնարհ կամ փոքր աստիճանների տվչության ընթացքում Սբ. Խորանի առջև ծնկի եկած ընծայյալների գլխի մազերը խաչաձև կտրեց Սրբազան Հայրը՝ բանաձևելով այսպես. «Ի հատանել հերացդ՝ հատցի ի քէն երկրաւոր ցանկութիւն աշխարհիս», ապա, աղոթք կարդալով, նրանց հանձնեց աստիճանի հատուկ իրը, սպասքը կամ գիրքը և ապա իշխանություն՝ պաշտոնը գործադրելու:
Արարողության ավարտին Սրբազան Հայրն իր հայրական պատգամը հղեց ընծայյալներին՝ մասնավորապես նշելով. «Հոգևոր ուրախություն ենք ապրում բոլորս տեսնելով շապիկներ հագած մեր զավակներին, որ իրենց պահվածքով, հավատքով, խոնարհությամբ և ներկայությամբ հավաստի են դարձնում այն զգացողության գիտակցումը, որ Քրիստոսի եկեղեցին, ի մասնավորի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին անսայթաք ընթացքի մեջ է: Եվ նրանք պատրաստ են զինվորագրվելու հայ ժողովրդին՝ «զՔոյս ի Քոյոց Քեզ մատուցանեմք»: Անկախ նրանից իրենք եկեղեցական կդառնան, թե՝ ոչ, բայց վստահաբար իրենց սրտի մատյանում իր հաստատուն տեղն ունի արդեն Մայր եկեղեցին: Ոմանք կդառնան զինվորներ, սահմանապահներ, ոմանք՝ մշակույթի, գիտության, տնտեսության բնագավառներում ներգրավված անձինք, ամեն մեկը մի ճանապարհ կընտրի, բայց իրենց սրտում բաբախուն կմնա այս օրը: Հիշողությունն այս օրվա, որ նրանք արժանի եղան լինելու Տիրոջ տաճարի սպասավորներ՝ դպիրներ, որ եկեղեցական նվիրապետության մեջ առաջին աստիճաններից է: Այդ խոնարհության մեջ թող Աստված վեհացնի ձեր հոգին, վստահ եմ, որ շատերն այստեղից կմեկնեն դեպի Էջմիածին՝ Գևորգյան հոգևոր ճեմարան՝ վերանորոգելով իրենց ուխտն որպես Հայ եկեղեցու զինվորագրյալ անդամներ»:
Սրբազան Հայրը ներկաներին մաղթեց ուժ, կորով և անսայթաք ընթացք, շնորհակալություն հայտնեց քահանաներին, որ առաջնորդելով այս երեխաներին՝ նրանց հոգևոր խնամքն իրենց վրա են վերցրել: Մաղթեց նաև, որ Տիրոջ զորավոր Աջը պահապան, ուղեկից և մարտակից լինի թե՛ քահանաներին և թե՛ ծնողներին:
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց դպրաց աստիճան ստացան Ստեփան Տիգրանյանը, Վլադիմիր Մարգարյանը և Հրաչյա Բեգլարյանը, իսկ ուրար կրելու իրավունք՝ Աշոտ դպիր Արևշատյանը:
Հրաչյա Բեգլարյանը «Զորավոր» երիտասարդաց միության ատենապետն է և մեկ տարուց ավել է, ինչ ծառայում է եկեղեցում: Դպրաց աստիճանն իր համար նոր ուղի է, նոր ծառայություն, որ առաջնորդելու է դեպի հոգևորական դառնալու պատասխանատու ծառայությանը:
Տիգրանյան ընտանիքը, հինգ տարի հաճախելով եկեղեցի, մասնակցել է Սբ. Պատարագներին, ինչի արդյունքում ընտանիքի իննամյա զավակի՝ Տիգրանյան Ստեփանի մոտ ցանկություն է առաջացել շապիկ հագնել և Սբ. Խորան բարձրանալ: Ստեփանը նաև երգում է «Զորավոր մանկունք» երգչախմբում և շատ լավ գիտի իր անվանակից սրբի՝ Սբ. Ստեփանոս նախավկայի պատմությունը:
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու յոթ խորհուրդներից ձեռնադրությունը շնորհի և իմաստության ստացման խորհուրդն է: Նվիրյալը ձեռնադրության արարողությամբ Աստծուց ընդունում է եկեղեցական կարգ, իշխանություն և երկնային իմաստություն: Հայ եկեղեցու նվիրապետական կառույցն ունի ինը աստիճան՝ դռնապանություն, ընթերցողություն, երդեմնցուցչություն, ջահընկալություն, կիսասարկավագություն, սարկավագություն, քահանայություն, եպիսկոպոսություն, կաթողիկոսություն: Դռնապանությունից մինչև սարկավագությունը կոչվում են փոքր աստիճաններ, իսկ վերջին երեքը՝ մեծ աստիճաններ: Փոքր աստիճանները այժմ ամփոփված են դպրության մեջ: Այս աստիճանները խորհրդագործական կարգին չեն վերաբերում, այլ սոսկ մասնավոր տվչություններ են եկեղեցու ծիսական կանոնավորության համար: Դպիրները պատանիներ են և երիտասարդներ, որոնք շապիկ հագնելով, շարական են երգում, գիրք կարդում և խնկարկում:
Կարինե Սուգիկյան