Գրքեր

Դպրության աստիճանի արժանացան ԱՀԹ-ի եկեղեցիներից 56 ընծայյալներ

Դեկտեմբերի 25-ին ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում երեկոյան ժամերգության ավարտին առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ դպրաց աստիճան ստացան ԱՀԹ 12 եկեղեցիներից 56 ընծայյալներ: Խոնարհ կամ փոքր աստիճանների տվչության ընթացքում Սբ. Խորանի առջև ծնկի եկած ընծայյալների գլխի մազերը խաչաձև կտրեց Սրբազան Հայրը՝ բանաձևելով այսպես. «Ի հատանել հերացդ՝ հատցի ի քէն երկրաւոր ցանկութիւն աշխարհիս», ապա, աղոթք կարդալով, նրանց հանձնեց աստիճանի հատուկ իրը, սպասքը կամ գիրքը և ապա իշխանություն՝ պաշտոնը գործադրելու:

Արարողության ավարտին Սրբազան Հայրն իր հայրական պատգամը հղեց ընծայյալներին՝ մասնավորապես նշելով. «Հոգևոր ուրախություն ենք ապրում բոլորս տեսնելով շապիկներ հագած մեր զավակներին, որ իրենց պահվածքով, հավատքով, խոնարհությամբ և ներկայությամբ հավաստի են դարձնում այն զգացողության գիտակցումը, որ Քրիստոսի եկեղեցին, ի մասնավորի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին անսայթաք ընթացքի մեջ է: Եվ նրանք պատրաստ են զինվորագրվելու հայ ժողովրդին՝ «զՔոյս ի Քոյոց Քեզ մատուցանեմք»: Անկախ նրանից իրենք եկեղեցական կդառնան, թե՝ ոչ, բայց վստահաբար իրենց սրտի մատյանում իր հաստատուն տեղն ունի արդեն Մայր եկեղեցին: Ոմանք կդառնան զինվորներ, սահմանապահներ, ոմանք՝ մշակույթի, գիտության, տնտեսության բնագավառներում ներգրավված անձինք, ամեն մեկը մի ճանապարհ կընտրի, բայց իրենց սրտում բաբախուն կմնա այս օրը: Հիշողությունն այս օրվա, որ նրանք արժանի եղան լինելու Տիրոջ տաճարի սպասավորներ՝ դպիրներ, որ եկեղեցական նվիրապետության մեջ առաջին աստիճաններից է: Այդ խոնարհության մեջ թող Աստված վեհացնի ձեր հոգին, վստահ եմ, որ շատերն այստեղից կմեկնեն դեպի Էջմիածին՝ Գևորգյան հոգևոր ճեմարան՝ վերանորոգելով իրենց ուխտն որպես Հայ եկեղեցու զինվորագրյալ անդամներ»:

Սրբազան Հայրը ներկաներին մաղթեց ուժ, կորով և անսայթաք ընթացք, շնորհակալություն հայտնեց քահանաներին, որ առաջնորդելով այս երեխաներին՝ նրանց հոգևոր խնամքն իրենց վրա են վերցրել: Մաղթեց նաև, որ Տիրոջ զորավոր Աջը պահապան, ուղեկից և մարտակից լինի թե՛ քահանաներին և թե՛ ծնողներին:

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց դպրաց աստիճան ստացան Ստեփան Տիգրանյանը, Վլադիմիր Մարգարյանը և Հրաչյա Բեգլարյանը, իսկ ուրար կրելու իրավունք՝ Աշոտ դպիր Արևշատյանը:

Հրաչյա Բեգլարյանը «Զորավոր» երիտասարդաց միության ատենապետն է և մեկ տարուց ավել է, ինչ ծառայում է եկեղեցում: Դպրաց աստիճանն իր համար նոր ուղի է, նոր ծառայություն, որ առաջնորդելու է դեպի հոգևորական դառնալու պատասխանատու ծառայությանը:

Տիգրանյան ընտանիքը, հինգ տարի հաճախելով եկեղեցի, մասնակցել է Սբ. Պատարագներին, ինչի արդյունքում ընտանիքի իննամյա զավակի՝ Տիգրանյան Ստեփանի մոտ ցանկություն է առաջացել շապիկ հագնել և Սբ. Խորան բարձրանալ: Ստեփանը նաև երգում է «Զորավոր մանկունք» երգչախմբում և շատ լավ գիտի իր անվանակից սրբի՝ Սբ. Ստեփանոս նախավկայի պատմությունը:

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու յոթ խորհուրդներից ձեռնադրությունը շնորհի և իմաստության ստացման խորհուրդն է: Նվիրյալը ձեռնադրության արարողությամբ Աստծուց ընդունում է եկեղեցական կարգ, իշխանություն և երկնային իմաստություն: Հայ եկեղեցու նվիրապետական կառույցն ունի ինը աստիճան՝ դռնապանություն, ընթերցողություն, երդեմնցուցչություն, ջահընկալություն, կիսասարկավագություն, սարկավագություն, քահանայություն, եպիսկոպոսություն, կաթողիկոսություն: Դռնապանությունից մինչև սարկավագությունը կոչվում են փոքր աստիճաններ, իսկ վերջին երեքը՝ մեծ աստիճաններ: Փոքր աստիճանները այժմ ամփոփված են դպրության մեջ: Այս աստիճանները խորհրդագործական կարգին չեն վերաբերում, այլ սոսկ մասնավոր տվչություններ են եկեղեցու ծիսական կանոնավորության համար: Դպիրները պատանիներ են և երիտասարդներ, որոնք շապիկ հագնելով, շարական են երգում, գիրք կարդում և խնկարկում:

 

 

Կարինե Սուգիկյան

25.12.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․