Դու ես Քրիստոսը՝ Կենդանի Աստծու Որդին

Դու ես Քրիստոսը՝ Կենդանի Աստծու Որդին | Du Es Qristosy Kendani Asttsu Ordin

Դու ես Քրիստոսը՝ Կենդանի Աստծու Որդին (Մատթեոս 16։16)։

Սիրելի՛ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.

Բոլոր ժամանակներում քննել են մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի անձը։ Օրվա ավետարանական ընթերցվածքում քահանայապետներն ու փարիսեցիներն ասում են Նիկոդեմոսին. «Քննի՛ր ու տե՛ս, որ Գալիլիայից մարգարե դուրս չի գալիս» (Հովհաննես 7։52)։ Իսկ ո՞վ է Հիսուս Քրիստոս։ Մեզ համար, որ հավատում ենք Նրա Աստվածությանը, Նա Աստծու Միածին Որդին է, Նա բարի սամարացին է, որ եկել է անզոր ընկած մարդուն բուժելու, խնամելու և փրկելու համար։ Նա մարդու մարմինն ու հոգին բուժող բժիշկն է և մեղքերը ներող Ամենակարող Աստված։ Նա անառակ որդիների համար մորթվող «պարարտ եզն է», լավ հովիվն է, որ Իր կյանքը տալիս է Իր ոչխարների համար, ծովերի փոթորիկները հանդարտեցնողն է, մահը կործանողն ու հարություն պարգևողը։ Փարիսեցիների պես պետք է կույր սիրտ ունենալ չտեսնելու համար Հիսուս Քրիստոսի Աստվածությունը և մարդկանց փրկելու Նրա մեծագույն առաքելությունը։ Քրիստոս ասում է. «Թե Ինձ էլ չեք հավատում, գործերի՛ն հավատացեք» (Հովհաննես 10։38)։

Քրիստոս աշխարհ եկավ մեզ համար։ Մեղավոր հոգով և հիվանդ մարմնով մարդիկ, որ հավատքով մոտեցան Նրան՝ բժշկվելու և առողջանալու խնդրանքով, երբեք չմերժվեցին և չանտեսվեցին, որովհետև Նա հենց դրա համար էր եկել։ Ո՞ւմ մերժեց Տերը։ Մերժվեցին փարիսեցիներն ու օրենսգետները, որոնք Նրան քննելու համար էին մոտենում, հարցեր ուղղում, նշաններ պահանջում Նրանից՝ որպես Փրկիչ ընդունելու համար։ Մերժվեց այն երիտասարդը, որը դիմեց Հիսուսին եղբոր հետ ժառանգության բաժանման համար։ Հիսուս ասաց. «Ո՛վ մարդ, Ինձ ո՞վ դատավոր կամ բաժանարար կարգեց ձեր վրա»։ Ապա ժողովրդին ասաց. «Տեսեք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքը իր կուտակած հարստության մեջ չէ» (Ղուկաս 12։13-15)։ Եվ Հիսուս տուն ուղարկեց նաև այն երիտասարդին, որը ցանկացավ Իր հետ շրջել։ Սակայն Ամենատես Աստված, որ Իր աշակերտներին ընտրելով կանչում էր Իր ետևից գնալու, գիտեր, որ նրա առաքելությունը իր տանն է, այդ իսկ պատճառով Նա ոչ թե մերժեց նրան, այլ ուղարկեց տուն։

Քրիստոս, սիրում է մեզ և պատվիրաններ է տալիս, որոնք այն անհրաժեշտ կարգավորումներն են մտցնելու մարդկանց կյանք, որոնց կարիքը հենց մարդիկ ունեն։ Մարդիկ լավ ապրելը միայն բարեկեցությունն են հասկանում։ Մինչդեռ լավ ապրելու համար անհրաժեշտ է Տիրոջ պատվիրանները կատարել։ Մենք մեր պատկերացումներով դաստիարակում ենք մեր զավակներին, որովհետև անչափ սիրում ենք նրանց և ցանկանում ենք նրանց առողջ տեսնել, դպրոցում՝ գերազանց առաջադիմությամբ, սպորտում լինի թե արվեստում, արհեստագործության մեջ թե իրենց տաղանդի դրսևորման մեջ ունենան բազում հաջողություններ, երջանիկ լինեն իրենց ընտանիքներում, լավ կրթություն ստանան, աշխատանքի մեջ ունենան ձեռքբերումներ։ Այդպես էլ Տերը Իր պատվիրաններով ցանկանում է բոլորի առաջադիմությունը վարքում, որպեսզի գերազանց լինեն սեփական առաքելության մեջ, մրցակիցներ՝ սիրո գործադրման մեջ, նախանձախնդիր՝ եղբոր բարեկեցության հարցում, և անմասնակից՝ թշնամանք ու կռիվ սերմանելուն։ Հետևաբար Տիրոջ պատվիրանները սիրո պատվիրաններ են, դրանց չհետևողը ուղղակի փարիսեցիների պես կույր է և քննողաբար է մոտենում Տիրոջը։

Սիրելինե՛ր, Աստծուն քննելու փոխարեն մեր սիրտն ու հոգին քննենք, խնդրենք Նրան մաքրել մեր հոգու աղտերը։ Հավատքով շտապենք Նրա մոտ, ընդունենք Նրանից մեր հոգիների բժշկությունը։ Նրա պատվիրաններին վստահենք մեր հոգիների փրկությունը։ Նրա սերը օր առաջ կյանքի կոչենք։ Քրիստոնեական համայնքի մի մասնիկը դառնանք։ Քրիստոսին քննել պետք չէ, Քրիստոսին հավատալ է պետք։ Եվ դրանից հետո ամբողջովին կփոխվի մեր կյանքը, Նրանով կիմաստավորվի։ Նա կվերափոխի մեզ, կսովորեցնի հաղթահարել մեղքերը, Իր Սուրբ Հոգին կտա մեզ՝ մխիթարվելու և զորանալու համար։ Նա ցանկանում է, որ այս կյանքում մենք կերտենք մեր փրկությունը։ Նա մարմնացավ պատարագվելու համար, մեղքերի մեր բեռը Իր վրա վերցնելու համար։ Եթե մենք անտարբեր լինենք այսօր Աստծու նկատմամբ, նշանակում է՝ մենք էլ փարիսեցիների ու օրենսգետների պես հավատք չունենք։ Նա ամեն օր մեր կողքին կլինի, բայց մենք կապրենք մեր կյանքով։ Նա կսովորեցնի մեզ ճիշտ ապրել, պատվիրաններ կտա, բայց մենք չենք լսի Նրան, հետո փորձության ու դժբախտության պահին հարց կտանք՝ այդ որտե՞ղ սխալվեցինք։ Մինչև մեղքերով հիվանդանալը ավելի լավ է պատվիրաններով ապրել և փրկել սեփական հոգին։ Դրա համար է Տերը պատվիրաններ տալիս մեզ։ Փարվենք Նրան հավատքով, որպեսզի անպայման բժշկության համար չփնտրենք Նրան։

Հետևաբար, սիրելինե՛ր, հավատացե՛ք Աստծու Որդուն և գոհությո՛ւն հայտնեք Նրան, քանի որ առանց մեր խնդրելու Նա հոգում է օրվա մեր կարիքները։ Բժշկում է մեզ, փրկում է փորձության և նեղության ժամին, լսում է մեր աղոթքները և պարգևում է մեզ մեր սրտի փափագները։ Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ մարդու համար։ Սակայն աշխարհի մարդիկ սկսեցին քննել Նրա Անձը։ Նրա վարդապետությունը ոչ մի խոցելի տեղ չունի։ Քա՛վ լիցի, մենք չենք քննում, այլ հասկանում ենք, որ քրիստոնեությունը մարդուն իր մեջ է առնում մեղքերի քուրայում մաքրելու համար, սիրո կապանքներով շղթայելու համար, նոր մարդ դարձնելու համար, էգոիզմից ազատելու և զոհաբերվող հոգի տալու համար։

Հիսուս Քրիստոսի Անձի, վարդապետության, պատվիրանների ու գործերի մեջ կեղծիք ու հակասություն չկա։ Նա մեզ հետ է երեկ, այսօր և հավիտյան։ Նրա սերն ուղեկցում է բոլորին, Նրա ողորմածությամբ մենք ապրում ենք, և Նրա հրաշքները լցնում են մեր կյանքը։ Նա ոչ մեկի կործանումը չի ցանկանում։ Իսկ մարդիկ Քրիստոսի մեջ փրկությունը չեն որոնում, որպեսզի փրկվեն։ Այնինչ Նա այն հովիվն է, որ Իր մի ոչխարի համար կթողնի 99 ոչխարներին և կգնա այդ մեկի ետևից, որպեսզի գտնի նրան։  

Սիրելի՛ ներկաներ, եկեք հրեաների պես կույր չլինենք և աշխարհին նայելով, մեր կյանքին նայելով՝ Քրիստոսի ներկայությունը, ողորմությունն ու առաջնորդությունը տեսնենք։ Մաղթում եմ ամուր և անսասան հավատք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի նկատմամբ, խոստովանենք Նրա Աստվածությունը և Պետրոսի առաքյալի հետ կրկնենք՝ Դու ես Քրիստոսը՝ Կենդանի Աստծու Որդին (Մատթեոս 16։16)։ Նրանով մաքրվենք մեղքերից ու հիվանդություններից, կատարենք Նրա պատվիրանները, որպեսզի մեղքերի ճահճում չհայտնվենք։ Նրանից օրհնություն ստանանք և արժանանանք փրկության։

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․ ամեն։   

 

Տեր Վահան քհն․ Առաքելյան

 

20.02.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․