24 Ապրիլ, Եշ, Սուրբ Զատկի Ե օր
Հունվարի 22-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ համայնքից Ներսիսյան Վազգենին (55 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Սիրիայում ծագած պատերազմի պատճառով մեկ տարի առաջ Վազգենն իր կնոջ՝ Արոյան Սոսեի (44 տ.) և երկու որդիների՝ Մկրտչի (21 տ.) և Վրեժի (19 տ.) հետ միասին տեղափոխվել է Հայաստան և վարձակալությամբ բնակվում է Քաջազնունու 9/5 հասցեում: «Պատերազմի ժամանակ հրթիռն ընկավ մեր պատշգամբը և ավերեց մեր տունը: Այդ դեպքից հետո ինձ մոտ սրտի հետ կապված խնդիրներ ծագեցին և վիրահատությամբ սիրտս ստենդավորեցին: Վիրահատությունից հետո ի վիճակի չեմ աշխատելու, այժմ ընտանիքի կարիքները հոգալու ողջ ծանրությունը կնոջս և ավագ որդուս ուսերին են, նրանք սիրիական ռեստորանում են աշխատում, այն էլ ոչ ամեն օր: Իրենց վաստակած գումարը չի բավարարում է, որ տան և որոշ չափով էլ կոմունալ վարձերը վճարենք: Ութ ամիս մեր տան վարձը մասամբ հոգաց «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը: Մտահոգ եմ, որ ֆինանսական խնդրի պատճառով տղաներս չեն կարողանում ուսանել, միայն համակարգչային ուսուցման անվճար դասընթացի մասնակցեցին»,- ասաց Վազգենը և իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին՝ իր ընտանիքին օգնության ձեռք մեկնելու համար:
«Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծուն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծո ձեռքում» (Հռոմ. 6:13):
Եկեղեցու հայրերից Ս. Հովհան Ոսկեբերանն ասել է, որ մարմինը՝ որպես միջոց, կարող է ծառայել ինչպես մեղքին, այնպես էլ առաքինությանը: Նման զենքի, որով կարող են ինչպես պաշտպանվել, այնպես էլ վնասել. զինվորը, զենք գործածելով, պատերազմում է հանուն հայրենիքի, իսկ ավազակը, քաղաքացիների դեմ զինվելով, զենքը ի չարս է գործածում:
Առաքյալի պատգամի համաձայն՝ կարևոր է, որ մարդ ջանք թափի՝ իր մարմինը ճշմարտության և ոչ մեղքի գործիք դարձնելու, քանի որ մարմնի անդամներից օրինակ՝ լեզուն, ինչպես կարող է ավերել, այնպես էլ կառուցել, ձեռքը ինչպես կարող է սպանել, այնպես էլ ողորմել:
Կարինե Սուգիկյան