Արդեն տեսանք, որ Ս. Հոգով նախ` առանձին անհատները Աստուծո տաճար են դառնում, Աստուծո հավատացյալներ են լինում. երկրորդ` այդ հավատացյալներից սիրո համայնք է կազմում, միանում. երրորդ` այդպիսի համայնքներից աստվածպաշտական միասիրտ, միահոգի և միաձայն ու միալեզու եկեղեցի է կազմակերպվում, և չորրորդ` յուրաքանչյուր եկեղեցին, ճանաչելով, որ Քրիստոս է յուր փառաց թագավորը, դառնում է նորա թագավորության կամ արքայության մի տարրը, մի մասը, սակայն մի այնպիսի մասը, որ ներկայացնում է յուր մեջ Աստուծո արքայության ամբողջությունը[1]: Այստեղից պարզապես հետևում է, որ ինչպես Աստուծո արքայությունը սկսում է յուր իրականացումն այս աշխարհում և ստանալու է յուր կատարումը հանդերձյալում, այնպես էլ յուրաքանչյուր եկեղեցի աճում, զարգանում է այս աշխարհում, որպեսզի յուր կատարումն ստանա հանդերձյալ կյանքում: Եվ ինչպես որ Աստուծո արքայությունն իրականանում է հավատացյալ անհատի սրտում ու եկեղեցի դարձնում նորան[2] և ապա ճշմարիտ հավատացյալի վրա հիմնվում է յուրաքանչյուր եկեղեցին` որպես յուրաքանչյուր առաքյալի և ավետարանչի վրա[3], այնպես էլ Աստուծո արքայությունը հաստատվում է երկրում նախ` եկեղեցու մեջ իրագործվելով, և ապա` յուրաքանչյուր եկեղեցու վրա հաստատվում է հանդերձյալ փառաց արքայությունը: Ուստիև Ս. Գրիգոր Նարեկացին հարմարապես համեմատում է մարդուն յուր եկեղեցու հետ. «Իմանալին` խորհուրդ հոգւոյս, և շօշափելին` պատկեր մարմնոյս»: Այսպես և ինչպես որ յուրաքանչյուր հավատացյալ անհատ թե՛ բաղկացուցիչ և թե՛ գործունյա անդամ է յուր եկեղեցում (Ա Կոր., ԺԴ 12. Բ Կոր., ԺԲ 12), այնպես էլ յուրաքանչյուր եկեղեցի բաղկացուցիչ և գործունյա տարր է Աստուծո արքայության: Անհատով է իրականանում եկեղեցին, և եկեղեցով է իրականանում Աստուծո արքայությունը, ինչպես չի կարող եկեղեցի լինել առանց անհատների, այնպես էլ չի կարող Աստուծո արքայությունը լինել առանց եկեղեցիների: Անհատը մոտենում է Աստուծո, հաղորդակից է լինում նորան, ստանում է Քրիստոսի փրկությունը, վայելում է աստվածային շնորհները և աստվածային կյանք վարում միմիայն եկեղեցով: Ըստ այսմ և եկեղեցին ներկայացնում է Աստուծո արքայությունը յուր մեջ, Աստուծո արքայության մասն է կազմում, տարածում է Քրիստոսի փրկությունը, բաշխում է աստվածային շնորհները և աստվածային կյանք է ընդհանրացնում միմիայն անհատով: Այդպես և Աստուծո արքայությունն իրականացնում է մարդու կոչումը յուր եկեղեցով: Ուրիշ խոսքով` եկեղեցին միացնում է յուր բոլոր հավատացելոց ի մի գլուխն Քրիստոս, և դարձյալ Քրիստոսի հաստատությունը լինելով` տարածում, սփռում է աստվածային շնորհներն յուր բազմաթիվ որդիների մեջ: «Ոչ եթէ Տէր վասն մասինն միայն եկն յաշխարհ, այլ վասն ամենայն մասանց աշխարհիս. Բժշկեաց զմի մասնն, զի ի ձեռն միոյ մասինն ուսցին ամենայն մասունքն ընթանալ առ նոյն բժիշկն», - ասում է Ս. Եղիշեն: (Ա Կոր., ԺԴ 23): Այս է նաև մարդկային պատմության բնական ընթացքը, ըստ որում` միացեղ, միալեզու, միաբնույթ և պատմականապես միակենցաղ անհատներից կազմվում է ազգը, որ հառաջ է գնում անհատների աշխատանքով, և որի շնորհները վայելում է յուրաքանչյուր անհատ, հապա որոշ ազգերից կազմվում է ամբողջ մարդկություն, որը հառաջադիմում է ազգերի հառաջադիմությամբ, և որի հառաջադիմության արդյունքները վայելում են և առանձին ազգերը: Հետևաբար աշխարհի ընթացքը անհատական հիմքի վրա է հաստատված. այդպես է և Աստուծո արքայությունն, որի հիմք կազմող անհատը հավատացյալն է ու յուրաքանչյուր եկեղեցի, և որի շնորհները ստանում է անհատը յուրաքանչյուր եկեղեցով: Ազգությունն ու եկեղեցու ազգայնությունը անխզելի տարրեր են տիեզերական կյանքի մեջ:
Այս ամենից ինքնըստինքյան բղխում է և եկեղեցու գաղափարը: «Եկեղեցի» հունարեն է և բառացի նշանակում է ժողով, իսկ ըստ գործածության` նշանակում է միաբանություն Քրիստոսի այն ճշմարիտ հավատացյալների, որոնք հաստատված «ի վերայ հիման առաքելոց և մարգարէից» մի հավատքով, մի մկրտությամբ, մի հոգով պաշտում և դավանում են Ս. Երրորդությունը մի Աստված և մի Տեր ու միացած են իրար և Աստուծո հետ մի անկեղծ սիրով ու երկնավոր կոչման մի հաստատուն հուսով (Եփ., Դ 3): «Եկեղեցի մեզ ոչ ցուցանէ պատուիրանն Աստուծոյ, որ ի քարանց եւ ի փայտից է շինեալ, այլ զհաւատով շինեալ զազգս մարդկան ի վերայ վիմին հաստատութեան: Ապա ուրեմն ճշմարիտ հաւատն է Եկեղեցի, որ գումարէ եւ շինէ զմեզ ի մի միաբանութիւն գիտութեան Որդւոյն Աստուծոյ», - ասում է Ս. Սահակը: Ուրեմն ճշմարիտ կենդանի հավատքն է էական տեղը բռնում, նա է եկեղեցի կազմողը և դեպի ամեն կողմ հույս ու սեր ծավալողը, այնպես, որ ըստ Ս. Գրիգոր Լուսավորչին` «Եւ հաւանութիւն հաւատոյ եւ սուրբ սիրոյն հաւասարութիւն յոր կողմ յորդորի, զամենայն հաւանեալսն ի Քրիստոս ժողովէ» (Հաճ., ԺԱ 172): Հավատքն է միացնում ամենքին և հավատքն է մի հոգի և մի հոտ կազմում Աստուծո առաջ, այլև հավատքն է նաև ամեն տեղ եկեղեցիներ կառուցանում և ամեն ազգի յուր եկեղեցին միալեզու ու միախորհուրդ հաստատում: Այս է պատճառն, որ Աստուծո Հին Ուխտով միացած ժողովուրդն էլ կոչվում է եկեղեցի, միայն Նահապետական և ապա` Իսրայելյան եկեղեցի: Մովսիսի ժամանակինն էլ կոչվում է ընդօրինական (նախատիպ) եկեղեցի, որի մարմնացումն և իսկությունը Քրիստոսի եկեղեցին է, վասնզի ընդօրինական եկեղեցին յուր առավել զգալի ձևակերպությամբ հավատք և ավետիք էր միայն ներշնչում, մինչդեռ Քրիստոսի իսկական եկեղեցին հավատք է վառում և շնորհք տալիս փրկության լուսո մեջ: Ըստ որում և «Եկեղեցի եռայ հրով աստուածային Հոգւոյն, որ կիզիչ է մեղաց եւ ոռոգիչ հոգւոց հաւատացելոց Քրիստոսի» (Գրիգոր Արշար., 48. Ս. Հովհ. Իմաստ., 132-135):
Եվ որովհետև անհատն է Աստուծո արարչական գործի նպատակը, Աստուծո արքայությունն է այդ նպատակի իրագործումն և դարձյալ անհատն է նորա սկզբնավորության հիմքը, ուստի հավատքն է, որ անհատին թե՛ հիմք է դարձնում, թե՛ նպատակ և թե՛ նորա կոչման իրագործումն է դեպի կատարումը վարում: Բայց մենք գիտենք, որ Քրիստոս է յուր արքայության սկիզբն ու կատարածը, այբն ու ֆեն, յուր եկեղեցու հիմքն ու գլուխը, վեմն ու կատարը, կյանքն ու փրկությունը[4]. ահա և անհատը եկեղեցու հիմք, վեմ ու նպատակ է դառնում` միանալով յուր հավատքով Քրիստոսի հետ (Ա Պետ., Բ 5): Հավատքով անհատի մեջ է բնակվում Քրիստոս և ինքն, իսկական վեմ լինելով, վեմ է դարձնում նորան յուր եկեղեցուն[5] և նույն անհատին տանում դեպի նորա կոչման իրականացումը յուր արքայության մեջ: (Եղիշե, 328, 348): Հավատքով անհատը դառնում է Աստուծո տաճարը, հավատքով անհատները մարմնական միության պայմանների մեջ միանում են և դառնում Աստուծո եկեղեցին և հավատքով յուրաքանչյուր եկեղեցի դառնում է Աստուծո արքայության գործունյա և կենդանի տիպարն ու տարրը, ըստ որում` «Մեք թէպէտ եւ մարմնով յերկրի եմք, այլ հաւատովք յերկինս եմք շինեալ», - ասում է Ս. Վարդան Մամիկոնյանը (Եղիշե, 79): Եվ որովհետև Եկեղեցու վեմը Քրիստոս է, եկեղեցին Քրիստոսի մարմինն է և եկեղեցու գլուխը դարձյալ Քրիստոս է, ուստիև մենք, հավատքով հաստատվելով այդ վեմի վրա, այդ մարմնի մի անդամը դառնալով և այդ գլխի տակ կառավարվելով, անվրդով և անշարժելի ենք դառնում այս աշխարհի բոլոր հեղեղների ու հողմերի մեջ, անխոտոր է դառնում մեր կյանքն և անշեղլի մեր ընթացքը դեպի փառաց արքայությունը:
Այդպես և եկեղեցին հաստատուն է այդ վեմի վրա, որ է Քրիստոս, սնունդ է առնում յուր աճման ու զարգացման համար մի որթից, որ է Քրիստոս և յուր բոլոր կյանքում և ընթացքում հոդվում ու պատշաճվում է աշխարհի բոլոր պատմական հանգամանքների մեջ Քրիստոսով տրված Ս. Հոգով: Եկեղեցու այսպիսի ապահով կյանքը պայմանավորված է միմիայն այն կարգադրությամբ, որ արավ Քրիստոս, այն է` նորա առաքելոց վառվելովը Ս. Հոգու հեղման տակ (Գործք, Ա 4. Ղուկ., ԻԴ 49), նորա առաքելոց եկեղեցու հիմնադրությամբ և կազմակերպության շնորհագործությամբ: Նորա յուրաքանչյուր առաքյալի ստացած մեծ շնորհներով է աճել յուրաքանչյուր եկեղեցի, և նորա յուրաքանչյուր առաքյալի ստացած շնորհների աճումով է պայմանավորված յուրաքանչյուր եկեղեցու ամբողջ կյանքն ու ապագան: Ոչ մի ժողով չի կարող ճշմարիտ եկեղեցի կոչվիլ, եթե կազմակերպություն չէ ստացել առաքելական աղբյուրից. ոչ մի եկեղեցի չի կարող ճշմարիտ եկեղեցի կոչվիլ, եթե չէ հաստատվել առաքելոց վրա. ոչ մի եկեղեցի չի կարող ճշմարիտ եկեղեցի կոչվիլ, թե չէ ունեցել յուր առաքելոց միջոցով շնորհաբաշխ հոգեգալուստը, և ոչ մի եկեղեցի չի կարող հաստատություն ունենալ, եթե հաստատված չէ մի վեմ Քրիստոսի վրա և մի գլուխ Քրիստոսի ներքո: Եկեղեցին սկսվում է Քրիստոսով, հիմնվում է Ս. Հոգու գալստյամբ առաքելոց մեջ[6], հիմնադրվում է յուրաքանչյուր առաքյալի ձեռքով և յուր ճշմարիտ զարգացման ընթացքն է ստանում ամեն մի առաքյալի ճշմարիտ ու շնորհավառ հաջորդությամբ: Ահա այս է ճշմարիտ եկեղեցու ծագման, աճման, ծաղկման և զարգացման ընթացքն ու ուղղությունը: «Արգանդ որովայնի սորա աւազանն կենդանանար, ի պար հարսանեաց սորա դասք առաքելոցն» (Ս. Գր. Նարեկ.):
Եկեղեցու հիմնադրության և կյանքի այդ սկզբունքից պարզապես հետևում է, որ նորա էության անխախտությունն ևս ապահովված է Ս. Հոգու խնամածությամբ[7]: Կյանքի հանգամանքներն ու մարդկային մոլորությունները կարող են զանազան պարագաներով բարդել եկեղեցու վիճակը, նորա ժամանակական ու տեղական պայմանները մինչև անգամ թյուր ձևակերպությունների մեջ դնել, սակայն այդով Քրիստոսի եկեղեցու էությունը չի խորտակվիլ: Հաճախ կլինին թյուրություններ ու մոլորություններ, մանավանդ որ այդոնք ազատ կամքի հետևանք են` որպես տեսանք նախընթացում, և ինչպես էլ կլինին, կծառայեն հավատացելոց ու ճշմարտության կազդուրման ու զորացման, կամ աստվածային գործի մշակների շատանալուն զարկ կտան, այլև այն ժամանակի ու տեղի պարագայով, որոնցով այդոնք հառաջացել են, Քրիստոս դարձյալ ճշմարտության ձայնը կբարձրացնե և մոլորությունն, յուր զարգացման ծայրին հասցնելով, բնականապես կխորտակէ: Հետևաբար աշխարհի բոլոր անողոք խառնաշփոթությանց մեջ Քրիստոսի Եկեղեցին հաղթող դուրս կգա և կգնա դեպի յուր կատարումը: «Որպէս ճառագայթք արեգական յառաջ ընթանան եւ զկնի ծաւալին, այսպէս յառաջ ճշմարտութիւն էութեանն անփոփոխ իսկութեանն» (Հաճ., Գ 83): Աստված սրբության հետ է, ուրեմն նա նորա հետ է, որ միանում է ճշմարտության ու սրբության հետ և կռվում խավարի, տգիտության և անսրբության դեմ: Այս այնքան ակներև է, որ անհավատ պարսիկներին անգամ ծանոթ էր, երբ Վահան Մամիկոնյանն ասում էր. «Ես եւ արդարութիւն ուխտապահութեանն ի միասին կռուիմք, եւ դու եւ ուխտազանցութեանն ստութիւն ի միասին էք. եւ արդ` դու ինձ զիա՞րդ կարես յաղթել»[8]:
Ասացինք, որ եկեղեցին, ինքն յուր մեջ Աստուծո արքայության իրականացումը լինելով, միանգամայն և իրականացուցիչ հաստատություն է: Ըստ այսմ` Քրիստոս յուր եկեղեցուն է հանձնել Ս. Հոգու շնորհաց բաշխումը, ս. խորհուրդների արժանացումն ու նոցա միջոցով հառաջացրած նորոգ կյանքի հոգատարությունը, խնամածությունն ու քաջալերությունը: Բնականաբար Քրիստոսի եկեղեցու նպատակն է` տարածել ու զարգացնել Աստուծո արքայությունը ներքուստ և արտաքուստ, այսինքն` աստվածային սերմն սերմանել մարդկանց սրտերում, շահեցնել ու շահեցնել տալ Քրիստոսի հավատացած տաղանդը, աշխատելով, որ դոքա մեկեն հարյուր ու հազար պտուղներ տան, ու ձգտել արմատախիլ անել աշխարհի չարությունները: Ուրեմն եկեղեցու գործունեությունը պատերազմական է, ըստ որում` նա դրականապես մարդիկ է ծնում, Աստուծո որդիք դարձնում, շնորհագործում դեպի ճշմարիտ կյանք ու տանում դեպի փառաց արքայությունն, իսկ բացարձակապես կռվում է սատանայի իշխանության դեմ, հալածում է խավարը, չքացնում է չարության արմատն ու մտցնում ճշմարտության ազատությունը մարդկանց սրտերի մեջ` մեղքի գերությունը խորտակելով:
Այս պատերազմական գործունեության պատճառով եկեղեցին կոչվում է զինվորյալ, որ զինված է Ս. Հոգու զենքով զանազան փորձությանց, սխալանքների ու թուլության դեմ, որ ղեկավարվում է յուր ամենազոր թագավորի պաշտպանությամբ և առաջնորդվում է պատերազմի դաշտով դեպի հաղթանակ ու փառք (Եփ., Զ 10-19). Քրիստոսով հաղթանակ տարած հանգուցյալ սրբերն էլ հրեշտակաց հետ կոչվում են Անդրանկաց կամ Հաղթական Եկեղեցի, որ վայելում է երկնավոր փառաց խնդությունն ու խաղաղությունը[9]: Անդրանկաց եկեղեցին բաժանված է զինվորյալից միմիայն մարմնապես, ըստ որում, մի հավատքն ու մի անցյալը կապում է դոցա միության մեջ, այնպես որ ճշմարիտ եկեղեցին զինվորյալի է և ոչ առանց հաղթականի: Այլև հաղթական եկեղեցին զինվորյալի հաղթության երաշխիքն է, իսկ զինվորյալ եկեղեցին` հաղթականի հանդեսը: Դոցանից մեկն ու մեկի չլինելը ժխտում է եկեղեցու էությունն և այն փրկագործական ընթացքը, որով եկեղեցին տանում է մարդուն դեպի հանդերձյալը յուր անհատ ճանապարհով և ապահովությամբ:
Զինվորյալ եկեղեցին ևս իբրև Աստուծո արքայության իրականացումն, յուր անդամների մեջ որևիցե արտաքին դասակարգություն չունի, այլ ամենքն ևս մեկ են, և յուրաքանչյուրն յուր առավելությունը ստանում է Աստուծո առաջ միմիայն յուր կենդանի հավատքի զորությամբ ու հանդիսով: Յուրաքանչյուրն, ըստ չափ ու կարողության շահեցնելով յուրյան հանձնված քանքարը, փայլում է միմիայն աստվածային այն շնորհքով, որին ինքն ընդունակ է դառնում և արդյունավորել է կարողանում[10]: Վասն որո և Ս. Հայրերն ասում են առ Աստված. «Գոհանամք զքէն, Փրկիչ, որ ի հօտէն Ս. Գրիգորի զոչխարսն առաւել, քան զհովիւս բանաւորս արարեր, եւ զաշակերտս ի ժողովրդենէն առաւել, քան զվարդապետս յօրինեցեր գիտունս» (Փարպ., 271): Սակայն զինվորյալ եկեղեցին, Աստուծո արքայության իրականացուցիչ հաստատությունը լինելով, ունի և յուր պաշտոնատար կամ ուսուցանող անդամներին, որոնք սկզբից իսկ զանազան անուններ են կրել, ինչպես են առաքյալք, ավետարանիչ, տեսուչ կամ եպիսկոպոս, վարդապետ, երեց, սրբության պաշտոնյա, հովիվ, Աստուծո կամ Տիրոջ ծառա, Քրիստոսի պատգամավոր, եկեղեցու հրեշտակ, Աստուծո խորհրդոց կամ շնորհաց տնտես կամ հազարապետ, Աստուծո այր, ճրագ, աղ[11] և այլն, որոնցից յուրաքանչյուրն արտահայտում է հոգևոր պաշտոնյայի մի պարտավորությունը կամ նշանակությունը: Սոքա ուրեմն առավելագույն շնորհ են ստանում` ըստ կոչման և ըստ ձեռնադրության, ուստիև առավելագույն պարտյաց ենթակա են ու պատասխանատու[12]: Նոքա հոգացող են ոչ միայն յուրյանց անձանց, այլև այն ամենքի համար, որոնց բարեկեցության պատասխանատվությունը ստացել են Աստվածածնից[13]: Այս ուղղության ու ձգտման կենդանի հիշեցուցիչն է վանական միությունն, որ մարմնացնելով յուր մեջ ճշմարիտ եղբայրություն, նվիրվում է ժողովրդի կրթության և կարոտյալների ու տանջվողների օգնության, մխիթարության և ամոքման գործին:
Նոցա հոգացողության ենթարկված մասն էլ ժողովուրդն է, որ կոչվում է հոտ, ոչխարք, գառներ, եղբայրներ, Տիրոջ ժողովուրդ, արքայության որդիք, Աստուծո որդիք և այլն, և այդ անուններից ամեն մեկն արտահայտում է այն վերաբերմունքը, որ պետք է ունենա ժողովուրդը դեպի Քրիստոս և դեպի աստվածային պատվիրանները: Սակայն այս մի կտրական բաժանումն չէ, այլ թե՛ պաշտոնատար դասը և թե՛ ժողովուրդը կազմում են Քրիստոսի հոտը: Դոքա իրարից տարբերվում են այնով, որ առաջինն ունի ձեռնադրություն և, ըստ ձեռնադրության, որոշ պաշտոն եկեղեցում, մինչդեռ միևնույն են այնով, որ երկուքի կոչումն էլ նույն է, այսինքն` ըստ յուրովսանն աշխատանաց ու գիտության և ընդունած շնորհներին ուսումնասիրել ճշմարտությունը, գործել, գործակցել Աստուծո և տարածել ու զարգացնել Աստուծո արքայությունը: Այսպես և առաքյալները նույնիսկ վճռական դեպքերում յուրյանց հավատացելոց ժողովի հետ հոգու միությամբ էին գործում (Ա Կոր., Ե 4):
Եկեղեցու էությունն ու մեծ նշանակությունը խոստովանում է դռնբացեքի հանդիսին` փրկության դռան բացումը խնդրող ժողովրդի կողմից. «Սա է մեզ մայր անարատ, եւ ի սմանէ ծնանիմք որդիք լուսոյ եւ ճշմարտութեան. եւ սա է մեզ յոյս կենաց, եւ սովաւ գտանեմք զփրկութիւն հոգւոց, եւ զի սա է մեզ ճանապարհ արդարութեան, եւ սովաւ ելանեմք առ Քրիստոս հայրն մեր երկնաւոր»[14]: Ըստ որում և եկեղեցին յուր բոլոր գոյությամբ ներկայացնում է Աստուծո երկնավոր արքայությունն երկրի վրա, այնպես որ Ս. Հովհան Իմաստասերը իրավամբ գրում է. «Քահանայապետն, որ ի սմա, բաշխէ զշնորհս ճշմարիտս, օրինակ է մեծի քահանայապետին, յորմէ վտակն անմահութեան Հոգին Սուրբ կեանս եւ անմահութիւն բաշխէ մարդկան: Եւ դասք պաշտօնէից որոշեալ ի սմա` երկնայնոցն դասուց զանազան ունողաց զդաս եւ զպաշտօն նշանակաբար ունին զօրութիւն...»[15]:
[1] Տե՛ս Ա Կոր., ԺԱ 16, 22. Գաղ., Ա 13. Ա Տիմ., Գ 5, 15. Գործք, Ի 28 և Ա Կոր., ԺԲ 28. Եփ., Ա 22. Գ 10. խ 22-32. Փիլ., Գ 6. Կող., Ա 18, 24. մանավանդ Գործք, Թ 4. Գաղ., Ա 13. Ա Կոր., ԺԵ 19. Ա Տիմ.,Գ 15 և այլն:
[2] Ս. Հովհ. Իմաստ., 143. Հարց., 613-614. Ընդհ., 374:
[3] Ս. Հովհ. Իմաստ., 119, 130. Հարց., 531, 532, 613:
[4] Կող., Ա 18. Գ 15. Եփ., Ա 22. Ե 23-31. Փարպ., 143. Յով. Իմաստ., 130:
[5] Տեր «եդ զհիմունս սորա ոչ ըստ մարգարէութեանն ի քարանց պատուականաց շափիղայ եւ կարկեհան, այլ ինքն եղեւ վէմ անկեան, եւ հիմունս արկ սմա զառաքեալս եւ զմարգարէս: Եւ կանգնեալ ոչ յասպիս զաշտարակս սորա եւ ածեալ պարիսպ յընտիր ընտիր քարանց պատուականաց. այլ զհրեշտակաց բիւրաւոր զօրութիւնսն կացոյց սմա պարիսպ շուրջանակի եւ զսրբոցն լուսազգեցիկ գումարութիւնս»: Ս. Հովհ. Իմաստ., 130:
[6] Տե՛ս Գործք, Բ 42. Ա 13. Բ 1. Դ 31. ԺԲ 11. Ա Կոր., ԺԱ 18. ԺԴ 19, 34, 35. Գործք, Ի 7. Ա Կոր., Ժ 16. Եբր., ԺԳ 10. Գործք, Դ 31. Ե 3, 9. Զ 5. Է 55. Ը 15. ԺԳ 1-3:
[7] Գործք, ԺԵ 28. ԺԶ 6. ԻԱ 1. Ա Կոր., ԺԲ 4-6. Եփ., Դ 4:
[8] Ղազար Փարպ., Պատմ., էջ 475:
[9] Եբր., ԺԲ 23. Եղիշե, 224, 371, 375. Հաճ., ԺԹ 317: «Որ թուի մարտուցելոցն պատերազմ դժուարին, եւ յաղթեալք խնդան ոչ սակաւ, եւ եւս առաւել մարտին յաղթութիւնք հոգեւորացն է խնդումն»: (Հաճ., Ժ 342):
[10] Տե՛ս Հռ., ԺԲ 1. Ա Կոր., ԺԲ Ա. Թես., Ե 19. Հակ., Գ 1. Հաճախ., Դ 250-258. Փարպ., 147. «Զի ադամք եմք միմեանց ի շինութիւն հաւատոց սիրովն Աստուծոյ»: Ս. Սահակ:
[11] Բ Կոր., Ե 18. Ա Կոր., ԺԲ 28. Եփ., Ա 22. Ա Թես., Ե 10, 12. Բ Տիմ., Ա 11. Ա Կոր., ԺԶ 15. Հռովմ., ԺԲ 8. Կող., Դ 17. Փիլիմ., 22: Հմմտ. և Հովհաննէս Սարկավագ վարդապետ, Հաղագս քահանայության (Սոփերք, Գ):
[12] Ս. Ներսես Շնորհալի, Ընդհանր., էջ 291, 453: Ա Կոր., ԺԲ 12-31. Հռովմ., ԺԲ 5. Գաղ., Գ 28. Գ Գործք, Բ 14. ԺԴ 22. ԺԳ 1. ԺԱ 30. ԺԵ 26, 22, 23. ԻԱ 18. Թ 28 և այլն:
[13] «Թողուլ լքանել զհօտս հովուապետին ի խնամոց հովուութեան, եւ զգառինսն ի գայլոցն տեսանելով յափշտակեալս եւ անտես առնել անհաւատութեան է նշանակ»: Ընդհ., 9, 11: Տե՛ս և Ա Կոր., ԺԴ 3, 24. Եփ., Գ 5. Դ 11. Ա Թես., Ե 10. Հռ., ԺԲ 6. Ա Պետր., Բ 25. Ե 4:
[14] «Նաւահանգի՛ստ է ամենեցուն տաճար աղօթից եւ տեղի խնդրուածոց մերոց, զոր յարանունաբար եկեղեցի սովոր եմք կոչել, ունելով յինքեան նաւապետ կարապետութեան զտեսուչ եպիսկոպոսն, զի խնամոտ եւ արդիւնակատար կամօք անշարժ ունիցի զսահման իւրոյ կարգին: Վասն այսորիկ առհասարակ ի Քրիստոս հաւատացեալք ապաւէն ապաստանի ունին զՍուրբ Եկեղեցի, զի արդարոց եւ մեղաւորաց է նաւահանգիստ, եւ տեղի յուսոյ փրկութեան մերոյ...»: Ս. Սահակ:
[15] «Տեսանես զյարմարումն եւ զբարձրութիւն Եկեղեցւոյ, զսուրբ եւ զամբիծ հաւատոյն ասեմ, որոյ առաքեալք եւ մարգարէք եւ վարդապետք են նաւավարք` ունելով նաւապետ զմարմնացեալ եւ զմարդացեալ Բանն Աստուած, եւ զնա իսկապէս խոստովանիմք` ասելով` Մայր Եկեղեցւոյ ի Քրիստոս հաւատացելոց, զհաւատն, քանզի զօրէն նաւի, զամենեսեան յինքն ամփոփելով ցամաքաթեւ յամենայն աշխարհական ծփանաց, կարող լինի ապրեցուցանել, բայց միայն աներկեւան ցնծութեամբ պահեսցուք զհաւատս, որով շինեցաք բանաւոր եւ մտաւոր եկեղեցի ի վերայ հիման առաքելոց եւ մարգարէից»: Ս. Սահակ:
Արշակ Տեր-Միքելյան
«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից