13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Եվ բոլոր նրանք, որ ուզում են աստվածապաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, հալածանքների մեջ պիտի լինեն (Բ Տիմ․ 3։12)։
Սիրելի՛ հավատացյալ զավակներ,
Սա ասում է մի մարդ՝ սուրբ Պողոս առաքյալը, որը լսածով չէ, որ գիտեր, թե ինչ է հալածանքը։ Դեռ երեկ ինքն էր քրիստոնյաներին մոլեռանդորեն հալածում, իսկ այսօր արդեն սեփական մաշկին է զգում հալածանքի դառնությունը և հավատակից եղբայրներին էլ զգուշացնում է, որպեսզի պատրաստ լինեն հալածվելու հանուն Քրիստոսի։ Սակայն եկեք խոստովանենք, սիրելինե՛ր, որ ոչ մեկս էլ հալածվել չի ուզում, որովհետև հենց բառն ինքը զուգորդվում է ցավի, վշտի ու դժվարության հետ, իսկ ո՞ր խելամիտ մարդը նման բացասական երևույթներ կցանկանա։ Իհարկե՝ ոչ մեկը և դրա կարիքն էլ չկա, որովհետև չարությամբ առաջնորդվող աշխարհն ինքը կգտնի քեզ, եթե փորձես հակառակվել ու դեմ գնալ նրան։ Վախենալ պետք չէ և ոչ էլ՝ ընկճվել, քանի որ նախ՝ Քրիստոս Ինքը առաջինը հալածվեց աշխարհի կողմից, և մենք հիշում ենք Նրա խոսքը՝ ծառան մեծ չէ, քան իր տերը, եթե ինձ հալածեցին, ապա ձել էլ կհալածեն (Հովհ․ 15։20)։ Եվ երկրորդ՝ ամեն ինչ այս կյանքում ունի իր սկիզբն ու վերջը, և հալածանքներն ու նեղություններն էլ, փա՜ռք Աստծու, բացառություն չեն։ Սուրբ Եփրեմ Ասորին այս առթիվ ասում է․ «Եթե տխրություն է այցելել, ուրեմն սպասենք և մոտալուտ ուրախությանը։ Օրինակ վերցնենք նավարկողներից։ Երբ փոթորիկ է բարձրանում, նրանք պայքարում են ալիքների դեմ՝ սպասելով, որ եղանակը հանդարտվի, իսկ երբ ծովը խաղաղ է, նրանք պատրաստվում են փոթորկի։ Նրանք միշտ զգոն են, որպեսզի հանկարծակի բարձրացած քամին նրանց անպատրաստ չգտնի և չշրջի նավը։ Նույնպես էլ մենք պետք է գործենք․ վշտի ու նեղության ժամին սպասենք Աստծու օգնությանն ու մխիթարությանը, որպեսզի չլինի թե ընկճվենք այն մտքից, իբր այլևս փրկության հույս չունենք»։ Փրկության հույս մարդ անգամ մինչև իր վերջին շունչն ունի․ աջակողմյան ավազակը ձեզ վկա։ Դե իսկ եթե հույս միշտ կա, ուրեմն հալածանքներն այնքան էլ սարսափելի չեն, որքան թվում են մեզ՝ հարմարավետ կյանքին սովորածներիս։
Երբեմն մարդկանց մոտ թյուր կարծիք է ստեղծվում, թե հալածանքներն այս աշխարհում պատահում են միայն քրիստոնյաներին և միայն նրանց հավատի համար, ուստի ավելի զգուշավոր են դառնում, ընկճվում՝ չցանկանալով հավելյալ խնդիրներ ավելացնել արդեն եղածներին։ Սակայն սա, իհարկե, շատ միամիտ և իրականությանն ամենևին չհամապատասխանող կարծիք է, սիրելի՛ հավատացյալներ, քանի որ թեև քրիստոնեությունը՝ որպես կրոն, այո, ամենաշատն է հալածվել ու հալածվում աշխարհում, և դա միանգամայն բնական է, սակայն չի նշանակում, որ ոչ քրիստոնյաները հալածանքների չեն ենթարկվում։ Նայե՛ք ձեր շուրջը։ Բակից ու մանկապարտեզից սկսած ուժեղը հալածում է թույլին, ֆիզիկական և մտավոր առանձնահատկություն, մաշկի այլ գույն ունեցողին, սոցիալական ավելի ցածր աստիճանին գտնվողին, ընդհանուրից տարբերվողին և այլն, և այլն։ Մարդկանց գերեվարած մեղքերը՝ նախանձը, չարությունը, փառասիրությունը և այլն թույլ չեն տալիս, որպեսզի վերջակետ դրվի տարատեսակ հալածանքներին։ Մեղքը որդեգրած ու մեղքին հավատարմագրված աշխարհում բարին, ճշմարիտը, բարոյականը, արդարը, իրենից տարբերը հալածելը նորմա է համարվում, և դա նորություն չէ ոչ մեկի համար․ բոլոր մարդիկ անխուսափելիորեն բախվում են դրան իրենց կյանքի որևէ հատվածում։ Մենք՝ քրիստոնյաներս, բոլոր մարդկանցից ամենաերջանիկն ենք, քանի որ երբևէ միայնակ չենք մեր հալածանքների ու դժվարությունների ժամանակ․ Եկեղեցին ու Քրիստոս միշտ մեզ հետ են և Աստված հրաշալի գիտե յուրաքանչյուրիս ուժերի սահմանը։
Վերջերս մեր կայքում տեղադրեցինք Ղևոնդ եպս․ Դուրյանի «Հիսուս Գեթսեմանիում» վերնագրված հրաշալի քարոզը, որն անպայման կարդացեք, եթե դեռ չեք հասցրել։ Այն ձեզ շատ կօգնի նեղության ու տկարության պահին։ Կօգնի չամաչել ու չհուսահատվել ձեր երկյուղներից ու տագնապներից և կգոտեպնդի ձեզ, քանի որ եթե անգամ մարդացյալ Աստված՝ Տեր Հիսուս Քրիստոս էր տագնապում Իր մոտալուտ չարչարանքներից առաջ, այնպես որ եպիսկոպոսը Նրա հոգեվիճակը նկարագրում է «հոգեվարք» բառով, ապա մենք՝ տկարներս, բնական է, որ պիտի տառապենք փորձության ժամին։ Սակայն կարևորը Աստծուն վստահելն ու համբերելն է մինչ հանգուցալուծումը՝ առանց վհատվելու ու նահանջելու։ Ղևոնդ եպիսկոպոսը շատ դիպուկ նշում է, որ նեղության, փորձության, հալածանքի ժամին ամենադժվարն ու որոշիչը որոշում կայացնելու պահն է․ եթե հաղթահարեցիր այդ պահը, եթե հաղթեցիր այդ ճակատամարտը, որ քո ներսում է ընթանում, ապա փորձությունն այլևս հաղթված է և արդեն հաղթանակած ու առանց վախի ես գնում խնդիրը լուծելու։ Գողգոթայից առաջ Գեթսեմանիի հաղթանակն էր, երբ «մահու չափ տխուր հոգով» արյուն-քրտինք թափող Մարդացյալ Աստծու շուրթերից լսվեց․ «Ոչ թե իմ կամքը, այլ քո՛նը թող լինի» (Ղուկ․ 22։42)։ Խոնարհեցնել սեփական անձը, մի կողմ թողնել հպարտությունն ու վախերը և ի սրտե ընդունել Ամենակալի սուրբ կամքը․ ահա՛ փորձությունն ու հալածանքը հաղթահարելու երաշխիքը, սիրելի՛ հավատացյալներ։ Վստահ լինել, որ Սիրող Հայրն ամեն ինչ տեսնում է, ամեն ինչ գիտե և երբեք չի ուշացնում օգնությունը։
Իսկ մենք՝ նախորդ դարերում ապրած մարդկանց համեմատ փափուկ կյանք վարողներս, որ ո՛չ նրանց տոկունությունը, ո՛չ էլ ոգու արիությունն ունենք, էլ ավելի ենք թուլանում, կորցնում զգոնությունն ու հեշտ հաղթելի դառնում արտաքին հալածանքների համեմատաբար սակավության պայմաններում։ Երբ կարծես թե առանձնապես լուրջ խոչընդոտներ չկան քրիստոնեավայել, եկեղեցասեր ու աստվածահաճո կյանք վարելու, բարի, ուշադիր ու սրտացավ լինելու համար, արի ու տես, որ ինքներս ենք սկսում խոչընդոտել մեզ։ Ծուլանում ենք եկեղեցի գալ, գոլանում ենք մեր հոգևոր կյանքում, դառնում անտարբեր ուրիշների ցավի նկատմամբ։ Իբր հետևում ենք Քրիստոսին, բայց առանց խաչի, առանց մեր մեղավոր ու մեղսասեր անձն ուրանալու։ Ուզում ենք սրբերի հետ դրախտը ժառանգել, բայց չենք ուզում մեզ հաճույք պատճառող գեթ մեկ մեղքից հրաժարվել։ Աշխարհն ատում է Քրիստոսին ու Նրա հետևորդներին (Հովհ․ 15։18, 19), իսկ մենք փորձում ենք «լեզու գտնել» աշխարհի հետ․․․ Մեղա՜ Քեզ, Տե՛ր։
Սակայն հարկ է, որ հրաժարվենք մեր հոգեկործան ախտերից, սիրելինե՛ր։ Չէ որ մեղքը, ամեն հանցավորն ու սխալականը դեմ է մեր արաչապատկեր հոգուն։ Ինչպես սուրբ Հովհաննես առաքյալն է ասում․ «Մի՛ սիրեք աշխարհը, ոչ էլ՝ ինչ որ աշխարհի մեջ կա: Եթե մեկը սիրում է աշխարհը, Հոր սերը նրա մեջ չէ, քանի որ այն ամենը, ինչ աշխարհի մեջ կա, մարմնի ցանկություն է, աչքերի ցանկություն և ա՛յս կյանքի ամբարտավանություն, որ Հորից չէ, այլ՝ այս աշխարհից» (Ա Հովհ․ 2։15, 16)։ Եվ իրականում այդ ամենն օտար է մեզ, ու այդ մենք ենք, որ այդ խորթը, վնասակարը, թշնամականը բռնի ուժով պատվաստել ենք մեզ, ընդունել որպես հարազատ և այժմ դժվարանում ենք հրաժարվել դրանցից։ Իսկ հենց փորձում ենք մի փոքր քայլ անել ու դեմ գնալ չարին, դուրս գալ նրա ազդեցության գոտուց, պատռել այն ցանցը, որում հայտնվել ենք որպես որս, անմիջապես դիմադրության ենք հանդիպում։ Այստեղ է ահա, որ գիտակցում ենք, որ արտաքին հալածանքներից բացի գոյություն ունի նաև ներքին հալածանք, որին էլ հաճախ և պարտվում ենք։ Այստեղ է ահա, որ բացահայտվում է մարդու իրական էությունը՝ իր բոլոր թերություններով ու ախտերով, հակումներով ու կրքերով։ Ուստի հասկանում ենք, որ նեղություններն իսկապես անհրաժեշտ են մեր հոգուն, որպեսզի մարզենք մեր կամքն ու խոնարհությունը, չկորցնենք մեր զգոնությունը, ստուգենք մեր տոկունությունը, հավատն ու համբերությունը, որպեսզի անհոգության չմատնվենք՝ մոռանալով և ուրանալով մեզ կյանք Պարգևողին։ Չմոռանանք, որ այս կյանքը տրված է մյուսին՝ հավիտենականին պատրաստվելու, մեր փրկության ուղղությամբ ջանալու համար։ Եվ ընդհակառակը, ինչպես հայրերն են ուսուցանում՝ հարկ է, որ անհանգստանանք փորձությունների ու հալածանքների երկարատև բացակայությունից, քանի որ դա խոսում է մեր հոգևոր թուլության ու փրկության ճանապարհից շեղվելու մասին։ Ինչպես այն առակի մեջ, երբ մի ծեր կին աղիողորմ լաց է լինում և երբ նրան հարցնում են, թե որևէ դժբախտությո՞ւն է պատահել, պատասխանում է, որ ընդհակառակը, ամեն ինչ լավ է՝ և՛ առողջությունը, և՛ զավակներն ու թոռները, և՛ տնտեսությունը, ուստի և եզրակացնում է․ «Երևում է՝ Աստված բոլորովին մոռացել է ինձ»։
Ես ձեզ հավելյալ նեղություններ չեմ ցանկանում, սիրելի՛ հավատացյալներ, այլ մաղթում եմ, որպեսզի երբեք չմոռանաք ու մշտապես, ամեն շնչի հետ հիշեք ձեր Արարչին, ձեր Երկնավոր Հորը, որպեսզի Նա էլ ձեզ հիշի ու չմոռանա ձեր մասին։
Հիշե՛ք, որ եթե հալածվում եք, նեղության ու փորձության եք հանդիպում, ուրեմն ճիշտ ուղու վրա եք։ Ուրեմն կա պայքար չարի դեմ, ուստի և փրկության հույս էլ կա։ Հետևաբար «Արթո՛ւն կացեք, հաստատո՛ւն մնացեք հավատի մեջ, քա՛ջ եղեք, զորացե՛ք: Ձեր ամեն ինչը սիրով թող լինի» (Ա Կորնթ․ 16։13-14), ինչպես որ հորդորում է սուրբ Պողոս առաքյալը։ Եվ հետևեք Փրկչի քաղցր ձայնին, որ ասում է․ «Մի՛ երկնչիր այն բանի համար, որ պիտի չարչարվես․․․ եղի՛ր հավատարիմ մինչև մահ, և ես քեզ կյանքի պսակը պիտի տամ» (Հայտն․ 2։10)․ ամեն։
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան