Մեր Փրկչի՝ Քրիստոսի կողմից հիմնադրված Սուրբ եկեղեցին առաջին քրիստոնյաների փոքր ընտանիքից վերածվել է մի մեծ ու հսկայական սուրբ ընտանիքի: Փրկչի՝ հոգատար Այգեպանի կողմից սերմանված փոքրիկ սերմն աճել ու վերածվել է բազմաճյուղ հսկայական մի ծառի, որ իր ճյուղերով ծածկել է ողջ աշխարհը: Գրեթե երկու հազար տարի է անցել այն օրվանից, երբ սբ. Թադեոս և սբ. Բարդուղիմեոս առաքյալների միջոցով Հայոց աշխարհ թափանցեց աստվածային լույսը, և Քիստոսահիմն եկեղեցու բնի վրա աճեց Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու ճյուղը: Երկնավոր Հոր և Իր զավակների համար մեծ ուրախություն է, երբ այդ ծառի ճյուղերն աճում են ու տարածվում:
Հուլիսի 30-ին հերթական անգամ այդ ուրախությունն ապրեցին Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու Արագածոտնի թեմի Արագած գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքն ու բազում ուխտավորներ: Այդ օրը նշվեց եկեղեցու վերաօծման 9-րդ տարեդարձը, մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ, որին իրենց մասնակցությունը բերեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը: Սուրբ Պատարագի ավարտին ուխտավորները հաղորդ դարձան Քրիստոսի Խաչափայտի մասունքի օրհնությանը, որ արդեն երկրորդ տարին է եկեղեցու վերաօծման առթիվ բերվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: Այնուհետև երիտասարդ ուխտավորները եկեղեցու բակում մասնակից դարձան սիրո ճաշին, ապա՝ համերգային ծրագրին, որին իրենց մասնակցությունն էին բերել Արագած գյուղի մշակույթի տան սաները: Ուխտի հոգեշահ օրը եզրափակվեց հոգեշահ զրույցով. երիտասարդաց միության անդամները հոգևոր զրույց ունեցան Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա քահանա Գևորգյանի հետ:
Եթե մարդկանցից յուրաքանչյուրը մարմնապես ծնվել է իր մոր կողմից, ապա հոգեպես ծնվել է եկեղեցուց՝ իր հոգևոր մորից՝ սուրբ մկրտությամբ: Մկրտությունը յուրաքանչյուր անձի հոգևոր ծնունդն է, ինչի միջոցով մկրտվածը դառնում է Սուրբ եկեղեցու ընտանիքի անդամ և Երկնային Հոր զավակ: Մայրն իր երեխային կերակրում է նախ՝ կաթով, ապա՝ պինդ կերակրով: Մեր մայրը՝ եկեղեցին, բոլորին կերակրում է հոգևոր կերակուրներով՝ իր աղոթքներով, օրհնություններով, քարոզներով, խորհուրդներով, Սուրբ Հոգու շնորհներով, Սուրբ Հաղորդությամբ. յուրաքանչյուրն այս կերակուրներով հագեցնում է իր քաղցն ու ծարավը։ Մեր մայրը՝ եկեղեցին, ուսուցանում է ապրել քրիստոնյային արժանի կյանքով, որը կտակել է Հիսուս Քրիստոս և որն առաջնորդում է դեպի հավիտենական կյանք:
«Եկեղեցին Քրիստոսի սիրո իրագործումն է և եկեղեցուց ամեն անջատում ուղղակի սիրո խախտում է: Եկեղեցուց դուրս չի կարող լինել ոչ միայն քրիստոնեական կյանք, այլև քրիստոնեական վարդապետություն: Միայն եկեղեցում է մաքուր հավատը: Նա, ով հակված չէ եկեղեցու միության, չի կարելի համարել, որ պահպանում է հավատը»,- ասել է սբ. Կիպրիանոս Կարթագենացին:
Կարինե Սուգիկյան