«Եկեղեցիներն ընդդեմ ցեղասպանության հանցագործության. մարդկային կյանքը՝ Աստծո պարգև» խորագրով միջեկեղեցական նիստը

Ապրիլի 22-ին Երևանի Մարզահամերգային համալիրում մեկնարկեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով կազմակերպված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային երկօրյա համաժողովը, որի աշխատանքներին մասնակցում էին հայ և օտարերկրացի հասարակական, քաղաքական գործիչներ, Քրիստոնեական տարբեր Եկեղեցիների ներկայացուցիչներ, կրթության և գիտության մշակներ:

Համաժողովի բացման հանդիսավոր արարողությունից հետո «Եկեղեցիներն ընդդեմ ցեղասպանության հանցագործության. մարդկային կյանքը՝ Աստծո պարգև» խորագրի ներքո տեղի ունեցավ առանձին միջեկեղեցական նիստ` նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանի, ինչպես նաև մասնակցությամբ Քույր Եկեղեցիների հոգևոր պետերի ու պատվիրակությունների, միջեկեղեցական կազմակերպությունների ներկայացուցիչների, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդների: Նիստը վարում էր Գերշ. Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը։

Նիստի սկզբում Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Նորին Սրբություն Թևադրոս Բ-ն աղոթեց Մերձավոր Արևելքում հակամարտությունների ընթացքում զոհվածների հոգիների հանգստության, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության վերահաստատման համար:

Այնուհետև Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական պատգամը փոխանցեց ներկաներին:

 

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ

«ԸՆԴԴԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ»

ԳԼՈԲԱԼ ՖՈՐՈՒՄԻ ԵՆԹԱԲԱԺՆԻ ՆԻՍՏԻ ԸՆԹԱՑՔԻՆ

 

 

Սիրելի հոգևոր եղբայրներ ի Քրիստոս,

Փառք ենք մատուցում Բարձրյալ Տիրոջը այս համախմբման համար: Աստծո կամքով մեկտեղվել ենք այսօր Հայոց Ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման առիթով` եղբայրական սիրով, աղոթքով և համատեղ ջանքերով վկայելու և իրագործելու «զի ամենեքեան մի իցեն» (Հովհ. 17:21) Քրիստոսավանդ պատգամը:

20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրվեց և գործադրվեց Ցեղասպանության հրեշավոր ոճրագործությունը. միլիոնավոր հայեր

տեղահանվեցին իրենց հայրենի բնօրրանից և բնաջնջվեցին, իսկ շատերը բռնի հավատափոխ եղան: Եղեռնագործությունների ալիքը չշրջանցեց նաև Օսմանյան Կայսրության ազգային և կրոնական մյուս փոքրամասնություններին, ինչպես` եղբայրական հույն և ասորի ժողովուրդների զավակներին:

Սիրելի հոգևոր եղբայրներ, Ձեր երկրներում Տիրոջից Ձեր խնամքին հանձնված Քրիստոսասեր հոտի հետ կողք կողքի, հաղորդ Ձեր հոգսերին և ուրախություններին, այսօր ապրում և գործում են մեր ազգի բազմաթիվ զավակներ, ովքեր ժառանգներն են փրկված և աշխարհով մեկ սփռված հայերի: Նրանք կենդանի վկաներն են Ցեղասպանության ահռելի ոճրագործության: Նրանք նաև մեր պատասխանն են ընդդեմ Ցեղասպանության ժխտողականության: Հավատավոր Մեր ժողովրդի անունից երախտագիտություն ենք հայտնում Ձեզ, որ Ձեր մշտական հայրական օրհնության ներքո հոգատարություն ու սեր եք դրսևորում Մեր զավակների նկատմամբ:

Ձեզանից շատերը` ժամանել են Մերձավոր Արևելքի երկրներից: Այսօր Ձեր երկրների սահմաններից ներս են հանգչում Օսմանյան Կայսրության անապատներում սպանված հայորդիների աճյունները, որոնք Հայտնության գրքի խոսքերով դեռ սպասում են իրենց արդար վրեժի հատուցմանը (հմմտ. Հայտն. 6:9-10): Մենք հավատում ենք, որ աշխարհում արդարությունը պիտի հաստատվի ամուր հիմքերի վրա` հանուն մարդկության բարօրության, խաղաղ ու համերաշխ կեցության:

Ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում ուղեկցվեց նաև մշակութային եղեռնով: Բազմաթիվ սրբավայրեր` եկեղեցիներ, վանքեր, մենաստաններ, հոգևոր ու մշակութային նվիրական արժեքներ անդառնալիորեն ոչնչացվեցին: Շատերդ առիթ ունեցել եք լինելու Թուրքիայում և այցելելու քրիստոնեական սրբատեղիները, որոնցից շատերում այլևս աղոթք չի հնչում, և որոնք խոնարհված են և կամ միտումնավոր անուշադրության մատնված` ենթակա փլուզման:

Այսքանը սոսկ ուրվագծային պատկերն է 20-րդ դարասկզբի հրեշավոր ոճրագործության: Ցեղասպանությանը հաջորդած 100 տարիները ազգային մեր կյանքում եղան վեր հառնելու և մեր ժողովրդի նկատմամբ արդարությունն իրականացնելու պայքարի ճանապարհ: Մխիթարություն է եղել մեր ազգի համար, երբ այդ դժվարին ճանապարհին մեզ զորակցություն են բերել քրիստոնեական մեծ ընտանիքի մեր եղբայրները, բարեսեր մարդիկ և ժողովուրդներ: Մենք մխիթարություն ենք ապրել նաև, երբ զգացել ենք աջակցությունը քաղաքակիրթ և առաջադեմ մարդկության, երբ տարբեր երկրներ, կազմակերպություններ և անհատներ ճանաչել ու դատապարտել են 20-րդ դարասկզբի ոճրագործությունը:

Քրիստոսի Եկեղեցին տերունապատվեր առաքելություն ունի` աստվածային կենարար խոսքի քարոզությամբ հաստատելու սեր, եղբայրություն և համերաշխություն, նպաստելու մարդկության դեմ հանցագործությունների չարիքի կանխարգելմանը և հետևանքների վերացմանը: Ոճրագործությունները` լինեն մարդասպանություն, ահաբեկչություն, թե ցեղասպանություն, ոտնձգություն են ընդդեմ աստվածային արարչագործության, ընդդեմ մարդկային կյանքի սրբության և արժանապատվության: Ցանկացած ոճիր, եղեռնագործություն` իբրև Աստծո և մարդու դեմ գործված մեղք, պետք է քավվի խոստովանությամբ, զղջմամբ և հատուցմամբ: Եկեղեցին, որ առաջնորդվում է «ամենայն ինչ ձեր սիրով լիցի» (Ա Կորնթ. 16:14) առաքելապատվեր պատգամով և հավատարիմ է «սիրիր մեղավորին, բայց ատիր մեղքը» Եկեղեցու հայրերի հորդորին, մեղավորի կամ հանցավորի հանդեպ քրիստոնեական սիրո դրսևորումը երբեք չի դիտում որպես մեղքի կամ հանցանքի հետ հարմարվողականություն և համակերպում: Կասկածից վեր է, որ

նախորդ ոճիրների դատապարտումով է մեծապես պայմանավորված նոր չարիքների ու նոր հանցագործությունների կանխարգելումը:

Սիրելի հոգևոր եղբայրներ, մեր այս համախմբումը ևս մեկ հնարավորություն է դատապարտության մեր ձայնը բարձրացնելու ընդդեմ մարդկության դեմ գործված հանցագործությունների, որոնք արդար գնահատական չեն ստացել, ինչպես և` այսօր իրագործվող ոճրագործությունների, հատկապես` Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունների և ահաբեկչության, նաև` մեր կոչն ուղղելու բոլոր ժողովուրդներին, պետությունների, միջազգային կառույցների պատասխանատուներին` գործադրելու ամեն ջանք հաղթահարելու համար կյանքեր խլող, ավերներ սփռող այդ հանցագործությունները: Մեզ համար խոր ցավ էր Հայոց Ցեղասպանության հիշատակի միջոցառումների նախօրեին տեղեկանալ, որ Լիբիայում ծայրահեղականների կողմից, ինչպես ամիսներ առաջ ղպտի քրիստոնյաների պարագային, իրականացվել է հերթական ոճրագործությունը Եթովպիայի Եկեղեցու հավատացյալների նկատմամբ, որի հետևանքով Մեր սիրեցյալ եղբայր Մաթիաս Պատրիարքը չկարողացավ մասնակցություն բերել հիշատակի այս արարողություններին: Մեր զորակցությունն ենք բերում սիրեցյալ Մեր եղբորը և իր հավատավոր հոտին` աղոթելով, որ Երկնավոր Տերը լուսեղեն օթևաններում ընդունի Եթովպիական Եկեղեցու նահատակ զավակների հոգիները:

Եղբայրական Մեր սերը, բարեմաղթանքներն ու շնորհակալությունն ենք բերում Ձեզ ամենքիդ Հայոց Ցեղասպանության հիշատակի միջոցառումներին Ձեր մասնակցության համար:

Աղոթում ենք, որպեսզի Ամենագութ Աստված օգնական և աջակից լինի մեզ, հաջողություններ պարգևի մեր առաքելությանը` շարունակելու մեր միասնական ջանքերը հանուն աշխարհում խաղաղության, արդարության և համերաշխության հաստատման` ի փառս Աստծո, ի պայծառություն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն համայն մարդկության:

22.04.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․