Եկեղեցու հիմնարկեքի արարողություն Նշավան համայնքում

Հունիսի 4-ին Արարատյան Հայրապետական թեմի Նշավան համայնքում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ կատարվեց եկեղեցու հիմնարկեքի արարողություն: Նախօրոք ջրով և գինով լվացված՝ հիմքերի 16 քարերը Սրբազան հոր ձեռամբ օծվեցին սրբալույս մյուռոնով: Ապա 16 անձիք՝ պաշտոնյաներ և համայնքի անդամներ, քարերը տեղադրեցին Քրիստոսի 12 առաքյալներին, ավետարանիչներին, ս. Գրիգոր Լուսավորչին և ս. Պողոս առաքյալին խորհրդանշող սյուների հիմքում:

Արարողությանը ներկա էին Արարատի մարզպետ Ռուբեն Աբրահամյանը, Արարատի մարզի հարկայինի պետ Վարդան Մամիկոնյանը, Նշավանի գյուղապետ Պապ Հակոբյանը, դպրոցի տնօրեն Մարինե Բագրատյանը, համայնքի անդամներ, հավատացյալներ:

Նշավանը երբեք եկեղեցի չի ունեցել: Այդ պատճառով գյուղի բնակիչների համար այս իրադարձությունը բացառիկ էր. նրանք հույս ունեն, որ շուտով իրենց եկեղեցում կկատարվեն բոլոր արարողությունները՝ մկրտություններ, պսակներ և այլն: Համայնքը թեև չունի գործող եկեղեցի, բայց Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանը այստեղ այցելու հովիվ է. նրա հովվությունում յոթ գյուղեր են ներառված:

Գյուղն ունի բավական լավ համայնք: Դպրոցի տնօրեն Մարինե Բագրատյանն իր աջակցությունն է բերում քահանային, որպեսզի իր համագյուղացիները զերծ ու պաշտպանված լինեն օտարամուտ, այլադավան ազդեցություններից:

Եկեղեցին կառուցվում է համայնքի ջանքերով: Տարածքը նվիրաբերել է համայնքի բնակիչ Վարդան Մամիկոնյանը:

-Ուրախ ենք, որ այս համայնքը իր սեփական ջանքերով որոշել է եկեղեցի ունենալ: Հուսով ենք, որ շուտով այստեղ վեր կխոյանա ջերմեռանդորեն և բարեխղճորեն կառուցված Աստծո տաճարը: Թող արդարների բնակարան, և մեղավորների քավարան լինի այս եկեղեցին: Աստծո ներգործությամբ ձեր հոգիներում թող ծաղկեն սերը, եղբայրասիրությունը, հայրենասիրությունը,- շնորհավորելով նշավանցիներին՝ ասաց Տ.Նավասարդ Սրբազանը:

Արարողության ավարտին համայնքի կողմից մատաղ մատուցվեց և բաժանվեց հյուրերին:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

04.06.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․