Եկեղեցին, եկեղեցականները Աստծուն ծառայելուց և ժողովրդի հոգևոր կարիքներին սպասավորելուց բացի նաև հանդես են գալիս որպես միջնորդ հավատացյալի և Աստծո միջև, ինչպես, օրինակ, մեղքերի թողությամբ, մկրտության միջոցով Երկնքի Արքայության և հավիտենական կյանքի ժառանգորդ լինելու շնորհի փոխանցմամբ, եկեղեցական խորհրդակատարություններով հավատացյալին Աստծո շնորհներին հաղորդակից լինելու գործում:
«Օրհնյալ լինի նա Տիրոջից, որ իր գութը չպակասեցրեց ողջերից և մեռածներից» (Հռութ 2.20),- ասվում է Հռութի գրքում ողորմություն տված մարդու մասին: Նաև Աստվածաշնչում մեկ այլ տեղ` Մակաբայեցիների գրքում, նշվում է մեռյալների հարության հույսով մեռածների համար աղոթելը. «Սթափ մտածելով՝ նա չորս սատեր արծաթ հավաքեց և տվեց, որ տանեն, Երուսաղեմում զոհեր մատուցեն կատարված մեղքերի համար: Դա խիստ իմաստուն քայլ էր, որովհետև ինչ որ անում էր, մեռելների հարության մասին մտահոգվելով էր անում: Եթե պատերազմում ընկածների հարության ակնկալություն չունենար, զուր կլիներ մեռելների համար աղոթք մատուցելը: Նա ճիշտ էր հասկացել, որ գեղեցիկ մահով ընկածները շնորհների են արժանանում: Նա հավատում էր, որ քաջությամբ ընկածները մեղքերի թողություն կստանան» (Բ Մակաբ. 12. 43-46): Եվ մենք էլ մեր գութը չպակասեցնելով ողջերից և մեռածներից և մեռյալների հարության ակնկալությունն ունենալով` Պատարագի ընթացքում աղոթում ենք մեր ննջեցյալների համար` խնդրելով նաև հոգևորականի աղոթքը ննջեցյալի համար եկեղեցում կատարվող հոգեհանգստյան արարողության ընթացքում: Այսինքն` Եկեղեցին նաև ննջեցյալի հետ կապված հարցում, նրա համար աղոթելով և Աստծո ողորմությունը խնդրելով, հանդես է գալիս որպես միջնորդ:
Եկեղեցու և հոգևորականության միջնորդական դերը չեն ընդունում աղանդավորները, բաղոքական-ավետարանականները: Եկեղեցու միջնորդական դերի մերժումը սկսվեց հատկապես 16-դ դարում բողոքականության առաջնորդների կողմից: Հռոմի Կաթլիկ Եկեղեցում տարածում էր գտել ինդուլգենցիան` մեղքերի թողության թղթերի վաճառքը, որը 13-րդ դարից սկսած հոգևորականների հարստացման հիմնական միջոցներից մեկն էր, որովհետև Եկեղեցի էին մուտք գործել մարդիկ, որոնց նպատակը ոչ թե Աստծուն և մարդկանց ծառայելն էր, այլ` սեփական որովայնին և մամոնային: Սրա դեմ առաջինը պայքարեց Լյութերը, ով, սակայն, ընկավ հակառակ ծայրահեղության մեջ` բոլորովին մերժելով Եկեղեցու և հոգևորականության դերը հավատացյալի կյանքում: Այդ ժամանակամիջոցը պատմության մեջ հայտնի է ռեֆորմացիայի (բարեփոխման) ժամանակաշրջան անունով: Ռեֆորմացիայի հայրենիքը Գերմանիան էր, իսկ դրա սկիզբը համարվում է Մարտին Լյութերի (1483 – 1546) ելույթը Վիտտենբերգում 1517 թ.`ինդուլգենցիայի դեմ ներկայացված 95 թեզիսներով: Ռեֆորմացիայի երկրորդ կենտրոնը Շվեյցարիան էր, որտեղ բողոքական հայացքները ձևավորվեցին ֆրանսիացի Ժան Կալվինի (1509-1564) միջոցով: Ռեֆորմացիայի ընթացքը պատմաբանները բնորոշում են հատկանշված 3 հետևյալ ուղղություններով:
1. Բուրժուական (ավելացնենք նաև` կրոնական), որի գաղափարախոսները` Լյութերը և Կալվինը, ասում էին, որ հավատացյալին աստվածային շնորհներին հաղորդակից են դարձնում ոչ թե Եկեղեցու խորհուրդները, այլ հավատը, մերժում էին հոգևորականությունը և նրա միջնորդական դերը: Դրա համար Լյութերը ապացուցում էր, որ պետք է աշխարհիկացնել եկեղեցապատկան հողերը, վանքերը, հիվանդանոցները, դպրոցները:
2. Սոցիալական անհավասարության դեմ պայքարողներ. – Սրանք գյուղացիներն էին, ովքեր խիստ շահագործումից ճնշված` հանդես էին գալիս խոշոր հողատերերի դեմ, իսկ Եկեղեցին ևս հողատեր էր: Այս պայքարողների շարքում էին նաև անաբապտիստները, ովքեր անհարաժեշտ էին համարում երկրորդ մկրտությունը գիտակցական տարիքում:
3. Հասարակության վերին խավը. - Հողատերեր, ովքեր իրենց տիրույթները ցանկանում էին ընդլայնել Եկեղեցու հողերի հաշվին:
Այսպիսով, հասարակության տարբեր խավերի մոտ տարբեր միտումներով դժգոհություն էր առաջացել Եկեղեցու դեմ, և ստեղծվել էր այնպիսի մթնոլորտ, որում բողոքականության գաղափարներն արագորեն ընդունվեցին մեծ թվով մարդկանց կողմից:
Սակայն միջնորդությանն անդրադառնալով` Սուրբ Պողոս առաքյալը խոսում է Քրիստոսի փրկչական քավության մասին` ասելով. «Որովհետև կա... մեկ Միջնորդ Աստծո և մարդկանց միջև` Հիսուս Քրիստոս Մարդը, Ով Իրեն իբրև փրկանք տվեց բոլորի համար» (Ա Տիմ. 2.5): Սուրբ Հովհաննես առաքյալը նույնպես նման միտք է արտահայտում քավության և դրա հետ կապված միջնորդության մասին: Նա ասում է. «Եթե մեկը մեղանչի, Աստծո առաջ բարեխոս ունենք Հիսուս Քրիստոսին` արդարին և անարատին: Նա է մեր մեղքերի քավությունը, և ոչ միայն մեր, այլև ամբողջ աշխարհի» (Ա Հովհ. 2.1-2): Հետևաբար, այն միջնորդությունը, որի մասին Պողոս առաքյալը խոսում է, վերաբերում է փրկագործությանը: Իսկ այն բարեխոսությունը, որի մասին Սուրբ Հովհաննես առաքյալն է խոսում, վերաբերում է քավությանը: Մինչդեռ բողոքականները, նկատի ունենալով այս երկու տեսակի միջնորդությունները, Եկեղեցու դեմ հանդես գալով` իրենց մերժումը տարածեցին միջնորդության ողջ հասկացության վրա: Նրանք պնդում էին, և հիմա էլ նրանց հետևորդները հավաստում են, որ հավատի միջոցով ենք հաղորդակից դառնում շնորհներին: Սակայն որտեղի՞ց է հավատը: Պողոս առաքյալն ասում է. «Ինչպե՞ս հավատան, ում մասին չլսեցին. կամ` ինչպե՞ս լսեն առանց մեկի քարոզելուն. կամ` ինչպե՞ս քարոզեն, եթե չառաքվեցին» (Հռոմ. 10.14): Նշանակում է` Եկեղեցին այն միջնորդն է, որի միջոցով մարդիկ հասնում են առ Աստված հավատին: Սուրբ Պողոս առաքյալն այս մասին բացատրում է կորնթացիներին, կապված իր և Ապողոսի սպասավորության հետ, ասելով. «Իսկ արդ` ո՞վ է Պողոսը կամ ո՞վ է Ապողոսը. սպասավորներ, որոնցով հավատացիք» (Ա Կոր. 3.4-5): Նույնն է ասվում նաև Հովհաննես Մկրտչի վերաբերյալ. «Նա եկավ վկայելու համար, որպեսզի վկայի Լույսի մասին, որպեսզի ամենքը հավատան նրա միջոցով» (Հովհ. 1.7): Բայց երբ մարդկանց հավատի են բերում, նրանց չեն լքում, այլ ուղղություն են ցույց տալիս, առաջնորդում, որպեսզի չմոլորվեն: Երբ Պենտեկոստեի օրը Պետրոսի ճառից հետո երեք հազար հրեաներ հավատացին և հարցրեցին` ի՞նչ անենք, առաքյալները չասեցին, թե հավատը բավական է, այլ հորդորեցին մկրտության (Գործք 2.37-38): Երեք հազար հոգուն մկրտելը բավականին դժվար պիտի լիներ, բայց առաքյալները մկրտեցին նրանց, որովհետև դա էր ճիշտը: Փիլիպպոսը, երբ դարձի բերեց եթովպացի ներքինուն, նրան նաև մկրտեց, միջնորդ եղավ` նրան հաղորդակից դարձնելու մկրտության փրկարար խորհրդին (Գործք 8.38): Հետևաբար, Եկեղեցին միջնորդ է մարդկանց հավատի բերելու և նրանց հովվելու, առաջնորդելու իմաստով և իրեն չի վերագրում Քրիստոսին վերաբերող միջնորդությունները: Այսպես Եկեղեցին իր վարդապետությամբ զգուշացնում է ծայրահեղություններից, որից ոմանք չկարողացան զերծ մնալ` պայքարելով Եկեղեցում առկա թերությունների դեմ: Եվ Ճշմարտության պահպանումով ու քարոզմամբ Եկեղեցին սովորեցնում է հավատի ոսկե միջինը, որպեսզի մարդիկ պահեն ոսկե օրենքը (Մատթ. 7.12)` հանդերձյալ կյանքում մտնելու Հայտնության գրքում հիշվող Աստծո ոսկե քաղաքի (Հայտն. 21.18) ոսկե դարպասներով:
Տեր Ադամ քհն. Մակարյան
«Քրիստոնեության իսկությունը» գրքից