13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Եկայք առ Իս ամենայն վաստակեալք և բեռնաւորք և Ես հանգուցից զձեզ։
Եկե՛ք Ինձ մոտ բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ, և Ես ձեզ հանգիստ կտամ (Մատթեոս 11։28)։
Սիրելի՛ հավատավոր քույրեր և եղբայրներ․
Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի այս կանչը ուղղված է բոլորին։ Այս կանչը վերաբերում է բոլոր այն մարդկանց, որոնք «ծանրացել և բեռնավորվել» են մեղքերով և ցանկանում են մաքրվել։ Այս կանչը վերաբերում է բոլոր այն մարդկանց, ովքեր կարիք ունեն թեթևացնելու իրենց խիղճը։ Այս խոսքը վերաբերում է երկրային հոգսերով տարված մարդկանց, որոնք օրնիբուն չարչարվում են՝ մոռանալով Աստծու և հավատքի մասին։ Աստված կմաքրի թե՛ մեր սիրտը, թե՛ մեր հոգին և թե՛ մեր միտքը, և մենք մեզ թեթևացած ու սրբված կզգանք մեր կուտակած մեղքերի բեռներից։ Իսկ դրա համար անհրաժեշտ է նախ հավատալ ու սիրել Աստծուն, ապաշխարել և աղոթել։ Ապաշխարող հոգին է, որ մեզ թույլ չի տալու կառչել մեղքերից ու բեռնավորվել։ Առանց Աստծու և հավատքի՝ մարդը հոգևոր կամ նյութական ինչ էլ ձեռք բերի, դատարկ է լինելու Սուրբ Հոգուց և լցված լինի մեղքերով։ Այնինչ հավատքը զորություն է տալիս, զորություն է տալիս՝ մեղքերի տիղմի մեջ չթավալվելու համար։
Մենք տեսնում ենք, թե մերօրյա կյանքը ինչպիսի ընթացք է ստանում։ Կյանքը Աստծու պարգևն է, բայց, չարին տրվելով, մարդիկ կյանքն ու աշխարհը դարձնում են Աստծուն հակառակ բևեռ։ Մինչդեռ այս երկրային կյանքը ճանապարհ է դեպի երկինք, դեպի Աստված։
Բոլորն էլ չարչարվում են, իրենք կամ իրենց սիրելիները հիվանդությունների հետ են բախվում, ընտանեկան խնդիրներ են ունենում, հիասթափություններ են ապրում, հուսահատության մեջ են ընկնում, սիրո և մխիթարության կարիք են զգում, բուժում և ապաքինում են փնտրում, հանգստանալու և օրվա հոգսերը մոռանալու պահանջ են ունենում։ Սակայն շատ-շատերը իրենց փրկությունը որոնում են այլ տեղերում և ոչ Աստծու տանը, Աստծու գրկում։
Աշխարհն այնպես է ձգում մարդկանց, որ հաճախ մարդիկ կախվածության մեջ են ընկնում խաղերից, թմրանյութերից, ոգելից խմիչքներից, նորաձևությունից և զանազան այլ մոլորեցնող երևույթներից։ Իսկ ինչպե՞ս է Տերը հանգստություն պարգևում։ Նա հանգստություն, խաղաղություն ու անդորր է բերում Իր պատվիրաններով։ Մենք պիտի դրանց հասնենք պատվիրանապահությամբ, ապաշխարությամբ ու աղոթքով։ Առաջին հերթին ապաշխարությամբ մենք զղջում ենք մեր մեղքերի համար, փորձում դրանցից հեռու մնալ, մաքրվում ենք խոստովանությամբ ու եկեղեցում ստացած թողությամբ։ Ուստի անխելքություն է հրաժարվել անընդհատ մաքրվելու գերագույն շնորհից։ Դրանք են ամենաերջանկաբեր հանգստությունն ու խաղաղությունը՝ թեթևացած հոգին, մաքուր խիղճը, մեղքեր չգործելու որոշումը։ Սա կարող են փաստել բոլոր նրանք, ովքեր մասնակցում են Սուրբ Պատարագներին, Սուրբ Հաղորդություն են ստանում և եկեղեցուց դուրս են գալիս աննկարագրելի թեթևացած հոգով։
Անվերջ ներելու Տիրոջ պատվիրանը ևս հանգստություն է շնորհում։ Միգուցե սա Աստծու պատվիրաններից ամենաբարդերից է, որ մենք զանազան արդարացումներ ենք փնտրում չկատարելու այն, որ մեր թշնամիները կամ մեզ ցավ ու վիրավորանք պատճառած, մեզ դավաճանած անձինք արժանի չեն ներման, սակայն Աստծու կողմից ներման արժանանալու գլխավոր պայմաններից մեկն էլ ներումն է։ Հիշենք, որ Տերունական աղոթքը սովորեցնելիս Հիսուս Քրիստոս ասում է. «Եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների։ Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները» (Մատթեոս 6։14, 15)։ Ներելը քրիստոնեական հավատքի մեխն է։ Տարբեր փիլիսոփայական ուղղություններ և կրոնական ուսմունքներ սովորեցնում են արհամարհել, անտեսել, վրեժխնդիր լինել, փոխադարձել մարդկանց արարքները, լավագույն դեպքում սովորեցնում են մոռանալ նման մարդկանց։ Իսկ Ավետարանը մեզ ուսուցանում է ներել և ներում գտնել։ Ներող մարդու հոգու անդորրը երբեք խաթարվել չի կարող, իսկ չներողինը կարող է նույնիսկ հիվանդանալ։
Հնազանդությունը ևս հանգստություն արարող ամենանշանակալի գործոններից է։ Քրիստոնեության մեջ ճշմարիտ հնազանդությունը սրտի հնազանդություն է և հոգու խոնարհություն։ Այն նաև ենթադրում է համբերություն։ Իսկական հնազանդությունն է ապահովում նաև մարդու ներքին հավասարակշռությունն ու հանգիստը, որովհետև իրական հնազանդության մեջ մարդը նաև չի բողոքում, չի դժգոհում, չի փնթփնթում, այլ գոհանում և փառաբանում է Աստծուն ուրախ և հանգիստ սրտով։
Նոր Կտակարանը մեզ սովորեցնում է խուսափել վեճերից, կռիվներից, հարբեցողությունից, բամբասելուց, չարախոսելուց, անվերջ հաճույքներին ու զվարճանքներին տրվելուց, որոնք նույնպես հոգին բեռնում են մեղքերով. «Թե բարկանաք էլ, մեղք մի՛ գործեք, արեգակը ձեր բարկության վրա թող մայր չմտնի» (Եփեսացիներ 4։26)։ Տերն Ինքը չխուսափեց բարկությունից, բայց նաև խաչի վրա ներեց Իրեն խաչողներին ու աղոթեց նրանց համար։
Սիրելինե՛ր, այսօր կյանքը այնքան բազմաբնույթ է դարձել, որ մեր հոգին, սիրտն ու միտքը հեշտությամբ բեռնավորվում են մեղքերով, աշխարհիկ հոգսերով, հիվանդություններով։ Մեզ աշխարհն անընդհատ կլանում է, անընդհատ զբաղեցնում է, ներքաշում է հոգսաշատ տիղմի մեջ, անընդհատ մոլորեցնում է, այնպես է մոլորեցնում, որ սկզբնապես հնարավոր չէ չարը բարուց, բարին չարից տարբերել, հետևաբար մենք աղոթքի կարիք ունենք՝ փորձությունների մեջ չընկնելու ու Աստվածապարգև խաղաղությունը մեր մեջ պահպանելու։
Հոգին իր անդորրը կարող է կորցնել թե՛ մեղքերից, թե՛ փորձություններից և թե՛ զվարճանքներից։ Եթե մենք ժամանակ հատկացնենք աղոթքին, ապա կանենք մեզ համար ամենակարևոր քայլը այս կյանքում, որովհետև աղոթքը մաքրում է, բուժում է, սրբում է, կապում է մեզ Աստծու հետ և հանգստացնում է մեզ իր մխիթարիչ, հուսադրող, խաղաղեցնող, գոտեպնդող զորությամբ և մեզ տալիս է Տիրոջ խոստացած հանգիստը։ Ահա թե ինչու հարկ է մոտենալ Աստծուն։ Սուրբ Հակոբոս առաքյալն ասում է. «Մոտեցե՛ք Աստծուն, և Նա կմերձենա ձեզ» (Հակոբոս 4։8)։ Ճշմարիտ քրիստոնյան կյանքում բազում փորձությունների ու նեղությունների միջով է անցնում, սակայն չի կորցնում իր հոգին, գտնում է իր հոգու խաղաղությունը, հանգիստը և փրկությունը։
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․Ամեն։
Տեր Վահան քհն. Առաքելյան