Եմիփորոնը եպիսկոպոսի և կաթողիկոսի զգեստներից է, տրվում է ձեռնադրության ժամանակ: Այն լայն, երկար և հինգ խաչով զարդարված ուրար է, որ եպիսկոպոսը կրում է շուրջառի վրա և ուսերի վրայից, կրծքի ու մեջքի վրայով տարածվում մինչև ոտքերը: Խաչերի թիվը երբեմն ավելի է լինում: Պատրաստվում է մոտ 25 սմ լայնությամբ և 2 մետր երկարությամբ 2 կտորից, գեղեցիկ ասեղնագործությամբ, ծայրերին գեղեցիկ երիզներ, վերջավորություններին էլ ճաշակավոր ծոպեր:
Եմիփորոնի հինգ խաչի մասին Ն. Լամբրոնացին գրում է. «Իսկ հինգ խաչն յեմիփորոնն, թե հինգ զգայարանքս խաչեալ է աշխարհի եւ ի ցանկութեանց սորա» (Խորհրդածութիւնք ի կարգս եկեղեցւոյ եւ մեկնութիւն խորհրդոյ պատարագին, Վենետիկ, 1847թ., էջ 87):
Ն. Լամբրոնացին հիշում է տարբեր եմիփորոններ` հայրապետների, պատրիարքների, եպիսկոպոսների: Տարբերությունը ցույց է տալիս խաչերի քանակով: Այսօր եմիփորոնը նույնն է բոլորի համար էլ` թե եպիսկոպոսի և թե կաթողիկոսի: Կարող են տարբերվել միայն շքեղությամբ:
Եմիփորոնի գործածությունը մնացել է առաքյալներից:
Եմիփորոնը խորհրդանշում է Աստծո Որդու մարդեղությունը, որի շնորհների ամբողջությամբ է օժտված եպիսկոպոսը՝ ունենալով եկեղեցու նվիրապետության բարձրագույն աստիճանը: