23 Նոյեմբեր, Շբ
Պայծառատես մի ծեր, մենաստանի ճաշարանում նստած, որտեղ բոլորին միևնույն կերակուրն էին տալիս (ուշադրություն դարաձրեք՝ միևնույն), տեսավ, որ վանականները տարբեր ուտելիք են տանում իրենց բերանը: Մեկը՝ մեղր, մյուսը՝ հացի կտոր, երրորդը՝ խոտ… Զարմացած ծերը շատ աղոթեց Աստծուն՝ խնդրելով հայտնել իրեն, թե դա ինչ է նշանակում: Եվ հայտնվեց նրան, որ նրանք, ովքեր երախտագիտությամբ են Աստծուց ընդունում այն ամենն, ինչ պատահում է իրենց, և այդ ապուրը ևս, ապա Տերը թույլ է տալիս նրանց պարզ ապուրի փոխարեն մեղրի քաղցրություն զգալ: Ով մոռանում է երախտագիտություն հայտնել Աստծուն, բայց ջանում է երախտագետ լինել, ապա հացի համ է զգում ապուրից: Իսկ ով դժգոհ է ամեն ինչից, անընդհատ տրտնջում է, որ ամեն ինչ վատ է, նրա համար լավ կերակուրն էլ խոտի համ ունի: Այդ պատճառով Տերը հայտնեց ճգնավորին՝ որպեսզի մեր կյանքը լուսավոր և ուրախ լինի, որպեսզի մենք կյանքի «քաղցրությունը» զգանք, պետք է ամեն ինչի համար շնորհակալ լինենք Աստծուն, ինչպես առաքյալն է ասում. «Արդ, ուտեք թե խմեք, կամ ինչ էլ անեք, ամեն ինչ արե՛ք Աստծու փառքի համար»:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի