«Երանելի է նա, ով տեսնում է իր մեղքերը»

Եթե քրիստոնյան մկրտությամբ ազատվում է ադամական մեղքից, ապա ապաշխարությամբ՝ մկրտությունից հետո գործած բոլոր մեղքերից: Սակայն մինչ ապաշխարելը, անհրաժեշտ է, որ մարդն իր մեղքերը տեսնի, ինչն այնքան էլ հեշտ չէ, քանի որ եսասիրությունն ու ինքնարդարացումը խոչընդոտում են մեղքերը տեսնելուն: Մի անգամ մի ծերի հարցրին, թե իրենք կարո՞ղ են հրեշտակների տեսնել: Ծերը պատասխանեց՝ երանելի է նա, ով տեսնում է իր մեղքերը: Երբեմն մարդիկ մեղանչելիս փորձում են իրենց խիղճը հանգստացնել՝ կատարվածը պատահականություն համարելով կամ էլ մերձավորին և հանգամանքները մեղադրելով: Յուրաքանչյուր մեղք՝ մտքով, խոսքով, թե գործով կատարված, մարդու հոգում առկա կրքերից առաջ եկած հոգևոր հիվանդությունների հետևանքն է: Եթե մարդու համար դժվար է ընդունել իր մեղքը, ապա առավել դժվար է տեսնել կիրքը, որ արմատացել է իր հոգում: Հնարավոր է մարդն ապրի՝ չկասկածելով, որ իր մեջ, օրինակ, բույն է դրել հպարտության կիրքը, ինչը ջրի երես է դուրս գալիս, երբ ինչ-որ մեկը վիրավորում է իրեն: Այս դեպքում կիրքը բացահայտվում է մեղքերի՝ վիրավորողին չարը ցանկանալու, վիրավորական խոսքի կամ վրեժի միջոցով: Կրքերի դեմ պայքարը բոլոր ժամանակների քրիստոնյաների համար կարևորագույն պայքար է եղել: Փրկության ձգտող յուրաքանչյուր քրիստոնյա անցել է այս պայքարի միջով: «Մեկ մարդու պատճառով էր, որ մեղքն աշխարհ մտավ, և մեղքի պատճառով էլ աշխարհ մտավ մահը» (Հռոմ. 5:12) և մարդկային սերունդն ընկավ մի շարք անօրինությունների մեջ: Եկեղեցու հայրերից մեկը մեղքը համարում է Աստծո կամքի և Նրա ճշմարիտ ու հավիտենական օրենքի դեմ հանցանք: Ադամն ու Եվան մեղանչելով՝ մերժեցին Աստծո կամքը՝ ընտրելով իրենց կամքը, ցանկանալով Աստծո նման լինել ու անկախանալ: Եկեղեցու հայրերը նման հոգեվիճակն անվանում են եսասիրական՝ նշելով, որ այն բնորոշ է բոլոր մարդկանց՝ որպես նախածնողների ժառանգորդների: Անկման հետևանքով մարդը հեռացավ Աստծուց, զրկվեց Նրա հետ հաղորդակցությունից և ընկավ չարի իշխանության տակ: Այս մասին Ս. Աթանաս Մեծն ասել է. «Հանցանքի մեջ ընկած և Աստծուց հեռացած մարդու հոգում չարը մեղսալից մտքեր է սերմանում՝ հաստատելով մեղքի օրենքը»:  

Աստված մարդուն արարել է Իր պատկերով և նմանությամբ, և մարդը կոչված է՝ Աստծո ներկայությունն ու հավիտենական կյանքը վայելու, այնինչ մեղքը զրկում է նրան կենարար հաղորդակցությունից և դարձնում մեղքի ստրուկ: Պողոս առաքյալը հռոմեացիներին ուղղված նամակում գրել է, որ երբ մարդն ազատվում է մեղքի տիրապետությունից, դառնում է Աստծո ծառա. «Ձեր շահը սրբությանը նվիրված մի կյանք է, որի արդյունքը կլինի հավիտենական կյանքը, որովհետև մեղքի վարձը մահն է, մինչդեռ Աստված, որպես ձրի պարգև՝ հավիտենական կյանքն է տալիս մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռոմ. 6:22-23): Եթե կրքերը հոգու հիվանդություն են, ապա, բնականաբար, հոգուն հատուկ են առաքինությունները: Յուրաքանչյուր քրիստոնյայի նպատակը փրկությունն է, մեղքի հետևանքով մարդ-Աստված հարաբերության վերականգնումը, ինչին հնարավոր է հասնել ապաշխարությամբ, հաղորդությամբ և առաքինությունների մեջ հարատևելով: Ս. Իսահակ Ասորին ասել է, որ կրքերը թաքուն խոչընդոտներ են առաքինությունների դեմ և փրկության համար անհրաժեշտ է նախ հոգին մաքրել կրքերից և դուռը բացել մաքրության առջև, որ բանտարկված է: Արդյո՞ք սա հնարավոր է. Սուրբ Գիրքն ու եկեղեցու հայրերը միաձայն հաստատում են, որ մարդկային ուժերով դա անհնար է, բայց Աստծո օգնությամբ՝ հնարավոր: Այդ պատճառով Քրիստոս աշխարհ եկավ, որ բժշկի մարդկային հոգին և վերականգնի նրա նախկին վիճակը: Մի անգամ մի զինվորական հորը հարցրեց՝ Աստված ընդունո՞ւմ է զղջումը: Եվ հայրն ուսուցանեց նրան՝ հարցնելով. «Եթե քո վերարկուն պատռվի, դեն կնետե՞ս»: Զինվորականն ասաց՝ ո՛չ, կկարեմ ու նորից կհագնեմ: Հայրը նրան պատասխանեց. «Եթե դու խնայում ես քո հագուստը, մի՞թե Աստված չի խնայի Իր արարածներին»: Եվ զինվորականը, համոզվելով, ուրախացած հեռացավ ծերից:

Եթե Հին Կտակարանը նպատակ ուներ մարդուն հեռու պահել մեղսալից արարքներից, ապա ավետարանական պատգամները մարդու բնությունը բուժում են հիվանդությունից: Կիրքը կուրացնում է մարդուն ՝թույլ չտալով տեսնել հիվանդությունը: Պատվիրանները կատարել, նշանակում է բժշկվել կրքերից, բայց կրքերից հիվանդացած մարդը կարող է պատվիրանապահ լինել, եթե Պողոս առաքյալի խոսքի համաձայն, արյունը թափելու չափ դիմադրություն ցույց տա մեղքի դեմ պայքարում (Եբր. 12:4): Եկեղեցու հայրերը ոչ միայն տեսնում ու ճանաչում էին կրքերը, այլև գիտեին դրանցից յուրաքանչյուրի դեմ բժշկության միջոցները: Աստված գիտի մեր մեղքերը, և եթե մենք ապաշխարությամբ դեպի Աստված գնանք, Նա աստիճանաբար կբուժի մեղքերից հիվանդացած մեր հոգին:

 

Կարինե Սուգիկյան

21.01.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․