Երանելի Հովհան Ոսկեբերանի ճառը մեղքի զանազան տեսակների և Աստծու ողորմածության մասին

Փառավորե՛նք ամենակալ Աստծուն, որ ողորմած է, բազմագութ ու մարդասեր, որ համբերատար է մեղավորների հանդեպ, որպեսզի նրանք ապաշխարեն: Տե՛ս, սիրելիս, բարերար Աստծու մեծ ողորմությունը, որ ոչ միայն թողություն է շնորհում մեղքերին, երբ դառնում են դեպի Նա, այլև արդարացնում է, պսակում Իր ողորմությամբ, և, ըստ Իր կամքի, ուրախության ու ցնծության է արժանի դարձնում: Տե՛ս Դավթին, որը մեղանչեց, բայց արտասուքով թողություն գտավ, և ոչ միայն թողություն գտավ, այլև Աստծու սիրելին և բարեկամը եղավ: Այն աստիճանի, որ մինչև իսկ Աստված ասում է, թե «այս քաղաքը (Երուսաղեմը) պիտի հովանավորեմ, որպեսզի այն ազատեմ ինձ ու իմ ծառա Դավթի համար» (Դ Թագ. ԺԹ 34), քանի որ անչափ է Նրա ողորմությունը: Աստված մարդուն չի դատում ըստ նրա մեղքերի, եթե ապաշխարության ու սգի մեջ է տեսնում նրան: Այդ պատճառով Հիսուս էլ է երանի տալիս սգավորներին, որոնք սգում են իրենց մեղքերի համար: Իսկ մխիթարությունը ոչ թե մի որևէ օր կամ մի որևէ ժամանակ է լինելու, այլ այն անմահ է լինելու և հավիտենական:

Եվ հայտնի է, որ չկա այնպիսի մեղք, որն ի զորու կլինի մարտնչելու ապաշխարության և ջերմ արտասուքի դեմ: Եթե անգամ մահու չափ սաստիկ էլ լինեն մեղքերը, միևնույն է, ապաշխարությունը կհաղթի դրանց: Այն ի զորու է հաղթելու և՛ ծերության, և՛ երիտասարդության մեղքերը ու ամբողջովին վերացնելու դրանք: Եվ եթե մարդասպանը մերձենա Աստծուն, Աստված կարդարացնի ու կսրբի նրան և նա հաճելի կդառնա Աստծուն: Ինչպես Դավիթը, որ շնացավ և սպանություն գործեց, բայց քանի որ ապաշխարեց, արժանելիորեն արդարացվեց շնություն և սպանություն գործելուց հետո: Մեղքի մեջ սուզվածն ու կորուսյալը սրբվեց արդարության վաստակով և արժանի դարձավ Սուրբ Հոգու ողորմությանը: Իր ապաշխարությամբ ցնծության բերկրանք պարգևեց Աստծուն և ուրախացրեց բոլոր հրեշտակներին: Նույն օրինակով և դու կարող ես արդարանալ, եթե անգամ հույժ մեղավոր լինես, քանի որ Աստծու գթության շնորհիվ ապաշխարությունը բոլոր մեղքերից առավել զորավոր եղավ, որովհետև Նա կամենում է, որ ամենքը դեպի փրկություն գնան: Աստված չի ախորժում մեղավորների վար գլորումը, այլ նրանց դարձը, այդ իսկ պատճառով էլ բոլոր մեղքերից ավելի զորավոր դարձրեց ապաշխարությունը, որով կարելի է ամեն մեղք էլ հաղթել ու հալածել ամենայն չարիք:

Աստված ապաշխարությունը սատանայի բոլոր հարվածներից ավելի վեր դասեց, որպեսզի ով մերձենա ապաշխարությանը, բժշկվի: Ինքը՝ Տերը, ասում է, որ «Ես մեղանչածի մահը չեմ տենչում, այլ նա թող հետ կանգնի իր չար ճանապարհներից ու փրկի իր հոգին» (Եզեկ. ԺԸ 32): Այդ պատճառով էլ դարձյալ ասում է. «Ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ՝ մեղավորներին՝ ապաշխարության» (Մտթ. Թ 13):

Կամենում եմ անդադար խոսել Աստծու սիրո և ողորմության մասին, որը առատապես հեղվում է մեղավորների վրա, որպեսզի նրանք ապաշխարեն, և Ինքը՝ սիրող ու գթառատ Տերը, իր հրեշտակներով հանդերձ ուրախ լինի յուրաքանչյուր ապաշխարողի համար, այնպես, ինչպես մոլորյալ ոչխարը գտնելիս և անառակ Որդու դարձի ժամանակ: Եվ ինչպես որ մարգարեն է ասում. «Գետերը թող ծափ տան միասին իրենց ձեռքերով, ու լեռները ցնծան Տիրոջ առջև, քանզի եկել հասել է ամենքի Տերը» (Սաղմ. ՂԷ 8):

Նույնպես և մոլորյալների՝ դարձի և կորուսյալ մեղավորների՝ գտնվելու համար կցնծան երկինքն ու երկիրը և ուրախ կլինեն Աստված ու բոլոր հրեշտակները: Միայն լսի՛ր հրեշտակների օրհնությունը Փրկչի Ծննդյան ժամանակ. «Փա՜ռք Աստծուն բարձունքներում»,- ասում էին, քանի որ Հայրը բարձունքներից առաքեց Որդուն ի փրկություն բոլոր մեղավորների և լույս՝ խավարյալների: Սրա համար էին օրհնում և ասում. «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրա խաղաղությու՜ն և հաճությու՜ն՝ մարդկանց մեջ» (Ղուկ. Բ 14), քանի որ մարդկությունը մոտ էր կորչելուն, սակայն Աստծու ողորմության շնորհիվ գտնվեցինք ամենքս: Հրեշտակների օրհնության պատճառը Աստծու գալուստն էր և նրանք օրհնելով՝ այսպես էին ասում. «Փա՜ռք Աստծուն բարձունքներում, և երկրում խաղաղություն թող լինի», քանի որ Աստված հաշտվեց մեղավորների հետ և նրանք փրկվեցին ապաշխարությամբ: Այս ավետիսն էին տալիս երկնային զորքերը, թե՝ «Այսօր ձեզ համար ծնվեց մի Փրկիչ» (Ղուկ. Բ 11), որը պիտի փրկի մեղավորներիդ սատանայի ճիրաններից և խաղաղություն պիտի հաստատի Աստծու ու մեղավորների միջև: Խաղաղություն է քարոզում երկնքում և երկրի վրա, քանի որ Ինքը խաղաղություն հաստատեց Իր խաչով ու չարչարանքներով և Իր մահվամբ ապրեցրեց մեզ ու լուսավորեց երկինքն ու երկիրը, արդարներին ու մեղավորներին: «Խաղաղություն» է կոչում Որդու գալուստը, քանի որ արդարև մեծ և ճշմարիտ խաղաղություն է Աստծու Ծնունդը Կույսից, որովհետև Նրա Ծննդյամբ Աստված հաշտվեց նախաստեղծի ու նրա ժառանգների հետ: Մեղավորներիս համար եկավ երկիր՝ փրկելու մեզ, գլորյալներին, այսինքն՝ մաքսավորներին, պոռնիկներին, ավազակներին ու հայհոյիչներին, ոտքի կանգնեցնելու ու Աստծու որդիներ դարձնելու համար եկավ Տերը, այսպիսինների համար չարչարվեց, թաղվեց ու հարություն առավ մեռյալներից: Նրա գալուստը, որով մենք փրկվեցինք, ոչ միայն արդարների, այլև մեղավորներիս և մոլորյալներիս համար էր: Ինչպես որ Տերն էլ ասաց. «Առողջներին բժիշկներ պետք չեն, այլ՝ հիվանդներին» (Ղուկ. Ե 31), նաև՝ «Ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ՝ մեղավորներին» (Մտթ. Թ 13), մոլորությունից ապաշխարություն դարձնելու նրանց և փրկելու թշնամուց: Եվ Պողոսն էլ ասում է. «Մինչ մեռած էինք մեր մեղքերի մեջ, մեզ կենդանացրեց Քրիստոսով» (Եփես. Բ 5): Ինքը՝ մեր Տերն էլ ասաց. «Չեկա դատելու աշխարհը, այլ՝ փրկելու» (Հմմտ. Հովհ. Գ 13):

Արդ, ինչո՞ւ ես հուսահատ կանգնում Աստծու Որդու գալստյան ժամանակ, որը եկավ ոչ թե աշխարհը դատապարտության ենթարկելու, այլ փրկության համար: Մեր Տերը ոչ թե արդարների, այլ մեղավորների համար մեռավ, նրանց համար մինչև իսկ փշե պսակ առավ, որպեսզի դու փրկվես ու ապրես և փառավորես Տիրոջ չարչարանքները, որոնք պատճառ եղան մեր կյանքի ու փրկության: Եվ Ինքն իսկ ասաց, թե «Իմ մահը մեղավորների համար եղավ»: Մեղավորների համար չարչարվեց Աստծու Որդին. դու ինչո՞ւ չես ապաշխարում, որպեսզի փրկվես, ո՜վ մեղավոր: Նինվեացիները երկնչեցին հանցանքներից, ապաշխարեցին ջերմեռանդ զղջմամբ ու փրկվեցին: Իսկ դու ինչո՞ւ չես երկնչում Աստծուց և չես մտնում ապաշխարության ջերմեռանդ սգի մեջ. գուցե ներո՞ւմ գտնես, ո՜վ մեղավոր: Մի՞թե Աստծու քաղցրությունը փույթ չէ քեզ համար կամ չգիտե՞ս, որ երբ դարձի գաս ու ապաշխարես, Աստված թողություն կշնորհի քո մեղքերին և ողորմած կլինի քո հանդեպ: Իսկ եթե այստեղ չապաշխարես, այնտեղ հոգուդ և մարմնիդ կորուստը պիտի գտնես ու պիտի արտասվես գեհենում, որտեղ ոչ լալն օգուտ կլինի, ոչ էլ արտասուքը՝ փրկություն: Եվ արդ, լսում ես Քրիստոսից, որն ասում է, թե «իմ բոլոր չարչարանքները մեղավորների համար են»: Ուրեմն, Տիրոջ բոլոր չարչարանքները մեզ համար եղան, որպեսզի մեղավորներին ապաշխարության կանչի, բայց դու քո անարդար վարմունքով բարկացնում ես Աստծուն և անարժան համարվում Նրա առաջ: Արդ, խնդրեմ, ասա՛, եթե որևէ մեկի որդին մահանա, և դու, նրա տուն մտնելով, ծիծաղես նրա վրա, ո՞վ կընդունի քո խոսքերը. անպետք ու թշնամի կհամարվես մահացածի ծնողների համար: Նույնպես և այն ժամանակ, երբ դու ծիծաղում ես, իմանալով, որ մեղքերի ախտից մեռած է քո հոգին, թշնամի ես դառնում քո անձին: Սա տեղին է ասել նրանց մասին, ովքեր սատանայական խորհուրդներ են բարբառում: Փակվելու են բոլոր նրանց շուրթերը, ովքեր կասեն, թե պոռնկությունը մեղք չէ, և այդպիսով կորսան շատերին՝ նրանց դեպի մահ ու կորուստ տանելով: Բայց մենք խոսենք նրա՛նց հետ, ովքեր հավատացյալներ են, և սիրով մխիթարենք Աստծուց երկյուղողներին, քանի որ բոլոր իմաստությունների և գիտությունների սկիզբը Աստծուց երկնչելն է: Քրիստոս մեղավորների համար եկավ, որպեսզի նրանք ապաշխարությամբ մուտք գործեն Իր ճշմարիտ դռնով ու ապրեն Աստծու մարդասիրության շնորհիվ, որով ի փառս Աստծու Որդու նորոգվեց և անմահացավ տիեզերքը, որը, հնացած մեղքերի կռապաշտությունից ու մոռացած ճշմարիտ Աստծուն, մեռած էր անմռունչ աստվածությունների ճենճահոտ զոհերի ախտից: Սակայն դո՛ւ, սիրելիս, փութա՛ արտասուքով և խոստովանությամբ հասնելու հավիտենական փրկությանը, որին շա՜տ մեղավորներ հասան: Տերը հույժ կամենում է մեր փրկությունը, որի համար և Ինքը հաճեց չարչարվել: Դու ևս հնազանդությամբ խոստովանի՛ր քո բոլոր հանցանքներն ու լալով և հառաչանքով քավի՛ր քո մեղքերը, ինչպես արեցին նինվեացիներն ու այն պոռնիկը, եկեղեցու վեմ Պետրոսն ու մաքսավոր Մատթեոսը: Նույնպես և դո՛ւ, եթե կամենաս, կարող ես լինել նրանց նման և քեզնից հեռու վանել ամենայն չարիք: Այդ դեպքում Աստված էլ այլևս չի հիշի քո մեղքերը, այլ Իր փառքին  կերպարանակից՝ հրեշտակներին հավասար և Աստծու որդի կդարձնի քեզ, որդի՝ լույսի ու տվնջյան, սակայն ո՛չ կեղծ ու օտար, այլ ճշմարիտ լույսի, ինչպես Որոտման որդին է ասում. «Նա է ճշմարիտ Լույսը, որը լուսավորում է ամենքին, ովքեր աշխարհ են գալիս, ու նաև նրանց, ովքեր խավարյալ են մեղքի պատճառով»:

Արդ, Աստված այսկերպ խավարյալ մեղավորին ճշմարիտ լույսի որդի է դարձնում, երբ նա ապաշխարում է: Դու և՛ս լուսավորիր քեզ, ո՜վ սիրելի, ապաշխարության ճշմարիտ լույսով: Ապավինի՛ր մարդասեր Աստծուն, որը քեզ համար աշխարհ եկավ և քեզ հրավիրեց ապաշխարության: Ապաշխարի՛ր և կապրես ու արժանի կլինես Երկնային բարիքներին, քանի որ Աստված հույժ սիրեց մեղավորի դարձը, որի համար թողեց Երկինքն ու եկավ քեզ մոտ, ո՜վ մեղավոր, որպեսզի քեզ ապաշխարությամբ Երկինք բարձրացնի: Քրիստոսին, որ ճշմարիտ Լույս է, Հարություն և Կյանք ու բնակվում է Լույսի մեջ և Հոր ծոցում, մսուրի մեջ դրված ենք տեսնում՝ հանուն մեղավորների փրկության: Նա, ով Իր փայլով պայծառեցնում է արեգակն ու փառքով է պսակում Իր սրբերին, մեզ համար մեռավ և փրկեց մեզ մահվանից: Մեր փրկության համար խանձարուրով պատվեց, փախստական դարձավ, որպեսզի մեզ մերձավոր դարձնի Իրեն: Վիրավորվեց, որպեսզի մենք այդ վերքերի շնորհիվ ապրենք, քանի որ Նրա վերքերով բժշկվեցինք: Նա, որ բացում է Իր ամենազոր ձեռքն ու Իր կամքի քաղցրությամբ լիացնում ամենքին, քաղցեց մեր փրկության համար, չնայած որ հինգ նկանակով անապատում հագեցրել էր բյուրավորներին: Նա քառասուն օր ծոմ պահեց և քաղց զգաց, որպեսզի մենք էլ, ջանասեր տքնությամբ ծոմ պահենք և մեղքերի թողության արժանանանք: Կյանքի Աղբյուրը ծարավեց հանուն մեղավորների, որպեսզի մեղավորներն էլ ծարավեն ապաշխարությամբ և քավեն իրենց հանցանքները:

Եվ արդ, ո՜վ մարդ, ինչո՞ւ չես գործում, ինչո՞ւ չես ապաշխարում մեղքերիդ համար, չգիտե՞ս, որ մահը քո առաջ է, այդ բնավ փույթ չէ՞ քեզ համար, կամ չե՞ս լսում մարգարեին, որն ասում է. «Մեղավորի մահը չարաչար է» (Սաղմ. ԼԳ 33) և մեծ ողբի ու արտասուքի արժանի: Աստված բարկանում է նրա վրա, ով չի հիշում ապաշխարության մասին, իսկ դու առավել ևս բարկացնում ես Աստծուն նաև քո անարժան գործերով, ո՜վ մեղավոր: Դու, որ մեղքեր ունես և այդ ամենով հանդերձ չես ապաշխարում, մեղքը մեղքի վրա ես դնում և չպիտի մտնես Աստծու արքայություն, քանի որ Աստված չի ատում մեղավորին, այլ նրան, ով հրաժարվում է դարձի գալ: Ո՜վ մեղավոր, շտապի՛ր հաշտվել Աստծու հետ և գործիր այնպես, ինչպես Պետրոսը՝ վեմը հավատքի: «Մեղա՜» ասա քո մեղքերի համար և լա՛ց եղիր դառնապես, քանի որ բարերար ու մարդասեր է Տերը և չի կամենում մեղավորի մահը, այլ դարձն ու ապրելը և ճշմարտության գիտությունն ընդունելը: Չէ՞ որ ողորմություն կամեցող Քրիստոս ողորմեց մարդկային ազգին և կամեցավ Իր անձը մահվան մատնել հանուն հեթանոսների ու մեղավորների, քանի որ ուզում է, որ յուրաքանչյուր մարդ փրկվի ու գնա դեպի ճշմարտությունը: Անչափ է Աստծու ողորմությունը և անսահման՝ Նրա սերը, որով սիրեց մեզ և որը, սակայն, մենք չենք ճանաչում: Մինչդեռ մեռած էինք մեղքերի մեջ, Քրիստոս կենդանացրեց մեզ: Քանի որ Քրիստոս «որպես լույս եկավ աշխարհ» (Հովհ. ԺԲ 46)` փրկելու ամենաչար ու ամենապիղծ մեղավորներին, պոռնիկներին ու շնացողներին, արվամոլներին ու իգամոլներին, անասնամոլներին, կախարդներին, մարդասպաններին ու այլևայլ մեղքեր գործողներին: Եվ մաքսապետին իրեն աշակերտ դարձրեց, քանի որ «ուր որ մեղքը շատացավ, շնորհն առավել ևս շատացավ» (Հռոմ. Ե 20): Մատթեոսը, ով երեկ մաքսավոր էր, այսօր Ավետարանիչ դարձավ, նույնպես և Պողոսը, որ հայհոյիչ էր, ոչ միայն հավատքն ընդունեց, այլև երկնային անճառ խորհուրդների ունկնդիրն ու ականատեսը և Քրիստոսի բերանը եղավ, Սուրբ Հոգու անոթ կոչվեց և բազում այլ շնորհների արժանացավ: Այսչափ մեծ ու զարմանալի է մարդասիրությունն Աստծու, ով վերցրեց մաքսավորին և Ավետարանիչ դարձրեց, հալածչին ու հայհոյողին՝ Առաքյալ, ուրացողին՝ Երկնքի արքայության Բանալի, ավազակին՝ տեր դրախտի…. Այսպես Քրիստոս առավ բոլոր աղտեղի և շնացող բնություններն ու մաքրեց մեղքերից, սրբեց և արդարացրեց: Իսկ ի՞նչ է շնությունը. շնությունը որկրամոլ ցանկությունն է, դատարկությունն է գործի մեջ, քնամոլությունը, մտքի թուլությունը, լկտի խուրհուրդները, պիղծ խոսքերն ու ծաղրուծանակը:   

Ի՞նչ է արծաթսիրությունը. արծաթսիրությունը անհավատությունն է ու անհուսությունը, անգթությունը և անողորմությունը, ագահությունը, արհամարհանքն ու անբարեմտությունը, անձնահաճությունը, ամբարտավանությունն ու Աստծու դատաստանն անտեսելը:

Ի՞նչ է չարակնությունը. չարակնությունը չարախոսությունն է, նախանձը, մարդահաճությունն ու անձնասիրությունը, անգիտությունը, ստությունն ու սուտ վկայությունը:

Ի՞նչ է բարկությունը. բարկությունը սեփական կամքը պնդելն է, հակառակությունն ու վիճաբանությունը, նենգությունն ու կարճամտությունը, նեղսրտելը, ձանձրույթը և որևէ մեկի հետ ունեցած թշնամական վարմունքը:

Ի՞նչ է նախանձը. նախանձը ատելությունն է, ընկերոջ բեռը չկրելն ու եղբորը գայթակղության մեջ գցելը:

Ի՞նչ է փառասիրությունը. փառասիրությունը անզգամությունն է, աշխարհն ու նրա մեջ եղած ամենայն ինչ սիրելն ու մարդկանց աչքին անվանի ու երևելի լինելը, ինչը որ կատարյալ հանդգնություն է:

Ի՞նչ է հպարտությունը. հպարտությունը ամենքին անհնազանդ լինելն է, սեփական զորությանն ապավինելը և ինքդ քեզ իմաստուն համարելը, շարունակ սեփական կամքը պարտադրելն է՝ արհամարհելով ընկերոջը, սեփական անձը ամենքից ավելի գիտուն կարծելն ու միայն սեփական անձի մասին հոգալը:

Այս ամենն իրենց վրա կրում են ու գործում մարդիկ, և իրենց անձերը հեռացնում Աստծուց: Սակայն ի սրտե և հոժար կամքով եղող ապաշխարությունը մարդուց հեռացնում է այս բոլոր չարիքներն ու նրան մոտեցնում է Աստծուն, արժանի դարձնում անճառ Կյանքին ու Իր բարի պարգևներին՝ շնորհներով և մարդասիրությամբ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի: Ամեն:            

 

Գրաբարից արևելահայերենի փոխադրեց

Գևորգ ուրկ. Կարապետյանը

26.02.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․