28 Նոյեմբեր, Եշ
«Ով ուզում է Ինձ ծառայել, պետք է հետևի Ինձ, և որտեղ Ես եմ գտնվում, այնտեղ կլինի և Ինձ ծառայողը»,- կոչ է անում Քրիստոս՝ Իր հետևորդներին զոհաբերության ուղին մատնանշելով: Առանց զոհաբերության հնարավոր չէ Աստծուն ծառայել: Յուրաքանչյուր բարի արարք ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ զոհաբերություն: Աստծուն ուղղված զոհաբերություններից են պահքը, աղոթքը և ողորմածությունը: Սբ. Պողոս առաքյալն ասում է. «Մի՛ մոռացեք բարեգործություն անել և օգնել ուրիշներին, որովհետև դրանք են Աստծո կամեցած զոհերը» (Եբրայեցիներ 13:16): Այդ պատճառով է Աստված ասում. «Ողորմություն եմ ցանկանում և ոչ թե զոհ» (Օսէէ 6:6): Կարևոր է սիրով կատարված զոհաբերությունը. «Ի՞նչ օգուտ, եթե իմ ամբողջ ունեցվածքն աղքատներին տամ և նույնիսկ իմ մարմինը կրակի մատնեմ. եթե սեր չունենամ, ոչնչից չեմ օգտվում» (Ա Կորնթացիներ 13:3):
Ամեն անգամ սիրո և զոհաբերության ուղին է ընտրում Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը և այն անհատները, երբ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, այցելում են որևէ անապահով ընտանիքի:
Այս անգամ՝ փետրվարի 23-ին, համայնքը՝ ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի աջակցությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, հերթական, տասներորդ այցով եղավ Շրջանային 2/5 հասցեում վարձակալությամբ ապրող Մուրադյան ընտանիքում: Խոնավ և անմխիթար վիճակում գտնվող երկու փոքր սենյակներից բաղկացած տանը բնակվում են 33-ամյա Մուրադյան Մարինեն և իր երկու որդիները՝ 11-ամյա Վազգենը և 13-ամյա Գարիկը: Մարինեն այժմ մեծ դժվարություններ ունի թե՛ տան վարձը վճարելու և թե՛ իր ու երեխաների հետ կապված ծախսերը հոգալու համար, քանի որ երկու ամիս է առողջական խնդրի պատճառով չի աշխատում: Գարիկը յոթերորդ դասարանցի է, բայց դպրոց չի հաճախում, արհեստ է սովորում՝ ընտանիքին օգնելու համար: Մարինեն ասաց, որ փոքր տղան երբեմն հրաժարվում է դպրոց հաճախել՝ համապատասխան հագուստ և կոշիկ չունենալու պատճառով: Ընտանիքի մայրը հուսով է, որ Աստծո օգնությամբ կհաղթահարեն այս դժվար իրավիճակները, և իրենք կօգնեն կարիքի մեջ հայտնված ընտանիքներին: Նշենք, որ Մարինե Մուրադյանը նախկին ծանրորդուհի և վազորդուհի է, Հայաստանի ծանրամարտի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը, իսկ վազքի առաջնությունում՝ 1-ին և 2-րդ տեղերը: Հետագայում՝ ֆինանսական խնդիրների պատճառով ստիպված է եղել թողնել ծանրամարտը և վազքը:
Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց ընտանիքի համար և հանձնեց սննդի փաթեթներ, հիգիենայի պարագաներ և դրամական օգնություն:
Զոհաբերության ուղով ընթացողը մոտենում է Աստծուն, դառնում Նրա կատարելության, Նրա Սիրո նմանակողը: «Կատարյա՛լ եղեք դուք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթեոս 5:48),- պատվիրում է Ավետարանը:
Կարինե Սուգիկյան