5 Հոկտեմբեր, Շբ
Հունիսի 30-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ, ուխտի մեկնեց Մաշտոցներ մատուռ, որ գտնվում է Գեղարքունիքի թեմում: Մինչ աղոթքի ճանապարհ անցնելը երիտասարդ ուխտավորները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակից եղան Սուրբ և Անմահ Պատարագին:
Սրբավայրը, որ կրկին անգամ համախմբեց երիտասարդներին միասնական աղոթքի շուրջ, կոչվում է Մաշտոցներ, քանի որ այդ վայրում՝ Մաշտոցներ կոչվող լեռներից մեկի վրա, սառնորակ աղբյուրի մոտ, 862 թ-ին Մաշտոց Ա Եղիվարդեցի կաթողիկոսը շինել է ճգնարան և այնտեղ երկար ժամանակ ապրել է աղոթալից ու սրբակենցաղ վարքով: Մատուռում երիտասարդները, Տեր Հոր գլխավորությամբ, մասնակցեցին Հանգստյան ժամերգությանը, ընթերցեցին սբ. Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթաշարը և Հայոց ազգի համար Հայոց հայրապետի բարեխոսությունը հայցեցին: Տեր Վահանը ուխտավորներին մաղթեց, որ Տերն ի կատար ածի իրենց ուխտը և ևս մեկ անգամ շեշտադրեց միասնական աղոթքի կարևորությունը:
Այնուհետև ուխտավորներն ըմպեցին սառնորակ աղբյուրի ջրից, որ հայրապետի աղոթքի զորությամբ բազում ուխտավորների պարգևել է տեսակ-տեսակ հիվանդություններից բժշկություն, ապա համախմբվեցին սիրո ճաշի շուրջ, և Տեր Վահանը երիտասարդների հետ տարբեր թեմաների շուրջ հոգեշահ զրույց անցկացրեց:
Քրիստոսի հետևորդի համար անչափ կարևոր է, որ իր առօրյան և առավել ևս Տերունի օրն հագեցած լինի Աստծու մասին մտածումներով: Քանի որ, ըստ հայրաբանության, Աստծու մասին մտածումները պաշտպանում են անձին մեղքերից, պայծառացնում են միտքը, հոգին ընդունակ դարձնում՝ բարին ու լուսավորն ընդունելու: Ինչպես արևածագով երկիրը ջերմանում է, զորանում և պատրաստ դառնում պտղաբերության, այնպես էլ Աստծու մասին մտածումներն են անձին մոտեցնում Աստծուն և ընդունակ դարձնում պտղաբերության: Ս. Եփրեմ Ասորին երանի է տալիս նրան, ում մտածումներում Աստված ներկա է: «Իրական առաքինությունն այն է, որ միշտ հիշենք Աստծուն, եթե մենք հիշենք Նրան երջանկության մեջ, ապա Նա մեզ կհիշի դժբախտության մեջ»,- ասել է սբ. Հովհան Ոսկեբերանը:
Կարինե Սուգիկյան