Կիզիչ արևի տակ շոգից թմրած և ծուլացած աշակերտը, ոտքերը քարշ տալով, գնում է վարդապետի հետևից և հարցնում.
- Չեմ կարողանում վատ ու մեղավոր մտքերի հանդեպ ուշադիր ու սթափ լինել և դրանք վանել, հատկապես այսպիսի եղանակին, թեև աղոթում եմ:
Վարդապետը պատասխանում է.
- Աղոթում ես, բայց իրականությանը դեռևս չես ուզում լրջությամբ նայել և գիտակցել... Գիտեի՞ր, որ այս արահետի շուրջբոլորը թունավոր օձերով է լեցուն:
Աշակերտը միանգամից սթափվում է և սկսում զգոնությամբ ու ուշադիր քայլել, զգուշանալ վտանգներից: Վարդապետն ասում է.
- Տեսնո՞ւմ ես, երբ իրավիճակը գիտակցում ես, կարող ես սթափ և ուշադիր լինել: Եթե նմանապես գիտակցես, որ վատ, գայթակղիչ, մեղավոր մտքերը թունավոր օձերի պես են, այդժամ միանգամից զգոն, ուշադիր և սթափ կլինես, չար մտքերը միանգամից կմերժես, կվանես, որովհետև չար մտքերն օձերի պես խայթում են մարդու հոգին և մահացու թունավորում: Արդ, զգո՛ւյշ եղիր դրանցից, ինչպես խայթող օձերից:
Հովհաննես Մանուկյան