Երբ հետաձգում ենք անհետաձգելին

Յուրաքանչյուր ոք իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ իրեն կամ մեկ ուրիշին հարցրած կլինի՝ ո՞րն է մարդու գոյության իմաստը: Այս հարցին Սուրբ Գիրքը հստակ պատասխանում է. «Նա աշխարհի գոյությունից էլ առաջ ընտրել էր մեզ՝ Քրիստոսի միջոցով Իրեն պատկանելու համար, որպես սուրբ և անարատ ժողովուրդ, և իր սիրով մեզ նախասահմանել՝ Հիսուս Քրիստոսի ձեռքով Իր որդիները լինելու, որովհետև ա՛յդ էր Իր կամքը և ծրագիրը» (Եփես. 1:4): Սակայն Աստծու պատկերն ու նմանությունն ունեցող մարդը, որ Սուրբ Հոգու բնակարան և Աստծու տաճար է, մեղանչեց և ապականեց իր բնությունը, վնասեց աստվածանման իր հոգին և միայն Աստծու ողորմածությամբ  հնարավորություն ունեցավ վերականգնելու վնասվածը և փրկության արժանանալու: Ցավոք, մարդկանց մեծամասնությունը խուսափում է այդ հնարավորությունից՝ առավել հոգալով ոչ թե հոգու, այլ մարմնի մասին:  

Ընկնելով չարի ծուղակը՝ մարդ հետաձգում է իր հոգու փրկությունը՝ թողնելով այն անորոշ ապագային: Օրինակ՝ երիտասարդները կարծում են, որ դեռ երիտասարդ են, ցանկանում են ապրել, ուրախանալ և միայն հասուն տարիքում հոգու մասին կմտածեն: Իսկ երբ արդեն հասուն տարիքում են, արդարանում են, թե անհնար է հոգու փրկության մասին մտածել, քանի որ ընտանիք և հազար ու մի հոգս ունեն, չեն կարող այդ ամենը թողնել, իսկ հոգուն ժամանակ կտրամադրեն ծերության տարիքում: Իսկ երբ գալիս է ծերության տարիքը, ասում են՝ ուժ չունենք եկեղեցի գնալու, աղոթելու, պահք պահելու, հիվանդության մահճում հոգևորականին կկանչենք և կապաշխարենք: Այսպես հետաձգում են իրենց հոգու փրկությունը թե՛ երիտասարդը, թե՛ հասուն անձը և թե՛ տարեցը՝ մոռանալով, որ մահը կարող է իրենց անակնկալ այցելել և անպատրաստ գտնել: Բոլորը կորցնում են փրկվելու անգին հնարավորությունը, որ ձեռք է բերվել այդքան թանկ գնով՝ Աստվածորդու արյամբ, կորցնում են փրկությունը՝ համարելով այն չափազանց դժվար ու ձանձրալի: Իրականում փրկարար ուղին թեև նեղ է ու դժվարին, բայց Տիրոջ օգնությամբ հաղթահարելի է և տանելի:

Մարդիկ հետաձգում են իրենց փրկությունը, քանի որ չունեն վճռականություն՝ իրենց մեղքերը տեսնելու, զղջալու և Աստծուց ներում հայցելու: Ս. Մարիամ Եգիպտացին, որ սկզբնական շրջանում անառակության մեղքի մեջ էր, դարձի եկավ՝ բախվելով այն անտեսանելի ուժին, որը նրան թույլ չտվեց մտնել Երուսաղեմի տաճար՝ Քրիստոսի խաչը երկրպագելու: Ճանաչելով աստվածային ուժը՝ նա խոստացավ ուղղվել և գնաց անապատ: Քրիստոսի պատմած «Անառակ որդու առակ»-ի գլխավոր կերպարը՝ անառակ որդին, իր փրկության ուղին չսկսեց աղոթքից և պահեցողությունից, այլ այն խոսքից, որ ապաշխարության առաջին աստիճանն էր. «Վեր կենամ գնամ հորս մոտ և ասեմ նրան. «Հա՛յր, մեղանչեցի Աստծու և քո դեմ» (Ղուկ. 15:18): Եվ վեր կացավ ու գնաց, իսկ թե ինչ պատահեց հետո, հայտնի է բոլորիս: Իսկ ինչի՞ց սկսեց իր փրկության ուղին Զակքեոս մաքսապետը, նա Տիրոջը խոստացավ՝ Տե՛ր, ահա իմ ունեցածի կեսը կտամ աղքատներին, և եթե որևէ մեկին անիրավել եմ, քառապատիկ կհատուցեմ նրան (Ղուկ. 19:8): Երբ մարդ սկսում է պայքարել իր մեղսալից սովորությունների և կրքերի դեմ, նրա օգնականն է դառնում Աստված:

Թե՛ մարմինը և թե՛ մարդուն շրջապատող ամեն ինչ կոչվել են Տիրոջ կողմից՝ ծառայելու մարդու անմահ հոգուն: Այդ պատճառով մարդու առաջին հոգսը պետք է լինի հոգու մասին հոգալը, իսկ նյութականը պետք է ծառայի նրան՝ որպես հոգու փրկության միջոց: Քրիստոս հակադրեց մարդկային հոգին տեսանելի աշխարհի, նրա գեղեցկության և բազմազանության հետ՝ նշելով, որ ողջ աշխարհը չի կարող վարձահատույց լինել մարդուն նրա հոգու կործանման դիմաց. «Ի՞նչ օգուտ, եթե մարդ ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի. որովհետև նա ի՞նչ փրկագին պիտի տա իր կյանքը հետ վերցնելու համար» (Մատթ. 16:26): Մարդու աստվածանման հոգին, ի հակադրություն տեսանելիի և անցողիկի, անմահ է:

«Մարդ ինչ որ սերմանում է, այն էլ կհնձի» (Գաղ. 6:8). մարդը մահկանացու է և օտարական այս երկրի վրա, մարդկանցից յուրաքանչյուրը, հեռանալով այս կյանքից, կանգնելու է Աստծու առաջ և պատասխան տալու իր ապրած կյանքի համար: Սուրբ է Աստված և սուրբ է Նրա խոսքը. «յուրաքանչյուրն իր վարձը կստանա ըստ իր աշխատանքի» (Ա Կորնթ. 3:8): Կգա հունձքի ժամանակը, և մարդը կքաղի այն, ինչ սերմանել է, եթե մեղք է սերմանել իր հոգու անդաստանում, ապա դառը պտուղ կքաղի: Կգա վարձատրման ժամանակը, և Աստված առատորեն կվարձատրի նրանց, ովքեր պատվիրանապահությամբ հարատևել են բարու մեջ, բայց և առանց վարձի էլ չի թողնի նրանց, որ անզեղջ կյանքով ապրելով՝ հարատևել են մեղքի մեջ: Որպեսզի մարդ իր մեջ կենդանացնի հավիտենության մասին միտքը, անհրաժեշտ է միայն պատկերացնի, թե ինչ վիճակում է գտնվում մահացածը, արդյո՞ք նրան անհրաժեշտ են փառք, պատիվ, հարստություն: Նյութականը նրան կօգներ կամ կվնասեր, այսինքն՝ փրկության կամ կործանման պատճառ կլիներ, քանի դեռ նա կենդանի էր: Այսինքն՝ մարդուն սպասում է կամ հավիտենական երանություն, կամ հավիտենական տանջանք՝ նայած, թե նա ինչ է պատրաստում իր հոգու համար երկրի վրա: Աստվածորդին աշխարհ եկավ, չարչարվեց, խաչվեց հանուն մարդկանց անգին հոգիների փրկության, այն անգին հոգիների, որ կոչված են հավիտենական երանության:

Քրիստոնեությունը լոկ ուսմունք չէ, այլ կենսակերպ և ամուր հիմք, որի վրա կառուցվում է մարդու հոգևոր կյանքը, այդ պատճառով Քրիստոս ասաց «Ուրեմն, ով որ լսում է Իմ այս խոսքերը և գործադրում է դրանք, կնմանվի այն իմաստուն մարդուն, որն իր տունը շինում է ժայռի վրա. անձրևները գալիս են, գետերը՝ հորդում, հողմերը փչում և զարկում են այդ տանը, բայց տունը չի կործանվում, որովհետև ժայռի վրա է հաստատված: Իսկ ով որ լսում է իմ այս խոսքերը, բայց չի գործադրում դրանք, կնմանվի այն հիմար մարդուն, որ իր տունը շինում է ավազի վրա. անձրևները գալիս են, գետերը՝ հորդում, հողմերը փչում և զարկում են այդ տանը, և տունը կործանվում է: Եվ ի՜նչ ահավոր է լինում այդ տան կործանումը» (Մատթ. 7:24-27):

 

Կարինե Սուգիկյան

 

12.05.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․