Նոյեմբերի 19-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Կարապետյան Էլմիրային (35 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի ընտանիքը: Էլմիրան իր յոթ զավակների հետ բնակվում է Էջմիածնի շրջանի Ակնաշեն գյուղի Թումանյան 3 հասցեում: Ընտանիքի հայրը վեց ամիս առաջ մահացել է, և բազմազավակ ընտանիքը մի շարք խնդիրների առջև է կանգնել: Միայն կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ և ընտանեկան նպաստ ստացող ընտանիքը դժվարությամբ է կարողանում հոգալ իր ամենօրյա կարիքները:
«Հնազանդ ու աշխատասեր զավակներ ունեմ, օգնում են ինձ թե՛ տնային և թե՛ այգին մշակելու գործերում, փոքրին են խնամում, դասերն ինքնուրույն են պատրաստում: Հինգ դուստրերիցս ավագները՝ Վառվառան (13 տ.) և Գայանեն (11 տ.) պարի խումբ են հաճախում և ցանկանում են պարուհի ու վարսահարդար դառնալ, մյուս դուստրս՝ Անին (10 տ.), շախմատի խումբ է հաճախում և ցանկանում է բժշկուհի դառնալ, տղաս սիրում է սպորտով զբաղվել: Շնորհակալ եմ բոլոր այն անձանցից, ովքեր, հաշվի առնելով իմ ընտանեկան վիճակը, խմբերի վարձերը մասամբ և ամբողջովին զեղչեցին: Շնորհակալ եմ աջակից Վարդանյան ընտանիքին՝ մեզ օգնելու համար, նաև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին, որ տաք հագուստ տրամադրեց մեզ»,- ասաց Էլմիրան:
Եկեղեցու հայրերից Տերտուղիանոսն ասել է. «Դու մարդ ես, ճանաչում ես մարդկանց ըստ նրանց արտաքինի և մտածում ես այնպես, ինչպես տեսնում ես, իսկ տեսնում ես միայն այն, ինչ թույլ են տալիս քո աչքերը: «Աստված այնպես չի նկատում, ինչպես նկատում են մարդիկ. մարդիկ երեսին են նայում, իսկ Աստված՝ սրտին» (Ա Թագ. 16:7),- կարդում ենք Սուրբ Գրքում»:
Աստված չի նայում նրան, թե մարդն ինչ պաշտոն ունի, կիրթ է, թե՝ ոչ, հարգում են նրան, թե՝ ոչ, այլ նայում է մարդու սրտին: Այլ խոսքերով՝ Աստված նայում է ոչ թե մարդու արտաքին վիճակին, այլ ներքին հոգևոր զարգացմանը: Իսկ մարդու հոգին աճում է և զարգանում, երբ առաջնորդվում է Սուրբ Հոգով և լի է Սուրբ Հոգու պտուղներով, որոնք են՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, ազնվություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն (Գաղ. 5:22-23):
Կարինե Սուգիկյան