Երբ միասնական ուժերով կյանքի է կոչվում սիրո օրենքը

Քրիստոսի Մարմնի անդամները՝ աստվածային բազմազան շնորհներով օժտված, ջանում են իրենց կյանքում իրականություն դարձնել պարզ մի օրենք՝ սիրո օրենքը. «Վերցրեք միմյանց բեռը և այդպիսով կատարեցե՛ք սիրո օրենքը» (Գաղատացիներ 6:2): Սբ. Պողոս առաքյալը սերն անվանել է Քրիստոսի օրենքը:

Ինչպես շենքի կառուցման մեջ ոչ բոլոր քարերն են, որ նույն նշանակությունն ունեն, մեկն անկյունաքար է, մյուսը հիմքի համար է, նույն կերպ է նաև Քրիստոսի Մարմնում՝ եկեղեցում: Երբ այդ Մարմնի անդամները, իրենց շնորհների և կարողության համաձայն, միմյանց բեռն են վերցնում և օգնության ձեռք մեկնում միմյանց, ապա միասնական ուժերով կյանքի է կոչվում սիրո օրենքը:

Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, սիրո օրենքի գործադրումով, իրականություն է դարձնում սոցիալական ծրագրերի իր շարքը: Այդ ծրագրերի շրջանակում՝ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը նոյեմբերի 2-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում սոցիալապես անապահով Սերգոյան ընտանիքին հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ այս անգամ տրամադրել էր մոսկվաբնակ Նորիկ Գալստյանը:

Կարիքավոր ընտանիքը բաղկացած է երկու անդամներից, Սերգոյան Կարինեն (49 տ.) միայնակ է խնամում իր 10-ամյա դստերը՝ Սերգոյան Լաուրային: Ընտանիքն ապրում է վարձակալությամբ: Կարինեն աշխատանք է փնտրում, որպեսզի կարողանա հոգալ իրենց կարիքները և վճարել տան վարձն ու կոմունալ ծախսերը: Կարինեն մանուկ հասակում մանկական ուղեղային կաթված է ստացել, որի հետևանքով այժմ տեսողության հետ կապված խնդիրներ ունի: Ընտանիքի մայրը նշեց, որ երեխայի հետ կապված որոշ խնդիրներ կարողանում է լուծել «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության շնորհիվ, ուր երեխան հաճախում է դպրոցի դասերն ավարտելուց հետո:

Տեր Հայրը բժշկության աղոթք կարդաց ընտանիքի համար: Սերգոյան Կարինեն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին, համայնքին և աջակից անձին այն ուշադրության և հոգատարության համար, որ ցուցաբերվեց իր ընտանիքի հանդեպ:

Կատարյալ սերը բարձրագույն և բացառիկ պարգև է. «Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթեոս 5:48):

 

 

Կարինե Սուգիկյան

02.11.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․