«Երբ ողորմում ես ուրախությամբ, ստանում ես ավելին, քան տալիս ես»

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, եկեղեցու սոցիալական ծրագրերի շրջանակներում, օգոստոսի 23-ին այցելեց Նուբարաշենի Դ-1 թաղ. 7-րդ հողակտորում բնակվող Մարտիրոսյան ընտանիքին: Հինգ զավակներով հարուստ երիտասարդ ընտանիքը բնակվում է երկու սենյականոց տնակում, ուր հազիվ երեք մահճակալ և մեկ օրորոց է տեղավորվում: Տնակում տարվա մեծ մասը խոնավ է, քանի որ տանիքը կաթում է:

Բազմազավակ ընտանիքը ֆինանսական մեծ խնդիրներ ունի, քանի որ ընտանիքի հայրը՝ Մարտիրոսյան Սարգիսը (35 տ.), մշտական աշխատանք չունի, իսկ ընտանիքին հատկացվող ընտանեկան նպաստով չեն կարողանում հոգալ անգամ իրենց նվավազագույն կարիքները:

«Ամեն ամիս վճարելու պայմանով գնեցինք այս տնակը, բայց երբեմն չենք կարողանում այդ գումարն ու կոմունալ վարձերը վճարել, հնարավորություն չունենք տանիքը նորոգելու, հոսանք անցկացնելու և ճարահատյալ ուրիշի հոսանքի գծից ենք օգտվում: Մեր տնակը նաև գազաֆիկացված չէ, և ձմռանը փայտի վառարան ենք վառում»,- ասաց ընտանիքի մայրը՝ Գևորգյան Մարիամը (26 տ.):

Տեր Գրիգորը կարիքավոր ընտանիքին հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Ընտանիքի մայրն իր երախտագիտությունը հայտնեց Վարդանյան ընտանիքին՝ ուշադրության և աջակցության համար:

Քրիստոնեական առաքինություններից կարևորագույնը ողորմածությունն է, որն ազնվացնում է այն մարդու հոգին, ով, ինչպես Պողոս առաքյալն է ասում, ողորմում է հոժար սրտով և ոչ հարկադրաբար և տրտմությամբ, որովհետև Աստված սիրում է զվարթառատ տուրքը. «Եվ Աստված կարող է ամեն շնորհ շատացնել ձեր մեջ, որպեսզի ամեն ինչում ամենայն ժամ ամենայն բավականություն ստանալով՝ առատանաք բոլոր բարի գործերում» (Բ Կորնթ. 9:7-9): «Իսկ եթե դու,- ասում է Ս. Հովհան Ոսկեբերանը,- թեկուզ հազար քանքար տաս, բայց հպարտությամբ, ամբարտավանությամբ և փառասիրությամբ, կոչնչացնես ամեն ինչ նման այն փարիսեցու, ով թեև իր ունեցվածքից տասանորդ էր տալիս, բայց գոռոզանում և ամբարտավանում էր դրանով: Նա դուրս եկավ տաճարից՝ ամեն ինչ ոչնչացրած: Իսկ երբ ողորմում ես ուրախությամբ, մտածիր, որ դու ավելին ես ստանում, քան տալիս ես: Ուստի, թողնելով անտեղի հետաքրքրությունը, ողորմենք բոլոր կարիքավորներին, և անենք դա մեծ առատաձեռնությամբ, որպեսզի այն օրը՝ գալիք դատաստանին, ինքներս էլ արժանանանք Աստծո ողորմածությանն ու ներողամտությանը»:

 

Կարինե Սուգիկյան

23.08.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․