22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
- Հա՛յր, մի մայր իր երեխային օրհնված ջուր է տալիս, իսկ երեխան թքում է: Ի՞նչ անել այդ դեպքում:
- Նա պետք է աղոթի երեխայի համար: Հնարավոր է, որ նա օրհնված ջուրն այնպես է տալիս, որ երեխայի մոտ հակառակվելու ցանկություն է առաջանում: Որպեսզի երեխաներն Աստծո ճանապարհով ընթանան՝ ծնողները ևս պետք է ճիշտ հոգևոր կյանքով ապրեն: Եկեղեցի հաճախող որոշ ծնողներ իրենց երեխաներին փորձում են օգնել ավելի լավը դառնալ ո՛չ թե նրա համար, որ անհանգստանում են նրանց հոգու փրկության համար, այլ, որովհետև ուզում են լավ երեխաներ ունենալ: Այսինքն նրանց ավելի շատ հուզում է այն, թե ինչ կասեն ուրիշներն իրենց երեխաների մասին, քան այն, որ նրանց երեխաները կարող են հավիտենական տանջանքը ժառանգել: Դե ինչպե՞ս Աստված օգնի այդ դեպքում: Խնդիրը նրանում չէ, որ երեխաները հարկադրաբար եկեղեցի գնան, այլ, որպեսզի սիրեն Եկեղեցին: Նրանք չպետք է հարկադրաբար բարություն անեն, այլ դա զգան որպես անհրաժեշտություն: Ծնողների սրբակենցաղ կյանքը օրինակ է հանդիսանում մանկական հոգիների համար, և երեխաները հետո հեշտությամբ են ենթարկվում (հորը և մորը): Այսպես նրանք ակնածանք ու կրկնակի առողջություն ունենալով են մեծանում և խուսափում են հոգեկան վերքերից: Եթե ծնողներն Աստծո երկյուղով առաջնորդված են ձգում իրենց երեխաների «պտուտակները», ապա Աստված օգնում է, և երեխան էլ ստանում է այդ օգնությունը: Սակայն, եթե նրանք դա եսասիրությունից մղված են անում, ապա Աստված չի օգնում: Երեխաները հաճախ են տառապում ծնողական հպարտությունից:
- Հա՛յր, երբեմն մայրերը հարցնում են մեզ, թե երեք-չորս տարեկան երեխաները որքան պետք է աղոթեն:
- Իսկ դուք նրանց ասեք. «Դու ես մայրը, ինքդ էլ որոշիր, թե քո փոքրիկի ուժերը որքան կբավարարեն»: Հատուկ կարգ չկա այս դեպքում:
- Հա՛յր, ծնողներն իրենց մանկիկներին գիշերային հսկման են բերում մեր վանք: Միգուցե դա հոգնեցուցի՞չ է նրանց համար:
- Առավոտյան ժամերգության ժամանակ թող երեխաներին մի փոքր հանգիստ տան, իսկ Սուրբ Պատարագին նորից վանք բերեն:
Մայրերն, առանց երեխաներին ճնշելու, պետք է ամենափոքր հասակից նրանց աղոթել սովորեցնեն: Կապադովկիայի գյուղերի բնակիչները պահում էին ճգնավորական ավանդությունը: Նրանք իրենց երեխաներին քարանձավներ, վանքեր ու մատուռներ էին տանում, ուր ծնրադրում էին և արտասվալից աղոթքներ ասում, և երեխաներն այդ կերպ աղոթել էին սովորում: Երբ ավազակները գիշերը գնում էին նրանց կողոպտելու, ապա այդ փոքրիկ եկեղեցիների կողքով անցնելիս լացի ձայներ էին լսում և զարմանում էին: «Ի՞նչ է կատարվում,- հարցնում էին նրանք,- Այս ի՞նչ տեսակ մարդիկ են: Ինչո՞ւ են ցերեկը ծիծաղում, իսկ երեկոյան լաց լինում»: Ավազակները չէին կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում:
Փոքր երեխաների աղոթքները հրաշքներ կարող են գործել: Աստված նրանց տալիս է այն, ինչ խնդրում են: Որովհետև երեխաները մաքուր են, անմեղ և այդ պատճառով էլ Աստված լսում է նրանց անաղարտ աղոթքը: Հիշում եմ, երբ մի անգամ մեր ծնողները գնացին դաշտում աշխատելու՝ ինձ տանը թողեցին երկու կրտսեր եղբայրներիս հետ: Հանկարծակի երկինքը մթնեց և մի սարսափելի տեղատարափ անձրև սկսվեց: «Ախ, տեսնես ինչպե՞ս են հիմա մեր ծնողները,- անհանգստացանք մենք,- Ինչպե՞ս պետք է տուն վերադառնան»: Փոքրիկներն սկսեցին լաց լինել: «Այստեղ եկեք,- կանչեցի նրանց,- Եկեք Քրիստոսին խնդրենք, որպեսզի դադարեցնի անձրևը»: Երեքով ծնրադրեցինք սրբապատկերների առջև և սկսեցինք աղոթել: Անձրևը մի քանի րոպեից դադարեց:
Ծնողները պետք է խելամտորեն օգնեն իրենց երեխաներին մանուկ հասակից մոտենալ Քրիստոսին և մեծագույն հոգևոր ուրախություններ ունենալ: Երբ երեխաներն սկսեն դպրոց գնալ, ծնողները պետք է կամաց-կամաց սովորեցնեն նրանց հոգևոր գրքեր կարդալ և օգնեն հոգևոր կյանքով ապրելու: Այդ ժամանակ նրանք փոքրիկ հրեշտակների կնմանվեն, և իրենց աղոթքներում Աստծո հանդեպ մեծ անվեհերություն կունենան: Այդպիսի երեխաներն իսկական հոգևոր կապիտալ են իրենց ընտանիքների համար: Հոգևոր կյանքում նրանց շատ են օգնում սրբերի վարքերը: Երբ ես փոքր էի, վերցնում էի սրբերի վարքը նկարագրող փոքր գրքեր, որ այն տարիներին տպագրվում էին և անտառ էի գնում: Ես այնտեղ կարդում էի, աղոթում և ուղղակի թռչում էի ուրախությունից: Տասից տասնվեց տարեկանում, դեռևս հոգսերով չծանրաբեռնված (քանի դեռ չէր սկսվել հույն-իտալական պատերազմը*), ես հոգևոր կյանքով էի ապրում: Մանկական ուրախությունները մաքուր են՝ դրանք տպվում են մարդու մեջ և երբ նա մեծանում է՝ շատ են հուզում նրա սիրտը: Եթե երեխաները հոգևոր կյանքով են ապրում, ապա՝ և՛ այս կյանքում նրանք ուրախ կլինեն, և՛ մյուսում հավիտյանս կուրախանան Քրիստոսի կողքին:
* 1940թ.-ի Հունաստանի և ֆաշիստական Իտալիայի միջև պատերազմը:
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի