25 Նոյեմբեր, Բշ
Հայր Պաիսիոսը պատմում էր, որ իր մայրն իրեն աղոթել է սովորեցրել փոքր հասակից՝ երբեք աղոթքի մասին չխոսելով: «Երբ փոքր էինք,- հիշում էր նա,- մտքում ասում էինք. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմի՛ր ինձ»: Մեր մայրը մեզ երբեք չի ստիպել դա արտասանել, չի պահանջել. «Աղոթե՛ք»: Մենք ուղղակի լսում էինք, թե հացի խմորը հունցելուց ինչպես էր ասում. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմի՛ր ինձ»: Այսպես պետք է ապրել: Քո գործերով զբաղվիր, իսկ ուրիշին հանգիստ թող: Մի՛ ընկիր նրա ետևից: Հոգուդ խաղաղության մասին հոգ տար, և նա կզգա այդ անուշաբույրը, կհասկանա դա: Հայր Պաիսիոսի մայրը վառարանից հանում էր կերակուրն ու կրկին աղոթում, պատառաքաղը հատակին էր ընկնում՝ նա չէր նյարդայնանում, բաժակը կոտրվում էր՝ նրա մայրն աղոթք էր ասում: «Այդ նա է մեզ փոխանցել,- ասում էր ծերը,- մենք շատ ճիշտ դաստիարակություն ենք ստացել, մեզ չէին գրգռում: Տանը մեզ զգում էինք ինչպես դրախտում, սիրում էինք տանը մնալ և դա մխիթարություն էր մեր ծնողների համար»:
Այս խոսքերը համեմատեք մի պատանու հետևյալ խոսքերի հետ.
- Տուն մտնելիս ես ուրախություն չեմ զգում: Չեմ սիրում իմ տունը, չնայած, որ այն մեծ է ու լավը, գորգերով պատված է, օդորակիչ կա, բայց ինձ դուր չի գալիս, այդ կահավորանքը տհաճ է ինձ համար:
Խորհիր այն մասին, թե երեխադ ինչու իրեն տանն այնքան լավ չի զգում, որքան հայր Պաիսիոսն էր իր տանը զգում:
Մի անգամ մի երիտասարդի մայր եկավ ինձ մոտ ու ասաց.
- Հա՛յր, արդեն վեց ամիս է, ինչ որդիս խոստովանության է գալիս քեզ մոտ, բայց ծխելն այդպես էլ չի թողել: Ի՞նչ ես անում այսքան ժամանակ:
- Իսկ ի՞նչ ես ուզում, որ անեմ:
- Դե… Ինչ-որ արդյունք պիտի լինի, չէ՞:
- Իսկ դու որևէ արդյունք չե՞ս նկատել:
- Ո՛չ, երեխաս նախկինի պես ծխում է:
- Իսկ այն, որ որդիդ շարունակում է խոստովանության գալ, չնայած, որ ծխում է, մի՞թե լավ չէ:
- Բայց ես մտածում էի, որ դու ի զորու ես երիտասարդների վրա ազդել, Հա՛յր:
- Մի՞թե լավ ազդեցություն չէ, որ նա հաճախ գալիս է խոստովանության:
- Այո՛, բայց միայն դա չէ, նա պետք է ծխելը թողնի:
Այլ կերպ ասած, այդպես ես ուզում երեխայիդ ցույց տալ, թե իր մեջ ինչը պետք է ուղղի: Իսկ ինչպե՞ս անի: Ինչպե՞ս ուղղվի: Եթե դու այդքան լավ մայր ես, ինչո՞ւ այդ հրաշքն ինքդ չես գործում, այլ ինձանից ես պահանջում: Ի՛նքդ արա: Ուղղի՛ր քո զավակին:
Երեխաներ կան, որ հարյուր մեղք են ուզում գործել, բայց պայքարում են իրենք իրենց հետ, զսպում են իրենց ու միայն երեքն են գործում, միայն երկուսը, միայն մեկը: Պատանին իրեն տանջող շատ ցանկություններ ունի: Խոստովանահայրն այդ ամենը գիտի: Գիտի, որովհետև պատանին ասում է.
- Հա՛յր, ուզում եմ այս, այս ու այս բաներն անել, բայց այդ ամենից միայն ծխում եմ:
Ես չեմ ասում, թե ծխելը լավ է, բայց ավելի լավ է, քան այն մյուս հարյուր մեղքերը… Աստված տեսնում է, որ ծխելն էլ է պայքար, որ պատանին մղում է: Բայց մորը չեմ կարող դա բացատրել: Նա ամեն ինչ իր տեսանկյունից է տեսնում և մենք, բոլորս, իրերին շատ նեղ, մարդկային տեսանկյունից ենք նայում: Իսկ Աստված մեր կյանքին բոլոր կողմերից է նայում և յուրաքանչյուր առանձին մարդու պատմությունը, նրա հոգեվիճակը, նրա խնդիրները, նրա ներքին տրամադրվածությունը գիտի: Այս մասին խոսելով, հայր Պաիսիոսը մի այսպիսի օրինակ էր բերում: Ենթադրենք, որ մի մարդ իր կյանքում երկու սպանություն է կատարել, բայց նրա ներքին չարությունն այնպիսին է, որ կուզենար հարյուր սպանություն կատարել, բայց զսպում է իրեն: Մենք այդ մարդու մասին գոչում ենք.
- Մարդասպա՛ն է: Բանտարկե՛լ նրան: Ճաղերի ետևում պահել:
Իսկ Աստված գիտե, որ այդ մարդը հարյուր հնարավոր սպանություններից միայն երկուսն է գործել: Մենք մարդկային առումով ենք դատում, իսկ Աստված՝ աստվածային և այդ պատճառով էլ մեզ պես չի դատապարտում և ենթադրություններ անում: Աստված սիրում է մեզ, որովհետև մեր հոգու ու բնավորության մասին ողջ ճշմարտությունը գիտե:
Այն կինը, որ իր որդու ծխելուց էր բողոքում, իհարկե բարի կին էր ու հավատում էր Աստծուն: Ես ի՞նչ կարող էի նրան պատասխանել: Ասացի.
- Եթե դու այդքան լավն ես, ապա դու էլ հրաշք գործիր: Ինձնից ի՞նչ ես ուզում: Ի՛նքդ արա դա:
- Բայց ինչո՞ւ ես այդպես խոսում, Հա՛յր: Ինչ է, ես վա՞տ մայր եմ: Ինչո՞ւ ես ինձ նախատում:
- Ես քեզ չեմ նախատում, բայց պետք է հասկանաս, որ երբեմն նույնիսկ լավ ծնողների զավակները կարող են ճշմարիտ ուղուց շեղվել: Ամեն ինչ էլ պատահում է: Մի ընտանիքում ամուսինը կարող է լավը լինել, իսկ կինը՝ մեղք գործել: Իսկ մեկ այլ ընտանիքում կինն առաքինությունների օրինակ է հանդիսանում, իսկ ամուսինը կարող է հեշտությամբ սխալվել և որևէ զանցանք գործել: Բայց այդ պարագայում կինը մեղավոր չէ: Կյանքում նման բաներ պատահում են: Դա ամենևին էլ չի նշանակում, որ տանը միշտ ինչ-որ մեկը մեղավոր է: Աստված թույլ է տալիս, որպեսզի մարդու համբերությունը, անսասանությունը, խոնարհությունը, աղոթքը, սերն ու ազատությունը փորձության մատնվեն:
Մի մարդ պատմեց, թե ինչ է տեղի ունեցել իր ընտանիքում: Ես նրան պատասխանեցի.
- Կարո՞ղ ես այժմ կնոջդ սիրել, այժմ, այն բանից հետո, ինչ արել է: Երբ նա օրինակելի կին էր, քեզ համար հեշտ էր նրան սիրել, քանի որ նա հրեշտակ էր: Այժմ, այն բանից հետո ինչ արել է, կկարողանա՞ս ընդունել նրան: Կկարողանա՞ս իսկապես սիրել: Առաջ դու կատարելություն էիր սիրում: Դա հեշտ է: Իսկ կկարողանա՞ս սիրել մեղավորին, մոլորված կնոջը, ընդունել նրան՝ չհիշեցնելով, թե ինչ է արել, չստիպելով, որ իրեն նվաստացած զգա: Դա էլ կլինի իսկական սերը: Դա աստվածային վարք է: Տերը հենց այդպես է վարվում: Կարո՞ղ ես Նրա պես վարվել: Չէ՞ որ հենց դա է վեհությունը և Աստված մեզանից յուրաքանչյուրին կոչ է անում դրան հասնել: Այն ամենն, ինչի մասին այժմ խոսում ենք, մեզանից համբերություն է պահանջում: Կյանքն է համբերություն պահանջում:
Որոշ մարդիկ ցանկանում են ուրիշներին շատ արագ փոխել: Նրանք անհապաղ փոփոխություններ են ուզում: Երբ դիետոլոգիայի որևէ կենտրոն ես գնում, այնտեղ քեզ հարցնում են, թե քանի կիլոգրամ ես ուզում նիհարել: Իսկ դու պատասխանում ես. «Տասներեք կիլոգրամ: Որքա՞ն ժամանակ է պահանջվում դրա համար: Ուզում եմ, որպեսզի ավելի արագ լինի»: Բայց կյանքում այդպես չի լինում: Երկու ամսում կարելի է նիհարել, բայց բնավորությունը նույնիսկ երկու տարում չես փոխի, էլ ուր մնաց՝ երկու ամսում: Ամեն ոք կյանքի իր ռիթմն ունի: Անհրաժեշտ է սովորել սպասել: Ժամանակը փոխում է մարդուն: Պետք է ինքդ քեզ ասես. «Ես համբերություն եմ ցուցաբերում հանուն իմ երեխայի, հանուն կնոջս (ամուսնուս), հանուն ինձ, աստիճանաբար, Աստծո օգնությամբ կփոխվեմ»:
Մի անգամ սուրբ Սիլուանի հայրն իր որդուն խնդրեց կերակուր պատրաստել իր և աշխատողների համար: Ուրբաթ օր էր: Պատանին մոռացել էր այդ մասին և մսով ճաշ պատրաստելով՝ հորը տարավ: Սուրբ Սիլուանի հայրն ուրբաթ օրվա պահքը երբեք չէր խախտում, բայց տեսնելով, թե որդին ինչպես է ուրախանում, որ ինքնուրույն ճաշ է պատրաստել, մտքում ասաց.
- Հիմա ի՞նչ անեմ: Նրան ասեմ, որ չեմ ուտի, ասեմ, որ…
Ի վերջո ոչինչ չասաց, շնորհակալություն հայտնեց որդուն ու նստեց ուտելու, բայց մտքում աղոթեց, որպեսզի որդին երբևէ հասկանա իր սխալը:
Որոշ ժամանակ անց սուրբ Սիլուանը հասկացավ, բայց հայրն այն ժամանակ իրեն զսպեց ու ոչինչ չասաց նրան: Նա իրեն չհասկացող, հիմար ձևացրեց, իսկ մենք ամեն ջանք թափում ենք, որպեսզի խելացի երևանք ու ասում ենք. «Ես հասկացա, թե ինչ կար նրա մտքում: Նրա ուղն ու ծուծը գիտեմ»:
Մի անգամ մի կին ինձ ասաց.
- Բռնել եմ որդուս: Ես հո հիմար չե՞մ, Հա՛յր: Միանգամից հասկացա, թե բանն ինչում է: Նրա իրերը զննեցի, հոտ քաշեցի… Նրանից ծխախոտի հոտ էր գալիս: Եվ այդ ժամանակ նրան ասացի. «Ի՞նչ ես անում: Կարծում ես, ես ոչինչ չգիտե՞մ»: Ախր ես հասկացա, որ նա ծխում է: Չի կարող ինձնից թաքցնել:
Ես նրան պատասխանեցի.
- Կեցցե՛ս, շատ խելացի ես: Իսկ հետո ի՞նչ եղավ:
- Դե իհարկե ես սկանդալ բարձրացրեցի:
… Դրանից հետո նրա որդին ծամոն է ծամում տուն գնալուց առաջ, հագուստին օծանելիք է ցանում, թաքնվում է և իրեն շատ լավ է զգում: Եվ նրա մայրն արդեն ոչինչ չի զգում: Նրան ասում եմ.
- Եվ ի՞նչ, կարծում ես, որ հաջողությա՞ն ես հասել:
Մի՞թե դա հաջողություն է: Հպարտանում ես, որ շուտ ես կռահում, բայց չես հասկանում, որ իսկական իմաստությունն այն բանի մեջ չէ, որ ձևացնես, թե ամեն ինչ հասկանում ես, այլ՝ մի փոքր սպասելու կարողության մեջ: Սպասել, որպեսզի ժամանակ անցնի: Կարծում ես Աստված դա չի՞ տեսնում: Տեսնում է: Բայց մի՞թե նա միանգամից խառնվում է մեր կյանքին ու պատժում: Ո՞չ: Ուրեմն դու էլ սպասիր, հանգիստ թող նրան, նա կփոխվի ու կհասկանա, ինչպես սուրբ Սիլուանը հասկացավ: Նա հոր մոտ եկավ ու հարցրեց.
- Հա՛յր, ասա՛ ինձ, այն օրը, երբ մսով կերակուր եփեցի քեզ համար, հիշո՞ւմ էիր, որ ուրբաթ էր:
- Ինչպե՞ս չէի հիշում: Ուրբաթ օր էր և ինձ թվում էր, թե դիակ եմ ուտում և ինձ շատ վատ էի զգում:
- Իսկ ինչո՞ւ ինձ ոչինչ չասացիր, նկատողություն չարեցիր, չնախատեցիր, սխալս ցույց չտվեցիր:
- Ոչինչ չասացի, որպեսզի չվիրավորեմ քեզ:
Հայրը համբերատար գտնվեց: Չնախատեց որդուն ու չբարկացավ նրա վրա: Չստիպեց տանջվել և սուրբ Սիլուանը դա հասկացավ: Մարդն այդպես է փոխվում:
Մի կին իր աղջկանից բողոքում էր հայր Պաիսիոսին: Նա ծույլ էր, երկար էր քնում, քսանհինգ տարեկան էր և դեռ ամուսնացած չէր: Մայրն ասում էր.
- Ախր նա ինչպե՞ս պիտի ամուսնանա, Հա՛յր, եթե ողջ օրը քնած է: Նրան ոչինչ չի հետաքրքրում, ողջ օրը հանգստանում է կամ ընկերուհիների հետ գնում է զբոսնելու: Դրան էլ գումարած, սարսափելի մաքրասեր է՝ ամեն բան նրան կեղտոտ է թվում, չի ուզում ոչնչի ձեռք տալ և այդ պատճառով էլ ոչինչ չի անում: Երբ ձեռքով բարևում է, հետո անպայման ձեռքերը սպիրտային լուծույթով մաքրում է: Ամբողջ օրն այդ սրվակը ձեռքին է շրջում: Ինչպե՞ս վարվեմ նրա հետ: Ինչպե՞ս է պատրաստվում ընտանիք կազմել, ինչպե՞ս պիտի տանը հետևի, կերակուր պատրաստի, քանի որ ոչինչ անել չգիտի և չի էլ ուզում իմանալ: Արդեն հուսահատվում եմ: Ամբողջ օրն այդ մասին եմ խոսում, բայց նա չի փոխվում:
Հայր Պաիսիոսը պատասխանեց.
- Դուստրդ միայն մի եղանակով կփոխվի:
- Ինչպե՞ս:
- Համբերությամբ: Նա քարոզի կարիք չունի: Ոչինչ մի՛ ասա նրան: Համբերատար եղիր:
- Եվ նա կփոխվի՞:
- Աստված նրան կփոխի: Մի փոքր սպասիր, սովորիր համբերատար լինել, չէ՞ որ նա արդեն երեխա չէ, արդեն քսանհինգ տարեկան է, սեփական ուրվագիծն ունի: Իսկ եթե չփոխվի, նշանակում է, արժանի է իրեն բաժին հասածին: Հանգի՛ստ թող նրան:
Ժամանակ անցավ և այդ աղջիկը մի երիտասարդի հանդիպեց, սիրահարվեց, ամուսնացավ, երեխա ունեցավ և սովորեց վաղ արթնանալ, տան գործերը ժամանակին հասցնել, և՛ լվացք անել, և՛ ճաշ եփել: Նրա կյանքը փոխվեց և նրան էլ ստիպեց ավելի լավը դառնալ: Դա նրա ընտրությունն էր, ոչ ոք նրան չէր ստիպել: Երբ մի քանի տարի անց այդ կինը կրկին հայր Պաիսիոսի մոտ եկավ, հայրը նրան հացրեց.
- Դե՞, ի՞նչ է անում աղջիկդ:
- Հա՛յր, ամեն ինչ ասածիդ պես եղավ: Նա ամուսնացավ ու այնքա՜ն է փոխվել: Ամեն ինչ սովորել է:
- Իսկ մաքրության հարցն ինչպե՞ս է:
- Օ՜հ, դա էլ է հաղթահարել: Ե՛վ երեխային է լողացնում, և՛ մաքրում է, և՛ տունը կարգի բերում, ամեն ինչ ինքնուրույն է անում:
- Տեսնո՞ւմ ես ինչպես է փոխվել: Որևէ բան ասե՞լ ես նրան:
- Ո՛չ, Հա՛յր, ոչինչ չեմ ասել, ինչպես որ խորհուրդ էիր տվել: Ես լռում էի, նրան Աստծուն էի հանձնել ու սպասում էի:
Դյուրի՞ն է արդյոք համբերելը: Մենք ուզում ենք, որպեսզի ուրիշները լինեն այնպիսին, ինչպես մենք ենք ուզում: Մարդկային մտածելակերպով դա նորմալ է, եթե ես էլ երեխա ունենայի, ես էլ այդպես կուզենայի: Բայց մենք չգիտենք, թե որն է Աստծո Նախախնամությունը յուրաքանչյուրիս վերաբերյալ: Պետք է սովորենք խոնարհ լինել, որպեսզի կարողանանք ասել. «Տե՛ր, ինձ Քո Նախախնամությանն եմ հանձնում: Չեմ ուզում, որ ինձ հարմարվես, ինչ ուզում ես արա ինձ հետ»: Եվ այնժամ Տիրոջ պատասխանը կլսենք.
- Չեմ ուզում քեզ կարգադրություններ տալ, չեմ ուզում խաղազինվորի վերածել քեզ: Ուզում եմ, որ դու երջանիկ լինես:
Այդ պատճառով էլ պետք է Աստծո կամքին ենթարկվել, այլ ոչ թե անընդհատ պնդել, որպեսզի մեր կամքը կատարվի: Միայն համբերությամբ ու աղոթքով կարող ենք դրան հասնել: Արդյո՞ք աղոթում ենք մեր սիրելի մարդկանց համար, որպեսզի նրանք փոխվեն: Որպեսզի մարդը փոխվի, աղոթի՛ր նրա համար: Խնդրիր Աստծուն, որպեսզի նրան փոխի և կտեսնես, թե աղոթքներիդ շնորհիվ ինչպես է աստիճանաբար փոխվում: Բայց մենք չենք աղոթում:
Մի այսպիսի դեպք պատմեմ: Մի անգամ երեկոյան մի ամուսնական զույգ երեք ժամ վիճաբանեց, և ողջ շենքը լսում էր նրանց: Նրանք վիճում էին, վիճում, վիճում, հետո հոգնեցին ու նստեցին հեռուստացույց նայելու: Այսինքն վիճաբանեցին, բղավոցներով հասան գագաթնակետին, մարտկոցները լիցքաթափեցին և ձանձրացան: Այդժամ կինն ասաց.
- Արի մի բան ուտենք:
Ու նստեցին հեռուստացույցի առջև, ընթրեցին ու հաշտվեցին: Նրանց ասացի.
- Երեք ժամ վիճաբանեցիք: Կես ժամում կարող էիք Սուրբ Աստվածածնին նվիրված կանոնը կարդալ, ընդամենը կես ժամում: Արեցի՞ք: Ո՛չ, չկարողացաք անել: Չեք սովորել աղոթել: Վիճելն ավելի հեշտ է:
Ավելի հեշտ է, որովհետև թեթևանում ենք: «Արյունս եռում է»,- մի մարդ այսպես դա բացատրեց:
Բայց աղոթքի շնորհիվ արյունդ ավելի լավ կերպով է եռ գալիս սրտումդ: Մեկ այլ մարդ ասաց.
- Եթե կնոջդ կամ զավակիդ հետ ես աղոթում, մի՞թե կարող ես դրանից հետո նրանց հետ վիճել: Չես կարող: Օրինակ՝ որևէ կանոն ենք կարդում և միասին սկսում ենք երգել «Սուրբ Տիրամայր, բարեխոսիր մեզ համար», այնուհետև ասում եմ «Տեր Հիսուս Քրիստոս, մեր սուրբ հայրերի աղոթքներով ողորմիր ու փրկիր մեզ», մի՞թե կարող ենք դրանից հետո վիճել: Ո՛չ, աղոթքից հետո չես ուզում վիճել:
Այսպիսով, տան բոլոր խնդիրները, ողջ լարվածությունն ու գրգռվածությունը նրանից է, որ տանն աղոթքի ու խաղաղության ոգի չկա:
Աղոթքն ամենաուժեղ զենքն է, ամենամեծ օգնությունը, մեր կյանքի ամենամեծ աջակցությունը:
Մի անգամ մի երիտասարդ ինձ ասաց.
- Չեմ հասկանում, թե ինչ է կատարվում, Հա՛յր: Չեմ կարողանում աղջիկ գտնել, որպեսզի նրա հետ մեղք գործեմ: Հենց պատրաստվում եմ դա անել, վերջին պահին անպայման ինչ-որ բան է տեղի ունենում ու ամեն ինչ վերջանում է: Ինձ ինչ-որ մեկը խանգարում է:
Ես զարմացա.
- Չհասկացա, ի՞նչն է քեզ խանգարում:
- Ինձ խանգարում են մեղք գործել:
- Եվ դա քեզ անհանգստացնո՞ւմ է:
- Իհարկե անհանգստացնում է:
- Քեզ մոտ ամեն բան կարգի՞ն է: Ուրիշներն աղոթում են, որպեսզի մեղք չգործեն, իսկ դու հակառակի համար ես բողոքում:
- Բայց ես ուզում եմ աղջկա հետ մեղք գործել:
Մի դրան տե՛ս: Դեռ շնորհակալություն պիտի հայտնենք, որ ազնվորեն խոստովանում է… Որոշ ժամանակ անց նրա մայրն ինձ մոտ եկավ ու ասաց.
- Հա՛յր, գիտեմ, թե որդիս ինչից է գանգատվում և մի գաղտնիք բացեմ քո առջև, բայց դու նրան այդ մասին մի ասա: Ես սուրբ Խարլամպիոսի մոտ գնացի, ում շատ սիրում եմ, ընծա տարա նրան ու խնդրեցի. «Սուրբ Խարլամպիոս, խնդրում եմ, օգնի՛ր: Թող որդուս մոտ ոչինչ չստացվի, երբ ցանկանա մեղք գործել, ինչ-որ վատ բան անել: Բայց երբ ընտանիք կազմելու ժամանակը գա, երբ նրա զգացմունքները լուրջ լինեն, օգնի՛ր նրան»: Եվ գիտես, Հա՛յր, հիմա հանգիստ քնում եմ, իսկ առաջ ողջ գիշեր չէի կարողանում քնել…
Ի դեպ այդ կինը տասներկու զավակ ուներ և հատակին էր քնում, այսինքն աղոթում էր և այնքան հոգնած էր լինում, որ հատակին էլ քնում էր: Նա ասաց. «Դա տառապանք էր: Ես այնքան էի վախենում երեխաներիս համար, այնպես էի ուզում, որ լավը լինեին, հետևում էի նրանց, զանգահարում էի, իսկ նրանք ինձ խաբում էին: Գրեթե խելագարվել էի, վերածվել էի խուզարկուի: Դա կյանք չէր: Եվ այնժամ ինքս ինձ ասացի. «Ինքնուրույն ոչինչ անել չեմ կարող: Գնամ սրբերի մոտ, աղոթեմ և եթե Աստծուն հաճո լինի, ապա ամեն ինչ կփոխվի: Սկսեցի աղոթել. «Տե՛ր, գիտեմ, որ Դու ամեն ինչ կկարգավորես»,- ու հանգստացա: Սուրբ Խարլամպիոսն ամեն ինչ շատ լավ գլուխ է բերում, ես հանգիստ եմ երեխաներիս համար»:
Ահա՛ այսպես պարզվեց, թե այդ երիտասարդն ինչու չէր կարողանում աղջիկ գտնել՝ նրա հետ մեղք գործելու համար: Նրան իր մոր աղոթքն էր խանգարում: Մտածիր, դու կարո՞ղ ես այդպես աղոթել:
Մեկ այլ երիտասարդ ինձ խնդրեց իր հարսնացուին համոզել դուրս գալ բանկի գրասենյակում ունեցած իր աշխատանքից, որովհետև նա նույն հարկի տակ տղամարդկանց հետ էր աշխատում: Նա վախենում էր, որ նրանք կսկսեն իր հարսնացուին նայել: Ես նրան ասացի.
- Լսի՛ր, չէ՞ որ նա կյանքիդ մի մասն է: Ինչպե՞ս ես պատրաստվում նրա հետ ապրել: Պիտի անդադար հետևես նրան, որպեսզի ոչ ոք չնայի՞: Մի՞թե դա սեր է: Մի՞թե նա բռնի ուժով կսիրի քեզ: Դու պետք է աղոթես, իսկ նրա ազատությունը խլելու իրավունք չունես:
Միայն այն սերն է արժեքավոր, որն ազատ է: Սիրել չի նշանակում տանը փակվել ու ինքդ քեզ թույլ չտալ ուրիշների հետ տեսնվել, որպեսզի քեզ չկորցնեն: Պիտի սովորենք այնպես սիրել, ինչպես Տերն է մեզ սիրում: Երբ մարդ ընտրություն չունի, ապա չի կարող ասել, որ սիրում է նրան, ում ինքն է ընտրել: Ազատությունը նշանակում է, որ կարող եմ ընտրել, համեմատել և ես քեզ եմ ընտրում: Այդ երիտասարդի դեպքը հենց այդպիսին էր: Նրա հարսնացուն ինձ ասաց.
- Հա՛յր, որքան ավելի եմ այլ տղամարդկանց նայում, այնքան ավելի եմ իմ փեսացուին կարոտում, որովհետև իսկապես սիրում եմ նրան:
Եվ նա դա հասկացավ ու հանգստացավ, այլևս չէր նյարդայնանում հարսնացուի աշխատանքի պատճառով:
Ինչ-որ մեկը կարող է առարկել. «Նշանակում է, առաջարկում ես ամեն ինչ այնպես թողնել, ինչպես կա, ոչ մի բանի մեջ չխառնվել, ոչ մի բանի համար չանհանգստանալ ու հանգիստ պառկել քնելո՞ւ»:
Ո՛չ, ամենևին չեմ առաջարկում կողքիդ գտնվող մարդուն ընդհանրապես հանգիստ թողնես, այլ գործելու եղանակը փոխես. Անընդհատ երեխայիդ, կնոջդ, ամուսնուդ և այն մարդու կողքին եղիր, ում վրա ուզում ես ազդել, բայց մեկ այլ, անաղմուկ, անտեսանելի և շատ գործուն միջոց ընտրիր՝ աղոթքը, խոնարհությունը, հարգանքը մեկ այլ մարդու հանդեպ և հոգուդ վրա աշխատանքը:
Մի անգամ հայր Պաիսիոսին հարցրեցին.
- Ի՞նչ ես անում, Հա՛յր, երբ լոլիկներդ աճում են:
- Փայտիկներից հենարաններ եմ դնում, որ թփերը ցած չկախվեն, որովհետև հենարանը լոլիկներին անհրաժեշտ է, բայց դրանք ոչ թե մետաղալարով եմ կապում, այլ՝ ինչ-որ շապիկի կտորի շերտերով՝ խնամքով ու զգուշորեն:
Այո՛, ազդի՛ր մարդու վրա, բայց՝ զգուշորեն, առանց ճնշելու, որպեսզի չզգա քո ազդեցությունը և ինքն իրեն չմտածի. «Ինչպե՞ս սրանից ազատվեմ, այլևս ուժ չունեմ համբերելու»:
Չենք կարող երեխային ուժով մեզ մոտ պահել: Երբևիցե նա իր ընտանիքը կունենա, իր տունը, իր երեխաները: Մեր երեխան մեզ չի պատկանում, նա մեր սեփականությունը չէ: Մենք մեր մոր որովայնից միայնակ ենք ծնվում, մեծանում ենք, հասակ առնում և Աստված յուրաքանչյուրիս ասում է. «Ուղեկից ընտրիր քեզ համար, որպեսզի միայնակ չլինես կյանքի ճանապարհին և միասին դեպի Ինձ եկեք: Ես քեզ ընկեր եմ տալիս, ոչ թե նրա համար, որ տանջես նրան կամ ինքդ տանջվես, այլ որպեսզի փնտրես ու գտնես քո Աստծուն և սովորես հարգել ու սիրել ուրիշ մարդկանց»: Այնուհետև քեզ զավակներ է տալիս ու ասում. «Աճեցե՛ք, մեծ ընտանիք եղե՛ք և ուրախացեք դրանով»:
Բայց ժամանակի ընթացքում ընտանիքն սկսում է կրկին փոքրանալ: Անդրանիկ զավակն ամուսնանում է ու հեռանում տանից, հետո՝ երկրորդը, ընտանիքը կրկին փոքր է դառնում: Մեծ ընտանիքներում էլ, երբ բոլոր երեխաներն ամուսնանում են ու հեռանում, կրկին տանը երկու հոգի է մնում: Այնուհետև գալիս է այն պահը, երբ դու նորից մենակ ես մնում, որովհետև երկուսից մեկը մահանում է: Բայց եթե ճանապարհիդ սկզբում լսել ես, թե Տերը քեզ ինչ էր ասում, ապա կսովորես դա, կսովորես սիրել, իսկ սովորելով՝ ոչ ոքից ոչինչ չես պահանջի:
Ինձ ոչ ոք չի ստիպել հոգևորական դառնալ, ինչպես և մյուս հոգևորականներին: Յուրաքանչյուր մասնագիտություն, որով հարկադրաբար ես զբաղվում՝ անհնար է, որ ուրախություն պատճառի: Այդ մասին ես դպրոցում երեխաներին էլ եմ ասում. ինձ դուր է գալիս այն, ինչ անում եմ, հոժարակամորեն եմ դասավանդում, ինձ դուր է գալիս, որ աշխատանքս ինձ հաճույք է պատճառում և ես ուզում եմ դրանով զբաղվել: Հակառակ դեպքում չէի դիմանա: Եվ Տերն էլ մեզնից ոչ ոքի չի պարտադրում: Եվ եթե մենք մեզ հարկադրում ենք ինչ-որ բան անել, ապա պիտի հոժարակամորեն անենք: Օրինակ՝ պահքը «ինքնահարկադրում» է, եթե ուզում ես, ապա պահք պահիր: Եթե չես ուզում՝ մի պահիր, որովհետև ոչ մի օգուտ չես քաղի, եթե հարկադրաբար պահք պահես ու տանջվես, պահք պահես ու Աստծո հետ վիճես: Ճիշտ չէ: Պետք է ուրախանալ, որ հանուն Աստծո ճգնում ես, բայց երբեք չպետք է ուրիշներին ճնշել և կշտամբել դրանով: Քրիստոնեական սիրո և ազատության ոգով ապրիր: Եվ որքան ավելի ամրանաս դրանում, այնքան ուրիշները քո կարիքն ավելի կզգան: Երբ մեկ այլ մարդու ստիպում ես հարկադրաբար որևէ բան անել, ապա նրան վանում ես քեզանից: Թո՛ւյլ տուր նրան հեռանալ, և նա անպայման ետ կվերադառնա, որպեսզի քո գրկում մխիթարություն գտնի: Հանգիստ թող նրան և նա՝ ինքը հանդիպում կփնտրի: Եկե՛ք հիշենք այս մասին:
Իհարկե, խոսելն ավելի հեշտ է, քան փորձել այս սկզբունքը կյանքում գործադրել, որովհետև բոլորս էլ հակված ենք մեր կամքն ուրիշներին պարտադրելու: Բայց միշտ պետք է հիշենք, որ հենց այդ պատճառով է մեր կյանքը դժվարանում, և տեսնենք, թե դա ինչպես է անդրադառնում մարդկային փոխհարաբերությունների վրա՝ և՛ մեր երեխաների հետ, և՛ միմյանց միջև…
Ծայրագույն վարդապետ Անդրեյ (Կոնանոս)
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի