23 Նոյեմբեր, Շբ
Մի աշխատավոր փոսեր էր փորում: Մի անգամ թագավորն անցնում էր այդ ճանապարհով և հավանելով նրա արած գործը՝ կանգ առավ և ասաց.
- Շատ ճարպկորեն ես աշխատում: Եվ շա՞տ են վճարում աշխատանքիդ դիմաց:
- Նայած որ կողմից նայենք, Ձերդ Մեծություն,- պատասխանեց հողափորը,- Ձեր կողմից՝ երևի քիչ թվա, իսկ իմ կողմից՝ ավելին վերցնելու տեղ էլ չկա: Օրեկան երեք գրոշ եմ ստանում: Դա դեռ ոչինչ: Մի գրոշը ես միանգամից ծախսում եմ՝ պարտքս եմ տալիս: Իսկ երկրորդը՝ պարտքով եմ տալիս: Այնպես որ ինձ միայն մի գրոշ է մնում:
- Իսկ ինչպե՞ս ես կարողանում ապրել:
- Որ կողմից էլ նայես՝ պատասխանը մեկն է՝ դժվար է մի գրոշով ապրել:
- Այդ դեպքում ինչո՞ւ ես պարտք վճարում և պարտքով տալիս,- շարունակեց հարցնել թագավորը:
- Այլ կերպ չի կարելի: Հայրս ինձ մեծացրել է, ծերացել և այժմ ես եմ նրան կերակրում՝ պարտքս եմ տալիս: Որդիս դեռ փոքր է, ես եմ նրան մեծացնում՝ պարտքով եմ տալիս: Նա այդ պարտքը կվերադարձնի, երբ ծերանամ: Այդ պատճառով էլ միայն մի գրոշ է մնում ինձ:
Ծիծաղեց թագավորը և արքայավայել պարգևատրեց իմաստուն հողափորին:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի