«Երգում ենք երևանյան եկեղեցիներում»

Ահա այս անվանումն է կրում «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի համերգաշարը նվիրված «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադրման 25-ամյակին: Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Երրորդություն եկեղեցիներում ելույթներից հետո, երգչախումբը դեկտեմբերի 11-ին իր հերթական համերգացանկով ներկայացավ  Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Հնչեցին կոմիտասյան հոգևոր և աշխարհիկ մի շարք երգեր՝ «Սուրբ, Սուրբ», «Սիրո քո հուր», «Անձինք նուիրեալք», «Նորահրաշ», «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ», «Էս առուն ջուր է գալի», «Խնկի ծառ»:

Մինչ «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի ելույթը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյանը իր շնորհակալությունը հայտնեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, ում օրհնությամբ մեկնարկվեց «Երգում ենք երևանյան եկեղեցիներում» համերգաշարը: Ինչպես նաև իր շնորհակալությունը հայտնեց «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ՝ Հարություն Թոփիկյանին և մանկավարժներին: Պարոն Բլեյանը իր խոսքում նշեց, որ համերգաշարը շարունակական բնույթ է ունենալու. «Առ այսօր երգչախումբն իր ելույթներով հանդես է եկել Արցախի, Ջավախքի և Վրաստանի գործող ու խոնարհված եկեղեցիներում: Անչափ կարևորում ենք ուսուցչական երգչախմբի առկայությունը մեր կրթահամալիրում, քանի որ ուսուցիչը բացի կրթելուց դառնում է տարածողը կոմիտասյան երգերի»:

Ելույթի ամփոփմանը «Սեբաստացիներ» երգչախումբը ունկնդրի հետ միասին կատարեցին «Ամեն հայի» Հայրապետական մաղթերգը:

Համերգի ավարտին  Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու սպասավոր Տեր Զենոն քահանա Բարսեղյանը փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությունը: Տեր Հայրը Տիրոջ զորակցությունն ու օրհնությունը մաղթեց երգչախմբին իրենց կարևոր գործունեության մեջ:

«Թե՛ մայրաքաղաքի և թե՛ մարզերի եկեղեցիներով երգչախմբի երթը մեծ խանդավառություն է առաջացնում ունկնդրի մոտ և տոնական դարձնում նրա օրը: Մեր երգչախմբի երգացանկում ընդգրկված են հոգևոր և աշխարհիկ խմբերգեր: Երգչախմբի գործունեության նպատակն է տարածել Կոմիտասը՝ ուսուցչից աշակերտին, աշակերտից ծնողին»,- ասում է պարոն Թոփիկյանը:

«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի կարևոր առաքելությամբ տարածում են գտնում կոմիտասյան լուսավոր արժեքները: Իսկ հայ երգի ուժի և սնուցող աղբյուրի մասին Կոմիտաս վարդապետը իր բեղուն գրչից գրում է. «Հայ երաժշտությունը ոչ միայն մեղկ ու տխուր չէ, այլ համակ ուժ է և կենդանություն ու իր մեջ կը սնուցանե փիլիսոփայությունն իսկ, ոգին իսկ իր ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին, ամենեն հարազատն ու կենդանին անոր բոլոր արտահայտությանց մեջ. կենդանի, որքան կենդանի է այդ ցեղը, ուժեղ, որքան ուժեղ է իրեն ծնունդ տվող ժողովուրդը»:

 

Կարինե Սուգիկյան

12.12.14
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․