Երիտասարդներն աղոթքով հաղթահարեցին դժվարամատչելի բարձունքը

Հայոց աշխարհը հարուստ է այնպիսի սրբավայրերով, որոնք, հեռու լինելով բնակելի վայրերից, հեռու են կյանքի աղմուկից և արագընթաց ռիթմից: Այնտեղ մի ուրիշ աշխարհ է, այնտեղ ամեն ինչ հիշեցնում է հոգևոր կյանքի մասին: Սուրբ վայրերի շեմը հատած ուխտավորն էլ չի կարող չզգալ այն սրբությունը, օրհնությունն ու խաղաղությունը, որոնցով առանձնանում է սրբավայրը: Այնտեղ հոգին ակամա տրամադրվում է աղոթելու, ներշնչվում է սրբավայրի օրհնությամբ և հաղորդակցվում Իր Արարչի հետ։

Օգոստոսի 4-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ուխտի մեկնեց մի սրբավայր, որը գտնվում է Փամբակի լեռնաշղթայի բարձունքներից (1730 մ) մեկի վրա: Երիտասարդները ճանապարհ ընկան՝ ստանալով միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի օրհնությունը: Ժամանելով Լոռու մարզի Հարթագյուղ, որ նախկինում Արտագյուղ և Ղալթաղչի է կոչվել, ուխտավորները շարունակեցին իրենց աղոթքի ուղին՝ ոտքով հաղթահարելով Ղալթաղչիի սբ. Հովհաննես մատուռը տանող լեռնաշղթայի դժվարամատչելի բարձունքը: Ուխտավորների միասնական աղոթքը միախառնվեց մի սրբավայրի աղոթքներին, որ Խորհրդային իշխանության տարիներին՝ 1970-ականներին, տեղական իշխանությունների կողմից պայթեցվել է, որպեսզի ժողովուրդն աղոթատեղի չունենա, սակայն հայ քրիստոնյան, գիշերով շինանյութը լեռ բարձրացնելով, վերականգնել է իր աղոթատեղին: Կրկին անգամ հավատքով վերահաստատված սրբավայրում ուխտավորները համախմբվեցին միասնական աղոթքի շուրըջ և սբ. Հովհաննես Մկրտչի բարեխոսությամբ Տիրոջ ողորմությունը հայցեցին Հայոց աշխարհի համար:

Մեր վանքերը, եկեղեցիներն ու մատուռները քրիստոնեական կյանքի կրթարաններն են եղել ու կլինեն: Եկեղեցու հայրերից սբ. Հովհան Ոսկեբերանն ասել է. «Գնացե՛ք, սովորե՛ք վանականներից, որ փայլում են ամբողջ աշխարհով մեկ, նրանք այն պարիսպներն են, որոնցով պարսպապատված են քաղաքները: Նրանք քաշվեցին անապատ, որպեսզի ուսուցանեն ձեզ արհամարհել աշխարհի ունայնությունը: Նրանք, ուժեղ լինելով, կարողացան վայելել լռությունը նույնիսկ փոթորկի մեջ, իսկ դուք, ամեն կողմից ծանրաբեռնված, գոնե մի փոքր հանգիստ գտեք չդադարող ալիքներից։ Ուրեմն, ավելի հաճախ գնացեք նրանց մոտ, որպեսզի մաքրվելով նրանց աղոթքներով՝ հնարավորինս լավ ապրեք ձեր ներկա կյանքը և արժանի լինեք ապագա օրհնություններին»:

Աստծու օրհնությամբ զորացած «Զորավոր» երիտասարդաց միությունը վերադարձավ Երևան: Աստծու օրհնությունը՝ ինչպես երկնքի ցողը, իջնում ​​է քրիստոնյայի բոլոր ջանքերի վրա և դրանք պտղաբեր դարձնում ինչպես հենց իր, այնպես էլ իր մերձավորների համար:

 

 

Կարինե Սուգիկյան

 

05.08.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․