Երջանակաբեր սերը Աստծո մեծ ընտանիքից ներս

Քանի որ աշխարհի բոլոր մարդիկ մեկ Երկնավոր Հայր ունեն, ուստի մեկ Երկնավոր Հոր զավակներ են և մի մեծ ընտանիքի անդամներ: Սուրբ Գիրքը, մեծ ընտանիքից ներս եղբայրասիրության մասին հիշեցնելով, ասում է. «Մաքրեցե՛ք դուք ձեզ՝ հնազանդվելով ճշմարտությանը, առանց կեղծավորություն խառնելու եղբայրասիրության մեջ՝ մաքուր սրտով ջերմորեն սիրելով միմյանց» (Ա Պետր. 1:22):

Մայիսի 4-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Եղիազարյան Մարինեին (47 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ): Մարինեն իր ամուսնու, երեք զավակների և սկեսրայրի հետ բնակվում է գ. Ղուկասավան 12 փ. 12 տ. հասցեում: Ընտանիքի կրտսեր զավակը՝ Արամը (15 տ.), Դաունի համախտանիշ ունի: Նա սովորում է Երևանի Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 հիմնական դպրոցի իններորդ դասարանում: Արամը հաճախում է «Արև-երեխաներ» ՀԿ-ի Արևի թատրոն, սիրում է երաժշտություն լսել, համակարգչային խաղեր խաղալ: Մարինեի ամուսինն է միայն աշխատում, և բազմանդամ ընտանիքը դժվարությամբ է կարողանում իր կարիքները հոգալ: Մարինեն իր երախտագիտությունը հայտնեց աջակից անձին:

Պողոս առաքյալը, անդրադառնալով Աստծո մեծ ընտանիքին, նշում է, որ քրիստոնյաները՝ որպես Աստծո ընտանիքի հարազատ անդամներ, մասերն են այն մեծ կառույցի, որի հիմքը առաքյալներն ու մարգարեներն են և որի անկյունաքարն է Ինքը՝ Հիսուս Քրիստոս. «Նրանով է, որ ամբողջ կառույցը ներդաշնակ միասնությամբ աճում ու դառնում է Տիրոջ սեփական սուրբ տաճարը: Նրան միացած՝ դուք բոլորի հետ միասին դառնում եք Աստծո բնակարան՝ Սուրբ Հոգու միջոցով» (Եփես. 2:19-22): Այս կառույցի ներքին կապը և շաղախը հավատն է՝ բարի գործերով արտահայտված: Ուստի Աստծո բնակարան և Սուրբ Հոգու տաճար համարվող քրիստոնյան ջանում է մաքուր պահել իր տաճարը, ամուր՝ իր հավատը՝ միաժամանակ նպաստելով նաև շատերի հոգևոր աճին:

 

Կարինե Սուգիկյան

04.05.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․