Նոյեմբերի 21-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, սոցիալական ծրագրի շրջանակներում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Բաղդասարյան Արևիկին (28 տ.) հանձնեց համայնքի կողմից տրամադրված տաք հագուստ և դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի ընտանիքը: Արևիկն իր սկեսուրի և երկու զավակների՝ Գագիկի (7 տ.) ու Ալվարդի (5 տ.) հետ բնակվում է Էջմիածին ք. Արագածի զանգվածի Զվարթնոց 13/28 հասցեում: Ընտանիքը դժվար կացության մեջ է հայտնվել. երեք տարի առաջ սխալ վիրահատության հետևանքով մահացել է ընտանիքի հայրը, մեկ տարի առաջ փոքրիկ Ալվարդն ընկել է աստիճաններից, գլխի հարված ստացել, ինչի հետևանքով նրա մոտ չարորակ նորագոյացություն է առաջացել: Չնայած նման վաղ տարիքում իրեն բաժին հասած փորձությանը, փոքրիկ Ալվարդը չի կորցրել մանկանը հատուկ հետաքրքրասիրությունն ու անմիջականությունը: Նա հաճույքով զրուցեց Տեր Գրիգորի հետ, պատմեց իր ընկերների ու խաղերի մասին, այնուհետև միասին աղոթեցին փոքրիկի առողջության համար և նա ուրախությամբ ընդունեց Տեր Հոր նվիրած աղոթագիրքն ու ձեռագործ զարդը:
«Աղջիկս արդեն չորս քիմիաթերապիա է անցել և չորսն էլ դեռ ունի: Մեծ դժվարությամբ ենք կարողանում հայթաթել քիմիաթերապիայի համար անհրաժեշտ գումարը: Սկեսուրս էլ առողջական խնդիր ունի, նրա տեսողությունն այնքան է վատացել, որ առանց որևէ մեկի օգնության չի կարողանում տեղաշարժվել: Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի և սկեսուրիս հաշմանդամության ու ընտանեկան նպաստների գումարներով կարողանում ենք միայն մեր նվազագույն կարիքները հոգալ»,- ասաց Արևիկը և իր երախտագիտությունը հայտնեց աջակից Վարդանյան ընտանիքին:
Իրական սիրուն հատուկ չէ ինքն իրեն մեջ պարփակվել, այլ այն իր սիրո ճառագայթները տարածում է՝ երջանկություն սփռելով ամենուր: Իսկ իրական երջանկության մասին երջանկահիշատակ Գարեգին Ա Կաթողիկոսն ասել է. «Երջանիկ ես, երբ երջանկացնում ես ուրիշներին: Եթե մեր «երջանկությունը» միայն մեզ համար ենք պահում, ապա դա քրիստոնեական երջանկություն չէ»: Հայրաբանությունն իր հերթին վկայում է, որ բարեսեր կամքով կատարված գործն աննկարագրելի երջանկության և հոգևոր խաղաղության պատճառ է դառնում: Ուրիշին բարիք անել, օգտակար լինել և երջանկացնել նրան, ահա՛ երանության անսպառ աղբյուրը:
Կարինե Սուգիկյան