Երջանկությունը, բնությամբ հիանալով, զբոսնում էր անտառում և հանկարծ փոսն ընկավ: Նստել է փոսում ու լաց է լինում: Մոտակայքով մի մարդ անցավ: Երջանկությունը լսեց քայլերի ձայնն ու կանչեց փոսի միջից.
- Բարի՛ մարդ: Ինձ դուրս բեր այստեղից:
- Իսկ փոխարենն ինձ ի՞նչ կտաս,- հարցրեց մարդը:
- Իսկ դու ի՞նչ ես ուզում,- հարցրեց Երջանկությունը:
- Մի մեծ, գեղեցիկ ու թանկարժեք առանձնատուն ծովափին:
Երջանկությունը նվիրեց նրա ուզածը, իսկ մարդն ուրախացած վազեց՝ մոռանալով Երջանկության մասին: Երջանկությունն սկսեց ավելի բարձր ձայնով լաց լինել:
Երկրորդ մարդն էր անցնում մոտակայքով, և Երջանկությունը նրան էլ կանչեց.
- Բարի՛ մարդ: Դուրս բեր ինձ այստեղից:
- Իսկ դու ինձ ի՞նչ կտաս,- հարցրեց մարդը:
- Ի՞նչ ես ուզում,- հարցրեց Երջանկությունը:
- Գեղեցիկ ու թանկարժեք մեքենաներ եմ ուզում:
Երջանկությունը նրան էլ տվեց այն, ինչ ուզում էր և սա էլ, ուրախանալով՝ մոռացավ Երջանկությանն ու վազելով հեռացավ: Երջանկությունը հույսը կորցրեց:
Հանկարծ երրորդ մարդու ոտնաձայները լսեց ու բացականչեց.
- Բարի՛ մարդ, հանիր ինձ այստեղից:
Մարդը նրան դուրս հանեց ու շարունակեց իր ճանապարհը: Երջանկությունը ուրախացած վազեց նրա հետևից ու հարցրեց.
- Իսկ ինձ օգնելու դիմաց ի՞նչ ես ուզում:
- Ոչինչ էլ չեմ ուզում,- պատասխանեց մարդը:
Եվ Երջանկությունն այդպես էլ վազում է մարդու հետևից՝ երբեք նրանից ետ չմնալով:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի