22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Եթե խեղում ունենալով մենք համբերում ենք ու չենք տրտնջում, ապա մեծ վարձք ենք ստանում: Որովհետև բոլոր խեղանդամ մարդիկ իրենց համար որոշակի (հոգևոր) խնայողություններ են կուտակում: Օրինակ՝ խուլ մարդու համար երկնային խնայողական դրամարկղում հաշիվ է բացված այն ականջի համար, որը չի լսում, կույրին՝ չտեսնող աչքի համար, կաղին՝ կաղ ոտքի: Դա շա՜տ մեծ բան է: Եթե այդ մարդիկ հոգևոր կրքերի դեմ գոնե մի փոքր սխրանք էլ գործեն, ապա Աստծու կողմից պսակների կարժանանան: Տե՛ս, պատերազմի հաշմանդամները հատուկ թոշակ են ստանում և բացի այդ պարգևատրվում են նաև շքանշաններով:
Եթե մարդ գեղեցկություն, արիություն, առողջություն ունի և միևնույն ժամանակ ջանք չի թափում, չի աշխատում շտկել իր թերությունները, ապա Աստված նրան կասի. «Երկրային կյանքում վայելում էիր քեզ տրված բարիքները: Քեզ էլ ի՞նչ եմ պարտք: Ոչինչ»: Իսկ ահա խեղում ունեցող մարդը, լինի դա ի ծնե, ժառանգաբար փոխանցված կամ հետո ձեռքբերովի, պետք է ուրախանա, որովհետև մյուս կյանքում փոխհատուցում է ստանալու: Հատկապես այն դեպքում, եթե ինքը մեղավոր չէ իր խեղման համար: Այդ դեպքում նա մաքուր փոխհատութցում կստանա՝ առանց «պահումների»: Քանի որ, օրինակ՝ եթե մարդ իր ողջ կյանքում չի կարող երկարել, նստել, երկրպագություն անել և այլն, ապա դա փոքր (փորձություն) չէ: Մյուս կյանքում Աստված այդպիսի մարդուն կասի. «Այստեղ եկ, զավակս, և արդեն հավիտյանս այս գահին նստիր»: Այդ պատճառով էլ ասում եմ, որ հազար անգամ ավելի լավ կլիներ մտավոր հետամնաց, կույր կամ խուլ ծնվեի, որովհետև այդ դեպքում Աստծո վարձքը կունենայի:
Եթե հաշմանդամ մարդիկ չեն տրտնջում, այլ խոնարհությամբ փառաբանում են Աստծուն և ապրում Նրա հետ, ապա Դրախտում լավագույն տեղը կունենան: Աստված նրանց խոստովանողների և մարտիրոսների մոտ կտեղավորի, որոնք իրենց ոտքերն ու ձեռքերը տվեցին հանուն Քրիստոսի սիրո, և այժմ Դրախտում Քրիստոսի ոտքերն ու ձեռքերն են ակնածանքով համբուրում:
- Հա՛յր, իսկ եթե օրինակ՝ մարդը խուլ է և տրտնջում ու բողոքում է իրեն բաժին հասածից:
- Փոքրիկ երեխաներն էլ են նվնվում: Աստված շատ բաների նշանակություն չի տալիս: Տեսեք, լավ ծնողները, հավասարապես իրենց բոլոր երեխաներին սիրելով, հատուկ հոգատարություն են ցուցաբերում թույլ կամ խեղանդամ երեխաների նկատմամբ: Այդ կերպ և Աստված՝ մեր Բարեգութ Հայրն է վարվում Իր ֆիզիկապես կամ հոգեպես թույլ երեխաների հետ, միայն թե նրանք բարի տրամադրվածություն ունենան և թույլ տան Նրան խառնվելու իրենց կյանքերին:
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի