25 Նոյեմբեր, Բշ
Կար չկար մի թագավոր: Մի անգամ նա ցանկացավ նկարի վրա պատկերված հանգստություն տեսնել և պարգև խոստացավ լավագույն նկարի համար: Շատ նկարիչներ փորձեցին այդպիսի նկար նկարել: Թագավորը բոլոր գործերը նայեց, բայց միայն երկուսն իսկապես նրան դուր եկան: Դրանցից լավագույնն էլ պիտի ընտրեր:
Մի նկարի վրա խաղաղ լիճ էր պատկերված: Դրա հայելանման մակերեսի վրա արտացոլվում էին շրջակա լեռները, կապույտ երկինքն ու ամպերը: Յուրաքանչյուրն, ով նայում էր այդ նկարին, մտածում էր, որ հենց դա է հանգիստը պատկերող կատարյալ նկարը:
Երկրորդ նկարում լեռներ էին՝ մերկ ու անհարթ: Երկինքը փոթորկված էր, փայլատակում էր կայծակն ու անձրև էր գալիս: Լեռան վրայից փրփրոտ մի ջրվեժ էր գահավիժում ներքև: Այդ ամենն ամենևին էլ խաղաղ չէր թվում: Սակայն ջրվեժին նայելով՝ արքան մի փոքրիկ թուփ տեսավ դրա ետևում, որ աճել էր ժայռի ճեղքի մեջ: Թռչունը բույն էր հյուսել այնտեղ ու փոթորկված ջրով շրջապատված՝ ձագուկներին էր սպասում:
Հենց այդ նկարն էլ թագավորն ընտրեց՝ ասելով.
- Հանգիստ՝ չի նշանակում մի տեղ, ուր հանդարտ ու խաղաղ է, որտեղ աղմուկ ու անհանգստություն չկա կամ լարված աշխատանք: Հանգիստն այն է, երբ այդ ամենը կա, սակայն դուք ձեր սրտում պահպանում եք անդորրն ու խաղաղությունը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի