Եռօրյա ուխտագնացություն դեպի Վիրահայոց թեմ

Հոկտեմբերի 14-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, մեկնեց եռօրյա ուխտագնացության դեպի Վիրահայոց թեմ: Մինչ մեկնելը, վաղ առավոտյան, թվով քսան ուխտավորներ Սբ. Անանիայի մատուռ-դամբարանում միասնաբար աղոթեցին:

Հասնելով Թբիլիսի՝ ուխտավորները Սբ. Էջմիածին եկեղեցում (1805 թ.) մասնակից եղան Երեկոյան ժամերգության: Ուխտավորներն աղոթքի էին կանգնել այն սրբավայրում, որտեղ հիմնադրման իսկ օրից առ այսօր չի դադարել աղոթքը: Սբ. Էջմիածինը Վրաստանում գտնվող հայոց սակավաթիվ այն եկեղեցիներից է, որ գործել է նաև խորհրդային տարիներին: Աղոթողների միաբանությունն ու միակամությունը խորհրդանշող ընդհանրական աղոթքից հետո Սբ. Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը ողջունեց ուխտավորներին՝ ասելով, որ իրենք Աստծո օրհնությամբ և աղոթական ներկայությամբ գտնվում են փոքրիկ Էջմիածնում, փոքրիկ Հայաստանում և որ օտարության մեջ եկեղեցի ու խաչքար տեսնողի ենթագիտակցության մեջ արթնանում է մի զգացողություն, որ ինքը գտնվում է Հայաստանում և հայոց հողի վրա: Տեր Վիրապը մաղթեց ուխտավորներին, որ Տերն ի կատար ածի նրանց ուխտը, և որ ուխտավորներն իրենց աղոթքներով մշտապես աջակից լինեն հոգևորականներին՝ հոգևոր սպասավորությունը իրականացնելու իրենց ճանապարհին:

Ի դեպ, արխիվային վավերագրերի վկայությամբ, 1817 թ.-ին Թբիլիսիում հայ համայնքն ուներ 25 եկեղեցի: Այս թիվն անփոփոխ է մնացել մինչև Վրաստանի խորհրդայնացումը: Վրաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, բոլոր եկեղեցիները, բացի Մեյդանի Սբ. Գևորգ և Սբ. Էջմիածին եկեղեցիներից, բռնագրավվեցին, ապա՝ նրանց մի մասը քանդվեց: Սկսած 2005 թ.-ից Հայ Առաքելական Սբ. եկեղեցին պայքար է մղում կանգուն մնացած 11 հայոց եկեղեցիների վերադարձման համար: Այժմ Թբիլիսիում գործում են միայն Սբ. Գևորգ և Սբ. Էջմիածին հայկական եկեղեցիները:

Հոկտեմբերի 15-ին՝ չորս ավետարանիչների հիշատակության օրը, ուխտավորներն իրենց շուրթներին ավետարանիչների բարեխոսությունն ունենալով, եղան մի շարք սրբավայրերում: Նրանք այցելեցին Վրաց ուղղափառ եկեղեցու գլխավոր մայր տաճարը՝ Սբ. Երրորդությունը՝ կառուցված 2002 թ.-ին: Ուխտավորները միասնական աղոթք ունեցան նաև Վրաստանի հնագույն սրբավայրերից Սվետիցխովելիի Մայր տաճարում, որ գտնվում է Վրաստանի հնագույն մայրաքաղաքում՝ Մցխեթայում: Այնուհետև եղան Թբիլիսիի հայկական պանթեոնում՝ Խոջիվանքի գերեզմանատանը, ուր Տեր Վահանը հոգեհանգստյան աղոթք կարդաց՝ ի հիշատակ պանթեոնում ամփոփված հասարակա-քաղաքական, գրական և մշակութային հայ գործիչների:

Ապա Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու ուխտավորների աղոթքի ուղին կանգ առավ Նորաշենի Սբ. Աստվածածին հայկական եկեղեցում (15-րդ դար), որ հարյուրամյակներ շարունակ հայ և օտար հեղինակների ու այցելուների թողած գրավոր աղբյուրներում հիշատակվում է որպես Տփղիսի գլխավոր հայկական եկեղեցիներից մեկը։ Այս եկեղեցու մասին Գյուտ քհն. Աղանյանը Թիբիլիսիի հայոց եկեղեցիներին վերաբերող տեղեկագրում հետևյալ հետաքրքիր միջադեպն է հիշատակում. «Հին պատկեր կայ Աստվածածնայ բեմի եւ աջ խորանի միջեւ որմի մեջ, որի մասին ասում են, թէ 1830 թ. մեծ քոլերայի ժամանակ լաց է եղել. եկել են ժամանակի նահանգապետը, ոստիկանապետը եւ այլն, կարծելով շինովի է, բայց տեսել են, որ իսկ է, շինել են արձանագրութիւն պատահածի մասին: Այդ թուղթը կարծւում է, որ Տէր Յովհաննէս Արարատեանի տանն է եղել եւ կորել է»:

Հաջորդ սրբավայրը, որ հյուրընկալեց ուխտավորներին, մասնակիցը լինելու Երեկոյան ժամերգությանը, Թբիլիսիի Մեյդանի Սբ. Գևորգ հնագույն հայկական եկեղեցին (13-րդ դար) էր, որն այժմ Վիրահայոց թեմի առաջնորդանիստն է: Երեկոյան ժամերգության ավարտին ուխտավորները հաղորդակից եղան եկեղեցում պահպանվող Սբ. Գևորգի մասունքի օրհնությանը: Ապա եկեղեցու լուսարարապետ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանն իր ուրախությունը հայտնեց Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու ուխտավորներին՝ Թբիլիսիում ուխտավորաբար գտնվելու առթիվ: Տեր Հայրը ներկայացրեց եկեղեցու կառուցման պատմությունը և անդրադարձավ նաև Վիրահայոց թեմում իրականցվող հոգևոր և մշակութային կյանքին: Տեր Վահանը շնորհակալություն հայտնեց Տեր Նարեկին՝ մաղթելով, որ Տերը զորացնի իրենց հոգևոր ծառայության ընթացքում, քանի որ իրենց նվիրումի շնորհիվ է, որ օտար հողի վրա պայծառանում և շենանում է հայ եկեղեցին:

Երեկոյան ուխտավորները զբոսնեցին Թբիլիսիի ամենահայկական թաղամասերից մեկում՝ Հավլաբարում՝ ծանոթանալով երբեմնի հզոր համայնք ունեցող Հավլաբարի առօրյային և մշակութային կյանքին: Ուխտավորները հոկտեմբերի 15-ին և 16-ին առիթ ունեցան նաև մասնակցելու Թբիլիսի քաղաքի տոնին՝ Թբիլիսոբային:

Եռօրյա ուխտագնացության վերջին օրն ուխտավորների համար եզրափակվեց Սբ. Գևորգ եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագի մասնակցությամբ, որ մատուցվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ: Ուխտավորները մասնակից եղան Սբ. Հաղորդության սիրո խորհրդին, ինչի շնորհիվ, Սբ. Գրիգոր Տաթևացու խոսքի համաձայն, Աստված մոտենում է մարդուն, իսկ մարդը՝ Աստծուն:

Հավարտ Սբ. Պատարագի Վազգեն սրբազանը ողջունեց ուխտավորներին՝ մաղթելով, որ Տիրոջ կողմից ընդունելի լինի բոլորի ուխտը: Ըստ Սրբազան հոր խոսքի՝ ամեն անգամ ուխտավորների ներկայությամբ Սբ. Պատարագը դառնում է ավելի հզոր և գեղեցիկ:

«Ուխտավորաբար գտնվելով Վիրահայոց թեմի մեր եկեղեցիներում՝ ականատես եղանք նրան, թե ինչպես է հայն իր զորավոր հավատով դարեր շարունակ պահպանել և պահպանում իր հոգևոր արժեքները օտար հողի վրա: Ուխտավորներս հոգևոր ուրախություն ապրեցինք թեմի հոգևորականների և ժողովրդի ջերմ ու սիրալիր ընդունելությունից»,- ասաց Տեր Վահանը:

 

Եռօրյա ուխտագնացությամբ զորացած Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու ուխտավորները Հայաստան վերադարձան հոգևոր մեծ ուրախությամբ և այն լիառատ հույսով, որ երկրի վրա Աստծո հետ միավորվողը հավիտենության մեջ էլ կլինի Նրա հետ:

 

 

Կարինե Սուգիկյան

17.10.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․