Ավետարանն աշխարհին բերեց նոր հոգևոր արժեքներ՝ հավատ, հույս, սեր, որոնցից մեծագույնը, Պողոս առաքյալի խոսքի համաձայն, սերն է (Ա Կորնթ. 13:13): Որտեղ կա սեր, այնտեղ կա վստահություն, այնտեղ կա հույս: Իրական սերը մշտատև է, այն երբեք չի սպառվում: Սիրո ուղին է, որ առաջնորդում է մարդուն դեպի հավիտենական երանելի կյանք: Ավետարանը կոչում է մարդուն սիրո ծառայության:
Այդ կոչին ընդառաջ, դեկտեմբերի 25-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Մանուկյան կարիքավոր ընտանիքին: Մանուկյան Ալլան (33 տ.) իր երկու զավակների՝ Հրաչյայի (14 տ.) ու Մերիի (12 տ.) հետ բնակվում է Նորաշեն թաղամասի 47/7 բն. 2 հասցեում: Սոցիալապես անապահով ընտանիքն ապրում է երեք հարկանի շենքի առաջին հարկի մեկ սենյականոց խոնավ բնակարանում, որ նախկինում ավտոտնակ է եղել: Ընտանիքի համար մեծ ցավ և հայաստանյան պայմաններում անլուծելի խնդիր է Մերիի առողջական վիճակը: Երեխան ծնվել է Վեստի համախտանիշով, որը երեխայի մոտ արտահայտվել է շատ հազվադեպ հանդիպող կերպով՝ գոյացությունն ուղեղի երկու կիսագնդերի միջև է գտնվում: Երեխայի մոտ հիվանդությունը բացահայտել են երեք ամսականում: Մերին երկար տարիներ է, ինչ գամված է սայլակին և չի խոսում: Ընտանիքի մայրը նշեց, որ Մերիի վիրահատությունն ու բուժումը հնարավոր է միայն արտերկրում, ինչի գումարն իրենք ի վիճակի չեն վճարելու:
«Այս տարի Մերին մի քանի անգամ թոքաբորբով հիվանդացավ և թույլ իմունիտետ ունենալու պատճառով՝ բուժումներն այնքան երկար տևեցին, որ կարելի է ասել տարվա մեծ մասն անցկացրել ենք «Արաբկիր» բժշկական համալիրում: Աղջկաս հաշմանդամության գումարը հազիվ բավարարում է, որ իր համար տակդիրներ և դեղորայք գնենք, քանի որ ոչ միշտ են մեզ անվճար դեղորայք տրամադրում: Եկող տարվանից մեզ կտրամադրեն ընտանեկան նպաստ, որն ինչ-որ չափով կօգնի մեր նվազագույն կարիքները հոգալ»,- ասաց Ալլան:
Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և ընտանիքին հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էին համայնքի երիտասարդ ամուսիններ Մարի և Հրաչյա Թառփոշյանները:
Քրիստոս ուսուցանում է. «Ազգերի իշխանավորները տիրում են իրենց հպատակների վրա, և ղեկավարներն իշխում են իրենց ժողովուրդների վրա: Բայց ձեր մեջ այդպես չպետք է լինի: Եթե ձեզնից մեկն ուզենա մեծ լինել, ձեր սպասավորը պետք է լինի: Եթե ձեզնից մեկն ուզենա առաջինը լինել, ձեր ծառան պետք է լինի, որովհետև Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթ. 20:24-29):
Կարինե Սուգիկյան