13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Եթե ոտքդ հետ քաշես և սրբության օրը քո ուզածը չկատարես, ….այն ժամանակ կարող ես ապավինել Տիրոջը (Եսայի 58:13):
Զգո՛ւյշ լինենք ուրեմն, որ նրա հանգստի մեջ մտնելու խոստումից, որ տրված է մեզ, ձեզնից որևէ մեկը չզրկվի (Եբր. 4:1):
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Տեր Հիսուս Քրիստոս,
Փա՜ռք Ամենակալին, որ այսօր այստեղ ենք և կրկին հնարավորություն ունենք վայելելու մեկս մյուսի ընկերակցությունը: Փա՜ռք Երկնակալին, որ մենակ չենք, որ զրկված չենք միմյանց ջերմ ողջույնից, բարի խոսքից ու քաջալերանքից: Մարդու համար իսկապես շատ ու շատ կարևոր է մարդկային հաղորդակցությունը, իր նմանի ընկերակցությունը, ներկայությունն ու աջակցությունը: Մեր կյանքի ամենաերջանիկ, ամենաթանկ ու ամենահիշարժան պահերը միշտ էլ պայմանավորված են մեկ ուրիշ մարդու ներկայությամբ: Ծնողական ջերմ գիրկ, խրախուսող ժպիտ, փոքրիկ ափդ բռնած ամուր ձեռք ու վերջ, քեզ վստահ և ուժեղ ես զգում՝ այլևս ոչնչից չվախենալով՝ ո՛չ պահարանում թաքնվող հրեշից, ո՛չ էլ հարևան բակի կռվարար տղայից: Հանդիպում ճշմարիտ սիրուն, միակին, հարազատ հոգուն, և սիրտն ահա խայտում է սիրելիի մեկ հայացքից, մեկ ժպիտից, ձայնի մեկ ելևէջից միայն: Պատրաստ ես աշխարհն անգամ շուռ տալ նրան երջանիկ տեսնելու համար: Զավակի ծնունդ: Այդ մի բուռ նոթոտ մարդուկը քեզ աշխարհի ամենաերջանիկ ու բարի մարդն է դարձնում, թևեր է տալիս, ապրելու, առաջ շարժվելու ուժ ու ցանկություն: Այդ երջանիկ պահերն իհարկե սքանչելի են ու թանկ, սակայն, ցավոք, անցողիկ են և եթե անգամ ուղեկցեն մեզ մինչև մեր կյանքի ավարտը, ապա, միևնույն է, վերջին շնչի հետ ցրվելու են որպես մառախուղի մի փոքր ամպիկ, և հավիտենության դարպասների առջև մենակ են թողնելու մեզ: Իսկապես որ, վախեցնող պատկեր է. մի անեզր հավերժություն ու ես… Բայց մի հուսադրող հանգամանք կա, որի մասին քաջ գիտեն բոլոր քրիստոնյաները. մարդ երբեք, ոչ մի պարագայում միայնակ չէ, եթե ընտրում է Քրիստոսի ամենաօրհնյալ ու երանավետ ներկայությամբ ապրելը: Եվ խոսքս բնականաբար փոխաբերական իմաստ չունի, այլ՝ ամենաուղիղ, քանի որ Տիրոջ բերկրաբեր ներկայությունը ճշմարիտ քրիստոնյայի հոգևոր կյանքի ամենաքաղցր ու ամենացանկալի փորձառությունն է: Ով իրապես զգացել է Աստծու կենդանի ներկայությունը, նա չի կարող մեկ այլ բան առավել տենչալ, քան դա է: Ապրեցնող, մխիթարող, հուսադրող, սիրո աննկարագրելի ջերմությամբ պարուրող մի զգացում, որ վեր է ամեն ինչից, և յուրաքանչյուր քրիստոնյայի ամենաբաղձալի նպատակներից մեկն է:
Այսօրվա բնաբանիս տողերը՝ Եսայի մարգարեի և Պողոս առաքյալի շուրթերով հնչած, ուղեցույց են հանդիսանում մեզ համար՝ Տիրոջը մեր սիրտ հրավիրելու, մեզ էլ Նրա կենարար հանգստի մեջ ուղեկցելու համար:
Արարիչ Աստված վեց օր արարեց և մտավ յոթերորդ օրվա հանգստի մեջ: Մենք՝ որպես Աստծու որդեգիրներ և Քրիստոսի եղբայրակիցներ, հրավիրված ենք այդ հանգստի մասնակիցը դառնալու, և երանելի Պողոս առաքյալը զգուշացնում է, որպեսզի հանկարծ որևէ մեկը չզրկվի այդ սքանչելի խոստումից: Եսայի մարգարեն էլ ցույց է տալիս ճանապարհը. «Եթե ոտքդ հետ քաշես և սրբության օրը քո ուզածը չկատարես, ….այն ժամանակ կարող ես ապավինել Տիրոջը»: Լսեցե՛ք միայն, թե ինչ պայման է դնում մեծն մարգարեն՝ եթե ոտքդ հետ քաշես և չկատարես քո ուզածը… Սա ուղղակի մի հրաշագործ բանալի է, սիրելի՛ հավատացյալներ, որ տանում է դեպի երաշխավորված երջանկություն ու խաղաղություն, քանի որ բացում է դեպի Ամենակարող Աստված տանող դուռը: Եթե միայն մեղսասեր ոտքդ հետ քաշես… Եթե միայն չկատարես ապականված սրտիդ ուզածը… Այս տողերը, որպես զորեղ դեղատոմս, դո՛ւրս գրեք ձեզ համար, սիրելի՛ հավատացյալներ, և միշտ ունեցեք աչքի առջև, իհարկե, եթե ուզում եք, գեթ ինչ-որ չափով արժանի լինելու Զորությունների Տիրոջ ողորմածությանը և ապավինելու Նրա սուրբ նախախնամությանը: Սա մեծագույն պատիվ և օրհնություն է, որ Բարձրյալն Իր Աջով ուղղել է մեզնից յուրաքանչյուրին, սակայն վերցնելը կախված է միմիայն մեր ազատ կամքից և հոգևոր կյանքում առաջադիմելու ձգտումից: Պատարագներին ձեր ֆիզիկական ներկայությունը, վառած մոմերը, հիշատակության համար գրված անունները շատ լավ են, և փա՜ռք Տիրոջը, որ գոնե այդ շեմը հաղթահարել եք, սիրելի՛ հավատացյալներ, որ գոնե ինչ-որ գործողություն կա ձեր հոգևոր կյանքում, սակայն իմացե՛ք, որ դրանք հավիտենության ճանապարհի լոկ առաջին քայլերն են, այբբենարանը, մանկան կաթը, որ եփվելով՝ պիտի դառնա շիլա, որին պիտի հաջորդի ապուրը, հետո ավելի պինդ ու սննդարար կերակուրը: Ինչպես հայրերն են ասում՝ անչափ գեղեցիկ ու հուզիչ է, երբ մանուկը գղգղում է, սակայն երբ երեսնամյա տղամարդն է գղգղում, դա արդեն դժբախտություն է: Ուստի, երբ այսօր տուն գնաք, մտածեք սրա մասին, սիրելինե՛ր, և փորձեք հասկանալ, թե դուք որ փուլում եք գտնվում՝ դեռևս գղգղո՞ւմ եք, եթե՝ այո, ապա քանի՞ տարի, թե՞ ավելացրել եք ձեր հոգևոր գիտելիքներն ու փորձառությունը և գեթ ինչ-որ առաջընթաց ունեք: Անկեղծ եղեք ինքներդ ձեզ հետ: Խոստովանեք, թե որ հարցում եք կաղում, որտեղ եք թերացել, ինչ պակասներ ունեք, որ պիտի լրացնեք: Քննեք ձեզ, ճանաչեք ձեր տկարությունները, թերությունները, տեսեք, թե ինչպիսի կրքերի եք հակված, որպեսզի անհրաժեշտով լրացնեք բացերը, ճիշտ բուժում գտնեք ձեր ախտերին: Չէ՞ որ հազը բուժելու համար յոդ չես խմի, ոչ էլ վերքը կբուժես հազի օշարակով: Խնդրի լուծումը հստակություն է պահանջում: Կբուժվես, եթե հստակ գիտես հիվանդությունդ և այն բուժող դեղամիջոցը:
Հիշո՞ւմ եք, երբ աշակերտները չկարողացան հալածել դևին և Քրիստոս ասաց նրանց, որ այն հալածվում է պահքով և աղոթքով (Մատթ. 17:20): Կարծում եք խոսքը կերակրի պահքի մասի՞ն էր: Միայն այն դեպքում, երբ հակված ես որկրամոլության, երբ ուտելու կիրք ունես: Իսկ եթե կախում չունես սնունդից, հեշտությամբ ես հրաժարվում դրանից, ապա դա չի կարող պահք համարվել, որը կքշի դևին: Այլ ճշմարիտ պահք է այն, երբ դու հրաժարվում ես մի բանից, որի հանդեպ հակում ունես, կիրք ունես, և դրանից հրաժարվելն իսկապես դժվար է քեզ համար: Չէ՞ որ կրքերը ևս դիվական բնույթ ունեն, և կրքով պատված մարդու նկարագիրը այնքան էլ չի տարբերվում դիվահարի նկարագրից: Ուստի առավելագույնս անկեղծ եղեք ինքներդ ձեր և Աստծու հանդեպ, սիրելի՛ հավատացյալներ, առավելագույնս վճռական եղեք ձեր մեղքերից ազատվելու և Աստծուն հնարավորինս նմանվելու ձեր ցանկության մեջ և միայն այդ դեպքում կարող եք վստահ լինել, որ կհաջողեք ձեզ «զորացնող Քրիստոսի» օգնությամբ:
Հրեաներին տրված էր շաբաթը՝ այն սուրբ պահելու և Աստծուն նվիրելու համար: Դա նշանակում էր զերծ մնալ մարդկային մեղսալից գործերից և նվիրվել աստվածային սուրբ ծառայությանը: Մեզ համար շաբաթը մեր ամբողջ կյանքն է, կամ մեր ողջ կյանքը շաբաթ է. ում ինչպես դուր է գալիս: Ուստի Աստված մեզ կոչել է շաբաթ օրվա խորհրդով ապրելու, այսինքն՝ սուրբ կյանքով ապրելու, մարդկային ախտավորից հրաժարվելու և աստվածային սրբության մեջ կատարելագործվելու, բացահայտող լույսը խավարի գործերից ավելի սիրելու: Դրա համար հաճախակի՛ դիմեք Սուրբ Գրքի և հայրաբանության օգնությանը. մեկն Աստծու խոսքն է մեր մասին և ուղղված մեզ, մյուսը Եկեղեցու փորձառությունն է, հայրերի ապրած կյանքը, որ կրկին մեզ օգնելու, ճշմարիտ ճանապարհով մեզ առաջնորդելու համար է: Լսե՛ք, կարդացե՛ք և ապա կյանքի՛ կոչեք՝ ըստ յուրաքանչյուրիդ հնարավորության: Թող աստվածայինը տեսականից գործնականի վերածվի ձեր կյանքում: Քրիստոնյա բառը անվանումից աճի ու դառնա կենսակերպ՝ լուսավորող ու սեր պարգևող: Սուրբ Հաղորդության միջոցով մեր Փրկչի՝ Քրիստոսի հետ միավորումը ձեր խոսքի ու գործի միջոցով թող բաժանվի նաև ձեր մերձավորներին, ձեր շրջապատում ապրող մարդկանց: Չէ՞ որ ինչպես ասում են՝ սովածը ոչ թե հացի նկարի կարիքն ունի, այլ հենց հացի: Ուստի Ողորմած Աստծու գործի՛քը դարձեք, թո՛ւյլ տվեք, որպեսզի Քրիստոս Իր սերն ու ողորմությունը հենց ձեր միջոցով տարածի աշխարհում: Հրաժարվե՛ք անտարբերությունից, խստասրտությունից, ամբարտավանությունից, կեղծավորությունից, մեծամտությունից և այն ամենից, ինչը խոչընդոտում է ձեզ այս հարցում: «Հե՛տ քաշեք ձեր ոտքը», որպեսզի տեղ բացեք Աստծու Աջի համար: Իսկ ոտքի հետ միասին «հետ քաշեք» նաև ձեռքը, աչքը, լեզուն և մարմնի մյուս մասերը, որոնցով մեղք եք գործում: Մի՛ վախեցեք աշխարհի չարությունից, այլ պայքարեք դրա դեմ բարությունն ավելացնելու, ճշմարտությունը տարածելու և սեր սփռելու միջոցով: Հաճախակի՛ մտածեք հավիտենության դարպասների առջև կանգնելու անխուսափելիության մասին, ինչպես այն վանականը, որ իր խցի առջև իր գերեզմանափոսն էր փորել և ամեն օր խնկարկում էր, և հոգ տարեք, որպեսզի այն ոչ թե սարսափելի, այլ հուսադրող լինի ձեզ համար: Մտածե՛ք երկնային օթևանների մասին, որ Հայրը պատրաստել է Իր հավատարիմների համար: Թող Երկինքը գերակշռի ձեր մտահորիզոնում, քանի որ ինքներդ էլ Երկնքի քաղաքացիության եք կոչված: Ուստի այս կյանքը այդ քաղաքացիությունը ստանալու քննություն համարեք միայն, նախապատրաստական փուլ՝ հիմնականին, արժևորին անցնելու համար: Եվ պատրաստվե՛ք, սերտե՛ք, գործնականում կիրառե՛ք ձեր գիտեցածը առավել ջանասիրաբար, քան այդ կանեիք որևէ պետության քաղաքացի դառնալու համար: Մի՛ կապկպեք ձեզ և ոչ մի բանի հանդեպ կրքով, որքան էլ որ դրանք հաճելի լինեն ձեզ ու արդեն հարազատ դարձած: Հրաժարվե՛ք: Հանուն ձեր փրկության՝ հրաժարվե՛ք: Աղոթքով, պահքով, ապաշխարությամբ ու Տեր Հիսուս Քրիստոսի օգնությունն աղերսելով՝ քանդե՛ք բոլոր կապանքները, որ խոչընդոտում են ձեր իրական կոչմանը: Թող որ վերստին մանկան մաքրություն ձեռք բերի ձեր հոգին և ազատորեն ճախրի դեպի հարազատ եզերքները: Քրիստո՛ս և միա՛յն Քրիստոս պիտի լինի մեր կյանքի կենտրոնը, սիրելինե՛ր: Հոգով կիմանաք դա և կհաստատվեք այդ խորհրդի մեջ, երբ արդեն այստեղ ապրեք Նրա ներկայության քաղցրությունը: Ուստի մի՛ ձանձրացեք, այլ աղոթքով սեր, խորագիտություն ու խոնարհություն հայցեք Ամենակալից, որպեսզի տեսնեք ձեզ մաքսավորի կողքին՝ կուրծքը ծեծելիս, նինվեացիների նման քուրձ հագած ու գլխին մոխիր ցանելիս, որպեսզի անառակ որդու հետ ձեռք-ձեռքի տված գլխիկոր տուն դառնաք և ներում հայցեք ձեզ սիրող Հորից, որպեսզի ծնկեք անառակ կնոջ կողքին և ձեր արտասուքով լվանաք ճանապարհից հոգնած Փրկչի ոտքերը: Եթե գտնեք ձեզ սուրբգրային այս և մյուս պատմություններում, ուրեմն փա՜ռք Ողորմածին, ճիշտ ուղու վրա եք և միայն այդժամ կարող եք ապավինել Տիրոջը և հուսալ, որ չեք զրկվի ձեզ տրված խոստումից. ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան