Գրքեր

Եթե սիրահարված ես

Եթե սիրահարված ես, ապա կարող ես ապրել Աթենքի կենտրոնական հրապարակում՝ Օմոնիայում, և չիմանալ, որ այնտեղ ես գտնվում, չտեսնել մեքենաներն ու մարդկանց, չնկատել ոչինչ։ Միայն դու ես ու սիրելիդ։ Ապրում ես նրանով, բավականություն ստանում, նա ոգեշնչում է քեզ։ Այդպես չէ՞։

Այժմ պատկերացրեք, որ նա, ում սիրում եք, Քրիստոսն է։ Քրիստոս քո մտքում է, սրտում, ողջ էությանդ մեջ, Քրիստոս ամենուր է։

Քրիստոս կյանքն է և կյանքի աղբյուրը, ուրախության ու ճշմարիտ լույսի աղբյուրը, ամեն ինչ է։ Ով սիրում է Քրիստոսին ու մարդկանց, նա իսկապես ապրում է ճշմարիտ կյանքով։ Կյանքն առանց Քրիստոսի՝ մահ է, տառապանք, կյանք չէ․․․

Դժոխքը հենց սիրո բացակայությունն է, այսինքն՝ տառապանք։ Կյանքը Քրիստոսն է։ Սերը՝ Քրիստոսով կյանքը։ Կա՛մ կյանքի մեջ կլինես, կա՛մ՝ մահվան։ Երրորդը չկա։ Ընտրությունը կախված է քեզանից։

- Ես բոլորին սիրում եմ․․․ այդ է պատճառը, որ չեմ հոգնում աղոթելուց։

Աղոթում եմ բոլորի համար, նաև նրանց համար, ովքեր մեկնում են այստեղից՝ այդպես էլ ինձ չտեսնելով։ Ես աղոթում եմ ընդհանրապես բոլորի համար, իսկ ոմանց համար՝ անվանապես։

- Եվ չե՞ք հոգնում։ Այդքան մարդ է գալիս․․․ Ինչպե՞ս եք դիմանում,- հարցրինք հայր Պորֆիրիոսին։

- Ես նրանց սիրում եմ․․․ ուստի և չեմ հոգնում աղոթելուց։ Ուզում եմ նրանց բոլորին օգնել, բայց չեմ կարող և անհանգստանում եմ դրա պատճառով։ Ողջ օրն անդադար խոսում եմ, բերանս լրիվ չորանում է։ Առավոտյան 4-ից կամ 5-ից սկսում եմ խոսել։ Ահա այսօր առավոտյան 5-ին ինձ զանգահարեց Սուրբ լեռան վանքերից մեկի վանահայրը, հետո Կրետեից մի սրբազան։

Նախանցյալ օրը կեսգիշերին մի մարդ զանգահարեց Խաղաղ օվկիանոսում գտնվող ինչ-որ կղզուց։ Հասկանո՞ւմ ես։ Այստեղ լինելով՝ հոգով այնտեղ էի։ Նա իր դուստրերի մասին էր պատմում։ Նրանցից մեկի համար խորհուրդներ տվեցի նրան։ Այդ մարդը շատ ուրախացավ։ Ասացի, որ էլի զանգահարի ինձ։

Երբ հոգնում եմ, փակում եմ դեմքս և միայն օրհնություն եմ տալիս այցելուներին։ Մարդիկ հեռվից են գալիս՝ Ալեքսանդրիայից, Կիատոյից, ամբողջ Հունաստանից և արտասահմանից։

Մարդիկ մեծ խնդիրներ ունեն։ Ինչ արած․․․ ջանում եմ։ Բայց չեմ կարող անընդհատ խոսել։ Նրանք վշտանում են, հեռանում, իսկ հետո խոսակցություններ են տարածվում․․․

Վանահայրերից մեկն ինձ խորհուրդ է տալիս բոլորին ընդունել։ Թեկուզ մի փոքր խոսել յուրաքանչյուրի հետ կամ գոնե միայն օրհնել։ Գիտես, ոչ մեկը չի կարող գոհացնել այդչափ մարդկանց։ Այդ կերպ ոմանք ինձ կարող են այսօր սուրբ ծեր անվանել, իսկ վաղը լրագրողները կգրեն, թե մարդիկ դժգոհ են ինձանից, և ես գայթակղության մեջ եմ գցում մարդկանց։

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

25.10.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․