Ինչ հիմարություն ասես, որ այսօր երեխաներին չեն պատմում դպրոցներում: Դարվինի տեսությունը և նման այլ հիմարություններ… Նրանք, ովքեր երեխաներին այդ բոլոր հիմարությունները սովորեցնում են, իրենք դրանց չեն հավատում: Սակայն նրանք հիմարացնում են երեխաներին, որպեսզի պատվաստեն նրանց այդ վարակը և հեռացնեն Եկեղեցուց: Մի անգամ նման մի «գիտնական» սկսեց իր հեքիաթները պատմել ինձ. «Ենթադրենք, որ հողի բաղադրության մեջ զանազան միկրոօրգանիզմներ ու բաղադրիչներ կան, որոնք օգտագործելով՝ Աստված ստեղծեց մարդուն…»: «Այսինքն,- ասում եմ,- եթե այդ ամենը չլիներ, ապա Աստված չէ՞ր կարողանա մարդուն ստեղծել: Մի տես, է՜, ի՜նչ դժվար գործ է»: «Բայց եթե ենթադրենք,- շարունակեց նա իր դատողությունները,- որ Նա կապիկին վերցնելով հասցրեց նրան կատարելությա՞ն»: «Լա՛վ,- պատասխանեցի ես,- մի՞թե Աստված չէր կարող Իր կատարյալ ստեղծագործությունը՝ մարդուն, միանգամից, առանց կապիկի ստեղծել: Չէ՞ որ Նա մի ողջ ստեղծագործական օր նվիրեց մարդու արարմանը: Թե՞ Նա պետք է նախ պահեստամասեր գտներ: Մարդու արարման մասին Հոբի մարգարեության մեջ կարդա, որը մենք Ավագ Հինգշաբթի առավոտյան ժամերգությանն ենք լսում եկեղեցում*: Կապիկի մասին այդ բոլոր հեքիաթներն այժմ նույնիսկ գիտութունը չի ընդունում: Քանի՞ տարի է անցել այն օրվանից, երբ մարդը Լուսին թռավ: Դե՞: Իսկ կապիկներն իրենց «էվոլյուցիայի» ողջ ընթացքում նույնիսկ այնտեղ չեն հասել, որ մի անգամ չմուշկով սահեն: Էլ չեմ խոսում այն մասին, որ կապիկը հեծանիվ հնարի և քշի այն: Դու երբևէ չմուշկավոր կապիկ տեսե՞լ ես: Այլ բան է, եթե մարդը վերցնի կապիկին, տանի նրան սահադաշտ և վարժեցնելու շնորհիվ սովորեցնի սահել»: «Այո՛,- չէր կարողանում հանդարտվել իմ զրուցակիցը,- բայց եթե հետևյալ ենթադրությունն անել, որ…»: «Ոչ մի ենթադրություն էլ մի՛ արա,- ասում եմ:- Լռի՛ր ու վերջ: Դա ամենից ապահովը կլինի»:
Էվոլյուցիայի այդ նույն տեսությունը համալսարանական մի պրոֆեսոր էր դասավանդում: Մի անգամ ասացի նրան. «Եթե լոբին խնամես, ապա այն աստիճանաբար ուղղակի ավելի լավ լոբի կդառնա: Սմբուկը խնամքից կդառնա ավելի լավ սմբուկ: Եթե կապիկին կերակրես և խնամես, ապա նա ավելի լավ կապիկ կդառնա: Մարդ դառնալ չի կարող: Եթե սևամորթը սառը երկրներում ապրի և արևի տակ դուրս չգա, ապա նրա մաշկի գույնը մի փոքր կփոխվի: Բայց նա չի դադարի սևամորթ լինելուց»: Իսկ եթե մտածել նաև այն մասին, որ մարդուց, մեր Սուրբ Աստվածածնից Քրիստո՜սն է ծնվել: Իսկ ըստ էվոլյուցիայի տեսության՝ դուրս է գալիս, որ Քրիստոսի նախահայրը կապի՞կն է եղել: Ինչպիսի՜ աստվածանարգություն: Բայց այդ տեսության կողմնակիցները չեն հասկանում, որ Աստծուն են անարգում: Նրանք քար են նետում, և հաշվի չառնելով, թե այդ քարով քանի գլուխ կկոտրվի, պարծենում են. «Ես քարը բոլորից հեռու նետեցի»: Այսօր հենց դրանով են զբաղվում, հիանում են նրանով, ով քարը բոլորից ավելի հեռու կնետի: Բայց թե քանի գլուխ կջարդվի, երբ այն ընկնի դրանց վրա, այդ մասին նման մարդիկ չեն մտածում:
- Հա՛յր, որոշ մարդիկ կարծում են, որ նման տեսությունների օգնությամբ կարելի է հասնել նրան, որ մարքսիստները Եկեղեցուն ավելի մոտ լինեն:
- Սկզբում հնարավոր է, որ մարքսիստները Եկեղեցուն ավելի մոտ կլինեն, բայց հետո «պարտիական կարգով կձուլվեն դրա շարքերին»: Եվ այդ ժամանակ նրանք կսկսեն սահմանել երբ գնալ եկեղեցի, իսկ երբ՝ ոչ, երբ անել այս բանը, իսկ երբ՝ մյուսը: Կսկսեն ամեն ինչ կառավարել, և ի վերջո կասեն. «Իսկ ձեզ ո՞վ ասաց, որ Աստված կա: Աստված չկա: Տերտերները խաբում են ձեզ»: Նման կերպով են մարքսիստներն օգտագործում էվոլյուցիայի տեսության կողմնակիցներին, որպեսզի իրենց ուզածին հասնեն: Իսկ նրանք դա չեն հասկանում: Դեպի բարին հակված մարքսիստները առանց էվոլյուցիայի տեսության էլ Եկեղեցի են գալիս, զղջում են, խոստովանում իրենց մեղքերը: Իսկ նրանք, ովքեր դեպի բարին հակված չեն, միևնույն է, չեն փոխվի:
* «Կամ թե դո՞ւ ես, որ կավն առնելով ստեղծեցիր կենդանի արարածին և, խոսուն, զետեղեցիր երկրի վրա» (Հոբ 38:14):
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի