26 Նոյեմբեր, Գշ
Ամբարիշտ և անօրեն Դիոկղետիանոսի թագավորության ժամանակ հռոմայեցոց ամբողջ իշխանությունը լցված էր հեթանոսական պաշտամունքով, բազմատեսակ կուռքերի մոլորությամբ, և ամեն մարդ ամբարշտությունը բարեպաշտություն էր համարում, կատաղած շան նման անզգայորեն տարված էին չար կրոնով: Մանավանդ որ ինքնակալների գրավոր հրամանները ամեն օր ուղարկվում էին նրանց, որ գավառների իշխան և կուսակալ էին կարգված: Եվ նրանց հրամայում էին` ուշադիր հետևել տոներին և ամսամուտներին, աստվածներին զոհեր մատուցել երևելի պատվով. և թագավորական նվերների ու ընծայատուր պարգևների, պատվի և ճանաչման արժանի լինել և այդպիսի պատվասիրության փութացողներին հասցնել մեծ բարիքների: Իսկ ովքեր կշեղվեին այլ կրոնի կամ ավելի ծույլ կլինեին պաշտամունքի մեջ` զրկվում էին տնից և ունեցվածքից, բազում պատուհասներով մահվան վճիռ էին ստանում: Արդ, այսպիսի հալածանք և խռովության ամպրոպ և պատուհասների սաստ էր տարածվում ամբողջ երկրով:
Նույն ժամանակ լուր է հասնում անօրեն իշխանի ականջին, իբր ամբողջ Հայաստան աշխարհն ու Կապադովկիան ընդդիմացան թագավորական հրամանին և միաբանությամբ ձեռնարկել են ապստամբություն և քրիստոնեական հավատքին անփոփոխ հետևելով` իրենց մտքում ունեն մի ոմն Հիսուսի, որին և Աստված են քարոզում: Այս լսեց Դիոկղետիանոս կայսրը, սիրտը խռովեց, մեծ ցասումով զայրացած և մեծ հեծությամբ լցված երկմտում էր: Անմիջապես հրամայեց իր բոլոր մեծամեծներին իր մոտ կանչել` հելլենացոց իմաստունների հետ: Եվ երեք օր` առավոտից երեկո, հելլենական իմաստունների հետ հաստատեցին իրենց միտքը` փոխադրել այն կուսակալներին, որոնք կարգված էին այն երկու ազգերի վրա` չար և անարի համարելով նրանց: Եվ նրանց փոխարեն ուղարկեց երկու հոգու, որ եկել էին հելլենական գավառից` հույժ իմաստուն, վարժ և կիրթ ամենայն հռետորական և փիլիսոփայական հանճարով, և խորագիտությամբ խոհեմ քան բոլոր ծերակուտականները: Նրանցից մեկը հայտնի Լուսիասն էր, որ ամբողջ Զենտացոց գավառի դքսության իշխանն էր, երկրորդը կոչվում էր Ագրիկողայոս, որին ընձեռված էր բոլոր երկրամասերի դատավորական իշխանությունը, նաև բոլոր գնդերի զինվորները, որ մերձակա գավառներում էին:
Արդ, սրանք հասնելով այն գավառները, անմիջապես ամեն հասակի մարդկանց անխնա սրով ու սուսերով մաշում էին և առանց պատշաճ պատճառի մտածում էին Աստծու վկաներին օրհասական մահ հասցնել, եթե փոքր–ինչ այլ դավանությամբ էին, կամ թշնամիներից, կամ չարասեր մարդկանցից ու չարանախանձ այրերից: Այսպիսի մրրիկ և չար տագնապ էր տարածվում այդ անմաքուր և անաստված այրերից այն աշխարհի բոլոր բնակիչների վրա: Քրիստոնյաների բազմությունը նորից քննվեց, և բռնված անթիվ զորքը մատնվեց այն արյունարբու գազաններին ի կորուստ: Այնուհետև Լուսիաս դուքսը իր բնակությունը Սատաղա քաղաքում հաստատելով` այն գավառում ում գտներ` սուրբ այրեր և կանայք, բազում հարցաքննություններից և դառն տանջանքներից հետո զգուշորեն կապկպած ուղարկում էր Ագրիկողայոս դատավորի մոտ` Սեբաստիա մայրաքաղաքը, նրանից սրով վախճանվելու: Եվ թույլ չէր տալիս բնակվել իրենց հայրենի գավառում, որպեսզի ընտանիներից և ազգականներից չդարմանվեն: Նաև որ նրանց մարմինները օրինական թաղման հասնելով պատշաճաբար գերեզման չդրվեն: Այսպեսև անօրեն Ագրիկողայոսը Սեբաստիայում բռնվածներին ուղարկում էր Սատաղա քաղաքը` Լուսիաս դուքսին, մահվան պատուհասը նրանից կրելու:
Այս այսպես եղավ: Այն տարի մի իշխան` Եվստռատիոսը, Լուսիաս բդեշխի գնդերից, աստվածապաշտ և Աստծու երկյուղած մարդ, անպարսավելի կենցաղավարությամբ անցկացրած իր օրերը` տեսնելով անօրեն իշխանի դառնաշունչ մրրիկը` տխրում էր օր–օրի պատահածների համար, որովհետև միշտ տեսնում էր նորանոր սաստիկ պատուհասներ քրիստոնյաներին. արտասվագոչ պաղատանքով և հաստատուն պահքով անդադար աղոթք էր մատուցում գիշեր ու ցերեկ մեր փրկիչ Քրիստոսին, որ թերևս հաշտվի իր ծառաների հետ և նայի իր ժողովրդին, որ գնեց իր արյունով, և փրկի անօրենների ձեռքից և ազատի չարիքների` նորից երևալուց: Ցանկանում էր և ինքը ըղձալի տենչով սրբերին հավասար ջանք դնել նահատակության և նրանց հետ արժանանալ մեծ վկայության: Բայց անօրեն իշխանի խորամանկ դավաճանությունը տեսնելով փոքր–ինչ վախենում էր առաջիկա մրցումից: Այսպիսի վիճակով փորձում է նախապես իր ճանաչողությունը: Իր մոտ է կանչում իր հավատարիմ ծառաներից մեկին և իշխանական գոտին տալիս նրան, որ տանի Արորակ քաղաքի եկեղեցին, որտեղից ինքը եկել էր, և պատվիրում է նրան այսպես անել. համարձակ մտնել եկեղեցի, բոլորից թաքուն: «Իմ գոտին,– ասում է,– դիր Աստծու սեղանի վրա, և դու թաքնվիր եկեղեցում: Եվ եթե կտեսնես Օգսենտիոսին` բոլորից վկայված և բարձրյալ Աստծու քահանային, երբ կմտնի Աստծու սուրբ եկեղեցին, սովորական աղոթքը մատուցելու, եթե իմ գոտին վերցնի այն սեղանից` կթողնես նրա մոտ համարձակ և կվերադառնաս ինձ մոտ: Իսկ եթե ժառանգավորներից մեկը վերցնի` չթողնես նրանց»: Նա իր մտքում խորհեց այսպես, որ եթե երանելի Օգսենտիոս երեցը գոտին վերցնի իր սուրբ ձեռքը, դա աստվածային մի տնօրինություն կլինի` հայտնելով նրան ցանկալի վկայությունը, նրան մոտեցնելով մրցման նույն հանդեսին, իսկ եթե այլ կերպ կատարվի` լռել և դադարել, և չհամարձակվել հանդգնաբար այս ժամանակ մտնել ճգնության մարտի մեջ:
Մի քանի օրից Եվստռատիոսի ծառան վերադարձավ նրա հրամանը կատարած: Մեկ առ մեկ պատմեց և ասաց նրան. «Այն ժամին երբ ես մտա Արորակ քաղաքի եկեղեցին և քո իշխանական գոտին դրի սեղանին ու թաքնվեցի եկեղեցում, նույն ժամին եկավ–մտավ սրբազան Օգսենտիոս քահանան` կատարելով սովորական աղոթքը: Եվ նա, ասես մեկից ուղարկված, մտավ այն խորանը, ինքը վերցրեց քո գոտին»: Այս լսելով իր ծառայից երանելի Եվստռատիոսը անասելի խնդությամբ լցվեց, նույն ժամին իշխանի ապարանքից իր հետ վերցրեց իր բոլոր բարեկամներին, ճաշի ժամին մեծ ուրախությամբ եկավ իր տունը, զվարթ և բերկրալի դեմքով, որ երբեք նա այդպիսի ուրախ դեմքով չէր երևացել, և նրա բոլոր ծանոթները զարմացան անսովոր կերպարանքից: Մտածում էին հարցնելով նրան, որ ստուգությամբ իմանան դրա պատճառը: Այնժամ նստածներից մեկը, որ նրան հասակակից էր և սիրելի բարեկամ ու քաղաքակից, որի անունը Եվգինեոս էր, համարձակ հարցրեց նրան ասելով. «Ո՛վ բարի ուսուցիչ մեր, պատվական Եվստռատիոս, մի՞թե մեր իշխանի հրամանի համար, որ որոշել է վաղը հանդիսավոր երթ կազմակերպել և քրիստոնյաների դեմ ամեն տեսակ տանջանքների գործիք պատրաստել, դրա համար ուրախությամբ ակնկալում ես նրանցից ինչ–որ բան շահել»: Բայց սա ասաց նրա համար, որ այն տարի նրա բոլոր զորքերի իշխանն էր: Այնժամ սուրբ Եվստռատիոսը պատասխանեց. «Լավ ասացիր դա, սիրելի եղբայր, որովհետև ակնկալում եմ շահել մի բան այդ անապական և անկողոպտելի գանձերից, որովհետև եթե իմ Տիրոջով ընթանամ դեպի այն բարիքները, վաղը մեծապես կշահեմ»:
Մյուս առավոտյան լուսաբացին, երբ արևի ճառագայթները ծագեցին, դուքս Լուսիասը հրամայեց քաղաքի մեջ ավելի բարձր բեմ պատրաստել և բոլոր հանդիսատեսներին և քաղաքացիների բազմությունը միահամուռ հավաքել այնտեղ: Այնժամ իշխան Լուսիասը եկավ թատրոն, նստեց բարձրագույն բեմին, հրամայեց բանտում արգելված քրիստոնյաներին բերել տանջանքով հարցաքննելու: Սուրբ Եվստռատիոսը արագ հասնում է բանտ, աղաչում սուրբ վկաներին` աղոթել իր համար, որովհետև ուզում է այն օրը ինքը ևս անձկալի տենչանքով կցորդ լինել նրանց չարչարանքին: Այն ժամ բոլորը տարածեցին իրենց սուրբ ձեռքերը առ Աստված, մեծ պաղատանքով նրա համար աղոթեցին: Երբ ավարտեցին աղոթքը և ասացին ամբողջը, երանելի Եվստռատիոսի հետևից գնացին` զինվորների կողմից բռնված, և ատյան մտան իշխանի առաջ:
Այն ժամանակ Լուսիասը հրամայեց մեկ առ մեկ սրբերին առաջ բերել իր բեմի մոտ: Նույն պահին առաջ եկավ անհաղթ Թագավոր Քրիստոսի զորական Եվստռատիոսը և մեծ համարձակությամբ ասաց իշխան Լուսիասին. «Ինքնակալի գրավոր հրամանը դարձյալ ընթերցվի այստեղ դատարանում, այն որ հրամայել է երկրի բոլոր քրիստոնյաներին, որ քո իշխանության տակ են, ուր հանդիպեն ու գտնվեն` բռնվեն և քո կողմից հարցաքննության ու տանջանքի ենթարկվեն: Արդ, Օգսենտիոսը երևելի բախտով ու ընտրիր կենցաղավարությամբ, արիական հանդեսով պատերազմի մեջ քաջ արիությամբ զարդարված և բոլորից անվանի եղած, քիչ օրեր առաջ անմահական ջանքով նահատակվեց քո բեմի առաջ որպես Քրիստոս Թագավորի քաջ զինվոր և կշտամբեց քո անաստվածությունը իմաստուն խոսքերով և համբերության գործերով. հետ նահանջեց քո կարծեցյալ խոհեմությունը: Քանի որ այն օրվանից մինչև այժմ նա բանտում է, հրամայեցիր այսօր արի և մեծ նահատակին սուրբ ժողովրդի հետ բերել հարցաքննության: Արդ, ահա բոլորը ինձ հետ քո դատարանի առաջ են: Ես ևս զինվորագրվել եմ իմ անմահ ու անվախճան Թագավոր Քրիստոսին, չարչարակից լինելով սրանց իմ կամավոր հոժարությամբ, հանգցնելով քո բազմահնար մեքենայությունները, որ քո հայր սատանան արմատացրեց քո սրտում և ամոթ եմ համարում բանսարկուի բռնությունը»: Լսեց սրանք անօրեն Լուսիաս դուքսը, զարհուրեց այրի համարձակությունից, շառագունած երեսով և մահացու աչքով նայելով, բարկացող հոգուց որոտաց մեծ ձայնով և թունալի ցասումով ասաց. «Պայծառ և հռչակելի եղավ ինձ համար այսօր դատարանը, ասես հայրենի հելլենական իմաստությամբ լցված այս չարաբարո հռետորը և դահիճը հարուցեց արժանասաստ և արդարադատ իրավունքը և թագավորների հրամանը ոչ միայն իր, այլև աստվածների բարերարությունից բոլոր ապստամ բածներին, նաև ինքնակալների պատվիրանները անտեսողներին»: Այնժամ ամբարիշտ Լուսիասը հրամայեց զինվորներին մերկացնել Եվստռատիոսին և ասաց. «Նախ իմ առջև թող կողոպտվի իշխանական այդ պատմուճաններից, որ դրա շուրջն են, քղամիդից, ոսկեհուռ հանդերձներից, պատվական գոտուց, և այս օրինակով հայտնի լինի զինվորական պատվից բոլոր օտարացածներին և ապա դրան մերկ մարմնով մոտեցնելով` լարերով ձգեցեք ոտքերն ու ձեռքերը և ամրացրեք և քառակի տարածելով հպեցեք երկրին ըստ իր հանդգնագույն ճառի»: Եվ դահիճներն իսկույն կատարեցին հրամանը:
Դուքսն ասաց. «Ո՛վ Եվստռատիոս, եթե քո չարակրոն համառությունից զղջալով չդառնաս, հույս չունենաս փրկվել իմ ձեռքից` քո սկսած կորստական մտքերի համար»: Սուրբ Եվստռատիոսն ասաց. «Ո՛վ Լուսիաս, նրանք պիտի զղջան, որ բարիքից անցնում են չարության, և ոչ նա, որ վատթարությունը արհամարհելով հետևում է ճշմարտությանը, ինչպեսև ես սկզբից ևեթ ընթացել եմ իմ ճշմարիտ Աստծու օրենքներով»: Դուքսն ասաց. «Նախ պատմիր ինձ, տանջվելուց առաջ, քո բախտը, անունը, հայրենիքը և գավառը, որտեղ ծնվել ես, և կրոնի նորոգումը, որ թաքնված էր քո մեջ. ամեն ինչ հայտնիր մեզ ստուգությամբ»: Սուրբ Եվստռատիոսն ասաց. «Ազգով և տոհմով ես Արորակ քաղաքից եմ, և իմ անունը Եվստռատիոս է: Ես ծառան եմ իմ Արարչի` երկինքն ու երկիրը ստեղծողի, և խոստովանող Նրա Որդու` Հիսուս Քրիստոսի և ամենասուրբ Հոգու: Մանուկ հասակից և մայրական խանձարուրից սովորել եմ այս պաշտամունքը և երկրպագել»: Իսկ դուքսը տեղեկանալով նրա մասին հարցրեց զինվորների ամբողջ գնդին. «Նա քանի տարի է մնացել իշխանության մեջ և թագավորներից պարգևներ ստացել»:
Այն ժամ ովքեր սկզբնապես տեղյակ էին նրա վարքին, դուքսին ասացին. «Այս մոտեցող տարվան կլրանա քսանյոթ տարին, որ նա մտել է զինվորության: Դրանից առաջ մանուկ հասակում նա ծառայել է նոտարին»: Դուքսն ասաց. «Բայց այժմ, Եվստռատիոս, տեսնելով քեզ հասած տանջանքի վիշտը, որ քո ամբարտավան միտքը սխալ մոլորությամբ բռնել է, մենք ողջախոհության կամք դրսևորեցինք քեզ համար, միգուցե դու քեզ ազատես հանդուգն ու վայրենի բարքիցդ և զգաստանալով` դիմես բարեհաղթ աստվածների մարդասիրական զորությանը և հպատակվես մեր ինքնակալներին»: Սուրբ Եվստռատիոսն ասաց. «Չարաբարո դևերին և խուլ կուռքերին ես զոհ չեմ մատուցի, որ մարդկանց կազմածն ու ստեղծածն են, որ բերան ունեն և չեն խոսում, ականջ ունեն և չեն լսում, աչք ունեն և չեն տեսնում, ունեն ձեռք և չեն շոշափում, ոտքեր ունեն և չեն գնում, և նրանց կոկորդում խոսք չկա, որի համար մարգարեն ասում է. «Նրանց նման կլինեն բոլորը, որ ստեղծեցին նրանց, և ովքեր հույս են կապել նրանց հետ, որովհետև աստվածները, որ երկինքն ու երկիրը չեն ստեղծել, կկորչեն երկնքի ներքո» (Մատթ. Ժ. 28): Դուքսն ասաց. «Իմ ներողամտությամբ համբերելով քո շաղակրատ ճոռոմաբանությանը, որ մտքի համար անըմբռնելի և անպատշաճ բաներ խոսեցիր իմ դատարանում. մեր անմահ և բարերար աստվածներին հայհոյելով, նրանց մահկանացու անվանելով և մեր ցասումը շարժելով, ուստի հարկավոր է վրեժ պահանջել քեզնից քո համառության համար ըստ հռոմայեցոց օրենքի` վրեժխնդիր լինել աստվածամարտներին: Բայց հիմա ասա դու ինձ. մարդը, որ մտքի իշխան է և իմաստուն խորհրդով պարտավոր է այնպիսի մեկին, որ խաչվեց Պոնտացի Պիղատոսի ձեռքով և անարգաբար ձաղկվեց եբրայեցիների դասից` կոչել անմահ Աստվա՞ծ, Այն, որ չկարողացավ Իր անձը փրկել, այլ իբրև չարագործ փայտի վրա կախվեց, դու Նրան անհանճար մտքով բոլոր եղածների արարիչ ես անվանում»: Սուրբ Եվստռատիոսն ասաց. «Ո՛վ Լուսիաս, եթե քո ոգին ախտերի հողանյութ զանգվածով խավարած չլիներ և միտքդ` թմրած բանսարկուի խորհուրդներով, ցույց կտայի քեզ թերևս Խաչյալին` Տեր և Փրկիչ բոլոր արարածների և մշտնջենական Հոր Որդի առաջ քան հավիտյանս, Իր անապական Ծնողի անսկիզբ ճառագայթ և կերպարանք, որ անճառ խոնարհությամբ իջավ Նրա ծոցից և մարմին հագավ մարդկորեն անարատ և միշտ կույս Մարիամից և կրեց մեր բոլոր տանջանքները, բացի մեղքից, և չարչարանքով ու աստվածահրաշ թաղումով, սքանչելի հարությամբ [ոտքի] կանգնեցրեց չար բանսարկուի խաբեությունից ընկած և կործանված մարդկային ազգը: Եթե ստահոդ և երազապատիր այդ պաճուճանքներից և սնոտի պաշտամունքից հրաժարվեիր, ընկալեիր Աստծու մեծամեծ սքանչելիքները և զինվորագրվեիր իմ Թագավոր Քրիստոսին` ինձ նման ժառանգորդ կլինեիր անապական և անվախճան հավիտենական կյանքին, որ աչքը չի տեսել և ականջը չի լսել, որ Աստված պատրաստեց իր սիրելիներին»:
Այն ժամ իսկույն անօրեն Լուսիոսը առավել ևս բորբոքվեց, կատաղության ցասումով և ասաց դահիճներին. «Այդ հանդուգն և ճոռոմ պատասխան տվողը թող բարձրացվի գետնից լարերով և նրա լանջերի ու որովայնի տակից կրակ տարածվի, իսկ նրա թիկունքին փշալից գավազաններով հարվածեցեք և ասացեք դրան, որ հնազանդվի ինքնակալի հրամանին և չհայհոյի մեր աստվածների զորությունն ու փառքը»: Եվ ծառաները անմիջապես կատարեցին բռնավորի հրամանը և բազում ժամեր նրա որովայնի տակ տարածում էին կրակի բոցը և այրում, խորովում վկայի ամբողջ մարմինը` մինչև ներքին անդամները: Եվ դժնդակ տանջանքով ծեծում էին նրա թիկունքը, տանջում–չարչարում փշալից գավազաններով, մինչև նրա մարմնի մասերը պատառ–պատառ գետին էին ընկնում, բայց չէին այլայլում նրա երեսի գույնը, այլ բոլորը տեսնում և կարծում էին, իբր օտար մարմնով է կրում պատուհասը:
Սուրբ վկայի համարձակությունից զարհուրած բռնավորը միաժամանակ զարմացել էր, որ հոգին մնում է նրա մեջ. հրամայեց դահիճներին դադարեցնել տանջանքները և ծիծաղելով ասաց սուրբ վկային. «Ասա ինձ, ո՛վ Եվստռատիոս, ինչպիսի խոհեմություն ունես, ախորժում ես առավել ևս տանջանք պատճառել քեզ, որ հրճվելով ուրախանաս, որ և քեզ փառք ես համարում»: Եվստռատիոսն ասաց. «Շատ եմ ըղձում և փափագում այժմ ցանկալի փառքին, որին հասցնել ինձ խոստացար, քանի որ գրված է. «Այս ժամանակի չարչարանքները արժանի չեն հանդերձյալ փառքին, որ հայտնվելու է մեզ» (Հռոմ. Ը. 18): Դուքսն ասում է մերձակա զորականներին. «Մեր բոլոր մտածածները սրա տանջանքների մասին, պատշաճ եմ համարում գործադրել չարաբաստ մարմնին. աղ և բորակ խառնել քացախին, որ մորմոքեցնի նրա անդամների այրված–սաստկացած վերքերը և խեցի տարածել գետնին և փշի տատասկ և գալարեցնել դրա վրա սաստկապես, որ անջատվեն դրա մարմնի ջլերը և ոսկորները, որպեսզի հագենա մեզնից իր սպասած պարգևներով, որև սիրեց»: Եվ չարի սպասավորները մեծ ջանքերով սրբին չարչարանքի պատուհաս էին հասցնում, իսկ Քրիստոսի նահատակը տակավին ավելի մեծ ուժով մնում և դիմանում էր և ճիչ կամ խոսք չէր լսվում, այլ միայն իր սրտում գոհանում էր Տիրոջից և կրում էր նեղության տանջանքները:
Իշխանն ասաց. «Խիստ զարմացած եմ, որ իր վրա եկածները խաղալիք է համարում Նազովրեցու այդ զինվորը և քամահրում է մեր տանջանարանը: Այժմ թող դատական ատյանի առաջ ասի, թե գոնե այսուհետև ողջախոհացավ և կամ իր անձը հավանեցրե՞ց մեծ աստվածներին երկրպագություն մատուցելու և հպատակ լինելու ինքնակալների հրամանին, թե` ոչ»: Սուրբ Եվստռատիոսն ասաց. «Ձեր աստվածների երկյուղի պատճառով, որ ունես, այս պատուհասը պատճառեցիր ինձ տգիտացած, ո՛վ դատավոր, հիմարացած մտքով, և չգիտես, թե այժմ ինձ արժանի արեցիր անճառ ու անպատում հարությանը, որ Տերը պահում է իրեն հուսացողներին, և ինձ փրկության ճանապարհ հարթեցիր մարմնից ելնելու անբծությամբ և մտնելու Նրա մոտ, ում որ կարոտել եմ, և վայելելու մշտնջենական և անանց բարությունները Իր անվան կամարարների հետ: Այժմ ինչ անելու ես արա՛ անմիջապես, որովհետև քո աստվածներին գարշելի և պիղծ եմ համարում և աշխարհի բոլոր մեծությունները և փառքը անպիտան աղբ եմ համարում: Դրանք ինձ ապականացու և խոտան են երևում, որ Քրիստոս շահեմ և զվարթերես մնամ Նրա առաջ հանդերձյալ հավիտենին»:
Դուքսն ասաց. «Ո՛վ չար բախտի հանդիպածդ և չարի արբեցությամբ նանիր խորհուրդներից թմրածդ, ինչու իսպառ կորցնում ես պատիվդ ու զինվորական մեծությունդ և դառնությամբ զրկվում աշխարհիս քաղցր լույսից, կամովին իջնում ես դժոխք, և կամ ինչ են հատուցումները, որ ասում ես, և կամ ով է պարգևատուն այն ամենի, մեղմով ասա ինձ այդ ամենը»: Պատասխան տվեց երանելի Եվստռատիոսը և ասաց. «Հանդերձյալի հույսը, որ ունենք` անճառ է և անհայտ, բերանով չի ասվում և արարածներից ոչ ոք չի կարող օրինակ բերել այստեղի երևելի և ապականացու արարածներից, որ խոստացավ Աստված իր սիրելի կամարարներին: Այդպեսև անհավատներին, որ քեզ նման են և ճշմարտությունն ուրացողներին գանձված պահում է գեհենի անշեջ հուրը, ատամների կրճտում, և աչքերի լաց, անքուն որթ և աղջամուղջի արտաքին խավար, որ պատրաստել է սատանան իր հաճույքը կատարողների համար: Իսկ մենք ակնկալությամբ սպասում ենք այն հույսին, և այսպիսի սպառնալիքից զանազան և դառն տանջանքներից, որ գալիս են մեզ վրա ձեզնից` չենք զարհուրում, քանի որ բանսարկուի որոգայթներից փրկված զվարթերես կկանգնենք Քրիստոսի բեմի առաջ»:
Երբ Լուսիաս դուքսը այս լսեց` բարկության ցասումով ասաց երանելիին. «Եթե քո Աստվածը հնար ունենար, ինչպես դու ես ասում, կարող էր իսկույն իր անմահության կցորդ դարձնել քեզ, կփրկեր նախորդ տանջանքներից, որ պատճառեցի քեզ: Ուստի լսիր ինձ և քո սնավաստակ կամքը հեռացրու քեզնից, ուղղության արի և փրկվիր առաջիկա տանջանքներից և նախկինից ավելի պարգևներ ու մեծամեծ պատիվներ կստանաս մեր ինքնակալներից և կլինես մեզ սիրելի»: Սկսեց խոսել երանելին և ասաց. «Ո՛վ խավարասեր և չարի գործակից և հեռացած հավիտենական կյանքից, արդ, նայիր և տես ինձ, որ դու մեռած և կորսված ես կարծում, ոչինչ անհնար չեղավ իմ Աստծուն կրկին նորոգելու ինձ և ապրեցնելու, ամբողջացնելու բոլոր վերքերն ու ցավերը իմ մարմնի»: Ամբողջ քաղաքի բազմությունը ապշած նայում էր, իսկույն, հանկարծակի, ինչպես ծառի կեղևը` մարմնից ընկնում էին [վերքերը], և սուրբը ողջանդամ երևաց ամբողջ բազմությանը, այնպես որ սպի կամ վերք չի երևում նրա սուրբ մարմնին: Եվ մարդիկ տեսան սրբի վրա կատարված սքանչելիքը, և բոլորը, որ թատրոնում էին, և քաղաքի բազմախումբ ռամիկները փառավորում էին Աստծուն` սքանչելիքի համար, որ ցույց տվեց իր սուրբ վկայի վրա:
Իսկ զորականներից մեկը, որի անունն էր Եվգինեոս, որ նույն Արորակ քաղաքից էր, որտեղից երանելի Եվստռատիոսը, և իշխանական պատվով նրա դասից լինելով, երբ տեսավ սուրբ Եվստռատիոսի անդրդվելի համբերությունը հանուն Քրիստոսի, մեծաձայն աղաղակեց և ասաց. «Լուսիաս, Լուսիաս, ես ևս քրիստոնյա եմ, ծառա` բարձրյալ Աստծու, երկինքն ու երկիրն ստեղծողի, և նզովում եմ քո կրոնը, արհամարհում քո աստվածներին և հակառակվում եմ ամբարիշտ թագավորներին և քո կամքին, ինչպես իմ տեր Եվստռատիոսը»: Իսկ անօրեն իշխանը, երբ այս լսեց, ամոթ զգաց բազմամբոխ հրապարակի առաջ նախատվելու համար և գլուխը խոնարհած, ապշած նայում էր գետնին: Այնժամ հրամայեց առաջ բերել Քրիստոսի երանելի զինվոր Եվգենիոսին: Եվ մունետիկը աղաղակում էր հրապարակի մեջ և ասում այսպես. «Այս չարաբախտին և նորագույն երևելիին երկար հարցաքննություն և քննություն է պետք: Եվ այժմ չենք հասցնի. շտապում ենք մեր սովորական զորքի հանդիսությանը: Եվ հրամայում եմ այս կախարդին` Եվստռատիոսին, իր համախոհ Եվգինեոսի հետ բանտ նետել և երկաթե շղթաներ դնել պարանոցներին ու ոտքերին և զգուշությամբ պահել մյուս մահապարտների հետ, որ ազատ և պատշաճ ժամի, ըստ օրենքի դատեմ նրանց»: Այս ասելով ելավ ատենական աթոռից:
Զինվորները քաշեցին երանելիներին կապանքով, ըստ իշխանի հրամանի, դրին բերդի ներքին խավարչտին մի տեղ: Իսկ երանելիները մեծ ցնծությամբ և ուրախությամբ օրհնում էին Աստծուն և սաղմոսում միաբան ձայնով և ասում. «Ահա ինչ բարի, ինչ վայելուչ է, որ բնակվում են եղբայրները միասին» (Սաղմ. ՃԼԲ. 1): Եվ ամբողջ գիշերը լուսացնում էին Աստծուն աղոթելով, սուրբ Եվստռատիոսից սովորում նահատակության մարտի հանդես, համբերություն, ժուժկալություն, փոխանակ անճառ բարիքի, որ Աստված պատրաստեց իր սիրելիներին:
Իսկ առավոտյան արևածագին դուքսն շտապեց գնալ Նիկոպոլիս քաղաքը և գնաց բանտը, ուր սուրբ վկաներն էին: Եվ հրամայեց միայն սուրբ Եվստռատիոս երանելիին դուրս հանել: Երբ ծիծաղելով ու խնդալից եկավ, [Լուսիասն] ասաց սուրբ վկային. «Ո՛ղջ եղիր, սիրելի Եվստռատիոս»: Պատասխանեց սուրբը և ասաց. «Բոլորի Աստվածը, որին պաշտում եմ մանկությունից, Նա կողջունի քեզ արժանապես, ո՛վ Լուսիաս»: Դուքսն ասաց. « Քո Աստծու մասին պետք չէ, դու առաջիկա ժամին հասնելով քեզ տրված հողաթափները ոտքդ կհագնես, որ դրանով հեշտությամբ ընթանաս մեր ետևից` ճանապարհին ուղեկցելով»: Այդ հողաթափները տատասկապատ էին, երկար, հաստ և սուր մեխերով, որպեսզի թափանցեին նրա ոտքերի ներբանները: Արդ, զինվորները հողթափները բերին, հագցրին երանելիի ոտքերը, երկաթեղենները միասին խրոցներով պնդեցին, և իշխանը կնքեց իր մատանիով, որ ոչ մեկը նրան խղճալով չհանի սրբի ոտքերից: Եվ դահիճներին պատվիրեց ծեծելով ու քարշ տալով նրան ճանապարհ հանել` այլ ընկերների հետ: Եվ ինքը զորքի բազմության հետ շարժվեց, երկու օր հետո հասավ և բանակեց դղյակի մոտ, որ մոտ էր Արորակ քաղաքին: Երբ սրբերը հասան այնտեղ, այն քաղաքի բոլոր բնակիչները ելան տեսնելու երանելիներին, բայց իշխանի երկյուղից, նրա ազգականներից կամ սիրելի բարեկամներից ոչ ոք չէր հանդգնում մոտենալ նրան, որ իրենք ևս չբռնվեն:
Մարդարոս անունով մի ռամիկ, տարիքն առած և արդարությամբ կենցաղավարած, այն օրերին տուն էր կառուցում իր համար և տանիքից, երբ ծածկում էր տան ձեղունը, դիտում էր և տեսավ Աստծու սուրբ վկաներին, որ կապանքով անցկացնում էին պողոտայով, որ մոտ էր այն գյուղին: Սրբերի մեջ տեսավ երանելի Եվստռատիոսին` ձեռքերն ու ոտքերը կապած, և իսկույն ճանաչեց և շտապով իջավ այնտեղից, ասաց իր կնոջը հայերեն զրուցադրությամբ. «Ո՛վ կին, տեսնո՞ւմ ես Եվստռատիոսն` մեր տիրոջը, որ կոչվում է Կիրակոս, մեր ամբողջ շրջակայքի իշխանին, որ արհամարհելով լքեց այնքան և այնպիսի գերապատիվ մեծություններ և աշխարհի փառքը, և ունեցվածքի ամեն երևելի փարթամություն, և քաջամարտիկ զինվորությունը, որ ոչ ոք չուներ ամբողջ շրջակայքում, այլ կալանավորների հետ գնում է հանդիսավայր` սպանման ասպարեզ և վկայի նահատակության: Իր ցանկալի կենցաղավարությունից հետո կժառանգի հավիտենական թագավորությունների առհավատչյա բարությունները»: Իսկ նրա գեղեցիկ և պարկեշտ կինը ասաց նրան. «Ինչն է խանգարում, որ դու ևս գնաս ուղեկից լինես նրան և հետևես երկնագնաց ճանապարհին, հաղորդ լինես նրա չարչարանքին, այն բանին, որ հավիտենական անապականության բրաբիոնը կվերածաղկեցնի, և փրկության պաշտպան կլինես ինձ և [մեր] երկու երեխաներին և ամբողջ քո ազգատոհմին»: Իսկ ցանկալի և բարենշան այն այրը Հոգու հրով վառված և ըղձալի տեսչությամբ ցանկանում էր խառնվել Աստծու սուրբ վկաների գնդին: Անմիջապես գրկեց իր երեխաների պարանոցները, համբուրեց և ասաց. «Խաղաղություն ձեզ, սիրելի՛ որդյակներ իմ»: Եվ տարածելով ձեռքերը` աղոթեց Տիրոջը և արտասվագոչ պաղատանքով ասաց. «Տե՛ր Աստված, երևելիների և աներևույթների ամենակալ Հայր, որ Քո սիրելի Որդու` Հիսուս Քրիստոսի և ամենասուրբ Հոգուդ միջոցով նորոգեցիր ամեն ինչ, որ երկնքում է ու երկրի վրա, և Քո աստվածությունը ճանաչել տվիր մարդկանց բոլոր որդիներին և մեզ փրկության ճանապարհ բացիր դեպի հավիտենական կյանք, ուր անապական բարությունների պարգևներն են պահվում Քեզ հուսացողների համար, որի համար աղաչում եմ Քո բարեգութ ողորմությունը. ինձ վրա հեղիր Քո բարերարության շնորհը և ինձ առաջնորդիր աներկմիտ սրտով և կատարյալ սիրով գնալու մարտիրոսության հանդեսին, որ ընդունելի պատարագ լինեմ քո Աստվածությանը և հեռացրու մեզնից ընդդիմամարտ չար բռնությունը: Դու, որ սրբերի Հայրն ես և բոլոր հուսացողների Տերը, Քո ամենազոր աջով իմ երեխաներին պահիր խաղաղությամբ և ճշմարիտ հավատքի մեջ անբիծ, և իմ տիկնոջը, որ հանդիսադիր եղավ ինձ այս երանավետ կոչումին, որին հրավիրվեցի Տիրոջից, և ուղարկիր Քո խաղաղության հրեշտակին, որ ինձ դեպի բարություն առաջ նորդի, թողություն շնորհիր իմ հանցանքներին, որ չարի խաբկանքով մոտեցել են ինձ, որովհետև Քեզ ամեն ինչ կարելի է, և օրհնյալ է Քո անունը հավիտյան»: Այս ասելով սրբերի հետևից գնաց երանավետ ճանապարհը:
Եվ հանդիպեց մի մեծատան, որ երևելի այր էր և Տիրոջ երկյուղած, բնակվում էր նույն գյուղում: Նրա անունը Մուսատարիոս էր: Եվ ասաց նրան երանելի Մարդարիոսը. «Ահավասիկ ես գնում եմ քո սիրելի և ազգական Եվստռատիոսի մոտ, որպեսզի, նրա հետ նահատակության ջանք հանձն առնելով վկայեմ ճշմարտության համար` ցանկանալով մեր Աստծուն: Արդ, սրանից հետո քեզ եմ հանձնարարում իմ տունը` երեխաներով ու ընտանիքով, և ես Տիրոջից կխնդրեմ վարձահատույց լինել քեզ հանդերձյալ հավիտենին, որ լինելու է»: Պատասխանեց այրը և ասաց նրան. «Գնա խաղաղությամբ անձկալի և գեղեցիկ ճանապարհդ և քո ընթացքը ավարտիր մեր Տեր Աստծու հաճությամբ: Իսկ ինչ որ պատվիրեցիր ինձ, կլինի` ինչպես կամենում ես»: Երանելի Մարդարիոսը լսեց, հրաժեշտ տվեց նրան և դղյակի մոտ հասավ Աստծու սուրբ վկաներին, աղաղակեց բարձր ձայնով և ասաց. «Տե՛ր իմ Եվստռատիոս, ինչպես հոտի կարոտած ոչխարը գնում է հովվի մոտ, այդպեսև ես, մեծ փափագով եկա` ցանկալով ճանապարհակից լինել քեզ: Արդ, ընդունիր ինձ սրբերի խմբի մեջ, որ քեզ հետ ներկայացել են վկաների նահատակության հանդեսին: Որովհետև, թեպետև անարժան եմ, բայց լինելու եմ Քրիստոսի վկա»: Երբ այս ասաց, բարձր ձայնով աղաղակեց. «Քրիստոնյա եմ, ինչպես իմ պատվական Տեր Եվստռատիոսը, լսեցեք այս, սատանայի՛ բոլոր պաշտոնյաներդ»: Այնժամ զինվորները բռնեցին, կապեցին այլ սուրբ կալանավորների հետ և գցեցին այն դղյակի բանտը:
Սա իսկույն հասավ Լուսիաս դատավորի ականջին: Եվ երբ իշխանը լսեց, առյուծի պես մռնչալով նստեց ատյանում, իր առջև ունենալով զինվորներին, ըստ կարգի և ըստ սովորության: Եվ բերվեցին երանելիները նրա առաջ, կրկնակի կապանքով ձեռքերը հետևները կապած և պարանոցներին շղթա, մերկացած իրենց բոլոր զգեստներից: Եվ սուրբ Օգսենտիոսը սրբերի մեջ էր, զվարթ երեսով, պայծառ դեմքով և ուրախ սրտով: Դուքսն ասաց նրան. «Օգսենտիոս, այժմ ասա մեզ, թե քեզ ազատեցի՞ր չարչարանքից և արժանացար մեծ փրկության, հրաժարվեցի՞ր այն կորուսյալի սնոտի պատրանքի խաբեությունից և մերձեցար աստվածների բարերարությանը, թե՞ մնացել ես նույն համառությանը»: Սուրբ Օգեսնտիոսը պատասխանեց. «Ո՛վ Լուսիաս, երդվում եմ քեզ ճշմարիտ Աստծու տեսչության իրավունքով, որ անփոփոխելի է իմ սրտի կամքը Քրիստոսի հավատից և Աստված եմ ճանաչում Նրան, անծին Հոր ծնունդ և Նրա ամենակալ Հոգին` մշտնջենահոս բխումը. անճառ, անքնին ամեն ինչում, Միաստվածություն, որին հավատացել և պաշտում եմ իմ մանկությունից: Եվ եթե բյուր տանջանքներ հասցնես ինձ և գանահար պատուհաս` առավել քան առաջինը և ինձ անցկացնես բոլոր տանջանքների միջով` չես կարող իմ միտքը խոնարհեցնել երկնքի բարձրությունից: Արդ, իսկույն արա՛ ինչ որ մտածել ես»:
Այն ժամ դուքսը մահվան վճիռ կայացրեց նրա վրա այսպես. «Օգսենտիոսին, որ բազում տանջանքից հետո չուղղվեց և հպատակ չեղավ ինքնակալին, հրամայում ենք անապատ վայրում գլխատել սրով, որպեսզի նրա չարաբաստ մարմինը զրկված լինի օրինավոր թաղումից»: Եվ երանելին այսպիսի դատավճիռ ստանալով շտապ հասնում է կատարման վայրը և ծունկի իջնում աղոթելու. «Աստված հավիտենական, բոլոր արարածների Տեր և արարիչ, անճառ լույսի Աստված, մեր միակ Տեր Հիսուս Քրիստոսի Հայր և փառակից Հոգու, որ ելնում է Քեզանից և նախախնամ ողորմությամբ լցնում տիեզերքի ծալքերը, բաց Քո ողորմության դուռը անարժանությանս, որ կամ Քո առջև այս ժամին, երբ իմ կենցաղական դեգերումները թողնում եմ իմ հետևից և ծարավի հոգով ընթանում Քո հրամանի կոչման կետին, ըստ Քո ավետարանական քարոզության աստվածային անսուտ հրամանի. «Ով չառնի իր խաչը և գա Իմ ետևից` արժանի չէ Ինձ» (Մատթ. ԺԶ. 24, Մարկ. Ը. 34, Ժ. 21, Ղուկ. Թ. 23): Եվ արդ, Տեր իմ և Աստված իմ, իմ ճանապարհն ավարտեցի անբծությամբ, այժմ գալիս եմ Քեզ մոտ: Ինձ արժանի արա հանդերձյալ հավիտենին` աչալրջությամբ և զվարթերես կանգնելու Քո բեմի առաջ: Եվ անարատ պահիր սուրբ վկաների դասը, որոնք ինձ հետ չարչարակից եղան քեզ համար. և արժանավորիր հասնելու այս վիճակիս և շնորհիր խաղաղություն Քո սուրբ եկեղեցուն և Քեզ փառք հավիտյանս. ամեն»: [Այս] ամենն ասելով նահատակվեց տեղում:
Իսկ անօրեն Լուսիասը պահանջեց առաջ բերել սուրբ Մարդարիոսին, որպեսզի նրան ևս դատի բազմամբոխ հրապարակի առջև: Եվ զինվորները քանդեցին նրա շղթաները, որ պարանոցին էին, և փութով բռնի քարշ տվին թատրոն: Իսկ երանելին ասաց. «Տե՛ր իմ Եվստռատիոս, աղաչում եմ քեզ` աղոթիր ինձ համար և ինձ սովորեցրու, թե ատյանում ինչ պատասխան տամ այն ապականիչ և չար գազանին»: Սուրբ Եվստռատիոսը պատասխանեց. «Եղբա՛յր իմ Մարդարիոս, ինչ որ քեզ հարցնի` բնավ այլ պատասխան չտաս նրան, միայն ասա` Քրիստոնյա եմ և Քրիստոսի ծառա, և մի՛ շեղվիր այս խոսքերից»: Եվ անօրեն դահիճները երանելիին բերին իշխանի առջև: Դուքսն սկսեց խոսել և ասաց նրան. «Ա՛յ երիցս թշվառական և բարիքը ատող, օտարացածդ աստվածների բարերարությունից, իսկույն ասա քո անունն ու բախտը և քո ազգատոհմի գահավորությունը` թե ինչպիսի պաշտոն ունես»: Պատասխանեց սուրբ Մարդարիոսը և ասաց իշխանին. «Այդ ամենը, որ հարցնում ես` փույթ չէ ինձ համար, որովհետև ես քրիստոնյա եմ և Քրիստոսի ծառա»: Եվ [զինվորները], առաջ գալով, ասացին նրան. «Եղկելի՛ և նվաստ քան բոլոր մարդիկ, պատասխան տուր ըստ մեր Տիրոջ հարցման»: Երանելին պատասխանեց. «Ասացի և կրկնում եմ` քրիստոնյա եմ` Քրիստոսի ծառա»:
Այն ժամ նրա հավատի հաստատությունը և մտքի անփոփոխելիությունը տեսնելով [իշխանը] զայրագին ցասումով նայելով դահիճներին ասաց. «Թող ծակվեն դրա ոտքի պճեղները և պարան անցկացրած կախվի ձողից, հրաշեկ շամփուրներ մոտեցվեն դրա թիկունքին, և այրվեն ամբողջապես դրա մարմնի բոլոր անդամները, թերևս ուշքի գա և արժանի պատասխան տա մեր հարցումներին»: Եվ անօրեն իշխանի սպասավորները իսկույն կատարեցին բոլոր հրամայածները: Իսկ երանելին բնավ չէր պատասխանում տանջանքներին, այլ միայն աղաղակում էր ասելով` «Քրիստոնյա եմ և Քրիստոսի ծառա»: Նա բազում ժամեր մնաց կախաղանի վրա, և փոխելով գործիքները, կարմրաշեկ շամփուրներով հրկիզում էին սուրբ վկայի մարմինը: Եվ նա բարձր ձայնով աղաղակեց և ասաց. «Տե՛ր Հիսուս, Քեզ եմ հանձնում իմ հոգին, ընդունիր խաղաղությամբ և ինձ արժանի արա մաս ստանալու սրբերի ժառանգության լույսից, որ Քեզ փառք վերառաքեմ` այժմ և միշտ և հավիտյանս. ամեն»: Եվ այս ասելով ավանդեց հոգին, և երանելիին կախաղանից իջեցնելով քարշեցին [քաղաքից] դուրս, որ կերակուր լինի շներին:
Ու մինչդեռ ամբարիշտ Լուսիասն ինքը հրճվում և ցնծում էր վկաների չարչարանքով, զինվորներին ասաց. «Մերկ մարմնով ատյանս քարշ տվեք և նրան, որ Սատաղայից էր, այն Եվգենիոսին, որ Եվստռատիոսի հետ հարցաքննության էր»: Եվ նույն պահին արագ բերին կանգնեցրին դուքսի առաջ` մերկ, առանց հանդերձի: Եվ նայելով նրան դառն ու զայրագին ցասումով` [Լուսիասն] ասաց. «Ասա՛ ինձ, ո՛վ ամենապիղծ և չարադև այր. ինչպե՛ս համարձակվեցիր այդքան հանդգնությամբ մոտենալ, որ ոչինչ համարեցիր ինքնակալի անհաղթ և անպարտելի հրամանը և ամբողջ հանդգնությունիցդ հետո ժպրհեցիր անարգել մեծամեծ աստվածներին, որոնց պաշտում և պատվում են մեր թագավորներն իրենք»: Պատասխանեց սուրբ այր Եվգինեոսը և ասաց Լուսիաս իշխանին. «Իմ Աստվածը, որին պաշտում եմ իմ մանկությունից, որին և հուսացել եմ, Նա զորացրեց ինձ և համարձակություն շնորհեց, որ թքեմ քո կուռքերի վրա և արհամարհեմ քո ստվեր ու ապականիչ կրոնը»:
Այնուհետև ամբարիշտ Լուսիասը ցասումով ու բարկությամբ բորբոքված ասաց դահիճներին. «Նախ, թող պոկվի դրա անարգող և հայհոյիչ լեզուն և [նա] զրկվի երկու ձեռքերից և դալար բրերով ծակծկվեն փափուկ տեղերը և ջախջախվեն դրա ոտքերի սրունքները, փշոտ գավազանով ծեծվի դրա թիկունքը»: Եվ երբ այս այսպես արեցին չար դահիճները, ոսկորներն ու միսը իրար էին կպել, և սաստիկ վշտից չէր կարողանում բերանը բանալ, բայց միայն աղաղակելով ասում էր. «Տե՛ր Հիսուս, ընդունիր իմ հոգին և օգնիր ինձ»: Եվ անմիջապես ավանդեց հոգին:
Իսկ անօրեն իշխանը, երբ այս ամենը կատարեց իր ամբողջ բանակով իջավ այն դաշտը հանդես կատարելու և հաշվառելու արքունի զորքը: Եվ կատարեցին այն ընտրության գործը. յուրաքանչյուրը ցույց էր տալիս արիական ներհմտության կորով` զինական մարտակցության մեջ: Այնժամ զորքի բազմության մեջ երևաց մեկը, գեղեցիկ ու հռչակելի տեսքով զարդարված, որի անունն էր Ովրեստես. քաջ այր, վայելուչ և պանծալի հասակով, լի ամենայն խոհեմ իմաստությամբ և հանճարով, զորավոր խոսքերով ու գործով և կիրթ մարտական առաջադիմության մեջ: Սա կանգնեց շարքում` Լուսիաս իշխանի առաջ: Նրան նայելով [իշխանը] տեսավ նրա չքնաղ և պարկեշտագեղ հասակը: Եվ նրա աչքին հաճո թվաց` նրան կանչեց իր մոտ, հրաման տվեց դեպի նպատակը նետել գեղարդը, որ ուներ ձեռքին: Եվ նա իսկույն արիաբար երիվարով առաջ ընթացավ, ուժ տվեց բազուկներին, գեղարդը վայելուչ կերպով խփեց նպատակին: Եվ երիվարի քաջապինդ արշավանքի ժամանակ հանդուգն շարժումով թափահարեց բազուկները, զգեստից դուրս երևաց մի ոսկե խաչ, որ պահված էր նրա պատմուճանի գրպանում: Եվ երբ բոլորին հայտնի եղավ, Լուսիասն ինքը իր մոտ կանչեց նրան, և երբ եկավ, կանգնեց նրա առաջ, [իշխանը] աստվածընկալ նշանն առավ իր ձեռքը և հարցրեց. «Ի՞նչ է սա: Մի՞թե դու ևս Գալիլեացիների նահանգից ես, կախարդասար աղանդավորներից»: Իսկ Ովրեստեսը բացեց իր շնորհալից բերանը, բարձրաձայն ասաց ի լուր ամբողջ զորքի. «Ես ծառան եմ խաչված Հիսուս Քրիստոսի, որ ստեղծեց երկինքն ու երկիրը և ինչ արարածներ, որ կան նրանց մեջ: Եվ այդ Նշանը կրում եմ ի պահպանություն իմ անձի` ինձ վրա հարձակված թշնամու հակառակամարտ զորություններից»: Այնժամ դուքսը դահիճներին հրամայեց երկաթե կապանքներ բերել և դնել Քրիստոսի զինվորի գեղեցիկ պարանոցին և ասաց. «Դա ևս ուղեկից լինի մեր ճանապարհին` մահապարտ Եվստռատիոսի հետ»: Հայտարարեց օրը, երբ հարցաքննությամբ դատապարտելու է նրան:
Երբ դուքսը մեծ հանդիսությամբ հասավ Նիկոպոլիս քաղաքը, այն գնդի զորականներից շատերը, որ քաղաքում էին, մեծ համարձակությամբ մոտեցան Լուսիաս իշխանին, միաբերան աղաղակելով ասացին. «Ո՛վ Լուսիաս, մենք ևս քրիստոնյա ենք և զինվորագրվում ենք երկնավոր Թագավոր Հիսուս Քրիստոսին և ապավինել ենք Նրան և պաշտում ենք միայն Նրան և հավիտյան խոստովանում Նրա անունը և արհամարհում ենք քո աստվածների բոլոր սնոտի և դիվաբնակ ընդունայն պաշտամունքը: Արդ, ինչ որոշել ես` արա՛ իսկույն, որպեսզի մեր անձերը նվիրենք ճշմարիտ Աստծուն: Ոչինչ չի կարող մեզ հեռացնել մեր Աստծու սիրուց, որ անգոյությունից լինելության բերեց երևելի և աներևույթ արարածներին. ո՛չ հուրը, ո՛չ սուրը, ո՛չ գազանների ժանիքը, և ո՛չ ամեն տեսակ տանջանքները չեն կարող մեզ բաժանել Հիսուս Քրիստոսի սիրուց»: Սա, և առավել քան սա, միաբան աղաղակում էր զորականների բազմությունը, որ այն քաղաքում էր: Դուքսը զարհուրեց և նրա դեմքի գույնը փոխվեց և նրա տեսուն աչքերը մթագնեցին ասես մութ շամանդաղով, որովհետև վախեցավ քաղաքացիների բազմությունից, որ հանդուգն հարձակումից չար բան չպատահի իրեն, և իմացավ, թե ինչպես երկնավոր Հովվի խաշները կամովին իրենց մահի մատնեցին:
Այն ժամ իշխանը տեսնելով` ի Տեր Հիսուս Քրիստոս նրանց հավատի անխախտությունը, բոլորին բռնեց, կապանքով բանտ նետեց, իսկ ինքը մտածում էր, թե նրանց ինչպես կործանի չարաչար և դառն տանջանքով: Եվ անմիջապես ասաց. «Շփոթություն չլինի քաղաքացիների և մանավանդ Եվստռատիոսի ազգականների միջև»: Դարձյալ ասաց. «Գուցե նրան տանջելով նույնպես սքանչելի հրաշքներ երևան, ինչպես առաջին անգամ: Եվ ոչ միայն նրանք կհաստատվեն հավատի մեջ, ովքեր քրիստոնյա են, այլև հելլենացիները կհրաժարվեն մեր աստվածներին երկրպագելուց»: Եվ իր սրտում այսպիսի չար խորհուրդ հաստատեց, որ սուրբ Եվստռատիոսին և երանելի Ովրենտեսին ուղարկի Սեբաստիա քաղաքը, Ագրիկողայոս դատավորի մոտ, նրան գրելով հանդիսավոր նամակ այսպես. «Իմ տեր գերահռչակ և վսեմախոհ դատավոր Ագրիկողայոսին. Լուսիաս դուքսից աստվածների օգնությամբ բազում ողջույն:
Անբացատրելի և անհամեմատ և պանծալի բուն իմաստներով ծայրագույն ողջախոհությունների կատարելությունները կուտակած քո կշռադատիչ մտքում վեհագույն խոհեմությամբ ավելի քան ընդհանրական մակընթացությունները, դյուցազնական արգասիքների անթառամելի արբեցմամբ` շառավիղված դեպի քեզ, և առաջացած դեպի բազմահանճար իմաստների իրողության գիտություն, ավելի քան արեգակի տակ բոլոր եղածները բարձր եղար: Որի համար և բոլորի մեջ, որ նրանց հետ են, և ոչ մեկի մեջ տիեզերքի նախախնամության իրերը հաստատեցին տնօրինելով, ավելի աստվածային և հեզահայաց քո կամքին վերագրեցին ընդհանուրի ճանաչողությունը, որովհետև հավաստի գիտեն` քեզնից հնար կա, և գիշերը երբ հասնի, օրվան հանդիսավոր իրողություն կանցկացնես, որովհետև ավելի շուտ քնածները կհավանեցնեն անքուն աստղերին, քան թե քո աչքերը կննջեցնեն, քանզի առավել մտահոգվողների մոտ առանց ձանձրանալու տարածում ես ներանձնական նախախնամությունից անբաղդատելի խոսքերի հարմարությունը: Ամենուրեք խռովությունների դադարումը քեզնից է առաջացել, և գերադրական անմահ աստվածներից արտափայլած հրաշափառագույն` լիովին հավասար բացատրվեց երևացած պատիվը, զի նախ քան քո` աստվածներին օգնել մտածելը, ամփոփելով բոլորը տարածում է քո իմաստնագույն խոհականության առաջ, և պարզապես ասած` առաքինության բոլոր մասերը քո անձի մեջ երևալով կարտահայտվեն: Եվ արդ, ինչ [կարիք] ունեմ ամբողջը բացահայտելու. ավելի համառոտ հասարակ խոսքով տեղեկացնում եմ վսեմագույն հանճարեղ իմաստությանդ այդ Եվստռատիոս կոչված մարդու մասին, քանի որ բազում քննություններից և չարաչար տանջանքներից հետո դրան գտա Գալիլեացոց աղանդի խորհրդակից և դավանող առասպելական կրոնին ոմն խաչյալ հրեայի, որին Հիսուս են անվանում, որ Իր նույն եբրայական ազգից չարագործի մահով մեռավ: Նաև տեսա այդ [Եվստռատիոս] մարդուն ոչ անտեղյակ իմաստասիրական վարժարանների գիտությանը և լավ կրթված է ասպարեզներում մարտակցելու, և հասել է զինվորության բարձրագույն աստիճանի, և ամեն ինչ դրա աչքին քամահրելի է երևում իր չարասեր պաշտամունքի բերմամաբ, անհնազանդ լինելով ինքնակալի հրամանին և անարգող եղած մեծապայծառ աստվածներին, միաժամանակ և մեհյաններ կողոպտող: Որի համար ես ծանոթանալով դրա անաստվածությանը` բյուրաբազում տանջանքներով, որպես հնոցի բովում, մաշեցի դրա երկաթեղեն մարմինը և հնար չգտա դրան ուղղության բերելու: Բազում քննություններից ու հարցումներից հետո հույսս կտրեցի դրա փրկությունից, ուղարկեցի քո տերության առջև, որպեսզի դու կարողանաս քո արդար դատաստանով, հետևելով քաջարանց անպարտելի հրամաններին` աստվածների անարգության արժանավոր վրեժը գտնել: Ո՛ղջ եղիր»:
Այնուհետև զինվորներն առան նամակը և սրբերին` կապանքներով հանդերձ, ընկան ճանապարհ: Իսկ նրանք ճանապարհին անհագ ձայնով մշտապես աղոթում էին Աստծուն: Ապա երանելի Եվստռատիոսը հարցրեց սուրբ Ովրեստեսին. «Եղբա՛յր Ովրեստես, ինձ պատմիր, թե ինչ կերպ նահատակվեց սուրբ Օգսենտիոսը և կամ ո՞րտեղ»: Սուրբ Ովրեստեսը պատասխանեց. «Դուքսի` սրբի վրա մահվան վճիռ կայացնելուց հետո երանելին աղաչեց դահիճներին թույլ տալ իրեն, որ գա տեսնի քո առաքինությանը և քեզ ողջունի: Բայց ոչ ոք նրան լսել չուզեց, քանի որ ճաշի ժամ էր: Եվ որովայնի ծառաները շտապում էին կատարել իշխանի կողմից իրենց հրամայվածը: Արագորեն նրան տարան մոտակա մի ձորակ, որ մենք Լեռնոտն ենք անվանում, և ճանապարհին նա սկսեց սաղմոսել ու ասել. «Երանելի են ամբիծները ճանապարհին և ովքեր ընթանում են Տիրոջ օրենքով» (Սաղմ. ՃԺԸ. 1): Եվ սաղմոսն ավարտելուց հետո հասավ այն տեղը և ընկավ գետնին երեսնիվայր, արտասվագոչ պաղատանքով աղոթում էր իր սրտում, ապա ոտքի ելավ և ամբողջն ասաց և շուրջը նայելով, որ իրեն մոտիկ էի, կանչեց ինձ գաղտնաբար, պատվիրեց. «Եղբա՛յր Ովրեստես, ողջունիր երիցս երանյալ իմ տեր Եվստռատիոսին և ասա նրան, որ աղոթի ինձ համար և փութով հասնի, որովհետև ես կարոտած սպասում եմ նրա գալստյանը»: Երբ նա այս ասաց, իսկույն կտրեցին նրա գլուխը նույն տեղում: Եվ այնուհետև իշխանի սպառնալիքի ահից հավատացյալներից ոչ ոք չէր համարձակվում մոտենալ նրա նշխարներին:
Բայց Արորակ քաղաքից գիշերով եկան վեց երեցներ, գողացան սուրբ վկայի մարմինը, իսկ նրա գլուխը չգտան, սկսեցին դառնապես լալ: Այնժամ մի ագռավ նստեց ծառի վրա, ուժգին ճչաց, և երեցները գնացին այնտեղ, գտան նրա սուրբ գլուխը ծառի ճյուղերի մեջ և անճառ խնդությամբ լցված ամփոփեցին երանելիի մյուս նշխարների հետ»: Այս լսելով երանելի Եվստռատիոսը արտասուքի վտակներ հոսեցրեց աչքերից, ուժգին պաղատանքով և աներկբա հույսով դիմեց Տեր Աստծուն, որ ըստ այդ օրինակի կատարվի և իրենց նահատակության ընթացքը, և ասաց սուրբ Ովրեստեսին. «Շտապենք գնալ, եղբա՛յր իմ, որպեսզի մենք ևս արժանանանք հասնելու նրա վայելքին մշտնջենավոր Լույսի մեջ»:
Սուրբ վկաներին Սեբաստիա մայրաքաղաքը բերելուց հինգ օր անց Լուսիաս դուքսի հրովարտակը մատուցեցին Ագրիկողայոս հեգեմոնին, որ հրամայեց ընթերցել և հրովարտակի խոսքը լսելուց հետո հրաման տվեց զինվորներին` բանտ նետել նրանց և ոտքերը ամրացնել կոճղով և զգուշությամբ պահել: Մյուս օրը` արևածագին հրամայեց թատրոն պատրաստել քաղաքի մեջ, նստեց բեմի վրա, շուրջը ունենալով անթիվ բազմություն: Ապա հրամայեց սրբերին բերել հրապարակի առաջ: Եվ մունետիկը դատավորի հրամանով աղաղակում էր ի լուր ամենքի. «Նամակը, որ առաքվեց պարհացիների դուքս Լուսիասից նորից կընթերցվի ի լուր ամբողջ ատյանի, և դրանից հայտնի կլինեն վերագրվող ամբաստանությունները, որ վերաբերում են Եվստռատիոսին»: Եվ երբ ատյանում կարդացին նամակը, գլուխը շարժեց անօրեն Ագրիկողայոսը` զարմացած Եվստռատիոսի իմաստությամբ և հավատի պնդությամբ և նրա արի դիմակայությամբ:
Այնժամ սրբին ասաց. «Ո՛վ Եվստռատիոս, քեզ չթվա, որ այստեղ տանջանքներիդ դատաստանը ինձնից [այնպես է], ինչպես որ տեսար այնտեղ և կրեցիր մեծ դուքս Լուսիասից: Առավել դժնդակ և չար տանջանք կպատճառեմ քեզ, քո անձը նաև կմատնեմ մահվան: Արդ, լսի՛ր ինձ տանջանքներից առաջ. խոնարհվելով երկրպագիր մեր մեծ աստվածներին և հպատակվիր ինքնակալի հրամաններին, որպեսզի նրանցից պարգևներ և պատիվներ ստանաս»: Սուրբ Եվստռատիոսը պատասխանեց դատավորին. «Ո՛վ իմաստունդ և խոհեմագույնդ իշխաններից, թագավորների օրենքը կարո՞ղ է, թե` անկարող»: Ագրիկողայոսն ասաց. «Այո՛, կարող է, քանի որ պահում են նրանք»: Սուրբ Եվստռատիոսն ասաց. «Ամեն ինչից առաջ, պետք է գիտենալ, թե քեզ մո՞տ և նրանց [մո՞տ] ովքեր քեզ հետ են, թե միայն գրքերում է գրված»: Ագրիկողայոսն ասաց. «Ինչի մասին ես այդպես խոսում, ո՛վ անմաքուր գլուխ. ով է օրենքներին հակառակ գործել և համարձակվել անիրավաբար և հանդգնությամբ ժպրհել»: Երիցս երանելին համարձակ ասաց. «Ո՛վ դատավոր, Սեբաստիոս կայսեր օրենքը այսպիսի [խոսք] է պարունակում. «Բռնությունը,– ասում է,– մերժվի ամեն ինչից` և՛ գործերից, և՛ խոսքերից, իսկ հավանությունը լինի ամեն ինչի մեջ, որովհետև նա, որ իշխանությամբ կլինի, պարտավոր է իրեն հրամայվածը կատարել` կամ հավանեցնել, կամ հավանել»: Եվ դարձյալ սրանից փոքր–ինչ հետո ասում է այսպես. «Բայց իշխանին,– ասում է,– հրամայում ենք երկյուղը հեզության խառնել, երբ ինքը դատում է, որպեսզի ոմանք երկյուղից թշվառություն չանեն, և ոչ հեզության համար ոմանց նկատմամբ ծուլություն ցուցաբերեն»: Սրանք, որ ասացի, ո՛վ դատավոր, այդպես գրվա՞ծ է, թե ոչ»: Ագիկողայոսն ասաց. «Այո՛»: Սուրբ Եվստռատիոսն ասաց. «Արդ, աղաչում եմ քեզ, որ կարգավորության սահմանված այս օրենքը նաև իմ նկատմամբ կիրառվի»: Ագրիկողայոսն ասաց. «Քո և բոլորի նկատմամբ հաստատուն և անշարժ և մեծ երկյուղով պետք է պահել»: Եվ սուրբ Եվստռատիոսն ասաց. «Ուրեմն խնդրում եմ քեզ, ո՛վ իմաստունդ դատավորներից, քո երկյուղին հեզություն խառնիր, ըստ օրենքի, ինչպես որ դու ավելի հմուտ ես, քան բազում մարդիկ, նախապես հավանել կամ հավանեցնել ըստ օրենքի դատելով, ապա եթե այդպես չէ, առանց խոսքի և քննության և երկարաձգման իսկույն պատուհասիր, սպանիր, արա՛ ինչ որ կամենում ես»: Ագրիկողայոսն ասաց. «Ինչ որ ախորժում ես` ասա համարձակորեն և համաձայնիր ենթարկվել արդար դատաստանիս»: Սուրբ Եվստռատիոսը հարցրեց. «Ո՛վ դատավոր, ինձ հրամայում ես ո՞ւմ երկրպագել` աստվածների՞ն, թե Աստծուն»: Ագրիկողայոսն ասաց. «Աստծուն և աստվածներին»: Սուրբ Եվստռատիոսն ասաց. «Մեծագույններին, թե փոքրերին»: Ագրիկողայոսն ասաց. «Նախ Արամազդին, Ապողոնին և ապա Պիսիդովնին»: Սուրբ Եվստռատիոսն ասաց. «Ո՞ր մարգարեներն ու քարոզիչներն են հավանել, կամ ո՞ր իմաստուններին եք գտել նրանց երկրպագելիս»: Ագրիկողայոսն ասաց. «Պղատոնին, Արիստոտելին, Հոմերոսին և Հեմեսին և այլ իմաստունների նրանց հետ միասին, որոնց եթե հմտացած լինեիր` կպաշտեիր նրանց հիշատակը, ո՛վ Եվստռատիոս»:
Սուրբն ասաց. «Դրանցից ոչ մեկին անտեղյակ չեմ, այլ բոլորին հմտացել եմ իմ մանկությունից, սովորել եմ և ամբողջ երաժշտական արվեստը, հմուտ եմ աստղաբաշխության և ոչ հեռու երկրաչափական գծերից, իսկ թվականության վարժումը մեր օրենքն է: Առաքինասեր հոր եմ հանդիպել, որ հմուտ էր արհեստագյուտ մասանց և գիտություններին: Եվ եթե կուզես` սկսենք նախ Պղատոնից»: Ագրիկողայոսն ասաց. «Գիտենք Պղատոնի և Տիմեոսի տրամախոսությունը. Պյուրիոսից իջավ աղոթք մատուցելու աստվածներին. սա քեզ իմաստո՞ւն է թվում, թե ոչ»: Սուրբ Եվստռատիոսն ասաց. «Պղատոնը խիստ բամբասում է քո Արամազդ աստծուն, որովհետև երկրորդ գրքում այսպես է գրում. «Քանի որ Աստված բարի է, թերևս բոլոր բարիքների պատճառ և շատերին, այսինքն չարիքին անպատճառելի. իսկ բարիքին այլ ոչ մեկին պատճառ չենք համարում, միայն Աստծուն: Պետք չէ՞ ընդունել ո՛չ Հոմերոսի և ո՛չ այլ քերթողների, որոնք ասում են, թե Զևսը բարիքի ու չարիքի պատճառ է լինում և երդման և համբույրի շփոթությունը նրանից է եղել` որ Աքայեցիների դեմ գործում էր Պանտորոսը: Սա չէ՞ Զևսը, ինչպես ասում է քերթողը, Աթենասի հետ բնակությամբ խառնակված, այլևս չենք գովի և աստվածների մաքառումը, դատաստանը, որ նույն քերթողը ասում է Թիմիդոսի և Արամազդի ձեռքով եղած, որին մյուս աստված ես կարծում, և Եսքեղոսն ասում է. «Աստված իսկ բանավոր մարդկանց պատճառ է, երբ հողեղեններին կամենում է չարացնել: Իսկ Պղատոնը չի կամենում բնակիչներից ոչ մեկի վարմունքը, ո՛չ համբակինը, և ո՛չ ծերինը` մի բան ասել կամ լսել նրա մասին, որովհետև Աստծու օրենք չէ` լինել հոր անարգող, ինչպեսև Զևսը, որ այժմ ձեզնից պաշտված է` իր հայր Կրոնոսին երկնքից իջեցրեց երկիր և խորտակեց նրան և կարապ դարձրեց, որ այնպիսի սնոտի ապիրատ խաբեությամբ ապականի կնոջը, որի համար, հիրավի, Պղատոնը նախանձով անարգում է քո աստված Զևսին, նկատի ունենալով ողբերով և կնոջական մոլորությամբ քո Զևս աստծու բռնվելը: Ո՛վ դատավոր, ողբա Ակեդրովնի մահը. դա այդպես չէ՞: Եվ կամ դրանք գրված չե՞ն ձեր առասպելական մատյաններում: Ապա թե ինքը Պղատոնը, ձեր իմաստության շարադրողը հրաժարվեց ըստ այնմ շարժվել, որ երկնքի և երկրի հանգամանքների որպիսությունը քննեց, որ հասել էր բոլոր արհեստների համադրմանը, բոլոր թշվառությունների առիթ է սրան համարում և բոլորից սրա վրա կշտամբանք է նետում վատթարագույն պղծությամբ, մեջ է բերում սրա բղջախոհական անիրավությունները, տիրող անդնդային չարահոդ դառնությունը, անհագ վավաշոտությունը, ապականությամբ հեղեղելը, որև հրամայում են` մարդկանցից ոչ մեկը, որ առաքինության փույթ ունենա` չնմանվի նրա ախտերին, այլ մանավանդ մեռելությունը բացառի և նմանվի Աստծուն` ըստ մարդկանց կարողության: Եվ ինչու կամ ինչպես դուք ստորադասվում եք նրանց, որ գործով և անհանճար մտքով բռնված եղան, և այսօր մեզ հարկադրում եք երկրպագել ստահոդ ոչինչներին և ապականագործ մանկամոլներին և դիվանվեր անշունչ պատկերներին»:
Ագրիկողայոսն ասաց. «Իմ մեծ մարդասիրության բերումով ներում եմ քո հանդգնագույն շաղակրատանքը: Այժմ դու ասա, ո՞վ է Նա, որ պաշտում ես Աստված անվանելով և ինչպիսին է Նա, և ինչպես մարդ լինել ձևացրեց կնոջից և մահվան դատաստանի եկավ և խաչվեց հրեաների ազգից և ձեզնից Աստված ճանաչվեց»: Սուրբ Եվստռատիոսն ասաց. «Եթե հրամայես, անձանձիր լսես, քննությամբ հարցնես` այնժամ կարգով կասեմ ինչ որ խնդրում ես, եթե ժամանակը ների»:
Ագրիկողայոսն ասաց. «Երկրորդ անգամ ներողություն խնդրելով ինձնից` ժամանակին և տարաժամ, ասա՛ ինչ ես ախորժում»: Սուրբ Եվստռատիոսն ասաց. «Պարտուպատշաճ է, որ բարիք խորհող ամեն ոք Աստծուն արդար համարի, անհասանելի, անքննելի, անսահման, անայլայլելի, անպատմելի, ամենայն էական զորության վերագույն ստացած աստվածային առավելությունը իրե՞նն է, թե ոչ»:
Ագրիկողայոսն ասաց. «Կարծեմ այդպես ճիշտ է, ինչպես դու ես ասում»: Սուրբ Եվստռատիոսն ասաց. «Այս բոլորի վրա ավելացնենք Նրա անապական լինելը կամ ոչ»: Ագրիողայոսն ասաց. «Առանց որևէ պատճառի»: Սուրբ Եվստռատիոսն ասաց. «Հապա ի՞նչպես է, որ ուրիշներին «աստված է» կասենք. և այնպիսի ապականության ներքո են նրանք` կասենք հաստատելով, թեպետև փոքր–ինչ բարեբախտության են հասել, նրանց աստվածներ չես համարում: Որովհետև Աստված անպակաս է, ինչպես ասացինք նախապես, որը և արժանի է, որ ամեն մարդ հավատա և երկրպագի»: Ագրիկողայոսն ասաց. «Ճշմարիտ այդ այդպես է»: Սուրբ Եվստռատիոսն ասաց. «Ինչու քո բազում աստվածները այս անմահ և անարատ առավելությունից ներքև են բոլորովին, ինչպեսև դուք եք ասում, և հավասարազոր են իրար, որոնք հեռացել են գոյակցությունից: Եթե այդպես է` ովքեր ի մի աստվածություն են, և զորությամբ ու գործերով հավասարված, չեն կոչվի մեծագույն և նվազ աստվածներ: Իսկ Աստված անբաղդատելի զորությամբ միացած և միակամ աստվածություն ունենալով` [երեքը] չեն մտածվում, թե մեկը երկնքում է բնակվում, մեկը ծովում, մյուսը սանդարամետում: Որովհետև ովքեր հանդգնում են բարբառել, վրիպում են կյանքի հույսից և օտարացած այն անբաղդատելի իսկությունից, որ կա և մնում է հավիտյան, որը և քո մեծ հրաշալի վարդապետ Պղատովնը տրամադրում է իր տրամախոսական մատյանում և ասում այսպես. «Գերակատար գութը, արարչական զորությունը բոլորիս է տածում հավասարազոր բնությունը և վերևում լինելով ամեն ինչով խնամում է և ամեն ինչ տեսնում, իսկ ինքը ոչ մեկից չի տեսնվում, այլ անցյալ կա վեր բարձրանալով իր առանձին բնությանը: Իսկ Հերմեսը նրան մեծ, շարժող, տածող և անեղ կամեցավ ասել: Եվրիպիդեսը` անվայր, իսկ Հռոփոսը` բարերար և անկարոտ: Արիտոտելեսը հետևում էր Պղատոնական խոսքերին: Արդ, եթե ձեր իմաստունները մեծ աստծու աներևույթ զորությունը ակնարկեցին և ասացին, որ նա ամեն ինչի արարիչն է, ինչու դուք իմաստության մեջ ավելի անիմաստ եղաք, որ ձեր իմաստունները պախարակում են և դիպուկ հանդիմանում են, համարձակվում եք նրանց աստվածներ ասել և հանդգնում եք համարել երկնքի ու երկրի ստեղծող, իսկ Արամազդին ասում եք աստծու հայր, այն որ սպանությունն ու ապականությունը, դիվահար այլակերպությունն ու ամեն չար գիճության ախտերը հիշատակ է թողել իրենից հետո: Հրկիզված ընկած է Կրետես կղզում` ժառանգելով ապակության վախճան, և վայելչությունից զրկված է մնացել: Պիսիդոնին ասում եք ջրի արարիչ և ծովի գոյացուցիչ, դիվաբնակ Ապողոնին արեգակին հանգունակ ու հավասար, և չեք ամաչում, այլև Դիոնիսիոսին, որին արբեցության մայր եք անվանում, երկրպագում եք նրան, որ ցանկության ախտի նյութ է, իսկ Հեփեստոսին ասում եք հրո պարգևիչ և հավատում եք առասպելական և սնոտի պատմություններին: Բաց եմ թողնում բոլոր բարբաջանքները, չարադև խելացնոր մարդկանց զանազան չարիքների գյուտերը, որոնք պետք չէ, որ մարդկանցից մեկը հիշի կամ ճառի պարզամիտ լսողների առջև: Արդ, ո՛վ դատավոր, եթե կուզես լսել իմ ճշմարիտ Աստծու պատմությունը` կենսաբեր տնօրինությունը, կարծեմ թե իսկույն վրեժխնդիր կլինես նրան, և իսկույն արագորեն կխորտակես քո աստվածների դիվաձույլ արձանները և ազատվելով վիշապի խավարային ժանիքներից, կընկնես երկնքի Արքայի Ավետարանի կենսաբեր ուռկանը»:
Այս ամենն ասաց երանելի Եվստռատիոսը դատավորի և ամբողջ հրապարակի առաջ և այս առթիվ Ագրիկողայոս դատավորը չկարողացավ ամենևին պատասխան տալ սրբին, երկար ժամանակ լուռ էր, և [վերջապես] ասաց. «Ո՛վ Եվստռատիոս, անհարմար խոսքերիդ բոլոր հիմարության շաղակրատանքները, որ սովորել ես մանկությունից և չես կարողացել իմանալ երբեք իմաստունների խրատների օգտակարությունը, այլ անպատշաճ և քեզ համար վնասակարն ես սովորել, որ համարձակվեցիր կրկնել իմ առջև` ցանկանալով մի փոքր մեզ քաշել քո կրոնի կողմը և առանց իմանալու հասկացրիր, որ քո բերանի բոլոր խոսքերը առասպել են երևում իմ աչքերին: Արդ, այսուհետև քեզ չի ների մեր ատյանը և ինքնակալի հրամանը` խոսել քո Աստծու մասին, որ խոստացար ճառել, որովհետև չենք թույլ տա մեր մեծերի և աստվածայնագույն թագավորների առաքինությունները բամբասել, այլ` ամեն ինչով հպատակ լինել նրանց: Որի համար թողնելով քո բոլոր վիպասանական պատմությունները և հրաժարվելով ընդդիմաբանություններիցդ, ընկիր, երկրպագիր և ինքնակալների աստվածներին զոհ մատուցիր, ապա թե ոչ, առավել սաստիկ տանջանքների կենթարկվես, որ բնավ չես տեսել»:
Սուրբ Եվստռատիոսն ասաց. «Ինչո՞ւ վայրապար և անիմաստ չարչարանք ես հասցնում մեզ խոսքով և ավելի շուտ չես գործադրում ասածներդ»: Այնժամ անօրեն Ագրիկողայոսը հրամայեց բերել երկաթե մահիճներ և տակը շատ կրակ վառել տվեց` մինչև մահճի շիկանալը, երբ փայլատակող ճառագայթներ էին ելնում նրանից, հրամայեց սուրբ Ովրեստեսին առաջ բերել և հրաշեկ մահճի վրա պառկեցնել: Դատավորն ասաց սուրբ Եվստռատիոսին. «Ո՛վ Եվստռատիոս, պատուհասը, որ կա քեզ համար` այս բանը տեսնելով նախապես մտածիր քեզ սպառնացող տանջանքների մասին»:
Այն ժամ Ագրիկողայոսի անօրեն սպասավորները Ովրեստեսին տարան հրաշեկ մահճի մոտ: Երբ սուրբը տեսավ պատրաստված տանջարանը, զարհուրեց և վախեցավ շատ, նրա երեսն սկսեց այլագունել և նայելով Եվստռատիոս սրբին` ասաց նրան. «Աղոթիր ինձ համար, տե՛ր Եվստռատիոս, որովհետև իմ մտքերն ալեկոծվում են»: Սուրբ Եվստռատիոսը պատասխանեց նրան. «Մի՛ երկնչիր և մի՛ վրդովվիր, և մի՛ վախենա, եղբա՛յր իմ Ովրեստես, որովհետև տեսողությունը միայն ունի երկյուղ, այլ զգայությամբ ոչինչ չի լինի քեզ, եթե հավատով գնաս նահատակության: Որովհետև մեզ հետ է մեր Տեր Աստծու օգնությունը, փրկելու մեզ ժամանակավոր այս նեղությունից: Արդ, մի՛ երկնչիր, այլ հիշիր Օգսենտիոսի և այլ սրբերի նահատակությունը, և չես թվա վերջին և վատթարագույն, որովհետև երևելի բաները ժամանակավոր են, իսկ հանդերձյալները հավիտենական, որ պատրաստված կա և մնում է անապական գանձ Տիրոջից` իրեն հուսացողներին»:
Մինչդեռ այս բաներն ասում էր սուրբ Եվստռատիոսը սուրբ Ովրեստեսին, նրանց շուրջը անթիվ բազմություն, նաև Սեբաստիա քաղաքի այրերը` կանանցով և որդիներով հավաքվել էին սրբերի տեսարանին: Եվ դիզվում, կուտակվում էին իրար վրա, որ թիվ չկար: Եվ սատանայի սպասավորները առավել ևս բորբոքում էին կրակը մահճի ներքո: Այնժամ Քրիստոսի երանելի վկան մոտեցավ հրաշեկ մահճին և սկսեց աղոթել այսպես. «Աստված հավիտենական, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայր, ապավեն և հույս բոլորի, ովքեր նեղության մեջ դիմում են Քեզ. գթա՛ իմ անարժանությանը և հաստատուն պահիր ճշմարտության հավատին, որ Քեզ է [պատկանում]: Իմ Տեր Աստված, համբերություն տուր տկարացած իմ մարմնին, Դու չես արհամարհում նրանց, որ հուսացել են Քեզ, զորացրու իմ միտքը, որ Քո անունը փառավորվի հավիտյանս»: Ասելով ամբողջը` երանելի վկան Եվստռստիոսի հետ խաչակնքեց ինքնիրեն և իսկույն, առանց վախենալու, եկավ կանգնեց հրաշեկ մահճի առաջ, ամբողջ մարմնով մեկնվեց հրահոսան գործիքի վրա, բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Տեր Հիսուս, Քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին»: Եվ նույն պահին ավանդեց հոգին:
Այս ամենից հետո դատավորը հրամայեց սուրբ Եվստռատիոսին կապանքով տանել բանտ: Եվ նա, այնտեղ մենակ մնալով, իր մոտ կանչեց ծառային, որ իր հետ էր, և ասաց. «Որդյա՛կ իմ, գնա՛ և շտապ այստեղ բեր թուղթ, որ գրեմ իմ հրաժարական ելքի կտակը, որովհետև վաղը ես եմ կանգնելու Աստծու առաջ»: Երբ հրամայվածը կատարվեց, երանելին գրեց իր վրա հասած նեղությունների ամբողջ պատմությունը և պատվիրեց, որ իրենց ոսկորների սուրբ նշխարները տանեն իրենց հայրենի բնակավայրը` Արորակ քաղաքը և դնեն այնտեղ, որ կոչվում է Բոսոսա, հանդերձ մյուսներով, որ նրա հետ նահատակվեցին` Ովրեստիոսի, Մարդարիոսի, Օգսենտիոսի, Եվգենիոսի, քանի որ այս սուրբ վկաները երդվեցրին սուրբ Եվստռատիոսին, որ իրենց վախճանից հետո նրա մոտ թաղվեն իրենց մարմինները: Եվ իր հայրենի կալվածները, որ Արորակում էին, հրամայեց տալ իրենց սուրբ վկայարանի պետքերի համար: Իսկ այլ անասունները, հանդերը և ինչքը երկուսի բաժանելով` մեկը բաշխել աղքատներին, իսկ մյուսը շնորհել իր քույրերին և ծառաներին, իսկ աղախիններին ազատել` թոշակով հանդերձ: Այսպես կտակ գրելով` այն օրը մնաց բանտում:
Իսկ Սեբաստիա քաղաքի եպիսկոպոսը այն ժամանակ թաքնված էր չարաշշուկ և դառն տանջանքների պատճառով: Գիշերով ծածուկ եկավ բանտ, կաշառք տալով պահապաններին, աղաչեց, որ հանդիպի սուրբ Եվստռատիոսին, քանի որ երանելի եպիսկոպոսը լսել էր նրա իմաստության, նրա համբերատար դիմացկունության և չարչարանքի մասին, և թե ինչպես ամոթի մատնեց անօրինության իշխանին իր աստվածներով: Եվ, մտնելով բանտ, տեսավ սուրբ վկային` կոճղին ամրացված, ընկավ նրա պարանոցին, լացեց դառնապես և սկսեց համբուրել նրա ոտքերի ու ձեռքերի շղթաները: Եվ ասաց նրան սուրբ եպիսկոպոսը. «Երանելի ես դու, որդյա՛կ իմ Եվստռատիոս, որ մարդասեր Աստծուց ստացար այդպիսի դիմակայման համբերություն և անպարտելի ախոյան եղար թշնամու ընդդիմամարտ զորությանը և բարձրացրիր քո արդարության արդյունքը, միայն թե անսխալապես հասնես վերին հաղթանակի նպատակին, երկնավոր Հոր կոչումին, հաղորդակից լինելու Նրա Միածնի չարչարանքներին: Արդ, աղաչում եմ քեզ, որդյա՛կ իմ, հիշիր ինձ Միածնի աթոռի առջև, երբ հանդիպես Նրան փառքով, չմոռանաս անարժանությանս, այլ հայցիր, որ ես ողորմության մաս գտնեմ, որ փարատվի մեգը և հալածանքի խավարը, որ տարածված է մեր շուրջը. թող մեզ վրա հարձակվողների սրտերում ծագի լույսը աստվածգիտության, աշխարհին շնորհելով խաղաղություն, և բարձրանա սուրբ եկեղեցու եղջյուրը»: Սուրբ Եվստռատիոսը պատասխանեց և ասաց եպիսկոպոսին. «Տե՛ր իմ և հայր հոգևոր, և Քրիստոսի հոտի վերատեսուչ, թող այդպես չխորհի քո սրբությունը, քանի որ ես ևս քո օգնականության կարիքն ունեմ, որ հուղարկավոր լինես ինձ աղոթքով, որպեսզի արժանավոր լինեմ հասնելու լույսից սրբերի ժառանգության մասին»: Այս ասելուց հետո նստեցին բանտի մեջ: Այն ժամ սուրբ Եվստռատիոսն ասաց եպիսկոպոսին. «Քանի որ վաղը երրորդ ժամին ելնելու եմ այս մարմնից և մտնելու առ Աստված, որին կարոտել եմ, քանի որ ինձ երևացած հրեշտակից իմացա ինձ սպասվող ճանապարհը, արդ, վերցրու կտակս և ընթերցիր»: Երբ կարդաց, երանելին եպիսկոպոսին խնդրեց ստորագրել թուղթը նրա հետ եղած կղերականների դասի հետ, որպեսզի հաստատուն և անփոփոխ լինի: Եվ երդվեցրեց եպիսկոպոսին, որպեսզի նա տանի իր և սուրբ Ովրեստիոսի նշխարները իրենց գավառը: Եվ ինչպես հրամայված էր, մյուս ընկերների հետ միասին թաղի նույն տեղում, որ հիշատակված է իր կտակի մեջ: Եվ եպիսկոպոսն ասաց. «Բարիքի վարձք կստանաս Արարչից հանդերձյալ հավիտենին բոլոր սրբերի հետ»: Եվ եպիսկոպոսը խոստացավ նրա բոլոր պատվիրածները կատարել: Ապա երանելի վկան նրան աղաչեց, որ նրանից ստանա վերջին հաղորդություն, քանի որ ասում էր. «Բռնված եմ կապանքներով, հաղորդված չեմ Որդի Աստծու կենարար մարմնից ու արյունից»:
Այնուհետև երկյուղած և պատշաճավոր պաշտոնյաները բերին սրբության խորհուրդը և կատարյալ զենման արյունը, սուրբ Եվստռատիոսը մոտեցավ երանելի եպիսկոպոսին, ընդունեց նրանից երկնային մանանան, և հանկարծակի բանտում ծագեց ահեղ փայլատակում, և շենքը լցվեց անստվեր Լույսով, և անուշության հոտ բուրեց, և նրանց հետ` հրեշտակների երգերը: Եվ ահա այն անճառ Լույսից լսելի եղավ ձայն, որ ասաց. «Ո՛վ Եվստռատիոս, իմ քա՛ջ զինվոր, լավ աշխատեցիր, այսուհետև ընդունիր պսակը, որ պատրաստված է քեզ Ինձնից»: Երբ լսեցին երանելի և երկնավոր բարբառը` բոլորն ընկան իրենց երեսների վրա և անճառելի խնդությամբ լցված երկրպագում էին Աստծուն, փառք առաքելով բարձունքները մեր փրկիչ Հիսուս Քրիստոսին, որ կամեցավ զորացնել Իր երանելի վկային:
Արդ, ամբողջ գիշերը աղոթեց Աստծուն սուրբ վկայի համար, եպիսկոպոսով հանդերձ. և երբ առավոտյան այգը բացվեց, եպիսկոպոսն ընկավ սուրբ վկայի առաջ, ողջունեց նրա սուրբ և աստվածակիր մարմնին և ծունկի եկած Աստծու առաջ, նրա հետ խնդրում էր այցելել և փրկել իր ժողովրդին, և դադարեցնել սուրբ եկեղեցու հալածանքների խռովությունը: Իսկ սուրբ վկան` բռնելով եպիսկոպոսի ձեռքը դրեց իր աչքերի վրա և համբուրեց ասելով. «Աղոթիր ինձ համար, Քրիստոսի կենդանի վկա և չմոռանաս իմ կտակում գրվածը»: Սրանից հետո եպիսկոպոսը ելավ, խաչակնքեց նրան և ասաց. «Տեր Աստծու խաղաղությունը լինի քեզ հետ»,– և անմիջապես դուրս ելավ:
Իսկ Ագրիկողայոս դատավորը առավոտյան նստեց բեմին և հրամայեց առաջ բերել սուրբ Եվստռատիոսին: Եվ երբ եկավ, նրան ամբոխից մի կողմ տարավ և ասաց. «Եվստռատիո՛ս, ես երդվել եմ աստվածների փրկությամբ, և իմ վկան են նրանց վերատեսչությունները, որ շատ տրտմած եմ քեզ համար, որ հանձն չառար ենթարկվել ինքնակալի հրամաններին: Արդ, հանդիսական ատյանի համար, արտաքնապես միայն, որ ռամիկները տեսնեն, խոնարհվելով երկրպագիր աստվածներին, բայց քո սրտում հաստատ պահիր քո հավատն առ Աստված և երկրպագիր նրան: Որովհետև եթե Նա Աստված է, սրտիդ գաղտնիքը կտեսնի, և երանելի կլինես այս աշխարհում, և այդպես քո հասակի գեղեցկությունը մի՛ կործանիր չարաչար, որ այդքան իմաստություն ունենալով գնաս մահապարտների կորստյան: Եվ թե հնար լիներ թեթևացնելու դատարանի վճիռը քեզ վրա, այդ ևս չէի խնդրի քեզնից: Բայց իմ սիրտը խանդաղատում է քեզ համար, և ճմլվում են երիկամներս, շատ ափսոսում և գթում եմ քեզ, ամբողջ գիշերս ցավագնորեն տրտմեցի, այնքան, որ և քունը հատավ իմ աչքերից»: Սուրբ Եվստռատիոսն ասաց. «Ո՛վ դատավոր, մի՛ տրտմիր և մի՛ տագնապիր ինձ համար, և քո միտքը պարապ խորհրդով մի՛ վրդովիր, որովհետև երբեք չեմ մտածել լսել քո կորստական խրատը, այլ ամեն ինչում հաստատուն և անշարժ հավատ ունեմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի նկատմամբ և քո տանջարանները ես ուրախություն եմ համարել, և եթե չես հավատում մեկ անգամ ևս սկսիր չարչարել ինչպես ուզում ես»:
Այն ժամ Ագրիկողայոսը ափսոսաց վկային, երկար ժամանակ ծածկել էր երեսը, որպեսզի ամբոխը, որ շուրջն էր, չիմանար նրա խանդաղատանքը արդարի հանդեպ. կական բարձրացնելով ողբաձայն լալիս էր և հելլենացիների ամբողջ բազմությունը քաղաքացիներով հանդերձ: Մորմոքում էին այնպիսի իմաստուն այրի համար: Այնժամ սուրբ վկան բարձրաձայն աղաղակով սկսեց խոսել ատյանի առջև և ասաց. «Ո՛վ Ագրիկողայոս, ինչու ես հապաղում և իսկույն չես կատարում քո թագավորների հրամանը և քո հայր սատանայի հաճույքը: Քանզի իմ վրա կուտակում է այս փորձությունները, որպեսզի այդպիսի խաբուսիկ մեքենայություններով ինձ զրկի առաջիկա երանություններից: Բայց ես ծառան եմ բարձրյալ Աստծու` երևելի ու անևրևույթ արարածների ստեղծողի և հակառակվում եմ ձեր ինքնակալի անաստված հրամանին, արհամարհում և հրաժարվում եմ ձեր աստվածների չարաչար պաշտամունքից:
Այնուհետև Ագրիկողայոս դատավորը տեսավ Քրիստոսի անհաղթ վկայի անփոփոխելի և հաստատուն միտքը և մահավճիռ հանեց այսպես. «Եվստռատիոսին` զինվորական գնդերի իմաստուն և երևելի այրին, որ իշխանական փառքով պատվվել է ինքնակալներից, և անարգելով մեր անմահ աստվածների պաշտամունքը, արհամարհելով ինքնակալների հրամանն ու կրոնը, նախընտրել է մահ սնոտի հույսի համար, [որ կապված է] խաչյալ հրեա ոմն Հիսուսի հետ, որ Գալիլիացոց Նազարեթից էր: Որի համար Հռոմայեցիների օրենքը հրամայեց հրով կենդանակեզ անել նրա չարաբաստ և անբարեսեր մարմինը»:
Երբ ընթերցեցին սա բազմության առաջ` իսկույն հնոցը պատրաստվեց և ամբողջ ատյանը և քաղաքի մարդիկ գնում էին սրբի ետևից` տեսնելու նրա նահատակության հանդեսը: Իսկ երանելին հանեց շորերը իրենից, որոնցով ծածկվել էր, և սփածանելիով կանգնեց հնոցի մոտ և աղոթեց այսպես. «Կենդանի Աստծու Որդի, օրհնյալ ամեն ինչում, ահավոր Հոր անքնին Ծնունդ, որ չի տկարանա քեզնից ոչինչ, գոհանում եմ քեզնից, որ անարժանիս արժանի համարեցիր քո անապական բարություններին. մեծարելով մեծարում եմ քեզ, ամենակալ Տեր, մեծացիր, Տեր Հիսուս, իմ մարմնում և հոգում, որովհետև նայեցիր իմ խոնարհությանը և ինձ չմատնեցիր իմ նեղիչների ձեռքը, և ապրեցրիր ինձ Քո ողորմությամբ և փրկեցիր անձս վշտերից, և ծածկեցիր ինձ Քո թևերի հովանու տակ. թող ինձ վրա գա Քո գթությունը, Տե՛ր, զի հույժ աղքատացա, խռովեց անձն իմ, երբ ելավ ոգիս մարմնից. երբեք հակառակորդի չար խորհուրդները չտիրեն ինձ վրա և արգելեն ինձ արտաքին խավարից, իմ հանցանքների համար այս կյանքում: Ողորմիր ինձ, Տե՛ր, և մի՛ մատնիր իմ անձը դժոխքին, մի՛ տուր ինձ տեսնել բանսարկուի խարդավանող երեսը, այլ ինձ թող ընդունեն Քո հրեշտակները` զվարթացած և լուսավորված: Տե՛ր, տո՛ւր Քո սուրբ անվան փառքը և Քո զորությամբ ապրեցրու ինձ, և ինձ նստեցրու աջ կողմը Քո աստվածային բեմին` ինձ դատելիս, ինձ չմոտենա այս աշխարհիս իշխանի ձեռքը` գցելու ինձ անդունդի խորքը, քանի որ մարմնավոր չարչարանքներս, որ հասան ինձ վրա` ուրախություն և ցնծություն եղան Քո ծառայիս: Ողորմի՛ր ինձ, Տե՛ր Աստված, այս կյանքում մեղքով շաղախված իմ անձին և մաքուր ընդունիր, որովհետև իմ լինելը Քեզնով է, իսկ մեռնելը` Քո փառավորյալ անվան, անապական գանձերի և անկողոպտելի հարստության համար: Ճշմարտության Աստված և ողորմության Հայր, բարության, զորության և իմաստության Հոգի, գոհանում եմ Քեզնով, խաղաղության Նավահանգիստ, որ ծփում եմ հավերժի պատրանքով այս կյանքի մեղքի ծովի անդնդապտույտ հորձանքում, Քեզ եմ դիմում, խնդրում եմ Քեզանից, համբերությո՛ւն տուր նեղությանս մեջ, որ հաղթեմ բանսարկուին, քանի որ Դու ես ճշմարիտ Աստվածը, որ կյանքի բանը տարածեցիր աշխարհում և հալածեցիր անօրինության մրրիկը և Քո արդարությունը ծագեցրիր ինձ վրա, որ միշտ փրկում ես քեզ հուսացողներին. տո՛ւր ինձ արժանանալ հավիտենական կյանքին, արժանավորապես նահատակվելով Քո առջև: Եվ ովքեր հավատով կատարեն մեր հիշատակը և հիշեն մեզ նեղության պահին դիմելով Քեզ, մեր Տե՛ր Աստված, ի բարեխոսություն իրենց անձանց, դու որպես բարերար Աստված և մարդասեր, լսես և փրկես նրանց բոլոր նեղություններից և նրանց հոգու ու մարմնի վտանգներից, և մի՛ թող Քո ձեռքից Քո Սուրբ Եկեղեցին: Ընդունիր խաղաղությամբ և իմ հոգին Քո բոլոր սրբերի մեջ, և Քեզ փառք հավիտյանս. ամեն»:
Եվ երբ ասաց այս ամենը` ձայն եղավ երկնքից ասելով. «Կլինեն քո խնդրածները»: Եվ իսկույն ինքնիրեն կնքեց սուրբ Խաչի նշանով և մտավ հնոցի մեջ, և առագաստաձև բորբոքված հուրը շրջապատեց երանելի վկայի մարմինը, և բոցը բարձրանալով երկինք էր ելնում, և այնպես կենդանախարույկ լինելով հրի մեջ` Քրիստոսի վկան օրհնությամբ հանդերձ ավանդեց հոգին: Եվ ում Տերը արժանի արեց` տեսան, որ սրբի հոգին իբրև փայլատակող ճառագայթ փայլելով ելնում էր վեր:
Վկայի վախճանից հետո անօրեն Ագրիկողայոսը ելավ– գնաց իր ապարանքը և մեծ խրախճանք արեց` ընթրիք էր տալիս իր բարեկամներին, մեծ քաջություն համարելով իր արած գործը, իսկ բոլոր քաղաքացիները ցրվեցին իրենց տեղերը, և ոչ ոք չէր համարձակվում մոտենալ և ձեռք տալ սրբի նշխարներին` դատավորի սպառնալիքի պատճառով:
Իսկ քաղաքի եպիսկոպոսը, որի անունը Պետրոս էր, իր հետ վերցրեց եկեղեցու ժառանգավորների, երկյուղած այրերի, գիշերով եկավ, ամփոփեց սուրբ վկաներ Ովրեստիոսի և Եվստռատիոսի նշխարները, դրեց փայտյա տապանի մեջ, պահեց որոշ ժամանակ, ապա ինքը վերցրեց տարավ իրենց հայրենի գավառը, Արորակ քաղաքը և դրեց հանգստի այնտեղ, որ սուրբ վկան նշանակել էր իր կտակի մեջ: Իսկ հալածանքները դադարելուց հետո վկայարաններ կառուցեց Քրիստոսի անհաղթ վկաների` հինգ սրբերի հանգստարանի վրա. Օգսենտիոսի, Մարդարիոսի, Եվգինեոսի, Ովրեստիոսի և մեծն Եվստռատիոսի:
Մեծապայծառ խնդությամբ և փառավոր հանդեսով ամեն տարի կատարվում է նրանց հիշատակի օրը դեկտեմբեր ամսի տասներեքին: Անեղծության և անապականության պսակն ընդունեցին Դիոկղետիանոսի թագավորության և մեզ` մեր Տեր Հիսուս Քրիստոսի թագավորության ժամանակ, որին վայել է փառք, իշխանություն և պատիվ, Հոր և Սուրբ Հոգու հետ հավիտյանս հավիտենից. ամեն:
Վարք Սրբոց, Հատոր Բ, Ս. Էջմիածին – 2010թ.