Գալիլեայի ծովի հրաշքը

Գալիլեայի ծովի հրաշքը | Galileayi Tsovi Hrashqy

Եվ երբ ժողովրդի բազմությունն արձակեց, առանձին լեռ բարձրացավ աղոթելու համար։ Եվ երբ երեկո եղավ, այնտեղ էր, մենակ։ Նավակը ցամաքից մղոններով հեռացել էր՝ դես ու դեն քշվելով ալիքներից, քանի որ քամին դիմացից էր։ Եվ գիշերվա ուշ ժամին Հիսուս եկավ նրանց մոտ՝ քայլելով ծովի վրա։ Երբ աշակերտները նրան տեսան ծովի վրա քայլելիս, տագնապահար եղան և ասացին. «Ինչ-որ ուրվական է». ու սարսափից աղաղակեցին։ Հիսուս իսկույն խոսեց նրանց հետ ու ասաց. «Սրտապնդվեցե՛ք, ես եմ, մի՛վախեցեք»։ Պետրոսը նրան պատասխանեց ու ասաց. «Տե՛ր, եթե դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մոտ գալ»։  Եվ նա ասաց՝ արի՛։ Եվ Պետրոսը նավակից իջնելով՝ քայլեց ջրի վրայով ու եկավ Հիսուսի մոտ։  Սակայն տեսնելով ուժգին քամին՝ վախեցավ։ Եվ երբ սկսեց սուզվել, աղաղակեց ու ասաց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»։ Եվ իսկույն Հիսուս երկարեց իր ձեռքը, բռնեց նրան ու ասաց. «Թերահավա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»։ Եվ երբ նրանք նավակ բարձրացան, քամին հանդարտվեց։ Եվ նրանք, որ նավակի մեջ էին, մոտեցան, երկրպագեցին նրան ու ասացին. «Արդարև Աստծու Որդին ես դու» (Մատթ. 14:23-33):

Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ,

Մինչ ես կանցնեմ այս հրաշալի պատմությանը` նախ հարկ եմ համարում հիշեցնել ձեզ, որ ինչ որ Աստված ասում է մեզ Սուրբ Գրքի միջոցով` մեզ համար հստակ իմաստ ու նշանակություն ունի: Եվ Հիսուս Քրիստոսի կատարած հրաշքներն էլ մեզ համար յուրօրինակ բացահայտում են հանդիսանում` ուղարկված Աստծո կողմից: Յուրաքանչյուր գործողության ետևում կանգնած է Նրա իմաստությունը, կամքն ու նպատակը:

Եվ այսպես, այն դրվագը, որի մասին պատմում են ավետարանիչներից երեքը` Մատթեոսը, Մարկոսը և Հովհաննեսը, պատմում է Գալիլեայի ծովի ջրերի վրայով Հիսուսի քայլելու մասին: Սակայն բոլոր չորս ավետարանիչներն էլ պատմում են այս դեպքին նախորդող Հիսուսի մեկ այլ մեծագույն հրաշքի մասին: Այն է` հինգ հազար ժողովրդին հինգ նկանակով և երկու ձկով կերակրելը: Եվ Հովհաննես Ավետարանիչը բացատրում է, թե ինչու անմիջապես այդ դեպքից հետո Հիսուս առանձին ուղարկեց աշակերտներին, իսկ ինքը` միայնակ լեռը բարձրացավ. «Երբ Հիսուս իմացավ, որ գալու են իրեն բռնել տանելու, որպեսզի իրեն թագավոր անեն, դարձյալ միայնակ դեպի լեռը գնաց» (Հովհ. 6:15): Այսինքն այն դեպքի նման, երբ սատանան Հիսուսին փորձեց անապատում, ասելով, թե աշխարհի բոլոր տերությունները Նրան կտա, միայն թե իրեն երկրպագի, այժմ էլ ժողովուրդը` հիացած Հիսուսի գործած հրաշքով, կամենում էր նրան թագավոր կարգել: Այդ պատճառով էլ Հիսուս ուղղակի հեռացավ այդ ժողովրդից ու միայնակ լեռը բարձրացավ:

Այժմ մի պահ մտովի ետ գնանք դարերի խորքն ու թույլ տանք, որ այն գիշերն, իր բոլոր մանրամասնություններով, հառնի մեր երևակայության մեջ: Պատկերացրե՛ք, շուրջբոլորն անթափանց, խավար գիշեր է, փոթորիկ, հսկայական ալիքները սարսափազդու կերպով տարուբերում են նավակը, որի մեջ առաքյալներն են, և թվում է, թե վախճանն անխուսափելի է: Առաքյալները սարսափի մեջ են, նրանք իրենց լքված են զգում Տիրոջ կողմից: Մի՞թե այս նույնը մեզ հետ չի կատարվում, երբ մենք փորձությունների կամ նեղության մեջ ենք հայտնվում: Երբեմն մեզ թվում է, թե Աստված լքել է մեզ, միայնակ է թողել մեր ցավերի հետ և այլևս ոչ մի հույս ու փրկություն չկա մեզ պարուրած խավարից: Բայց չէ՞ որ այդ ժամանակ Աստծո Որդին կանգնած էր լեռան բարձունքին ու աղոթում էր: Աղոթում էր աշխարհի համար, նրանց համար, ովքեր ներքևում էին և պայքարում էին ալիքների դեմ:

Այդպես էլ այժմ, մեր ժամանակներում, երբ մենք որևէ դժվարության ենք հանդիպում` պիտի հիշենք, որ Փրկիչ ունենք` մեր Տեր Հիսուս Քրիստոս, որ միշտ շատ մոտ է մեզ`բարձունքում կանգնած է ու տեսնում է ամեն ինչ: Իսկ Նրա աշակերտները մոռացել էին այդ մասին և այդ պատճառով էլ սարսափի մեջ էին: Իսկ Տերը ոչ միայն բարձունքում կանգնած աղոթում էր նրանց համար, այլև փութաց ներքև իջնելու ու րոպե առաջ օգնության հասնելու Իր սիրելի աշակերտներին: Կարծում եմ ամենարագ ճանապարհը նրանց հասնելու և օգնելու` ջրերի վրայով գնալն էր, քանի որ քամին հանդիպակաց կողմից էր փչում և հավանական է, որ այն ափին, որտեղ Հիսուսն էր, նավակ էլ չկար, որ դրանով հասներ նրանց: Իսկ Նա շատ էր սիրում Իր աշակերտներին և ուզում էր օգնել նրանց, նրանց կողքին լինել: Իսկ աշակերտները խավարի մեջ հազիվ նշմարելով դեպի իրենց եկող ինչ-որ մեկին, սարսափից սկսեցին բղավել, քանի որ կարծեցին, թե մահվան ուրվականն է իրենց այցելել: Եվ այնժամ լսեցին Նրա ձայնը, որ ասում էր. «Սրտապնդվեցե՛ք, ես եմ, մի՛վախեցեք»:

Հենց այսպես էլ մեզ հետ է պատահում, երբ կյանքը բոլորովին անտանելի է դառնում: Այդ ժամանակ մեր Փրկչի ձայնն ասում է մեզ. «Ես այստեղ եմ, մի՛ վախեցեք: Կյանքը, ծովը և ամեն ինչ ինձ է ենթարկվում, միայն թե հավատացեք և Ինձ հուսացեք»: Տերը մեզ մոտ է գալիս: Նա ընդառաջ է գալիս մեզ, սակայն մենք չենք նկատում: Մոտենում է, բայց դեռ չենք տեսնում, քանի որ մեր սիրտը կուրացած է լինում վախից:

Երբ մենք կանգնում ենք փրկության ճանապարհին, ապա դա նույնն է, թե ծովի ջրերի վրայով քայլել: Կարևորն այն է, որ մենք ամբողջովին վստահենք Աստծուն` դեպի Նա ընթանալիս և ուշադրություն չդարձնենք մեր չորս բոլորը ծփացող ալիքներին, որպեսզի Պետրոսի նման չսկսենք սուզվել: Պիտի հիշենք, որ Աստված մեր կողքին է, Նրա ամենազոր Աջը միշտ դեպի մեզ է ուղղված, միայն թե բռնենք,և նույնիսկ անհնարին թվացող դժվարությունը` Նրա կամքով կհաղթահարենք: Ինչպես Պետրոսը պատրաստակամություն հայտնեց հետևելու Տիրոջ օրինակին, այնպես էլ մենք պիտի անենք: Նրա կատարյալ կերպարը միշտ պիտի ունենանք մեր առջև ու հետևենք Նրան: Գնանք առանց ոչնչից վախենալու, առանց ուշադրություն դարձնելու մեր շուրջը փոթորկվող խնդիրներին: Գնանք ու պատրաստ լինենք շարունակելու մեր ընթացքը նույնիսկ միայնակ, քանի որ Պետրոսն էլ միայնակ գնաց և մյուս առաքյալները սարսափից քարացած` չհետևեցին նրան: Առաջ գնանք ու նայենք միմիայն Աստծո ուղղությամբ և երբեք չենք սուզվի, բայց եթե նույնիսկ շեղվենք ճշմարիտ ուղուց, դադարենք հավատալ ու սկսենք խեղդվել, ապա կրկին օրինակ վերցնենք Պետրոսից և մեր սրտերի ողջ զորությամբ կանչենք Տիրոջն` ասելով. «Տեր, փրկիր ինձ, խեղդվում եմ»: Եվ այնժամ, միանշանակ, մեր Բարեգութ Հայրն Իր օգնության ձեռքը կմեկնի ու դուրս կհանի մեզ:

Այս դրվագի միջոցով Աստված ցույց է տալիս, թե ինչ է սպասում Իր զավակներից: Նա ուզում է, որ մենք քայլենք ջրերի վրայով ու անենք դա ամեն օր: Այսինքն, ամեն օր մենք կարող ենք բախվել դժվարությունների, որոնք կստիպեն մեզ խեղդվել վախի, կասկածանքի ու անհավատության մեջ: Եվ յուրաքանչյուր օր մենք կարող ենք ընտրել ապրել` հենվելով Աստծո զորության վրա:

Այս հրաշքով Հիսուս նաև ցույց է տալիս Իր աշակերտներին և ամենքիս, որ իրական հավատացյալի համար, ում հայացքն ուղղված է առ Աստված, անհնարին ոչինչ չկա: Դրա մասին է վկայում նաև Հովհաննեսի ավետարանում. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թե ով հավատում է ինձ, ինքն էլ կանի այն գործերը, որ ես եմ անում. և դրանցից ավելի մեծերը կանի, որովհետև ես գնում եմ Հոր մոտ» (Հովհ. 14:12):

Նա կամենում է, որ բոլոր հավատացյալ քրիստոնյաներն իրենց կյանքով ցուցադրեն Աստծո սերը, ուժն ու կարողությունը: Հիշե՛նք, որ Աստված լի է սիրով ու կարեկցանքով: Եվ միշտ պատրաստ է օգնել ու աջակցել մեզ, միայն թե դեպի Նա ընթանանք: Ինչ էլ որ պատահի մեր ճանապարհին, սովորենք հավատալ ու ամբողջովին վստահել մեր Երկնավոր Հորը և հետևենք Նրա խոսքին:

Այս պատմությունը վաղուց է եղել: Երկու հազար տարի առաջ: Սակայն այդ բոլոր դարերի ընթացքում և մինչ այժմ էլ միլիոնավոր մարդիկ շարունակում են «ընթանալ ջրերի վրայով»: Ամբողջ աշխարհում մարդիկ շարունակում են տեսնել Նրան, Ով քայլում է կյանքի ալիքների վրայով և գալիս է դեպի մեզ, դեպի մեղավորներիս, մոլորվածներիս ու տառապյալներիս և ասում. «Սրտապնդվեցե՛ք, ես եմ, մի՛վախեցեք: Միշտ ձեր կողքին եմ: Միշտ պատրաստ եմ օգնել ձեզ: Միայն թե մի կասկածեք: Միայն թե դեպի Ինձ դարձեք»: Եվ թող մեր Տեր Հիսուս Քրիստոս մեզ հետ լինի այժմ, միշտ և հավիտյանս, ամէն:

 

Տ. Գրիգոր քհն. Գրիգորյան

21.01.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․